User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքը կատարվել էր 197… թվականի օգոստոսի վեցին: Սպանվածը քսանչորսամյա Գայանե Չոբանյանն էր, սպիտակամաշկ ու կապուտաչյա մի գեղեցկուհի: Հանցագործը դարանակալել էր մուտքի մոտ ու դուռը բացվելուն պես սարսափելի հարված հասցրել դանակով, որը միջնաթափանց անցել էր խեղճ աղջկա մարմնի միջով: Միանգամից չէր մահացել: Արյունոտ հետքերը վկայում էին, որ փորձել էր բռնել դռան շրջանակից, բայց ուժերը դավաճանել էին, երկու քայլ անելով` գլորվել էր աստիճաններն ի վար ու արյան հսկա լճակ գոյացրել շուրջը:

    Հանցագործությանն անկասկած նպաստել էր հարևան առանձնատների կիսակառույց և անբնակ լինելը: Ցերեկները դեռ կարելի էր ինչ-որ մեկին տեսնել, բայց առավոտյան ժամը յոթին, այսինքն մոտավորապես այն ժամին, երբ բժիշկների հավաստմամբ կատարվել էր սպանությունը, հնարավոր չէր մարդ գտնել այնտեղ:

    Կարեն Գալստյանը զննեց հանցագործության վայրը և դիակի կողքին սիգարետի ծխուկ հայտնաբերեց: Դա առայժմ միակ բանն էր, որը կարող էր որպես հանցանշան ծառայել: Հետո երիտասարդ քննիչը տուն մտավ ու այնտեղ էլ փորձեց ինչ-որ բան գտնել, բայց` ապարդյուն: Եթե աղջիկը հյուր էր ընդունել, կոնյակ կամ սուրճ խմել, ապա ջանասիրաբար մաքրել էր բոլոր հետքերը: Մաքուր լվացած սպասքը պահարաններում էր: Բարում խմիչքների մեծ տեսականի կար, շշերից շատերը` տարբեր աստիճանի կիսատվածության, բայց թե երբ էին խմել, հնարավոր չէր պարզել: Հատակն ավլած էր. փոշու հատիկ անգամ չէր երևում: Կահույքի փոշին նույնպես փալասով սրբված էր: Մատնահետքեր կային, բայց հայտնի չէր` ումն են: Տունը ուներ նաև երկրորդ մուտք, որը այգու կողմն էր բացվում: Այստեղ ինչ-որ հետքեր կային, որոնք տանում էին այգու խորքը, բայց պարզել, թե ումն էին, հեշտ գործ չէր: Այգին ավարտվում էր ցանկապատով, որից այն կողմ երկրորդական հողապատ ճանապարհ էր: Կարեն Գալստյանը ճանապարհն էլ զննեց, ճամփեզրի առանձնատների բնակիչներին հարցաքննեց, բայց էական ոչինչ չկարողացավ հայտնաբերել: Բնակիչներից միայն մեկը վկայեց, որ առավոտյան կողմ սև գույնի ՙՎոլգա 24՚ մեքենա է անցել, բայց ոչ համարն էր մտապահել, ոչ էլ վստահ կարող էր ասել` արդյո՞ք կանգնած է եղել Գայանե Չոբանյանի տան մոտ: Երիտասարդ քննիչը փորձեց պարզել, թե շա՞տ մարդ է երթևեկում այդ ճանապարհով, ու նրանցից տեղեկություն ստանալ, բայց շուտով համոզվեց, որ դա նման է անապատում փոշեհատիկ փնտրելուն ու հրաժարվեց այդ մտքից: Այսպիսով, մնում էր սիգարետի ծխուկը, մի աննշան բան, որը, դեռ հարց էր, կապ ունի՞ հանցագործության հետ, թե` ոչ:

    Շուտով դեպքի վայր եկան աղջկա հարազատները: Լիլիթը տան կրտսեր դուստրն էր, ուներ հայր, մայր և երկու քույր: Խղճալի էր նրանց տեսնել այդ վիճակում: Մայրը երկու անգամ ուշագնաց եղավ, քույրերն այնքան անսփոփ էին, որ հավանաբար կցանկանային սպանվածի տեղը լինել: Հայրը համարյա խելագարվել էր: Կարենի օձիքից բռնելով` նա պահանջեց իր ձեռքը հանձնել այն մարդուն, ով խլեց իր սիրելի աղջկա կյանքը, և մեծ դժվարությամբ հաջողվեց հանգստացնել նրան: Երիտասարդ քննիչը խոստացավ, բայց փոխարենը թույլտվություն խնդրեց զննելու աղջկա անձնական իրերը, որոնք, ասենք, ոչ մի ձևով չօգնեցին լույս սփռել այդ մութ գործի վրա:

    - Ահա, նայեք նկարները: Հարվածը հասցվել է ուղիղ կրծքին, սուր, երկար դանակով, և մյուս ծայրը մեջքից դուրս է եկել: Մահը վրա է հասել վայրկյաններ անց: Հարվածի ուժը վկայում է մարդասպանի անսովոր ուժի մասին: Ակամա մտածում ես, որ նույն մարդն է, ով կողոպտել է մսամթերքի և հացի խանութները:

    Մայորը նայեց նկարները ու մի քանի վայրկյան մտածելուց հետո ասաց.

    - Եթե հանցագործը նույն մարդն է` անկասկած այլմոլորակային է կամ հեռավոր դարերից մեզ մոտ է ուղարկվել ժամանակի մեքենայով:

    - Իսկապես,- համաձայնեց Զատիկյանը,- հուսահատ համարձակությունը, որով նա կատարել է կողոպուտը, ցույց է տալիս, որ փող ընդհանրապես չի ունեցել: Ու նախապես էլ այնպիսի խանութների վրա է հարձակվել, որտեղից կարող էր դանակ վերցնել` երկար և սուր:

    - Հանցագործության շարժառիթն է պետք գտնել, շարժառի¯թը,- խելացի մարդու տեսքով ասաց Կարախանյանը,- Պետք է իմանալ, թե ում էր ձեռնտու աղջկա մահը:

    - Գուցե սիրած տղա է ունեցել, որը բանակ է գնացել,- ենթադրություն արեց Շուշանիկը,- իսկ վերադառնալով` տեսել է, որ իր սրտի տիրակալը ժամանակը զուր չի անցկացրել, ու որոշել է վրեժ լուծել:

    - Քո ուշքն ու միտքն էլ դա է,- արհամարհանքով ընդհատեց Զատիկյանը,- վերջին քսան տարում Հայաստանում նման հանցագործություն չի կատարվել: Կամ տղաներն են անհիշաչար, կամ աղջիկները` հավատարիմ:

    - Սիգարետի ծխուկն ուղարկվել է լաբորատորիա,- շարունակեց Կարեն Գալստյանը,- թքի անալիզով հնարավոր կլինի պարզել, թե ով է ծխել: Մատնահետքեր էլ կան: Բայց գտնել այդ մարդուն մի քաղաքում, որտեղ մեկ միլիոն մարդ է ապրում…

    - Իսկ դու որտե՞ղ կփնտրեիր նրան,- հարցրեց մայոր Գալստյանը:

    - Եթե ենթադրվում է, որ սպանությունը կատարել է բարձրահասակ և անսովոր ուժի տեր տղամարդը, ով երկու խանութ է կողոպտել, ու մինչ այդ եղել այնպիսի վայրում, որտեղից դուրս գալիս կոպեկ իսկ չի ունեցել մոտը, ապա շատ ապահով կլիներ թաքնվել Երևանի մարդաշատ այգիներում:

    - Քո ուղեղը ինչ-որ չափով աշխատում է,- պատասխանեց մայոր Գալստյանը, ով, ենթադրելով Զատիկյան – Կարախանյան զույգի նախանձով լի հայացքներից, մեծ հաճոյախոսություն էր արել:- Բայց ես հարցում եմ կատարել բոլոր բանտերին: Ոչ մի մարդ չի փախել այնտեղից, ինչը կարելի էր և ենթադրել…

    - Ներողություն եմ խնդրում, ես դեռ չեմ ավարտել…

    Սա մեծ հանդգնություն էր, բայց ուշադիր նայելով մայորի անթափանց դեմքին կարելի էր տեսնել, որ նա դժվարությամբ է թաքցնում գոհունակությունը:

    - Բանը սիգարետի ծխուկը չէ,- շարունակեց լեյտենանտ Գալստյանը:- Մինչև անպետք մնացորդ դառնալը և սպանվածի կողքին ընկնելը, այն հարմարավետ տեղավորված է եղել ՙԱխթամարի՚ գեղեցիկ տուփի մեջ:

    - Այսինքն,- պակաս թաքցնելով գոհունակությունը` գլխով արեց մայորը:

    - ՙԱխթամարը՚ ոչ մի խանութում կամ կրպակում ազատ չի վաճառվում: Կարելի է ձեռք բերել միայն ծանոթությամբ կամ ավել գումար վճարելով` մի քանի առևտրային կետերում, որոնց մասին բոլորը չէ, որ գիտեն: Ես արդեն ստուգել եմ: Գայանեի հայրը նախընտրում է ՙԱրին Բերդը՚ ու նրա ծանոթների մեջ էլ, որոնցից քչերն են Մրգաշատի ամառանոց այցելում, ոչ մի ՙԱխթամար՚ ծխող չի նկատվել: Այսպիսով, մարդասպանը, կամ նա, ով գտնվել է հանցագործության վայրում, հավանաբար հարուստ է և բարձրաշխարհիկ հասարակությանն է պատկանում: Դրա ապացույցն է նաև սև գույնի ՙՎոլգա-24՚ մեքենան, որը նկատվել է երկրորդական հողապատ ճանապարհին համարյա թե սպանության ժամին:

    - Բա էլ որտե՞ղ փնտրենք մեր բարձրահասակ անսովոր ուժեղին,- գոչեց Լևոն Կարախանյանը, ով հույս ուներ մյուս հանցագործությունները բացահայտելու արդյունքում իր գործն էլ բացահայտել:

    - Որտե¯ղ փնտրի իր բարձրահասակին,- մայոր Գալստյանն այնպիսի զվարճալի ձևով իր խոսքերն ուղղեց լեյտենանտ Գալստյանին, որ Շուշանիկը անզուսպ փռթկացրեց, իսկ Սամվել Զատիկյանը դժվարությամբ զսպեց ժպիտը:

    - Ուզում էի Սունդուկյանի թատրոնի այգի գնալ, որտեղ ֆուտբոլասերներն են հավաքվում, բայց սիգարետի ծխուկն ինձ պարտադրում է այլ մարդու փնտրել:

    - Հիմա ի՞նչ անենք,- մոլորված հարցրեց Սամվել Զատիկյանը,- գնանք այգի ու ձերբակալենք բոլոր բարձրահասակ և ուժեղ տղամարդկա՞նց:

    - Ձեր գործը թերևս ինքն իրեն էլ լուծվի,- պատասխանեց մայոր Գալստյանը,- իսկ ահա լեյտենանտ Գալստյանը ստիպված կլինի կարգին չարչարվել…

    Հեռախոսը զնգաց: Շուշանիկը պատասխանեց ու լսափողը դնելով` ասաց.

    - Երեկ երեկոյան տասնութ տարեկան մի պատանի է փախել հիվանդանոցից. Բարձրահասակ և արտասովոր ֆիզիկական ուժի տեր: Տառապում է ապուշությամբ և կարող է վտանգավոր լինել:

    Լռություն տիրեց: Բոլորը նույն բանն էին մտածում. ահա և գտնվեց հանցագործը:

    - Տեսնում ե՞ք դրանց,- գլուխն օրորեց մայորը,- երեք օր է հիվանդն ազատության մեջ է, իսկ նրանք նոր են բարեհաճում իրավապահ մարմիններին տեղյակ պահել: Ու դեռ ստում են, թե երեկ երեկոյան է փախել:

    - Լրիվ կորցրել են իրենց,- իսկույն իր ղեկավարի նվագի տակ մտավ Լևոն Կարախանյանը,- դրանց ուշքն ու միտքը փողն է: Պետք է մի լավ թափ տալ էդ սպիտակ խալաթավորներին:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.09.2011), Mark Pauler (26.09.2011), Արէա (26.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (26.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  4. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •