*
Հետևումս թողեցի ճանապարհի վերջին քիչ թե շատ ասֆալտապատ հատվածը ու որոշ ժամանակ անց արդեն կիրճի մոտակայքում էի: Անընդհատ ստուգում էի հեռախոսս, բայց բարեբախտաբար կապ այնուհանդերձ կար: Ի վերջո արդեն կեսօրին զանգահարեցի Մարինեի համարով: Հեռախոսը բնականաբար վերցրեց Մահմեդը: Այս անգամ սա լուրջ էր և կարծես թե նույնիսկ կենտրոնացած:
- Եկա՞ր, արմեն,- լսեցի գծի այն կողմում,- դե ինչ, մոտեցիր, մենք քեզ սպասում ենք:
- Դուք որտե՞ղ եք,- ուղղեցի Սայգան մեջքիս ու շարունակեցի խոսակցությունը,- ես ձեզ որտե՞ղ գտնեմ:
- Այստեղ, արմեն, այստեղ: Բարձրանում ես այն փոքրիկ ճանապարհով, հետո միակ ճանապարհով թեքվում ես դեպի ձախ: Այդտեղ մի փոքրիկ լեռնահովիտ կա: Ես… այսինքն` մենք, արդեն այստեղ ենք ու քեզ ենք սպասում:
Արագացրի քայլերս և մեկ ժամ անց արդեն տեղում էի: Գեղեցիկ լեռնահովիտ էր, ինչպես թերևս մեր բոլոր լեռնահովիտներն են: Դե ասենք այս ամենին ես մի քիչ ծանոթ էլ էի, քանի որ թեև վերջին անգամ պատերազմի ժամանակ էի այս կողմերը մանրամասն ուսումնասիրել, բայց դե դրանից հետո էլ հաճախ էինք տղերքի հետ այս կողմերը որսի գալիս: Լեռնահովտի խորքում նկատեցի ծառերի տակ աննկատ կայանված Մերսեդեսի “ՋԻ-55” բրոնզագույն ու մգեցված ապակիներով ամենագնացը: Սուր զգացումն ունեցա, բայց ամեն ինչ պետք է, որ մեր նախատեսած ձևով անցներ.
- Ավտոմատդ գցիր,- լսեցի ռուսերենով ինչ-որ տեղ առջևից ու ճանաչեցի Մահմեդի ձայնը:
Ուսիցս հանեցի և զգուշորեն գետնին դրեցի Սայգաս, որից հետո մերկացրեցի մեջքիս կապած թուրն ու սկսեցի զգուշորեն մոտենալ մեքենային:
- Եկա՜ր,- յաթաղանը մերկացրած մեքենայի հետևից առաջ եկավ Մահմեդը ու ես հասցրեցի նկատել, որ դրանից բացի ուրիշ զենք նրա վրա կարծես թե չէր երևում,- ահա այսպե՜ս, արմե՜ն, մենք ոչ մի կերպ չե՜նք կարողանում մեր կիսատ թողած խոսակցությունն ավարտել: Ձերոնք հա ուզում են մեզ խանգարած լինել, բայց դե ես էլ ոչինչ, էրեկվա ծնված երեխան չե՜մ, սենցներին եմ ֆռռացրել, կարողանո՜ւմ եմ հետքերը կորցնել…
- Աղջիկն ո՞ւր է,- հայացքս հակառակորդիցս չկտրելով` հարցրեցի ես:
Մահմեդը մի պահ բացեց մեքենայի բեռնախցիկն ու ես տեսա բերանը կապած և լրիվ կապկպված Մարինեին: Բեռնախցիկի դուռը կտրուկ փակվեց:
- Ահա սենց բանե՜ր, արմեն,- շողոմ ժպտաց հակառակորդս,- մենք ժամանակ մի քիչ քիչ ունենք, քանի որ սա,- Մահմեդը ցույց տվեց մեքենայի կողքին դրված երևի թե ձեռքի որոնող մի սարք,- շուտով կվերջացնի տարածքի սկանավորումը, կգտնի մե՜ծ մի ռումբ ու կարճ նախապատրաստութհյունից հետո կակտիվացնի այն,- զրուցակիցս զգուշորեն գետնին դրեց սարքը, մի հայացք գցեց վրան ու ինձ նայեց,- կես ժամ,- ծիծաղեց Մահմեդը,- կես ժամ, իսկ գուցե արդեն նույնիսկ մի քիչ էլ քիչ: Հենց այդ ժամանակն անցնի, այստեղ երկու կիլոմետր շառավղով ոչ մի չայրված ու չավերված բան չի մնա, ձեր պոստերն էլ հետը: Դրա համար էլ ես շտապում եմ: Ուզում եմ հեռու լինել այստեղից, հասկանո՞ւմ ես, խորոված լինելու հավես հեչ չկա: Չնայած ասեմ, կարծում եմ, որ քեզ համար այդ ժամանակ արդեն մեկ կլինի…
Էջանիշներ