Ոչ ոք չէր տեսել մայոր Գալստյանին այդքան բարի և կարեկից: Զատիկյանն ու Կարախանյանը նույնիսկ զգուշանում էին այդ տարօրինակ բարությունից: Իրենց զգոնությունը ստուգող ծուղակ չէ՞ արդյոք: Շուշանիկը նույնպես աչքի տակով գաղտագողի ծիկրակում էր, որպեսզի մայորին իր վրա խոսելու առիթ չտա: Սակայն Գալուստ Գալստյանի մտքով իսկ չէր անցնում այդ օրը պատժիչ միջոցառումներ կիրառել իր աշխատակիցների նկատմամբ: Քիչ անց նույնիսկ հակառակը պարզվեց:
- Բոլորիդ պարգևատրման եմ ներկայացրել,- ասաց մայորը,- այս մի քանի շաբաթը լավ աշխատեցիք:
Շուշանիկը հաճույքից շիկնեց: Կարախանյանի ճակատը քրտինքով պատվեց: Զատիկյանը գործադրեց բոլոր ջանքերը, որ արագացած շնչառությունը որևէ կերպ չանդրադառնա իր վեհ տեսքի վրա: Միայն Կարեն Գալստյանը անտարբեր մնաց նյութական միանվագ բարեկեցության հեռանկարին:
- Իսկ դու իզուր ես քիթդ կախել,- որդուն դիմեց մայորը:- Ավելի լավ է փրկել անմեղ մարդուն, թեկուզ չբացված հանցագործություն ունենալ: Ես շատ գոհ եմ քո աշխատանքից:
Կարենն ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց: Աշխուժացած Կարախանյանն ու Զատիկյանը շրջապատեցին մայորին ու սկսեցին հարցեր տեղալ:
- Բայց կտա՞ն որ,- կասկածեց Կարախանյանը,- ինչքան չլինի` երեք բաց հանցագործություն ունենք այս ամիս:
- Ուզում է տան, ուզում է` չտան,- տղամարդավարի ձեռքը թափ տվեց Զատիկյանը,- ինձ համար առավել կարևոր է, որ իմ պետը գնահատում է իմ աշխատանքը:
- Երեք չբացահայտվածի փոխարեն շատ ավելի բացահայտվածներ ունենք,- պատասխանեց մայորը,- ղեկավարությունը գոհ է: Բացի այդ, հույս ունեմ, որ դեռ կբացահայտենք բաց մնացած գործերը: Ի՞նչ կասես, լեյտենանտ Գալստյան,- բարեհոգի տոնով դիմեց ընկճված որդուն,- ե՞րբ կբռնես իսկական հանցագործին:
- Այսօր,- պատասխանեց երիտասարդը, ու բոլորը քրքջացին նրա միամիտ թվացող խոսքերի վրա:
Քիչ անց միջանցքում արևելյան ելևէջներով սուլոց լսվեց, ու դռների մեջ երևաց Պայքարի բարկացած դեմքը:
- Մա¯րդ չէր,- աշխուժորեն բողոքեց վարորդը,- հազար հոգու նստացրել եմ մեքենաս, բայց դրա պեսը չի հանդիպել:
- Ինչի՞ց ես դժգոհ, Պայքա՛ր,- հարցրեց մայորը,- քեզ հանձնարարված էր նախկին ամբաստանյալին տուն հասցնել ու վերադառնալ: Թե՞ դրամական պարգև էիր ակնկալում նրանից…
- Խնդրե¯մ,- Պայքարի բացականչությունն այնքան բնական էր, որ մայորի մտքով իսկ չանցավ դիտողություն անել: - Երեք ռուբլի է տվել այն բանի համար, որ իրեն տուն եմ հասցրել: Հենց վաղը եկեղեցի կգնամ ու մուրացկանին կտամ: Դրա փողը չի ուտվի:
- Առաջ կարծես այդքան քննադատբար չէիր տրամադրված մարդկանց հանդեպ,- ասաց Զատիկյանը:
- Ի՞նչ է արել նա քեզ,- հարցրեց Կարախանյանը:
Հուզված Պայքարը Զատիկյանից սիգարետ խնդրեց ու կպցրեց: Նա, որ վախենում էր նույնիսկ մայորի ներկայությունից, հիմա ծխում էր, մատները դողդողում էին, ծուխն արձակվում էր ինչպխես շոգեքարշից:
- Էդպիսի փոխակերպություն չեմ տեսել կյանքումս,- շարունակեց վարորդը:- Հիշում ե՞ք ոնց էր խեղճացած աթոռին նստել, ու ինչ հրամայեինք` կաներ: Իսկ հիմա իրեն այնպես էր պահում, ոնց որ ես իր ծառան լինեի: Այնպես էր խոսում, կարծես դրանով մեծ շնորհ է անում ինձ: Հազար մարդ եմ նստացրել մեքենաս: Զորամասի հրամանատարը ընկերոջ տեղ էր ընդունում ինձ, իսկ մայորը մեկ մեկ բարկանում է, բայց նրանից նեղանալու բան չկա. գիտեմ` մատս փուշ մտավ, ծնողի պես տիրություն կանի… Դու դրան իզուր բանտից ազատեցիր, Կարե՛ն: Թքած, թե ինքը չէր սպանել այն աղջկան: Դրապեսներն ավելի վատն են, քան մարդասպանները…
- Հավանաբար քեզ վատ ես զգում, որովհետև հարմար պահ չես գտել նրա երեսին շպրտելու այդ երեքանոցը, որի վրայով կարծես աշխարհի բոլոր գնացքներն անցած լինեն,- սիրալիր ասաց Շուշանիկը:
- Այդպես է, որ կա, Շուշանիկ ջան, դու ինձ հասկացար,- ոգևորված բացականչեց վարորդը,- ու թե մայորը թույլ տա, այս երեքանոցը ոչ թե եկեղեցու մուրացկանին կտամ, այլ հենց հիմա դրա մոտ կվերադառնամ ու երեսին կշպրտեմ: Փառք աստծո` տան տեղը գիտեմ:
- Հանգստացիր, Պայքա՛ր,- աչքով արեց մայորը,- կյանքում ամեն տեսակ մարդ էլ պատահում է: Առհավետ մոռացիր նրան: Մենք այստեղ ենք, որ վնասազերծենք հանցագործներին, ոչ թե անհամակրելի մարդկանց, որոնք մեր կարծիքով ընդունակ են հանցագործություն կատարել:
Պայքարը չպատասխանեց, բայց դողացող ռունգերը, որոնցից շարունակում էր թանձր ծուխ արձակվել, մատնում էին, որ դեռ հուզված է:
Կարեն Գալստյանը ոտքի կանգնեց:
- Այդ ո՞ւր,- հարցրեց մայորը:
- Մարդասպանին գտնելու,- պատասխանեց երիտասարդը:
- Եթե պետք է` Կարախանյանը կամ Զատիկյանը թող գան քեզ հետ: Պայքարն էլ ինձ պետք չէ մոտակա ժամերին:
- Կարիք չկա,- ցածրաձայն ասաց Կարենը ու շարժվեց դեպի դուռը:
- Նրան շուտ հայտնաբերիր, Գալստյա՛ն,- ետևից նետեց Կարախանյանը,- արդեն հաստատ գիտենք, որ երեք բաց մնացած հանցագործություններն էլ նույն մարդն է կատարել: Մի գնդակով երեք նապաստակ կսպանենք ու պարգևատրումն էլ հաստատ կստանանք:
Էջանիշներ