User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ

    «Ճակատագրական սիգարետը»

    Մտահաղացումը` Գալուստ Գալստյանի

    Սպիտակ մեքենան, որ լավ լվացած-պսպղացրած էր ու ընդամենը երկու դուռ ուներ, կտրուկ արգելակեց: Երկու գերմոդայիկ պճնամոլներ, վզներից կախ ծանրաքաշ ոսկե շղթաներով, թանկարժեք բջջայիններով, որ ասպետական արժանապատվությամբ կրում էին գոտկատեղերին, ու հավանաբար մինչև մեքենա ներթափանցելը լող էին տվել հարդաջրում, ինչպես Պոպպեան` էշի կաթով լի ավազանի մեջ, գռեհիկ հայհոյանքների տարափ տեղացին մի նիհարավուն երիտասարդի վրա, ով անպաճույճ տեսք ուներ, և իրենց մեքենայի առաջը կտրելու մեղքն էր գործել: Մեղսավորը, որ ամենաշատը քսաներեք տարեկան կլիներ, չպատասխանեց: Եթե ուզենար` արժանավայել խոսքամարտի կբռնվեր, կքոթակեր ինչպես հարկն է ու այդ պարզ եղանակով զույգի միջից երկար ժամանակով թափ կտար հայհոյելու պահանջմունքը, ցանկության դեպքում նույնիսկ կձերբակալեր, քանզի մասնագիտության էությունը դրանց նմանների էությունը բացահայտելն էր: Սակայն իրեն հայտնի պատճառներով ոչ մեկն արեց, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը. շարունակեց անվրդով ու անգործունյա մնալ, ասես Լուսնից էր իջել: Սպիտակ մեքենայի ասպետները, որոնք իրենց մեքենայի տարածքում քառակի քաջ էին, կամ էլ, եթե կուզեք, միայն այդ տարածքում էին քաջ, զիլ ազդանշաններ հնչեցրին, ավարտուն տեսքի բերեցին գռեհիկ հայհոյանքների աղբակույտը և շարժիչի շռնդալից աղմուկով իրենց մեկնումը ազդարարեցին հարկադիր կանգառից: Կողքից անցնելիս նրանցից մեկը, որպես յուրօրինակ հրաժեշտ, ՙերջանիկ ապուշ՚ անվանեց նիհարավուն երիտասարդին: Սպիտակ երկդուռ մեքենայի ասպետները ճշմարտության գաղափարին պակաս էին հասու, քան կոկորդիլոսի ուղեղը` խղճմտանքի հասկացությունը, բայց, այնուամենայնիվ, կիսով չափ իրավացի էին: Նիհարավուն երիտասարդն ապուշ չէր, բայց երջանիկ էր: Գալուստ Գալստյանն էր, երիտասարդ քննիչ, որ գործից տուն էր շտապում. շատ էր շտապում: Բարեհաջող անցնելով փողոցը ու մի քանի զորեղ ոստյունով հաղթահարելով փողոցի բարձրահարկ շենքի միջև ընկած տարածությունը` Գալուստը բմբուլի թեթևությամբ շենքից ներս գցեց իրեն ու բռունցքով երեք անգամ հարվածեց վերելակը կանչող կոճակին: Նման կոպիտ վերաբերմունքից վիրավորված, չնայած Գալուստի մտքով չէր անցնում վիրավորել որևէ մեկին, դրանով սոսկ իր բարձր տրամադրությունն էր ընդգծում, կամ գուցե այն պատճառով, որ վերելակը չէր աշխատում, կանչող կոճակը սառը պատասխանի արժանացրեց երիտասարդի բուռն հարցադրմանը և ավելին քան հասկանալի բացատրեց, որ նրա ցանկությունը չի կատարի: Լինելով բնականից գործունյա և դժվար հաղթահարելի շարժումը գերադասելով անիմաստ սպասումից` Գալուստը կրկին գործի դրեց ոստյունների շարքը և տասնյակ վայրկյաններ անց յոթերորդ հարկի գորշ դռան առաջ էր: Բանալի ուներ, բայց գերադասեց զանգ տալ ու իր սիրած ոճով բռունցքով երեք անգամ հարվածեց հյուրերի գալուստը ազդարարող կոճակին: Այս վերջինն ավելի բարեհաճ էր երիտասարդի հանդեպ: Դուռը շուտով բացվեց, ու մի խոժոռ տղամարդ` երիտասարդի հայրը, ով բարձրահասակ էր, ալիքաձև արծաթափայլ մազեր ուներ և հավասարակշռված, հանգիստ դեմք, դիմավորեց նրան: Գալուստը տուն մտավ ինչպես ձախ եզրայինը կներխուժեր տուգանային հրապարակ և հյուրասենյակ հասնելով` փլվեց բազմոցին: Հայրը հանգիստ գոցեց դուռը ու հետևեց նրան: Գալուստը թևերը տարածել, գլուխը հետ գցել, վաստակած մարդու խոնջանքով աչքերը փակել ու նախանձելի հարմարավետությամբ ձուլվել էր բազմոցին: Երբ հորը տեսավ կողքին նստած, խորամանկ ծիկրակեց, ապա բացեց աչքերը և ուրախ ժպտաց: Հայրն ուշք չդարձրեց որդու ծամածռություններին ու դեռ լավ է, որ դրանք կապիկություններ չորակեց, այլ հանգիստ սեղանից վերցրեց ծխախոտի տուփը ու սիգարետ կպցրեց: Գալուստը չափազանցված եռանդուն շարժումներով այս ու այն կողմ վանեց ծուխը, ինչպես թշնամուց կպաշտպանվեր, վերցրեց ծխախոտի մնացորդներով լի մոխրամանը, ապա շինծու լրջությամբ սկսեց մանրազննել:

    - Ընդամենը տասներկու հատ, հայրի°կ,- ուրախ ասաց նա,- այսինքն հիսունհինգ րոպե կամ ամենաշատը մեկ լիարժեք ժամ, որ քեզ անհրաժեշտ կլիներ հոտավետ գլանակները գարշահոտ ծխուկների վերածելու համար: Դա իր հերթին նշանակում է, որ ճիշտ այդքան ժամանակ է մայրիկը տնից բացակայում, քանի որ չէիր համարձակվի առանց սենյակներն օդափոխելու մեկ ժամ շարունակ ծխել, իսկ նա թույլ չէր տա, որ մեկ ժամ շարունակ մոխրամանի մեջ ծխախոտի մնացորդներ մնան: Ու եթե մայրիկը գնացել է շուկա, ապա ուր որ է տուն կմտնի: Եթե վերջացել է օծանելիքը կամ նոր կոշիկ գնելու անհրաժեշտություն է ծագել, նրա ներկայությամբ զմայլվելու հաճույքը ստիպված կլինենք հետաձգել ևս կես ժամ: Դե, իսկ եթե հինգ րոպեով հարևանուհու տուն է գնացել` սուրճ խմելու, վերադարձի ճշգրիտ ժամանակը կարտահայտվի իքս թվով:

    Հայր ու որդի ծիծաղեցին: Որդին` լիաթոք, անչափ գոհ իր սրամտությունից, հայրը` ավելի զուսպ, առանց իսկական զգացմունքներն ի ցույց դնելու:

    - Խնդրեմ, Շերլոկ Հոլմսի հայկական տարբերակը,- չդադարելով ծիծաղել` ասաց հայրը,- դեռ մանկուց առարկաների վրայի նշաններից նրա պես եզրահանգումներ անելու թուլություն ունեիր:

    Գալուստը շինծու նեղացած` սեղանին դրեց մոխրամանը:

    - Միշտ անարդար ես եղել նշանավոր խուզարկուի հանդեպ: Երբ ես հիացմունքով մեջբերում էի նրա հանճարի անբեկանելի ապացույցները, դու առանց խղճի խայթ զգալու առարկում էիր, թե նման հանցանշաններից կարելի է և հակառակ եզրահանգումների գալ:

    - Իսկ քանի± տարի պետք եղավ, որպեսզի ինքդ կարողանաս նշանավոր խուզարկուի ոչ պակաս նշանավոր եզրահանգումները հարյուր ութսուն աստիճանով շուռ տալ:

    - Այստեղ հարցը եզրահանգումները չեն, հայրի°կ, այլ նրա ոգևորիչ կերպարը: Գալուստ պապն էլ էր նրանով հիացած, խաղաղություն հոգուն… Ի դեպ, հայրի°կ, հարյուրերորդ անգամ ստիպված եմ նույն հարցը տալ: Ինչո±ւ չշարունակեցիր ընտանեկան ավանդույթը: Ինչո±ւ չգնացիր պապիկի` գեներալ Գալուստ Գալստյանի ճանապարհով, ով անձամբ հարյուր քսանութ սպանություն էր բացահայտել և երեք հարյուր վաթսունչորս կողոպուտ: Դատելով նրանից, թե ինչ հեշտությամբ հեղինակազրկեցիր իմ պաշտամունքի առարկային, ում բոցաշունչ կերպարը նույնիսկ երազում էի տեսնում մանկության տարիներին, դու էլ խուզարկուին բնորոշ հատկանիշներ ունես: Ինչո±ւ անշնորհակալ մանկավարժությունն ընտրեցիր, երբ կարող էիր ավելի հոգեհարազատ գործով զբաղվել:

    - Ընտանեկան ավանդո¯ւյթ,- հեգնեց հայրը,- մեր տնից կարծեմ միայն հայրս է խուզարկու եղել, թեկուզև` հավասարը չունեցող: Իսկ դու առայժմ դեղնակտուց ես: Քո պապը լեյտենանտներին մարդ չէր համարում, չնայած ինքն էլ դրանից էր սկսել, իսկ դու, եթե չեմ սխալվում, հենց այդ աստիճանն ես կրում, տղա°ս, ու քո կարճագույն ծառայության ընթացքում ոչ կողոպուտ ես բացահայտել, ոչ էլ, մանավանդ, սպանություն:

    - Այ այստեղ սխալվում ես,- հաղթական գոչեց Գալուստը,- մեր ընտանիքում խուզարկուների թիվը մեկ ժամ առաջ, այսինքն նույն ժամին, երբ սկսեցիր ծխուկներով լցնել մոխրամանը, մեկով ավելացել է: Ու եթե պապիկն էլ կենդանի լիներ, շուտով ստիպված կլիներ ինձ էլ մարդ համարել, քանի որ անձամբ նախարարն է միջամտել, որ ինձ արտահերթ կոչում տան:

    Հայրը փոքր-ինչ զարմացած, վատ թաքցրած գոհունակությամբ ու դեռևս մինչև վերջականջներին չհավատալով, ժպտաց:

    - Ուրեմն … կուսակցության առաջնորդի սպանության գործը…

    - Ինձ էին հանձնարարել, հայրի°կ, ինձ, բայց դու, չգիտես ինչու, չուզեցիր լուրջ ընդունել:

    - Քեզ էին հանձնարարել, որ երբեք չբացահայտվի:

    - Դա այնքան էլ այդպես չէ: Պարզապես ընտրություններից առաջ քաղաքական սկանդալն էր անցանկալի. շատերն այդ փաստն օգտագործում էին իշխանություններին վարկաբեկելու համար:

    - Եվ ի±նչ: Քաղաքական սկանդալ կլինի±:

    - Բոլորովի°ն: Քաղաքական թափթփուկները հիասթափված են: Նույնպիսի մի մոխրաման, որը լցոնել էիր քո տասներկու հանրահայտ ծխուկներով, ահա և տասներեքերորդը հանգցրիր, օգնեց ինձ բացահայտել, որ հանցագործությունը ընտանեկան է և կատարվել է հանգուցյալի եղբոր կողմից, ում նա անշրջահայաց կերպով պարտքով մեծ գումար էր տվել… Ի±նչ պատահեց …

    Գալուստը շտապ սեղանին դրեց մոխրամանը, որ նորից ձեռքն էր առել, ու տագնապով նետվեց հոր կողմը, ով տգեղ ծամածռել էր դեմքն ու բռնել սիրտը:

    - Բան չկա, հիմա կանցնի: Մի բաժակ ջուր բեր:

    Գալուստը կայծակնորեն կատարեց խնդրանքը, իսկ երբ հայրը խմեց, նորից վազ եց խոհանոց ու վերադարձավ շերտ-շերտ կտրտած նարնջով ափսեն ձեռքին:

    - Սա քեզ կթարմացնի, հայրի°կ: Այսքան ծխելու փոխարեն ավելի լավ չի± նարինջ ուտես: Ախր բժիշկն ասել է, որ ծխել չի կարելի:

    - Տխմար են բոլոր բժիշկները,- հայրը արհամահրանքով թափ տվեց ձեռքն ու մի շերտ նարինջ վերցրեց:- Երբ երեք տարի առաջ թողեցի ծխելը` ավելի վատացա:

    - Ոչ բոլոր բժիշկներն են տխմար, հա°յր: Քեզ բուժող բժիշկն, ի դեպ, խորհուրդ էր տվել ոչ թե լրիվ թողնել, այլ պարզապես կրճատել:

    - Ես այդպես էլ վարվեցի,- արդարացավ հայրը,- հինգի փոխարեն ընդամենը մեկ տուփ էի ծխում, բայց երեք օր չանցած մեկուկես տուփի հասավ, մի շաբաթից անց` երկու լրիվ տուփի, իսկ մի ամիսը լրանալու օրն արդեն կարող էի պարծենալ, որ հինգ տուփի ռեժիմին եմ վերադարձել:

    - Ու կարծում ես դրանով ապացուցեցիր, որ այդ բժիշկն է±լ էր տխմար:
    - Ուղղակի չեմ կարող լավ տրամադրվել մի մարդու հանդեպ, ով պարտադրում է օրը երեք անգամ հաբեր ընդունել ու, սրտի տագնապից բողոքես, թե վատ տրամադրությունից, քեզ նույն ՙհիվանդ՚ բառով է մեծարում:

    - Դու բողոքես վատ տրամադրությունից, այն էլ բժշկի մո±տ,- Գալուստը ուրախ ծիծաղեց:- Չէ°, հայրի°կ, երբ քո կամ մայրիկի տրամադրությունը վատ է, կա ձեր խոնարհ ծառան,- այս ասելով` երիտասարդը ֆրանսիական կավալերի պես շինծու խոնարհվեց:

    - Բայց գոնե այսօր, հա°յր, հույս ունեմ խուսափել ամեն կարգի հանդիմանանքներից ու խորհուրդներից: Ընդամենը մեկ ժամ առաջ փոխգնդապետ Կարախանյանն այնպես ոգևորված էր խոսում, կարծես ինքն էր բացահայտել սպանությունը: Այսօր նույնիսկ ոչ մի խաչբառ չլուծեց: Իսկ ինձ ո¯նց էր գովում գնդապետ Զատիկյանը, ով ինչպես հայտնի է, մոլորակի ամենադժգոհ մարդն է: Գիտե±ս ինչ ասաց: Ասաց, որ եթե իր կամքը լիներ, իմ պատվին հաղթահանդես կկազմակերպեր Հանրապետության հրապարակում:

    - Հաղթահանդե¯ս: Մեր ժամանակ երիտասարդներին այդքան երես չէին տալիս:
    - Չհասկացա, հա°յր: Խոսքը երիտասարդ ուսուցիչների±ն երես չտալու մասին է:
    Հայրը շտապեց ուղղել խոսքը.

    - Ոզում էի ասել, որ ընդամենը մեկ գործ է բացահայտած սկսնակ քննիչի համար հրապարակում հաղթահանդես կազմակերպելը մի քիչ չափից ավելի է:
    Գալուստը գրգռված վեր թռավ:

    - Մեկ գործ, բայց ինչպիսի¯ գործ: Այդ բացահայտման շնորհիվ նախագահը կարող է գիշերները հանգիստ քնել, իսկ ներքին գործերի նախարարը հպարտ նայել վարչապետի աչքերին…

    - Դա է±լ Զատիկյանն է ասել, թե± Կարախանյանը...
    Հայրը շատ ուրախ ու հպարտ էր որդու հաջողություններով, բայց որոշել էր մի փոքր խաղալ նրա հոգու հետ: Փառքից արբեցած երիտասարդը չէր նկատում ծուղակը ու ողջ ուժով պաշտպանվում էր:

    - Ինչքան ուզում ես, կարող ես ծիծաղել, հայրի°կ, բայց հաղթանակն իմն է: Իսկ այն փաստը, որ այդ խճճված սպանությունը Շերլոկ Հոլմսի նման բացահայտեցի սիգարետի մնացորդի օգնությամբ, վկայում է, որ այստեղ խառն է նախախնամության մատը: Հիշո±ւմ ես` ինչ խորին արհամարհանքով էիր ծաղրում իմ սիրած հերոսին:

    Հայրն այդ խոսքից ցնցվեց ու նորից ձեռքը սրտին տանելու շարժում արեց, բայց իր պատմությամբ կլանված Գալուստը չնկատեց ու շարունակեց նախկին ոգևորությամբ:

    - Ահա այսպիսի մոխրաման էր, որի մեջ ուղիղ քսանվեց ծխուկ կար,- Գալուստը տպավորիչ շարժումով ձեռքն առավ մոխրամանը,- Եվ ո±վ կարող էր երևակայել, որ դրանցից մեկը, որն արտաքուստ ոչնչով չէր տարբերվում մյուս քսանհինգից, կարող է ճակատագրական լինել մարդասպանի համար, ով այնքան հմուտ էր կազմակերպել գործը, որ առանց կասկած հարուցելու քաղաքական երանգ էր ստացել:

    - Իսկ ինչ գումարի մասին էր խոսքը,- հետաքրքրվեց հայրը և սկսեց մեղմ տրորել ձախ կողը,- ուզում եմ իմանալ, թե ինչքան փողի համար մարդ կարող է սպանել իր հարազատ եղբորը:

    - Գումարի չափը կարևոր չէ, հա°յր, դա դեռ ճշտվում է: Իսկ դու չես թողնում ավարտեմ պատմությունս, որն իսկական խուզարկուական հրաշք է: Ահա այսպիսի մի ծխուկ…

    Գալուստը մոխրամանից առանձնացրեց սիգարետի լավ տրորած-հանգցրած մի մնացորդ, որն իր կարծիքով առավել նման էր նրան, որի օգնությամբ բացահայտել էր սպանությունը, ու պահեց հոր աչքերի առաջ, բայց խոսքը կիսատ մնաց: Հայրն անսպասելիորեն ջղաձգվեց, բռնեց սիրտը ու ճչաց: Դեմքը կավճի պես սպիտակ էր:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.09.2011), E-la Via (24.09.2011), Freeman (24.09.2011), Lion (24.09.2011), Mark Pauler (25.09.2011), Morg (24.09.2011), Sambitbaba (29.09.2011), Ամմէ (30.11.2012), Արէա (24.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (25.09.2011), Թամարա (09.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  4. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •