Ահա և ձեզ եմ ներկայացնում Կարինե Իոնեսյանի հետ հարցազրույցը: Ի սկզբանե շատ էի ցանկանում, որ այս հարցազրույցի միջոցով մենք բոլորս մի փոքր ավելի լավ ճանաչենք Կարինեին: Կարծում եմ՝ որոշ չափով դա ինձ մոտ ստացվեց: Հույսով եմ՝ դուք էլ ձեզ համար նոր բացայատումներ կանեք:
Ձեզ հաճելի ընթերցում:
Լրագրողը հայտնվել է հակառակ կարգավիճակում: Հարցազրույց Կարինե Իոնեսյանի հետ:
Ողջույն, Կարինուշկա:
Ողջուն, Ճանապարհ:
Ինչպե՞ս է տրամադրվածությունը:
Մի քիչ լարված ու ցանկացած տեսակի սպասումներով լի, դե գիտեք, որ սովոր չեմ հարցազրույց տալ, որպես կանոն ինքս եմ դա անում, քանի որ իմ մասնագիտությունն է:
Պետք է խոստովանեմ, որ ես էլ մի փոքր հուզվում եմ, ի վերջո կատակ բան չէ լրագրողից հարցազրույց վերցնելը:
Դե լավ, պատկերացրու ուղղակի զրուցում ես հետս, ինչպես միշտ
Սկսե՞նք:
Արի:
Կարինե ջան, նախ կխնդրեի` մի փոքր քո մասին պատմես, որ այն ակումբցիները, որոնք դեռ այնքան էլ լավ չեն ճանաչում քեզ, ընդհանուր պատկերացում կազմեմ Կարինե Իոնեսյան անհատի մասին:
Դե անհատը մի քիչ ճոխ է ասված, բայց եթե հարցիդ պատասխաանեմ, ուրեմն՝Կարինե Իոնեսյան՝ մարդ, լրագրող, պարի եւ արվեստի գիժ, անկանխատեսելի ու երբեմն անտանելի մարդ, ռոքի սիրահար, հավերժ փնտրող, ուշ ու դժվարությամբ, բայց գտնող, երբեմն տխուր, երբեմն ուրախ, շներ շատ սիրող ...
Չգիտեմ այս գծերը անհատակության մասին են խոսում թե չէ, բայց գրեցի այն ամենը, ինչը առաջինը մտքիս եկավ...
Կարծում եմ` լավ էլ խոսում են:
Իսկ ինչպե՞ս որոշեցիր ընտրել լրագրությունը որպես մասնագիտություն:
Սիրուն պատմություն չկա: Մեր կուրսում երբ այդ հարցը տալիս էին, պարզվում էր բոլորը 2 տարեկանից լրագրող են ուզել դառնալ:
Ես միշտ անասնաբույժ եմ ուզել դառնալ: Քանի որ փոքր ժամանակ այն տարիներն էր, երբ դրսում շները սովից ոռնում էին, իսկ առավոտյան նրանց տեսնում էի սպանված վիճակում, շատ էի ուզում այդ պատկերը էլ երբեք չտեսնել: Որոշել էի մեծանալ, աշխատել, շների կացարան բացել, անասնաբույժ լինել ու իրանց էլ օգտակար լինել: Դպրոցի տղաները միշտ խնդում էին վրաս ու գիտեին ոնց կարող են լացացնել ինձ` բավական էր մի շան քոթոթի մի բան ասեին: Չնայած լացելուց հետո զայրանում էի ու տուր թե կտաս, վերջում իրանց մամաները տատիիս վրա կռիվ էին գալիս:
Հետո մեծացա, հասկացա, որ լուրջ բուհ ընդունվելու համար միայն ցանկությունը բավական չէ: Հետո անասնաբույժ դառնալու համար պիտի հանձնեի կենսաբանություն ու մի քանի քննություններ, որոնց մեջ խնդիրներ կային: Իսկ ես խնդիրներից թույլ էի, ավելի շուտ չէի սիրում գումարել, հանել ու նման բաներ: Իմը ստեղծագործ ուղեղ է… Ու բացեցի դիմորդը, ընտրեցի մի ֆակուլտետ, որ պարտադիր ԵՊՀ-ում լինի, վարձը շատ չլինի, որ տատիս իր թոշակը դրա վրա չծախսի, նաև մի տեղ, որը իմ սրտով կլինի ու որի քննությունները ինքնուրույն պարապելով կարող եմ հանձնել: Միակն ու անկրկնելին՝ այս չափանիշների համապատասխան, այս ֆակուլտետը դուրս եկավ:
Ու հետո սիրեցի, առաջին դասախոսս վարակիչ էր, շատ շնորհակալ եմ իրան:
Հետաքրքիր էր, հետո էլ ասում ես, որ սիրուն պատմություն չկա: Իսկ հիմա կարելի՞ է ասել, որ այս մասնագիտությունը իորք քոնն է:
70 տոկոսով այո, բայց իմ երազած լրագրությունից Հայաստանում շատ քիչ կա: Բոլորը այս մասնագիտությունը ընկալում են որպես միակողմանի, սուբյեկտիվ մի բան: Ասում են` իշխանամե՞տ ես, թե՞ ընդդիմադիր: Այ ժողովուրդ ջան, լրագրող եմ: Ասում են` նման բան չկա Հայաստանում: Հետո հարցեր են տալիս ու վերջում էլ ասում, որ դու լրագրող չես:
Ինձ համար լրագրությունը մաքսիմալ օբյեկտիվություն է, մարդասիրություն, փաստերը բազմակողմանի ներկայացնելու կարողություն, իսկական հետաքննություն: Սա է իմ երազած լրագրությունը, որը միայն ԱՄՆ-ում եմ տեսել դեռ: Մեզ մոտ միայն մեկ մարդ կա, ով մեծատառով լրագրող է ինձ համար` JOHN HUGHES: Կան իհարկե նաև այլ գիտակ ու հարգանքի արժանի լրագրողներ, ում անունները էսպես չեմ նշի, բայց կան: Մեկ-մեկ մենակ չեմ զգում ինձ:
Իսկ լրագրության մեջ կա՞ մի ոլորտ, որը քեզ առավել հոգեհարազատ է:
Հետաքննական լրագրություն: Սրանից Հայաստանում շատ քիչ կա: Ես նույնիսկ այս թեմայով եմ դիպլոմային գրել: Այ սա այն ոլորտն է, որտեղ ես լողում եմ ինչպես ձուկը ջրում: Գժվում եմ այս ժանրի համար: Երբ դու զգում ես, որ կարևոր բան ես բացահայտում, որի կարիքը կա, որից ճակատագրեր են կախված, որը պատմության գիրկ է անցնում ու որտեղ դու կարող ես հավերժ կատարելագործվել…
Ու հենց այստեղ է, որ ավելի շատ խոչընդոտների կարող ես հանդիպել, այնպե՞ս չէ:
Վտանգավոր լինելու մասի՞ն ես հարցնում:
Այո:
Ես խնդիր չեմ սիրում լուծել, բայց լարգրողական կծիկները հավեսով քանդում ու կծկում եմ: Լիքը դժվարություններ կան, խոչըդոտեր՝ տեղեկություն չեն տալիս, սպառնում են, կաշառում են, կարծում են աղջիկ ես, ուրեմն թույլ ես ու էդպես լիքը բաներ, բայց ես սիրում եմ տեղեկություններին դժվարությամբ հասնել, թե չէ Անժելայի մասին ում հարցնես էլ` կխոսի: Դա իմը չի, ես պեղել եմ սիրում, գտնել… Մարդիկ կան որ իրանց խնդիրների մասին լռում են: Բայց դու հո դու տեսնում ես, իսկ եթե տեսնում ես, պիտի խոսես այդ մասին: Հո չե՞ս կարող փակ աչքերով ման գալ: Իսկ ես այն, ինչ բոլորը տեսնում են, հավես չունեմ նորից տեսնել: Մտածում եմ` մեկ է կտեսնեն, ես այսպես, թե այնպես կիմանամ ու սկսում եմ այլ բաներ փնտել ու գցում եմ ինձ այ քո ասած վտանգների բունը:
Բայց, մեզ մոտ մարդիկ չեն սիրում խոսել խնդիրներից կամ էլ ուղղակի չեն համարձակվում:
Հա, չեն սիրում, որովհետեւ հավես չունեն լուծել: Վարդագույն ակնոցներով ծովափում են բնակվում մերոնք, թեև լավ գիտեն, որ մենք քարի երկիր ենք:
Բայց միայն վատ բաների մասին չեմ սիրում գրել: Մի ժանր էլ կա, որ շատ եմ սիրում: Ասե՞մ:
Դե իհարկե :
Ակնարկներ մարդկանց մասին: Գժվում եմ մարդկային հարուստ ու անմիջական ճակատագրերի համար:
Իսկ ակնարկներ գրելու հնարավորություն հաճա՞խ ես ունենում:
Չէ: Ցավոտ կետիս կպար:
Չէի ուզում:
Ժամանակին, երբ Շավիղ+ -ում էի, լիքը ակնարկներ էի գրում: www.armenianow.com -ում էլ մի քանի հաջող ակնարկ ունեմ, նույնիսկ մրցանակ եմ ստացել դրա համար, բայց հիմա ամբողջ օրը դատարաններում դատավորների դեմքեր եմ տեսնում: Մեկի նկարը ցույց տամ տեսեք՝![]()
Ասուլիսների ժամանակ էլ հիմնականում իրավապաշտպաանների եմ տեսնում, հեռախոսի համարներիս գրքույկում էլ լրիվ փաստաբաններ են: Չնայած մեկ-մեկ գործուղումներ ունենում եմ մարզեր ու վայելում եմ իմ սիրելի ժանրը:
Ասացիր, որ քո ուզած լրագրությունը այստեղ չկա, արտասհաման մեկնելու, վերապատրաստվելու, կարիերա անելու մտադրություններ կա՞ն:
Վերապատրաստման դասերի մեկ-մեկ մեկնում եմ, կամ աշխատում եմ այստեղ գրել այդ ժանրով...Տարբեր դասընթացներով հետաքրքրվում եմ, մի քանի ռեալ տարբերակներ ունեցել եմ, բայց դեռ հաստատ բան չեմ որոշել, որ այսպես հրապարակավ հայտարարեմ.սիրում եմ, որպես կանոն, ստացվի, նոր խոսեմ այդ մասին:
Որ ստացվի, մեզ անպայման տեղյակ կպահես այդ մասին:
Ու հատուկ բաժակով հետևիցս ջուր կլցնեք չէ՞ ակումբցիներով:
Բա առանց դրա՞: Թեկուզև շատ կցանկանայի, որ ցանկացած դասընթացից, վերապատրաստումից հետո անպայման վերադառնայիր: Կարծում եմ քո նման լրագրողների կարիք մենք շատ ունենք:
Շնորհակալ եմ, բայց ես դեռ շատ սովորելու բաներ ունեմ, իսկ ինչ վերաբերում է երկրից հեռանալուն, միևնույնն է, վերջին կետս Հայաստանն է լինելու: Հայաստանը ոնց որ երեխա լինի: Պիտի ամեն կերպ փորձես իրան պահես: Արտասահման գնաս, լավ-լավ շորեր բերես իր համար: Քո երկրի չարազեղենով ապահովես: Երազանքներով տիեզերքից օրիգինալ հեքիաթներ բերես իր համար…
Փորձես հեքիաթների իրականություն դարձնել, իսկ երեխային էլ ոտքի կանգնեցնել…
Բա հո չե՞ս թողնի թոփալ-թոփալ քայլի: Բա հետո չի՞ թեքվի ասի` ա’յ ծնող, ի՞նչ ես ուզում ինձնից, եթե ինձ ոչինչ չես տվել:
Համամիտ եմ: Դե քանի որ խոսեցինք Հայասատանից, ասա տեսնեմ` սիրո՞ւմ ես Երևանը:
Իմ Երևանը շատ:
Իսկ ո՞րն է քո Երևանը:
Իմ Երեւանը Կիևյան, Բաղրամյան փողոցներն են: Իմ Երևանը այգիներն են: Իմ Երեանը շենքերի վրա արված յուրահատուկ զարդաքանդակներն են: Աաաաաաա, ոնց եմ ջղայնացել էն ներկած շենքերի վրա: Իմ Երևանը սև տուֆն է: Իմ Երևանը մետրոն է, արձանները հատիկ-հատիկ: Իմ Երեւանը էն ռոլիկներ քշող պապին է, էն ռոք նվագող երիտասարդը: Մեկ էլ էն փողոցի մեջտեղում գժի նման ֆուտբոլ խաղացող ու քաղաքի տարբեր մասերում օպերա երգող երիտասարդը:
Շարունակելի
Էջանիշներ