Հայացքս հառեմ մաշված հատակին
Եվ ծաղրելով այս անտեր լռությունը`
Ճչամ…Անունդ չէ…Քեզ…
Ճչամ ամեն մասնիկդ, ամեն շունչդ…
Ճչամ այնքան ուժգին,
Որ շուրջս կախված հանցավոր դատարկությունը
Մի ակնթարթում լցվի…քեզանով…
Ու դառնա մոլեգին անվերջություն:
Ճչամ անձայն…
Ճչամ հոգովս, որ կորցրել եմ քո մեջ,
Ճչամ մարմնովս, որ մի պահ կծիկ կդառնա
Ու կանշարժանա քարացած:
Եվ երբ մատներս մխրճվեն մաշկիս մեջ,
Այնժամ միայն դավաճան ցավից
Կզգամ, որ դեռ կամ,
Դեռ շնչում եմ…Քեզանով…
Ճչամ… Այնքան ցածր, որ հանկարծ չլսես,
Որ զգաս... Ու նորից չգաս…
Էջանիշներ