*
Թեբեն ես չճանաչեցի: Առաջ առիթ ունեցել էի լինելու այդ քաղաքում և հարավային Եգիպտոսի մայրաքաղաքը հանդիսացող գավառական այդ բնակավայրն այն ժամանակ վրաս առանձնակի ոչ մի տպավորություն էլ չէր թողել: Փոխարենը հիմա ամեն ինչ փոխվել էր: Հայերի գերիշխանությունից ազատվելուց հետո, կամ գուցե հենց հայերի օրոք էլ, Թեբեն շրջափակվել էր պարիսպների հզոր շղթայով: Ընդ որում ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ պարսպաշինական գործում ես հանդիպեցի մեր հարազատ հայկական ոճն ու ձևերը: Քաղաքն ուներ մեկ գլխավոր և մի քանի երկրորդական դարպասներ: Ես իհարկե չէի կարող ինձ հաճույք չպատճառել և քաղաք չմտնել հենց գլխավոր դարպասով:
Դարպասն անցնելուն պես ես ոտք դրեցին մի երկար ու լայն պողոտա, որի երկու կողմերում շարված էին միջին մեծության սֆինքսներ: Դրանց մեծ մասն արդեն պատրաստի վիճակում էր, բայց մեկի վրա շինարարները դեռևս աշխատում էին: Ես հետաքրքրությամբ սկսեցի դիտարկել, թե ինչպես են նրանք փայտե կառույց հավաքել սֆինքսներից մեկի դեմքի դիմաց ու եռանդուն կերպով փայլեցնում սրա դեմքը: Ես հետո պիտի իմանայի, որ սֆինքսի այդ դեմքը պատկանում է ներկայիս փարավոն Ամենհոտեպ երկորդին [1]` Մեծն Թութմոս երրորդի [2] որդուն:
Պողատայի ամենավերջում շուկան էր, որտեղ ակտիվ առևտուր էր գնում: Շուկայի մեջ էին գործում նաև արհեստավորները, իսկ ավելի վերևում, բարձրունքի վրա, վառվում էր եգիպտական փարավոնին երկար կյանք խոստացող մեծ կրակը: Շուկայում պտտվելիս ընթացիկ խոսակցություններից կարողացա հասկանալ, որ բախտս բերել է ու ես Թեբե եմ ժամանել շատ հարմար մի օր: Բանն այն էր, որ հենց այդ օրը պետք է տեղի ունենար փարավոնի դեմքով այն մեծ սֆինքսի պաշտոնական ներկայացումը, որին օրվա երկրորդ կեսին պատրաստվում էր ներկա լինել նաև հենց ինքը մեծն փարավոնը, բնականաբար սեփական շքախմբի ուղեկցությամբ: Ես բավարարված ժպտացի: Մենեսին գտնելու գործն ավելի, քան հեշտանում էր, քանի որ կարող էի չկասկածել` բարեկամս կլինի փարավոնի շքախմբում: Նստեցի տեղական պանդոկներից մեկում և ճաշեցի, իսկ հետո էլ քնով ընկա: Արթնացա մի քանի ժամ անց, ուժեղ աղաղակներից: Պարզվեց, որ արթնացել եմ ճիշտ ժամանակին, քանի որ շինարարները հավաքել էին արհեստական կառուցները արդեն շլացուցչության աստիճան փայլեցված Ամենհոտեպի սֆինքսի դեմքից և հիմա բոլորը ամեն պահի սպասում էին փարավոնի ժամանմանը:
- Ամոնհատե՜պ, Ամոնհատե՜պ,- եգիպտական առոգանությամբ վանկարկում էր ճանապարհի շուրջը հավաքված ամբոխը և դրանով ոչ միայն մեծարում էր իր փարավոնին, այլև գլխավոր աստված Ամոնին, քանի որ փարավոնի անունը եգիպտերենից թարգմանած բառացիորեն նշանակում էր. “Ամոնը գոհ է”:
Հանկարծ մեծ արագությամբ պողոտայի վրա երևաց մի թեթև մարտակառք, որի վրա կանգնած պալատականը սկսեց հատու հրամաններ ուղղել ամբոխի դիմաց կանգնած զինվորներին: Սրանք շուռ եկան և, առաջ մղելով վահանները, հետ հրեցին ամբոխին: Դրանից հետո նրանք կրկին դեմքով շուռ եկան դեպի պողոտան և հանդիսավոր տեսք ընդունեցին, որից անմիջապես հետո էլ բարձր հնչեցին շեփորները: Դրան հաջորդեցին թեթև մարտակառքի վրա սրընթաց պողոտա ներխուժած ևս մեկ պալատականի հատու հրամանները, որից հետո ամբոխի աղաղակնեը դադարեցին և համեմատական լռություն տիրեց:
Թեբեի գլխավոր պողոտան հիանալի էր սալարկված և շուտով ես լսեցին ծանր մարտակառքը քաշող խոշոր եռաձիերի համաչափ դոփյունը: Դոփյունը գնալով ուժեղանում էր և կարճ ժամանակ անց դրան միացավ նաև ծանր մարտակառքի գվվոցն ու ձիերին շաչող մտրակների շառաչյունը: Ձայները գնալով ուժեղանում էին և շուտով ես տեսա հենց իրեն` հզոր Եգիպտոսի ամենազոր տիրակալ Ամենհոտեպին, մեր հարազատ Միտանիի թագավորությանը այդքան նեղած այդ տիրակալին: Փարավոնը կարծես թե նպատակ էր դրել զարմացնել սեփական հպատակներին եռաձի մարտակառք վարելու իր ունակություններով, դրա համար էլ, չբավարարվելով պողոտայում սուրացող իր մարտակառքի հոյակապ տեսքով, վերջինս շուռ տվեց այն, մտավ շուկայի դիմացի հրապարակ և սկսեց մարտակառքային ամենազարմանալի հնարքներ իրականացնել: Փարավոնը մեկ կանգնեցնում էր ձիերին և կտրուկ մտրակելով ընթացք հաղորդում դրանց, մեկ ստիպում էր սրանց կտրուկ շրջադարձներ կատարել ու ցույց էր տալիս սայլակի վրա մնալու իր վարպետությունը, իսկ մի քանի անգամ էլ հիացած ամբոխի գոչյունների ու վահաններին զինվորների նիզակներով հասցված հարվածներից առաջացած զրնգոցի ուղեկցությամբ վերջինս նույնիսկ կարողացավ ընթացքի ժամանակ ցած թռչել մարտակառքի սայլակից և կրկին ցատկել դրա վրա: “Դե ինչ, հարգելին իմ Ամենհոտեպ, նման բաներ արիները վաղուց էին անում և դու ընդամենը ապացուցում ես, որ վատ չես յուրացնել այդ ամենը”,- քմծիծաղեցի ես,- “բայց արդեն ժամանակն է, որ դու ներկայացնես նաև քո ամենածեր պալատականներից մեկին”:
Այդ ընթացքում Ամենհոտեպն ի վերջո դադարեցրեց մարտակառքային վարժությունները և ուղղեց եռաձիերին դեպի սեփական սֆինքսը: Իրենց մարտակառքերի վրա հավաքված փարավոնի շքախմբի անդամները, որոնք հասցրել էին արդեն հավաքվել պողոտայի վրա և ծափահարում էին Ամենհոտեպին, պատշաճ հեռավորության վրա հետևեցին փարավոնին: Հենց այդ պահին էլ ես սուր զգացումն ունեցա և սևեռուն հայացքս ուղղեցի փարավոնի շքախմբի ուղղությամբ: Գրեթե անմիջապես էլ սպիտակ տոգաներ հագած և հեռվից ինձ համար միադեմք հանդիսացող շքախմբի անդամներից մեկն առանձնացավ ու սկսեց սևեռուն կերպով ամբոխին նայել:
- Առաջ, առա՜ջ,- հրամայական բարձրացրեց սա ձեռքն ու իր շարժումներին հնազանդ ռազմիկների մի խումբ ուղղեց իմ կանգնած տեղի ուղղությամբ: Դա Մենեսն էր, որ կարծես թե ինձ նկատել էր, բայց ի՞նչ կարիք կար ռազմիկների…
- Թողնել, թողնե՜լ,- օդում պտտեց ձեռքը բարեկամս և ռազմիկները, որ արդեն պատրաստվում էին մարդկանց այս ու այն կողմ հրելով իմ ուղղությամբ խորանալ ամբոխի մեջ, հետ վերադարձան: Մենեսը աննկատ ծալեց ոտքը, նայեց իմ ուղղությամբ և թեթևակի խոնհարվեց: Հեռվից հասցրեցի նկատել բարեկամիս այնքան կարոտած ժպիտը և ինքս էլ թեթևակի խոնհարվեցի…
_________________________
[1] Ամենհոտեպ II (մ.թ.ա. 1450-1425): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:
[2] Թութմոս III (մ.թ.ա. 1503-1450): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:
Էջանիշներ