Հունվարի կեսերից տեսախցիկները կֆիքսեն վարորդների խախտումները


Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար արդեն իսկ սկսվել է մայրաքաղաքի փողոցներում տեսախցիկների տեղադրման գործընթացը։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին ճանապարհային ոստիկանությունից՝ մեր խնդրանքով ներկայացնելով գործընթացին վերաբերող մանրամասներ։

Համակարգը կփորձարկվի մինչև հունվարի կեսերը, որից հետո միայն կհանձնվի շահագործման։ Համակարգի շահագործումը սկսելուց առաջ, այսինքն, երբ տեսախցիկները սկսեն աշխատել, ոստիկանությունը հանրությանը կտեղեկացնի։

Ճանապարհային երթևեկության խախտումները տեսախցիկները կարձանագրեն, սակայն խախտման մասին որոշման մեջ ոչ վարորդի, ոչ էլ մեքենայում նստած որևէ անձի լուսանկարը չի երևա։ Փոխարենը խախտման մասին որոշման հետ միասին կլինի վարորդի կողմից կատարած խախտման պահի լուսանկարը։

Խախտման մասին որոշումը ուղարկվելու է ավտոմեքենայի սեփականատիրոջը, այսինքն՝ այն անձին, ում անունով հաշվառված է մեքենան։ Խախտման դիմաց տուգանքը վճարելու է սեփականատերը։ Սակայն, ինչպես պարզաբանեցին ճանապարհային ոստիկանությունից, եթե խախտումը կատարել է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ մեկ այլ անձ, որն այդ պահին վարել է մեքենան, ապա նա կարող է ներկայանալ ոստիկանություն, ասել, որ խախտումն ինքն է արել և պատրաստ է ինքը վճարել խախտման դիմաց։ Այս ժամանակ ոստիկանությունը խախտման մասին որոշումը կփոխի տվյալ պահին մեքենան վարած վարորդի անունով։ Հակառակ պարագայում տուգանքը պարտավոր է վճարել ավտոմեքենայի սեփականատերը։

Տեսախցիկների տեղադրումը կատարվելու է հետևյալ սկզբունքով՝ նախ մայրաքաղաքի փողոցներում, հետագայում նաև՝ միջպետական ճանապարհներին։ ՃՈ–ից վստահեցնում են, որ տեսախցիկները տեղադրվելու են վարորդների համար տեսանելի վայրում, բացի այդ՝ տեղեկատվական բոլոր միջոցներով տեսախցիկների վայրերի մասին հայտարարվելու է։ «Ոչ մի գաղտնիք չկա, ոչինչ թաքուն չէ։ Անգամ փորձելու ենք արագաչափի նշաններով նախազգուշացնող վահանակներ տեղադրել, որպեսզի բոլորն իմանան»,– հավաստիացրեցին ճանապարհային ոստիկանությունից։
http://tert.am/am/news/2011/12/17/road-camera/