…շարունակություն
Ճաշից հետո Վահեն, Գարիկը, Ալեքսը հավաքվեցին Ջոնի մահճակալի մոտ, քննարկեցին բոլոր մանրամասներ ու դեպքերի հնարավոր զարգացումներն ու անցան պլանի իրագործմանը:
«Քուն» հրամանից (ատբոյ) անմիջապես հետո զանգահարեցին տաքսու վարորդին, վերջինս ասեց, որ տեղում կլինի մոտ մեկ ժամից, այդ ընթացքում արդեն շորերը տեղում էին՝ վրաններից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքում... տղաները սպասեցին, մինչև վրաններում ձայներն աստիճանաբար լռեցին: Լռությունը երբեմն ընդհատվում էր միայն դրոշը հսկող պարեկի ավտոմատից ամրացված սվին-դանակի ձայնը (սվին-դանակը ավտոմատին ամրացվում էր այնպես, որ քայլելու ընթացքում թեթևակի ցնցումներից շխկշխկոց էր լսվում): Ջոնը մոտեցավ Սիփանին. վերջինս ըստ պայմանավորվածության դեռ քնած չէր
-Սիփա՛ն:
-Հա՛ Ջոն ջան:
-Գնում ենք ախպե՛րս:
-Անփորձանք ցավդ տանեմ, զգույշ կլինեք:
-Հա՛, ախպրես, ապրես:
Սիփանենց վաշտի հրամանատարը երբեք չէր հաշվում իր զինվորների քանակը և ապահովության համար Սիփանը գնաց քնելու Ջոնի մահճակալին՝ ապահովության համար: Գարիկն ու Վահեն էլ տեսել էին իրենց գլխի ճարը. նրանց մահճակալներն էլ դատարկ չմնացին:
Շուտով երեք ստվերներ կիսակռացած դուրս եկան վրանից: Լուսնկա գիշեր էր: Այնքա՜ն խաղաղություն ու հանգստություն կար այդ գիշերվա մեջ... Ջոնը մի պահ կանգ առավ ու սկսեց երազել... բայց մի պահ միայն, իսկ հետո սթափվեց ու հնարավորինս անձայն մոտեցավ սպայական վրանին. ներսից միայն խռմփոց էր լսվում, ուրեմն՝ ամեն ինչ կարգին է: Այդ ընթացքում Վահեն ու Գարիկը հետախուզեցին հերթապահության և հրամանատարի վրանները. այնտեղ նույնպես կասկածելի կամ վտանգավոր ոչինչ չնկատվեց: Նրանք աննկատ, տարբեր ճանապարհներով հասան կիսակառույց շենքի մոտ, դժվարությամբ գտան շորերն ու տխրությամբ նկատեցին, որ կոշիիկներ ընդամենը երկու զույգ էին... ի՞նչ արած... Ջոնը որոշեց, որ ինքը ռիսկի կդիմի ու կգնա հողաթափերով (որպեսզի կասկած չհարուցեն՝ դուրս էին եկել առանց վերնազգեստի ու կոշիկների ( զինվորական հողաթափերով), բռնվելու դեպքում կարող էին արդարանալ, որ զուգարան են գնում): Նրանք արագորեն փոխեցին շորերը՝ իրենց զինվորական հանդերձանքը պահեցին աչքից հեռու մի անկյունում և կանգնեցին շինության ստվերում մինչև մեքենան կմոտենար: Ջոնը զգում էր սրտի աշխատանքը: Ախր նրանց տեսքը բոլորովին էլ նման չէր նորմալ, քաղաքացիական երիտասարդներին... ախր որտե՞ղ կարելի է հանդիպել երեք նորմալ երիտասարդների այդպիսի հնամաշ շորերով, ահաբեկված դեմքերով, անհավանահական կարճ մազերով ու նրանցից մեկ էլ հողաթափերով՝ վրան կորցնելու դեպքում հեշտությամբ գտնելու համար ներկով գրված տիրոջ մահճակալի համարը՝ 98... Շուտով մոտեցավ մեքենան, տղաները համոզվեցին, որ դա իրենց պատվիրած մեքենան է, մեկ անգամ ևս հայացք նետեցին դեպի վրաններն ու տեղավորվելով մեքենայի մեջ՝ հանգիստ շունչ քաշեցին. փախուստի առաջին մասը կարելի է հաջողված համարել:
շարունակելի...
Էջանիշներ