Դավիթ դարձավ Ձենով Հովհանին, ասաց. “Էդա ի՞նչ է կանեք”։ Ասաց. “Ծուռ Դավիթ, քո թևի կեղտեր կսրբենք”։ Դավիթ օչխար թևեն թալեց Հովհանի ձեռ բռնեց, ասաց. “Հրողբեր Հովհան, դու շատ ես ծերացե, դու չես կարնա Սասնու ոսկին չափես, տուր ես տի չափեմ, լցնեմ: Լից, լից, ոսկի լից”։ Հովհան մեկ թիակ ոսկի լցեց չափի ոռք, Դավիթ փետ էտու վերան, թափեց, դատարկ կոտ վերուց իր ձեռ, շրջեց ջվալի մեջ, ասաց. “Էսա մե՜կ-էրկո՜ւ”: Կոզբադին չդիմացավ, բոռաց, ասաց. “Տո, ծո՜ւռ, էդ ի՞նչ է կանես։ Գնա, տեղդ նստի, կէլնեմ գլուխդ կթռցում”,- բոռաց ասաց,- “Ձենով Հովհան, խաղալի՞ք ենք, դու էդա ճիժ բերեր ես, որ ծիծաղա վեր մեզ։ Կտաս՝ տուր յոթ տարվա մեր խարջ, թե չես իտա, կէրթամ Մուրսիլ թագավորին կասեմ, կգա Սասնա քաղաք կավերի, տանի”։
Դավիթ հերսոտավ, էլավ, կանգնավ, էսպես, վիզ ծռելով՝ մեկ մէլ Կոզբադնի կողմ աչքեց, կոտ վերցուց, ուժեղ զարկեց Կոզբադնի գլխուն։ Կոզբադին իր գլուխ կոռեց, բարձր կպավ, թե Կոզբադին գլուխ չկոռեր, վիզ կկտրեր, գլուխ կէրթար։ Կոզբադին շուտ մի էլավ՝ փախնի։ Դավիթ ընկավ հետև, Կոզբադին բռնեց, էնոր շրթունքներ կտրեց, էնոր ատամներ քաշեց, շարեց ճակատ, բերեց, դրեց ձիու վերան, ոտքեր ձիու փորի տակ կապեց, ասաց. “Դե, գնա, թագավորիդ բարև արա, ասա` էն Մհերի տղա Դավիթն էդպես արեց: Մեկ էլ չը գա՝ Սասնա կնիկ, աղջիկ տանի, Սասնա տուն դեռ չի ավերվե, որ դուք էկե մեզեն խարջ ու խարաջ կուզեք։ Իր գավառ իրեն, մերը` մեզի։ Թե չէ՝ ինչ իրմեն կգա, թող չը խնայի”։
Կոզբադնի զորքեր էլ իրենց ավար քշե, հաներ էին Սասնա սինորեն դուս, կտանեին։ Դավիթ էլավ, հեծավ իր ձին, քըշեց Կոզբադնի զորքերի առաջ, կանչեց, ասաց. “Էս մարդիկ ո՞ւր կտանեք, էս թալան ո՞ւր կտանեք։ Թողեք, գընացեք, քանի շուտ է, խեղճ եք, մի թողեք, որ ձեր գլուխ կտրեմ”։ Ասին. “Դու մեկ՝ մենք հազար, ինչպե՞ս կարնաս դու մեզի հետ”: Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ, էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց, ժողովուրդ, կնիկ, աղջիկ, քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց, բերեց, հասավ Սասնա քաղաք, կանչեց ժողովուրդ, ասաց. “Ամեն մարդ գա, իրեն ապրանք ճանչնա, վերցու: Ով որ ապրանք տվե, թող գա իր ապրանք վերցու։ Ով որ ոսկի, փող տվե, թող գա, իրեն ոսկին վերցու։ Ով որ մեկ կորեկ ավել վերցու՝ կզարկեմ՝ զգլուխ կկտրեմ։ Ամեն իր տված թող վերցու։” Զապրանք, զոսկի, զփող՝ բոլոր ցրվեց, տվեց ժողովրդին, ինք էկավ իր տուն նստավ։
Էլան քոռ ու փոշման Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին, իրենց զորք թողին փախան: Սրանք լեղապատառ կէրթան, կհասնեն իրենց երկիր: Մուրսիլ ասաց. “Կանչեք, թող գան, գան էսատեղ”։ Կոզբադին ամոթու չէկավ։ Էդ վախտ, որ Կոզբադին զորքեր սպանել էտու, էնոնց բարեկամներ ժողվան Մուրսիլի դուռ, գանգատ արին: Մուրսիլ չորս մարդ ճամփեց Կոզբադնի հետև, թե գնացեք, զոռով բերեք։ Էդա մարդիկ գնացին Կոզբադին առան, բերին Մուրսիլի դեմ, տեսավ՝ էնոր ակռեք քաշած՝ զարկած ճակատ՝ շատ բարկացավ, ասաց. “էդ ի՞նչ է էղե քեզ”։ Կոզբադին ասեց. “Ես գիտեի, թե էդ Սասուն դաշտ է, դուրան, չգիտեի՝ քար էր, կապան։ Էնտեղ, ճժեր, որ նոր էլած՝ դիվանական իրենց նետ կա՝ քանց ձիթհանի գերան, էնոնք խոտեր ունին կծան, էնոնց թրերը կեծական, էնոնք կզարկեն մարդու ջան, մարդու լեշ կանեն պատուհան: Ձեր էրիկներ էնտեղ ընկան, շատ մի անձրև կգա գարնան՝ Սասնա տեղաց հեղեղ կգա, ձեր մարդերու քիթ ու ականջ՝ կբերի ձեզ՝ եղ ու չորթան։ Թագավոր, ապրած կենաս, Սասնա մեջ Դավիթ դուրս էկավ, էնի քո հրաման չլսեց։ Մեր զորք ջարդեց, յոթ տարվա խարջ չէտուր, մեզ էլ էսպես խեղեց։ Ասաց, թե դե ել, գնա, բարև տար դու Մուրսիլին, թող ինք գա իր խարաջ տանի, ես ձեզի խարաջ տվող չեմ։ Շա՜տ կտրիճ տըղա դառեր է Դավիթ, էնպես կտրիճ տըղա չըկա”…
Էջանիշներ