Նկարագրած դեպքերից ուղիղ մեկ տարի անց հայերը, իրենց բանակում ունենալով նաև խեթական խոշոր մի զորախումբ, մտան Միտանիի թագավորության տարածք [1]: Մի վերջին անգամ արիական մարտակառքերը կարողացան իրենց առավելությունն ապացուցել Ասորեստանի բանակի նկատմամբ և գոռոզ Սալմանասարը ստիպված եղավ հեռանալ Միտանիի տարածքից [2]: Գերության մեջ մահացած Վասակին մի պահ փոխարինեց Արմենիի արքա Հորակը [3], բայց նույն տարում էլ սա մահացավ և Միտանիի արքա հռչակվեց Վասակի որդի Շավարշը [4]: Սրան վիճակված էր եզրափակել երբեմնի փայլուն այդ թագավորության արքայացանկը:
Միտանիի տարածքում տեղի ունեցած այդ ճակատամարտից հետո ինձ բախտ վիճակվեց կրկին տեսնել իմ բարեկամ Հայկին: Հակաասորեստանյան դաշինք կազմակերպելու հոգսերով էր, որ ես եղա անշքացած Ոսկանիում և այնտեղ էլ հենց հանդիպեցի բարեկամիս: Արդեն լրացել էր որպես Դավիթ ներկայացած իմ բարեկամի յոթանասուներեք և Սասունի գահին հաստատվելու նրա հիսուներեքերորդ տարին: Բարեկամս, ինչպես դա միշտ էր անում, աստիճանաբար մորուք էր թողել և երբեմն ներկում էր այն սպիտակագույն ներկերով: Փոխվել էր նաև Խանդութը, բայց մի բան Ասորիքի երբեմնի այդ ամենագեղեցիկ կնոջ մոտ անփոփոխ էր մնացել` վառ սերը դեպի իր կյանքի միակ ուղեկից և հավատարիմ ընկեր Դավիթը: Բոլորը ափսոսում էին միայն, որ այս զույգը երեխա ունենալ չի կարողացել, բայց փոխարենը Դավիթը մխիթարում էր մարդկանց և առիթը բաց չէր թողնում պատմելու, որ հեռուներում, հեռո՜ւ-հեռուներում, ինչ-որ տեղ հարավում, մեծանում է իր որդին, որին նա, ի պատիվ իր Առյուծաձև իր հոր, Մհեր անունն է տվել:
Այդ ժամանակ ես խոսեցի Հայկի հետ և ընդհանուր հարցերից բացի կարծիք կազմեցի նաև նրա տրամադրվածության վերաբերյալ: Զարմանալի էր, բայց ըստ էության երեսնամյա իմ բարեկամը այնուհանդերձ քնքուշ սեր ու հոգատարություն էր պահպանել իրոք արդեն իրենից փաստացի գրեթե արդեն կրկնակի մեծ կնոջ նկատմամբ և ես զարմանքով ստիպված եղա փաստել, որ նրանց հարաբերություններում մազաչափ իսկ ճեղքվածք այդպես էլ չկա: Ափսոս միայն, որ մոտենում էր բարեկամիս կյանքում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը:
Վերջին անհաջողությունը շատ էր կատաղեցրել Թադմորի իր անմատչելի դղյակում փակված Շամիին, իսկ Աբրամն էլ, որին այդ ժամանակ մի անգամ ես տեսա Կարքեմիշում, կարծես թե սկսել էր հրաժարվել Շամիին աջակցելու գաղափարից և ուրախ ու անհոգ կյանք էր սկսել վարել նոր սերնդի իր եբրայների հետ: Սալմանասարի պարտությունն իրոք որ ծանր հետևանքներ էր թողել, իսկ տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների միջև էլ ի վերջո կնքված հակաասորեստանյան դաշինքը լրջորեն բարդացրել էր սրա պետության ընդհանուր ռազմա-քաղաքական դրությունը: Ստեղծված վիճակը ստիպեց Շամիին լարել բոլոր ուժերը:
Հենց այդ տարիներին էր, որ իմ գործակալներն սկսեցին հայտնել նախկինում չտեսնված մեծ չափերով դեպի Ասսուր սկիզբ առած արամեացիների հոսքի մասին: Մարդկային այդ մեծ խմբերի ժամանումն ու Սալմանասարի ռազմական համակարգում դրանց ներդրումը թույլ տվեց վերջինիս մի քանի տարում ոչ միայն վերականգնել իր ուժերը, այլև` ավելի մեծացնել դրանք: Հասունանում էր նոր պատերազմը, որին ամեն ինչից զատ վիճակված էր շրջադարձային դեր ունենալ նաև իմ բարեկամ Հայկի կյանքում:
Ռամզեսի թագավորության քառասունհինգերորդ տարում Ասորեստանի արքա Սալմանասարը, անձամբ ղեկավարելով վեց բյուր ռազմիկ և երկու հարյուր մարտակառք, կրկին մեծ արշավանք սկսեց բազմաչարչար Միտանիի ու մասսամբ էլ Արարատյան թագավորության ուղղությամբ []: Հետախույզներս հայտնում էին, որ դաժան մարտերից հետո ընկել են հայերի երկու մեծ ամրոցներն ու Կորճայքի կիրճերում փռված հիսունմեկ մանր բերդերը: Թշնամին կարողացել էր գրավել նաև գեղեցիկ Արենին [6] և գլխովին ոչնչացնել նրա բնակիչությանը:
Հայոց հնգյակի դեմ կատարված այդ կոպիտ ոտնձգությունը մի վերջին անգամ միավորեց հայերի մնացած չորս թագավորություններին, որոնց օգնության եկավ նաև խեթական խոշոր մի զորախումբ: Բայց նույնիսկ այդ վիճակում էլ ասում էին, որ դաշնակից ուժերը քանակապես զիջում են Սալմանասարի բանակին: Վատը նաև այն էր, որ, չնայած ընդհանուր գործի անհրաժեշտությանը, ոչ վաղուցվա հակառակորդ խեթ և հայ ռազմիկները անհաշտ ատելություն էին տածում միմյանց նկատմամբ, ինչն էլ հետագա անհաջողության գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ:
_______________________
[1] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1267 թվականով:
[2] Խոսքը վերաբերվում է մ.թ.ա. 1267 թ-ին Միտանիի տարածքում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ Ասորեստանի բանակը պարտություն կրեց:
[3] Հորակ (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում): Արմենիի արքա:
[4] Շավարշ V (Շուտուառա) (մ.թ.ա. 1267-1258): Միտանիի վերջին արքան:
[5] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. 1259 թվականով:
[6] Գտնվում էր Տիգրիսի ձախ ափին:
Էջանիշներ