Արագությունը գերազանցել է 300 վարորդ. Ծանուցագիրը` մեկ շաբաթից
Երեկ Երևանում աշխատել են միայն արագաչափերը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից: Այսօրվանից էլ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների թույլ տված խախտումները կարձանագրեն տեսախցիկները:
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի և (կամ) երթեւեկության ուղղության փոփոխման կանոնները խախտելը, մարդկանց եւ (կամ) բեռների փոխադրման կանոնները խախտելը, ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Ոստիկանությունից հայտնեցին, որ միայն երեկվա ընթացքում արագության գերազանցման համար տուգանքի որոշում է կայացվել 300 վարորդի նկատմամբ: Վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին առաջին ծանուցագրերը վարորդները կստանան մեկ շաբաթից: Հիշեցնենք, որ ըստ նույն օրենքի երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում`
15-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,
30-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
40- 60 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,
60 կմ/ժ եւ ավելի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետև ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության
www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերվածիրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:
Հիշեցնենք, որ տեսախցիկները տեղակայված են.
Աբովյան-Կորյուն,
Կոմիտաս-Վաղարշյան,
Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,
Մաշտոց-Ամիրյան,
Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,
Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են.
Իսակովի,
Արշակունյաց,
Մյասնիկյան,
Թբիլիսյան,
Աթենքի,
Բագրատունյաց,
Սարալանջի,
Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Ոստիկանությունից միաժամանակ հայտնում են, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի: Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Էջանիշներ