Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը
11:35 • 09.11.11
Նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երևան, նախագահ Արա Պապյան), Իրանագիտական Կովկասյան կենտրոնը (Երևան), Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան և ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցացիա, Խաչիկ Գևորգյան): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը (նախագահ՝ Հրաչ Գաբրիելյան):
Թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում՝ 2005թ. մայիսին և կազմակերպվել Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի և Իրանագիտական կովկասյան կենտրոնի կողմից:
Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձևով փարվում է Կասպից ծովի հարավային ափին և հասնում մինչև Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը:
19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետևանքով թալիշները բաժանվել են երկու մասի և բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային (Գիլան) և Ադրբեջանի Հանրապետության հարավային շրջաններում: Թալիշներն ունեն ինքնատիպ մշակույթ, որը հանդիսանում է Կասպից ծովի հարավային սահմանամերձ մշակութային գոտուն բնորոշ երևույթ: Իրանական այս ժողովրդի բազամաշերտ հավատալիքների, հարուստ, բազմաժանր բանահյուսության, պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրությունը հայ իրանագետների ուշադրության կենտրոնում է: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մի քանի տարի առաջ հրատարակվել են «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ակնարկներ» և «Թալիշական ժողովրդական ավանդություններ և հեքիաթներ» գրքերը:
Կայանալիք գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը պատրաստել է «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» կոլեկտիվ մենագրությունը՝ պրոֆեսոր Գ.Ս.Ասատրյանի խմբագրությամբ: Մենագրությունը ներառում է 10 գլուխ՝ մանրամասն քննության առնելով թալիշների ծագման և պատմության խնդիրները՝ Թալիշի հնագույն քաղաքակրթություններից մինչև թալիշ ժողովրդի նորագույն պատմությունը: Մենագրության առանձին գլուխներ անդրադառնում են Թալիշստանի բնակչության, բնական ռեսուրսների, կրոնի և հավատալիքների, ժողովրդական արվեստի, լեզվի ու գրականության հարցերին: Մենագրության շնորհանդեսը կկայանա թալիշագիտական 2-րդ գիտաժողովի պաշտոնական բացման ժամանակ:
Գիտաժողովի բացմանը ելույթ կունենան պրոֆսոր Գ. Ասատրյանը (Հայաստան) «Թալիշագիտության արդի խնդիրների և դրա հեռանկարների շուրջ», պրոֆեսոր Ա. Գրանմայեն (Մեծ Բրիտանիա)՝ «Ինչպե՞ս փրկել թալիշների լեզուն և մշակույթը.», հայտնի պատմաբան և գրող Քավե Ֆարրոխը (Կանադա)՝ «Կովկասյան Ադրբեջանի ապաիրանականացման գործընթացը (1828 թ.-ից մինչ այսօր)»: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վ. Ոսկանյանը կներկայացնի նոր թալիշական այբուբենի նախագիծը՝ Ավեստայի գրի հիման վրա:
Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաև հայտնի մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Կանադայից: Գիտաժողովը, անշուշտ, դառնալու է նշանավոր իրադարձություն և՛ արևելագիտության, և՛ թալիշների ժամանակակից պատմության մեջ: Այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել և դրական արձագանք գտել տարբեր երկրների իրանագետների և թալիշ մտավորականների շրջանում:
2005թ. թալիշագիտական 1-ին և վերջերս Երևանում կայացած զազաների պատմությանն ու մշակույթին նվիրված գիտաժողովներն արդեն իսկ արժանացել են միջազգային ակադեմիական շրջանակների բարձր գնահատանքին և մեծ հետաքրքրություն առաջացրել հայ արևելագիտության հանդեպ: Սա խոսում է իրանագիտության հայկական դպրոցի ակադեմիականության և միջազգային բարձր հեղինակության մասին:
Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին, ժամը 10.00, «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում:
Tert.am
Էջանիշներ