Նախաբան
Ով երբևէ առիթ է ունեցել ծառայելու բանակում, հաստատ լիքը անհավանական արկածների է հանդիպել։ Ես բացառություն չեմ։ Բայց ի տարբերություն շատերի՝ ժլատություն չեմ անի ու հնարավորության դեպքում ձեզ հետ կկիսվեմ բանակային՝ առաջին հայացքից գորշ ու միապաղաղ թվացող, բայց իրականում հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքի առավել հիշարժան դրվագներով։ Դեպքը, որի մասին առաջինն եմ ուզում հիշատակել՝ տեղի է ունեցել մեկ տարի առաջ և քանի դեռ լիովին չեն ջնջել այդ դեպքի հետ կապված մանր–մունր մանրամասները՝ որոշեցի գրել...
Մաս 1։ Վահեի ծննդյան օրը
Ճամբարային ավանում ամեն ինչ նույնն էր՝ միայն սիգարետն էր դարձել էլ ավելի բաղձալի երազանք. համարյա մեկ ամիս էր՝ ինչ հրետանավորները գտնվում էին ճամբարում, և բնական է, որ ոչ բոլորն էին բավական մեծ պաշարով մեկնել ճամբար, իսկ ոմանք էլ կամ չէին ուզել կամ հնարավորություն չէին ունեցել գնել այնքան սիգարետ՝ որքան իրենք կծխեն մեկ ամսում... Մեկ ամբողջական սիգարետ ծխել հնարավոր էր միայն գիշերվա հազարին, երբ բոլորը քնած էին և ավանդական դարձած «Ախպերս, մի երկու մուխ կտաս տակից քաշեմ» ասողների «բրիգադը» բացառություն չէր...
Վահեն աչքի չէր ընկնում օրինակելի ծառայությամբ, բայց սխալ կլինի ասել, որ նա դրանում մեղք ուներ։ Ավելին՝ նրան համարյա բոլորը սիրում էին, քանի որ մաքուր սիրտ ուներ...
Սեպտեմբերն էր՝ Արմավիրի կիզիչ արևին և արտեզյան ջրերին գումարած ոչ այնքան լավ ուտելիքը՝ հալումաշ էին արել բոլորին... Սիգարետի «սովն» էլ մի կողմից... Բոլորը անհամբեր սպասում էին, թե ե՞րբ են վերջապես վերադառնալու այդքան ատելի, բայց երազանք դարձած զորամասը, որտեղ գոնե ապրում էին քիչ թե շատ սովորական մարդկանց նման, ոչ թե վրաններում՝ փոշու ու կեղտի մեջ... Գյումրվա համով ջուրը ոսկու արժեք էր ստացել... Երբ զորամասին որևէ սպա պատրաստվում էր գալ ճամբար՝ նախօրոք արդեն գիտեր, թե ինչի կարիք ունեն իր կոլեգաները՝ չէր զլանում մի քանի լիտր Գյումրվա ջուր վերցնել իր հետ... Իսկ զինվորները իրենց «ծարավը հագեցնում էին» միայն սպաների մոտ եղած Գյումրվա ջրի պաշարների մասին զրուցելով...
–Վահե՛, ի՞նչ նվեր կուզենայիր ստանալ ծննդյանդ օրվա առթիվ։
Ջոնն էր հարցնողը՝ Վահեի համածառայակից ընկերը...
–Է՜հ, Ջոն ջան, գոնե երկու ժամով թողնեին տուն գնայի... Համ տնեցիներին կտեսնեի, համ էլ սիգարետ կբերեի... մի երկու մուխ կպահես քաշեմ...
Ջոնը ժպտաց՝ նրա գլխում մի հիասքանչ միտք ծագեց, բայց իսկույն էլ զսպեց իրեն՝ ախր շատ վտանգավոր էր...
–Վահե՛ ջան, գոնե էնպիսի մի բան ուզեիր, որ գիտես հնարավոր է, կամ, գոնե մի քիչ ավելի հնարավոր է, քան տուն գնալը...
–Ջուր, նորմալ ջուր... Պարոն մայորը երեկ բերել էր 5 լիտր, էն լեյտենանտ Շմավոնյանն էլ մի լիտրը տեղում խմեց կապիտան Սարգիսովի հետ, էն 4 լիտրն էլ դրեց էն իրա սեյֆի մեջ ու կողպեց...
–Վահե՛, կճարվի ջուրը, խոստանում եմ քեզ, գիտես որ Շմավոնյանի հետ մտերիմ եմ՝ քիչ բան չեմ արել իրա համար, կխնդրեմ՝ երևի կտա մի լիտր...
–Է՜հ, չի տա, իբր չե՞ս ճանաչում դրան... Քա՞նիսն եղավ ժամը։
–Տասից հինգ է պակաս, շեփորը կխփեն ուր որ է՝ երեկոյան անվանականչը կանցկացնեն ու ... քնելու... Բայց կսպասե՞ս մինչև տասներկուսը, շնորհավորենք քեզ՝ նոր քնենք...
–Դա էլ չլիներ՝ մեկ է՝ քունս չի տանում...
Երեկոյան անվանականչից հետո Ջոնը խնդրեց Շմավոնյանից մի քիչ Գյումրվա ջուր տալի իրեն՝ ուզում է Վահեին ծննդայ օրվա առթիվ նվեր տալ... Շմավոնյանը ժպտաց.
–Ջոն, փոխգնդապետ Միքայելյանը մարդ էր ուղարկել՝ ասեցի վերջացել է ջուրը, Վահեն էլ պառազիտի մեկն է՝ երեկ իրա պատճառով ահագին թուք ու մուր կերա հրամանատարի մոտ, բայց քո խաթր կտամ մի քիչ, միայն թե ոչ մեկ չիմանա՝ ես ներվ ու հավես չունեմ...
–Շնորհակալ եմ, պարոն լեյտենանտ, ես գիտեի, որ չեք մերժի խնդրանքս...
Ժամը տասներկուսն էր, Ջոնը ջրի շիշը ձեռքին մտավ վրան։ Վրանում կարծես թե բոլորը քնած էին՝ միայն համաչափ շնչառության և ոչ համաչափ խռմփոցի ձայներն էին խախտում լռությունը...
–Վահե՛։
Պատասխան չկար։
–Մարդ կա՞ արթուն։
«Փաստորեն բոլորը քնած են», – մտածեց Ջոնը, – «միայն ես եմ լուսնոտի նման ներքնազգետով ֆրֆրում ճամբարով մեկ... Լավ էր գոնե պարոն փոխգնդապետը չնկատեց՝ ջրի համար մեծ պատմություն կսարքեր...»
Ջոնը կրակայրիչի լույսի օգնությամբ դժվարությամբ գտավ Վահեի մահճակալը.
–Վահե՜, Վա՜հե, զարթնի հլը այ տղա, 19 տարեկան տղա ես՝ էս ժամին արդեն խռռացնում ես, ես քո տարիքում... չէ, 17 տարեկանում ժամը 2ից շուտ չէի քնում...
–Ի՞նչ ա եղել, իմ հե՞րթն է,– կիսաքնած պատասխանեց Վահեն...
–Ի՞նչ հերթ, զարթնի հլը
–Պահակակետ ... իմ հերթափոխը չէ՞, քա՞նիսն է ժամը... էս պահակային ծառայության չե՞մ, բա ինչո՞ւ չես թողնում քնեմ... էս գիշերվա հազարին...
–Ծնունդդ շոնրհավոր ախպերը՜ս,– Ջոնը փաթաթվեց ընկերոջը ու պինդ համբուրեց...
Վահեն արդեն լիովին արթնացել էր՝ գիտակցեց, հիշեց ամեն ինչ
–Ապրե՛ս, ախպերս, բայց մեր մեջ ասած սատանան տանի այսպիսի ծննդյան օրը...
–Ա՛յ, բողոքավոր, հերիք չի՞... Ջուր խմի ու զգա, թե ի՜նչ հրաշալի է կյանքը...
–Չե՛մ ուզում, էդ ջուր չի է, ոնց որ էշի արտաթորանք լինի, ավելի լավ է ծարավ մնամ, առավոտ թեյ կխմեմ...
–Ապե՛ր, երևի մոռացել ես Ջոն հոպարից ինչ նվեր էիր ուզել ծննդյանդ առթիվ...
–Գյումրիի ջո՜ւր ,– ոգևորվեց Վահեն, վերցրեց շիշը ու դատարկեց մինչև վերջին կաթիլը ,– ապրե՛ս, ախպերս, ափսոս քիչ էր, էն սկզբի կաթիլները հլը ստամոքսիս չէին հասել՝ արդեն պրծավ... Սիգարետ կա՞ ,– հաստատ իմանալով, որ կա, հարցրեց Վահեն։
Իսկ Ջոնը սխուր ու ներողամիտ ժպիտով նայում էր ընկերոջը... Ախր ինքն էլ հաճույքով մի կում գոնե կխմեր էդ ջրից, բայց Վահեն չմտածեց էլ առաջարկել...
Էջանիշներ