Ներկայացնում եմ Էլիզեի հետ հարցազրույցը: Փորձել եմ հնարավորինս համակողմանի ներկայացնել զրուցակցիս, ուստի տեղ-տեղ կցկտուր է ստացվել, քանի որ թեման զարգացնելու փոխարեն անցել եմ հաջորդ թեմային: Էլիզեն բարյացկամորեն համաձայնել է պատասխանել ակումբցիների հետագա հարցերին, եթե այդպիսիք լինեն: Դրանք կարող եք ուղղել այս թեմայում: Հաճելի ընթերցո՛ւմ:
Բարի երեկո, բարեկամս:
Ողջույն, mon ami:
Տեղավորվիր, խնդրեմ: Ոտքդ ոտքիդ մի գցիր, վնաս է առողջությանը... Թե՞յ, սո՞ւրճ, գինի՞, կոնյա՞կ, ի՞նչ կուզես։
Գինի ... եթե կարելի է:
Իհա՛րկե։ Կարմի՞ր, թե սպիտակ։
Կարմի՛ ր:
Շատ լավ։ Իսկ Սուսանիկի՞ն ինչ ենք տալու։
Սուսանիկը հիմա իր փայ շոկոլադն է ուտում ու շատ տարօրիանկ հայացքով նայում է իմ փայ շոկոլադին:
Էլիզեն նախընտրում է շոկոլա՞դը, թե՞ կարմիր գինին:
Հը՛ մ, գնահատում եմ երկուսի բուժիչ հատկութուններն էլ: Աշնանը` շոկոլադ, որ ջերմությունիցս հալչի, գարնանը` կարմիր գինի, որ հոգիս ջերմացնի: Ասենք թե հիմա գարուն է:
Փաստորեն, հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամիսն է, Սուսանիկը շանսեր չունի քո փայ շոկոլադին տիրանալու։
Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ դու «լավ ձեռք» ունես. ի՞նչ համով բան կարող ես պատրաստել շոկոլադով, կամ գինով, կամ երկուսով միասին։
Ի՞նչ իմացար: Տնաշե՛ ն, քեզանից բան թաքցնել չի լինի:
Խոհանոցում սիրում եմ ստեղծագործել: Երբեք ստույգ բաղադրությամբ բան չեմ պատրաստել. իմպրովիզացիան ինձ միշտ հեշտ է տրվում: Կարող եմ կոնյակով շոկոլադե մուս պատրաստել (բաղադրությունն ինքս եմ հայտնագործել): Ամեն ինչ էլ պատրաստում եմ՝ իմ ձևով: «Լավ ձեռքը» մայրիկիցս եմ ժառանգել:
Սոված մարդը «լավ ձեռքը» միանգամից կգուշակի։
Իսկ որի՞ց ես ավելի շատ հաճույք ստանում համով ուտելիք ուտելո՞ւց, թե՞ պատրաստել-հյուրասիրելուց։
Պատրաստելուց և դիտելուց` ինչ հաճույքով են պատրաստածդ ուտում: Հնարավոր է՝ ինչ որ բան պատրաստեմ, բայց ես չուտեմ, մենակ «պրոբ» անեմ:
Ուտելիքի հարցում պահպանողակա՞ն ես. սիրո՞ւմ ես նոր ուտեստներ փորձել, թե՞ «ես կյանքում ձիու միս չեմ ուտի»:
Ասեմ` մսակեր եմ: Էնպես որ խեղճ ձիուկը շանս չունի:
Զգույշ եղիր. հեսա հարցազրույցը տեղադրելուց հետո կանաչների կողմից մի գլուխ կարմիր վարկանիշներ ես ստանալու։
Կյանքում էլ եմ ստանում, բայց ինչ արած... առյուծ եմ:
Իսկ առհասարակ նորությունների նկատմամբ բա՞ց մարդ ես, սիրո՞ւմ ես նոր բաներ փորձարկել, բացահայտել քեզ համար։ Թե՞ համարում ես, որ շատ տեղեկությունն ավելորդ ծանրաբեռնում է։
Նորությունների առումով` բաց մարդ եմ, բայց նաև պահպանողական եմ. շատ դժվար եմ փոփոխություններին սովորում:
Ամենաանակնկալ փոփոխությունը, որ եղել է մինչև հիմա քո կյանքում, ո՞րն է։
Իմ` բանկային համակարգում աշխատելը. մի տարի է ինչ աշխատում եմ բանկում, բայց նոր-նոր եմ սովորում, հարմարվում:
Ինչո՞ւ, խո՞րթ է այդ բնագավառը։
Հա, խիստ խորթ էր ու դեռ մնում է խորթ: Լեզուների եթերային աշխարհից հետո` թվերի ու չոր հաշվարկների աշխարհ (կներես, մաթեմատիկոս ջան): Մի տեսակ չոր աշխատանք է: Ստեղծագործելու հնարավորություն չկա, իմպրովիզացիա չկա... դու ես` քո օրվա գրաֆիկը: Ինձ մի բան է փրկում` հաճախորդների հետ անմիջական շփումը, որն էլ լրացնում է ինձ պակասող ստեղծագործական մասը:
Մարդը «ջրիկ» բաներից անցել է «կարգին» գործի ու դեռ բողոքում է:
Հաճախորդները տարբե՞ր են լինում։
Հա, ջրիկ... բա չէ` չոր-ցամաք:
Գիտես` մինչև հաճախորդների հետ շփվելը, ինձ թվում էր` մարդկային տեսակներն էնքան շատ են: Բայց պարզվեց, որ գոյություն ունի մարդկային տասը տեսակ (մաքսիմում):
Ահա, տեսնո՞ւմ ես, հստակ բան է՝ տաս տեսակ, թե չէ անթիվ-անսահման-անորոշ... Որո՞նք են քո ամենասիրած բանկային հաճախորդների տեսակները։
Մեկ ա` ուզում ա համոզած լինի
Ամենասիրա՞ծ: Ինձնից «քննություն» վերցնող հաճախորդներն են, ովքեր գալիս են բանկ, նայում են աչքերիս ու փորձում են տարբեր խաչաձև հարցեր տալով` իմացածս ստուգել: Հաճախ նման հաճախորդները ուղղակի «զրից անողներ» են, բայց մեկ է` ամեն կերպ ուզում են շփոթել, խճճել իրենց հարցերի անեզր անդունդում:
Դե գալիս են, տեսնում են հաճելի զրուցակից է, ժպտում է, պատասխանում է հարցերին, սկսում են զրուցել, էլի։ Մի քիչ խիստ է պետք լինել։
Խստության մասին, ի դեպ։ Էլիզեն երբևէ Սուսանիկին պատժած կա՞։ Բայց ավելի լավ է սկզբում երկու խոսքով պատմես, թե ով է Սուսանիկը. միգուցե, մարդ կա ֆորումում, ով նրան չի ճանաչում։
Տենց մարդ կա՞ ֆորումում, ով Սուսանիկին չի ճանաչում: Բոլորի զահլեն տարել եմ Սուսանիկով: Լավ, Սուսանիկը զարմուհիս է` եղբորս աղջիկը: Չորս տարեկան է, լա՛վ, համարյա հինգ: Շատ ժիր պարմանուհի է, սիրում է «պՌինցեսաների» մասին մուլտֆիլմեր դիտել, չի սիրում, երբ ես աշխատանքի եմ գնում, ուշքն ու միտքն ինձ պսակելն է, հարսի շորիս փոշից բռնելն է ու ինձ՝ ամուսնուս տանը (մեղա, մեղա) հյուր գալն է:
Անցնենք բուն թեմային. հը՛մ, պատժել... չեմ պատժել, հնարավոր է՝ խոժոռ դեմքով նայեմ, ինքն էլ ինձ է խոժոռ նայում. այդքանով պատիժն ավարտված է: Մի բան էլ ինքն է ինձ «պատժում». հենց ջղայնանում է, ասում է. «Վե՛րջ, էլ քո սենյակում, ցեմ քնելու...»
Մի քիչ դժվար է բոլոր նկարների վրա ժպտացող Էլիզեին պատկերացնել խոժոռ հայացքով երեխայի վրա նայելիս։
Դու քեզ լավատես համարո՞ւմ ես։
Հա՛, ինձ էլ է դժվար խոժոռ հայացքով նայել, էն էլ` Սուսանիկին:
Ես ինձ համարում եմ լավատես ռեալիստ:
Ուզում ես ասել, թե իրականությունը շատ հուսադրո՞ղ է։Տրամադրում է լավատեսությա՞ն։
Փորձում եմ իրականությանը հենց այդ պրիզմայի տակով նայել: Տեսնում, ընդունում եմ` ինչ կա, փորձում եմ մանր-մունր լավ բաներ գտնել կատարվածի մեջ ու դրանցից էլ կառչում եմ:
Մենք, ֆորումցիներս սովոր ենք Էլիզեին տեսնել միշտ ժպտերես և կատակող։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել այդպիսի տրամադրությունը աշխատավայրում ու դրանից հետո տանը՝ Սուսանիկի սխրագործություններին մասնակցելիս։ Ո՞րն է Էլիզեի «Էներջայզեր մարտկոցը»։
Հա՜... ճիշտ ես: Կենսուրախ մարդ եմ: Երբեք իմ վատ տրամադրությունը ցույց չեմ տա՝ ինչքան էլ նեղված/նեղացած/հոգնած/ջղայնացած լինեմ: Փորձում եմ ամեն ինչի մեջ դրական բան գտնել: Հենց տեսնում եմ՝ էլ չեմ դիմանում՝ շատ եմ հոգնած/ջղայնացած/նեղված, խորը շունչ եմ քաշում ու ինքս ինձ ասում եմ՝ կյանք ա, ամեն ինչ պատահում ա: Ժպտում եմ:
Առհասարակ իմ կենսուրախության գաղտնիքը վատ հիշողությունն է. հա՛, կյանքի վատ պահերը, վատ հիշողությունները, վատ խոսակցություններն էնքա՜ն շուտ եմ մոռանում: Բայց ա՛յ դրան հակառակ՝ կյանքի ուրախ ու երջանիկ պահերը հիշում եմ ամենայն մանրամասներով…
«Ուրախ-երջանիկ պահ» ասելով՝ նկատի չունեմ ծնունդ-կնունք-հարսանիք: Ուրախ-երջանիկ պահեր մենք բոլորս էլ օրվա ընթացքում շատ ենք ունենում, ուղղակի պետք է կարողանանք դրանք նկատել…
(շարունակելի)
Էջանիշներ