Քննիչների բաժնում մեծ իրարանցում էր: Հայտնաբերվել էր այն տղամարդը, ով սպանության օրը եղել էր դեպքի վայրում: Ասենք, ինքն էլ չէր ժխտում դա: Խոստովանում էր նաև, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ, սակայն կտրականապես ժխտում էր իր մասնակցությունը սպանությանը: Սամվել Զատիկյանն ու Լևոն Կարախանյանը համոզված էին, որ ստում է և հանցանքը խոստովանելը ժամանակի հարց էին համարում: Ինչ վերաբերում է մայորին, ապա նա մշուշոտ արտահայտեց իր կարծիքը և լիովին հնարավոր համարեց, որ մարդասպանը մեկ ուրիշ մարդ լինի: Ինչևէ, քննիչները ժրաջան աշխատում էին, խաչաձև հարցաքննում ձերբակալվածին, զանազան խորամանկ ծուղակներ սարքում բայց վնա անդրդվելի էր: Պայքարը, ով ամենից շատ էր այս ու այն կողմ վազվզում, ասես իր շնորհիվ էր բացահայտվել հանցագործությունը, առաջարկեց մի փոքր ՙմշակել՚ ամբաստանյալին, սակայն մայորը կտրականապես արգելեց:
- Եկեք փակենք նրան սենյակում ու արգելենք պետքարան գնալ,- առաջարկեց Կարախանյանը,- առավոտվա կողմ ինքը կխնդրի, որ ամեն բան խոստովանի:
- Ավելի լավ է շարունակենք հերթով հարցաքննել,- չհամաձայնեց Զատիկյանը,- եթե հարյուր անգամ նույն հարցերը տանք, մի տեղ կսխալվի ու կասի մի բան, որ չէր ցանկանում… Գալստյա°ն, հիմա էլ դու հարցաքննիր, արդեն հոգնեցինք:
Երեկոյան ժամը տասն էր: Զատիկյանն ու Կարախանյանը արդեն տասական անգամ հարցաքննել էին Սուրեն Հարությունյանին: Մի երկու անգամ հարցաքննել էր նաև մայորը, և միայն Կարեն Գալստյանն էր, որ հեռու էր մնում ու շատ էր խնդրել, որ իրեն ազատեն ամբաստանյալին հարցաքննելուց: Երիտասարդ հետաքննիչը ճնշված հոգեվիճակում, ինչի պատճառը հանցագործի ավելին քան պատահական բացահայտումն էր: Մեկ շաբաթից ավելի նա քննել էր գործը, հարյուրավոր մարդկանց կասկածել, հանցագործության տասնյակ վարկածներ առաջ քաշել, սակայն Սուրեն Հարությունյանի գոյության մասին չէր կասկածել, առավել ևս` նրան որպես մարդասպան չէր դիտարկել: Անբացատրելի անբավարարվածության զգացում ուներ: Ենթագիտակցորեն զգում էր, որ ողջ ճշմարտությունը սա չէ և ինչ-որ տեղ իր կողքին է, բայց համադրելով փաստերը, նրա հոգնած ուղեղն առայժմ չէր կարողանում հայտնաբերել այն: Ինչ որ շատ հասարակ էր ստացվում Սուրեն Հարությունյանի մարդասպան լինելը: Երբ բարձրաձայնեց իր մտքերը, ավելի փորձառու ընկերներն ասացին, որ բոլոր հանցագործներն էլ զարմանալիորեն միօրինակ են և նույն ձևով են կատարում հանցագործությունները` մանավանդ սպանությունները: Օրինակ բերվեց ծանոթ լրագրողներից մեկը, ով հատկապես բողոքում էր հանցագործների միօրինակությունից: Որպես մասնագիտական գաղտնիք հայտնել էր. կատարվող հանցագործություններն այնքան նման են իրար, որ հոդված գրելու կարիք հաճախ չի լինում: Արտագրում է նախկին համարի բովանդակությունը ու փոխում անունները…
Զատիկյանի առաջարկը տհաճ էր Կարեն Գալստյանի համար:
- Գիտես ինչ, Սամվե՛լ,- փորձեց խույս տալ նա,- ինչքան այստեղ մնաք ես էլ կմնամ, բայց դուք հարցաքննեք… Ես ի վիճակի չեմ: Ավելի լավ է գնամ տեսնեմ բաց խանութ կա՞, մի բան բերեմ ուտելու:
- Իզուր մի գնա, այս ժամին բոլոր խանութները փակ են: Իսկ եթե չես ուզում հարցաքննել` քո գործն է: Հարցն այն է, որ ինքը մարդասպանն է ուզում, որ հարցաքննես: Մենք իր ճաշակով չենք…
- Ուզում է , որ ե՞ս հարցաքննեմ,- Կարեն Գալստյանի զարմանքն անկեղծ էր և ուժեղ:
- Ասում է, որ մենք անմարդկային ենք, քանի որ իրեն` անմեղ մարդուն մեղադրում ենք սպանության մեջ… Սպասի՛ր, դեռ կկոտրենք … Իսկ դու դրան լավ բռնացրիր: Ու քիթդ էլ մի կախի, որ պատահական ես հայտնաբերել: Բոլոր հանցագործությունների ուղիղ կեսը պատահականորեն է բացահայտվում, և միայն կինոներում ու գրքերում է ճաճանչափայլ դրսևորվում խուզարկուի հանճարը:
Ծանրաքայլ մոտեցավ Լևոն Կարախանյանը:
- Աչքերս փակվում են,- ասաց հորանջելով:- Մի կես ժամ յոլա տարեք, իսկ ես մի տեղ փորձեմ ննջել:
Ասաց ու գնաց:
- Ամենաքիչը չորս ժամ կննջի,- ծիծաղեց Զատիկյանը, ով հավանաբար լավ էր ճանաչում ընկերոջը:- Դե ինչ, դու էլ գնա մի տեղ հանգստացիր, իսկ ես գնամ դրան կոտրելու:
- Սպասիր,- անսպասելի ասաց Կարենը,- թերևս հարցաքննեմ նրան: Իսկ դու չե՞ս կարծում, որ գուցե նա չի սպանել:
- Նա¯ է, նա՛: Ուրիշ կերպ լինել չի կարող: Տեսքից էլ իսկական մարդասպան է:
Երբ Կարեն Գալստյանը սենյակ մտավ կարծես չճանաչեց այն մարդուն, ում ցերեկը ձերբակալել էր: Սա արդեն այն ջարդված հեկեկացող մարդը չէր, որ պատրաստ էր ամեն բան խոստովանելու: Ուժ, պատկառանք, հաստատակամություն. սա կմտածեր մարդ, եթե հիմա նայեր նրան: Իսկ նույն օրվա թուլության դրսևորումը հավանաբար տեղի էր ունեցել ճակատագրի մի քանի սարսափելի հարվածներից հետո, որից վերջինը` իր հարազատ որդու ընդվզումն էր իր իսկ դեմ: Միշել Մոնտենը իր ՙՓորձեր՚ հանրահայտ աշխատության մեջ պատմում է մի գերի թագավորի մասին, ով հոնքն էլ չի շարժում, երբ աչքի առաջ սպանում են որդիներին ու եղբայրներին, բայց, արդեն հիմնավորապես սասանված, երեխայի պես հեկեկում է, երբ հերթը հասնում է ծառաներից մեկին: Հավանաբար նման մի բան էլ Սուրեն Հարությունյանի հետ էր պատահել: Կարեն Գալստյանին տեսնելով` նա զգալիորեն աշխուժացավ: Նույնիսկ փորձեց ոտքի կանգնել, բայց գիտակցելով այդ շարժման անիմաստ լինելը` նորից նստեց:
- Վերջապես,- համբերահատ ձայնով ասաց նա,- միակ մարդը, ով ինձ բացահայտ մարդասպան չի համարում:
- Խնդրում եմ հանգստացեք: Ձեզ առայժմ ոչ ոք մարդասպան չի համարում:
- Բոլորը համոզված են դրանում,- գրգռված բացականչեց Սուրեն Հարությունյանը:- Այն երկուսը նույնիսկ չեն էլ թաքցնում ու այնպես վրեժխնդիր են, որ վատնում եմ իրենց թանկագին ժամանակը: Ինչ վերաբերում է մայորին, որ մի երկու անգամ բարեհաճեց ներս գալ… Դա պարզապես գազան է: Մարդկային կյանքը նրա համար ոչ մի արժեք չունի: Ես վստահ եմ, որ այն երկուսը հենց նրա դրդմամբ են այսպես վատ տրամադրված: Իմ միակ հույսը դու ես:
- Ձեր տպավորություններն ավելի քան սխալ են: Երեք ժամ առաջ մայորը հենց ինքն ասաց ինձ, որ բոլոր հանցանշանները ձեր դեմ են, և դատարանում շատ դժվար կլինի ձեզ համար, բայց միևնույն ժամանակ վաղաժամ համարեց ձեզ մարդասպանության մեջ մեղադրելը: Այնպես որ, մեր նպատակը ճշմարտության բացահայտումն է, որին և հույս ունենք հասնել ձեր օգնությամբ:
- Իմ օգնությա¯ա¯ա¯մբ... Ինձ հազար անգամ ստիպեցին կրկնել նույն պատմությունը, որին չեն հավատում: Մի բան են ուզում նրանք` խոստովանեմ, որ ես եմ սպանել…
- Քանի որ խնդրել եք գամ, ու ես էլ արդեն այստեղ եմ, պետք է ևս մեկ անգամ պատմեք ամեն բան:
Սուրեն Հարությունյանը հոգոց հանեց.
- Ես պատրաստ եմ:
Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Հետո Կարեն Գալստյանը սկսեց հարցաքննել:
- Ինչքան ժամանակ է, որ ճանաչում եք Գայանե Չոբանյանին:
- Մեկ տարուց ավելի:
- Այսինքն ձեր կնոջ մահվանից առաջ:
Սուրեն Հարությունյանը անակնալից վեր թռավ:
- Նրա մահվանից առաջ: Բայց մեր հարաբերություններն ավելի մտերմիկ բնույթ են կրել նրա մահվանից հետո:
- Պատմեք, թե ինչ հանգամանքներում եք ծանոթացել նրա հետ:
Ամբաստանյալը պատմեց: Առանձնապես հետաքրքիր բան չկար:
- Իսկ ի±նչ հանգամանքներում է մահացել ձեր կինը:
- Դժբախտ պատահար: Գազի արտահոսք էր եղել: Ցավոք, այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել:
- Ի±նչ կարող եք ասել ի պաշտպանություն ձեզ, որ չեք սպանել Գայանե Չոբանյանին:
- Ես սիրում էի նրան: Չէի կարող սպանել մի մարդու, ում սիրում էի: Ու պատճառ էլ չունեի:
- Այդ դեպքում` ինչո՞ւ չէիք օրինականացնում ձեր հարաբերությունները:
- Պետք էր գոնե մեկ տարի սպասել կնոջս մահվանից հետո:
- Որտե՞ղ էիք այն պահին, երբ կատարվեց սպանությունը:
- Դուրս եկա այգու կողմից, որ երկրորդական ճանապարհին հասնեմ: Այնտեղ, թփերի մեջ էի կանգնացրել մեքենաս, որ ոչ ոք չնկատեր: Իսկ Գայանեն դուրս եկավ շքամուտքից: Լսեցի նրա ճիչը ու վերադարձա: Մի քանի վայրկյան դեռ կենդանի էր ձեռքերիս մեջ, հետո անշնչացավ:
- Ինչո՞ւ իրավապահ մարմիններին չդիմեցիք, երբ տեսաք կատարվածը:
- Վախեցա, որ ինձ կմեղադրեն սպանության մեջ:
- Այգու միջով ձեզ մեքենան գցեցիք ու փախա՞ք:
- Այո: Բայց մի մեղադրեք ինձ: Ես սովորական մարդ եմ: Կուզի տեսնել, թե մեկ ուրիշն ինչպես կվարվեր իմ փոխարեն: Շատ վախեցա: Գիտեի, որ բոլոր հանցանշաններն իմ դեմ են:
- Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի աղջկան մեքենայով հիվանդանոց տեղափոխել: Գուցե և փրկվեր:
- Ասում եմ ձեզ, իմ ձեռքերի մեջ մեռավ:- Սուրեն Հարությունյանը նորից սկսեց գրգռված խոսել:- Նա, ում աշխարհում բոլորից շատ էի սիրում: Թշնամուս չէր ցանկանա…
- Անշուշտ հասկանում եք, որ փաստերը ձեր դեմ են: Է՞լ ինչ կարող եք հիշել, որ կխոսեր ձեր օգտին:
- Ամեն ինչ ասացի ինչպես որ կար,- Սուրեն Հարությունյանը շարունակում էր գրգռված խոսել:- Մի բան կարող եմ ասել, որ ես չեմ սպանել: Փնտրեք ու գտեք նրան, մի թողեք, որ անմեղ մարդը կործանվի…
Կարեն Գալստյանին թվաց, որ ամբաստանյալը անկեղծ է խոսում: Միևնույն ժամանակ չէր կարող չնշել, որ նա ծայրաստիճան տհաճ մարդ է և, ինչպես ասում էր Սամվել Զատիկյանը, շատ նման է մարդասպանի: Բայց մի՞ թե ճիշտ կլիներ մարդուն մեղադրել սպանության մեջ միայն այն պատճառով, որ տեսքով հարմար է գալիս: Խիղճը սկսեց տանջել: Հիշեց մի մանկական ոտանավոր, որի մեջ հանցագործ խոզին չեն կախում չափից ավելի հաստ վիզ ունենալու պատճառով, փոխարենը կախաղան են բարձրացնում բարակավիզ այծին:
Քանի որ պարանը խոզի վզին նեղ է,
Ուրեմն խոզը լրիվ անմեղ է…
Մինչ երիտասարդ քննիչը մտորում էր, Սուրեն Հարությունյանը շարունակեց, բայց ավելի մեղմ տոնով.
- Գիտեմ, որ ավելորդ բան եմ ասում: Ես բարձր կարծիք ունեմ քո մարդկային որակների մասին, բայց այնուամենայնիվ… Ես հարուստ մարդ եմ: Ոսկու մեջ կթաղեմ քեզ, եթե բռնես իսկական մարդասպանին: Հիսուն հազար ռուբլի եմ խոստանում, եթե…
- Ձեր փողը ինձ պետք չէ,- սառը նկատեց Կարենը,- հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիմա ձեզ ուրիշ մարդիկ կհարցաքննեն: Աշխատեք մանրամասներ հիշել:
Ու դուրս եկավ: Սուրեն Հարությունյանը մնաց ապշահար ու հիասթափված:
Էջանիշներ