Մրգաշատի ամառանոցը, որտեղ կատարվել էր հանցագործությունը անտերության էր մատնված: Վշտի մեջ խեղդված հարազատներն այնաստիճան անտարբեր էին դարձել նյութականի հանդեպ, որ նույնիսկ չէին կողպել դարպասի ու տան դռները:
Առանձնատանը կից հողամասը հազար քառակուսի մետրից ավելի չէր լինի: Հիմնական հողամասը տան ետևում էր, որտեղ տարբեր տեսակի մոտ երեսուն մրգատու ծառ կար: Մինչդեռ շքամուտքի դիմաց տարածքը մեծ չէր և ամբողջը բետոնապատված էր: Առանց բետոն էին մնացել միայն չորս-հինգ հողածածկ քառակուսի կղզյակներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մեկական վիթխարի թթենի կար: Հենց դրանց հառեց Կարեն Գալստյանն իր ողջ ուշադրությունը, երբ Մելանյայի հետ տեղ հասան:
- Ընդամենը հինգն են,- ասաց հետաքննիչը` չգիտես դիմելով ընկերուհուն, թե խոսելով ինքն իրեն,- երկու րոպեում կպարզվի ամեն ինչ:
Երիտասարդը սկսեց ուսումնասիրել մոտակա ծառը, իսկ նրա ընկերուհին վազեց մյուսի մոտ:
- Ահա,- հանկարծ ճչաց Մելանյան այնպիսի ձայնով, ասես ՙԱնգլուխ ձիավորը՚ վեպի հերոսներից էր և անսպասելի հանդիպել էր ձիուն, որն իր վրա էր կրում էր գլխատ նժույգավորին:
Երիտասարդը որքան ուժ ուներ սլացավ աղջկա մոտ, ով ճակատագրական բացահայտումը կատարելուց հետո կորցրել էր խոսելու ունակությունը, և հայացքը վեր հառեց: Երեքուկես-չորս մետր բարձրության վրա ծառի բնի մեջ մխրճված էր մի հսկա դանակ: Շեղբից արյունը մի փոքր ծորացել էր ծառի բնին ու չորացել: Նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ դանակի արյունոտ բռնակին մատնահետքեր կան:
Էջանիշներ