*
Հաջորդ օրը առավոտ ես վաղ արթնացա ու զգացի, որ այդ օրը ինձ կարևոր գործեր են սպասում: "Ո՞վ ես դու, տե՜ր",- քմծիծաղ տալով չգիտես էլ որտեղից այդ պահին մտքովս անցած հաջող այդ արտահայտության վրա, ես իջա պանդոկի առաջին հարկ` նախաճաշելու: Երեկվա խոսակցությունն այնքան բուռն էր անցել, որ ես չէի էլ հասցրել իմանալ, թե որտեղ պետք է այժմ փնտրել իմ հին ծանոթ Աբրամին, կամ ավելի ճիշտ, ինչպես նա է հիմա իրեն կոչում` Աբրահամին: Ի վերջո մտովի թափ տվեցի ձեռքս Աբրահամին գտնելու փորձերի վրա ու վստահության եկա, որ նա ինքը ի վերջո կգտնի ինձ: Դուրս եկա քաղաք զբոսնելու ու երևացի շուկայում: Այստեղ բոլորը թեժ կերպով քննարկում էին հյուսիսում ծավալվող բուռն իրադարձությունները: Ասում էին, որ հյուսիսում, Թորգոմի տան [1] հեռավոր երկրում, որտեղից Բիբլոսի ծովային եղբայր Տյուրոսի [2] շուկաներ էին մատակարարվում այստեղ հատկապես հարգի ձիեր և ջորիներ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ու այս երկրում ապրող Հայկի որդիների մարտակառքերը ուղղություն են վերցրել դեպի հարավ: Առանց լուրջ դիմադրություն ցույց տալու արդեն իսկ ընկել էին Կարքեմիշը, Հալպան ու Ալալախը [3], իսկ Համմայի [4] տիրակալն էլ ըստ էության արդեն համաձայնել է ընդունել Թորգոմի տան գերիշխանությունը:
Ներսս փոթորկվեց ու ես հեռացա շաղակրտողներից. ես հզոր կարդուս, որ իմ մարտակառքով դղրդացնում էին Միջագետքի քաղաքների պարիսպները, հիմա, այստեղ, ինչ-որ վաճառականների հետ կանգնած շաղակրտում եմ, այն դեպքում, երբ մերոնք… բայց հետո, շուկայից արդեն դուրս գալիս, հիշեցի Անուշավանին, փայլուն կերպով սկիզբ առած ողջ այս նվաճումների պատմությունն ու որոշակիորեն սառեցի:
- Ես սպասում էի քեզ այստեղ գտնել, Հայկ,- լսեցի Աբրահամի ծանոթ ձայնն ու շուռ եկա:
Աբրահամը, հենվելով գավազանին, առանց շտապելու մոտեցավ ինձ ու կանգնեց կողքիս:
- Խառանում [5] սով էր և ես ստիպված եղա շարժվել դեպի հարավ: Պատերազմը գալիս է մեր հետևից, Հայկ, բայց մենք առայժմ կարողանում ենք հեռու մնալ նրանից:
- Եբրայները խուսափում են պատերազմի՞ց,- զարմացած ձեռքերս տարածեցի ես,- ինչքան բան է, սակայն, որ ես բաց եմ թողել կողքովս:
Մենք զրուցելով ուղղություն վերցրինք դեպի Բիբլոսի արևելյան դարպասը:
- Եբրայները պատրաստ են պատերազմի, Հայկ, բայց այդ պատերազմը մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Մենք կուզենայինք հեռու մնալ այս ամենից, բայց պատերազմը մոտենում է արդեն նաև այս կողմերին: Իսկ այլ տեղ գնալ մենք արդեն ուղղակի չենք կարող:
- Եվ ի՞նչ եք որոշել:
- Վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ, բայց մոտավորապես արդեն հայտնի է: Շուտով մենք էլի կշարժվենք դեպի հարավ, դեպի Երիքով ու Ասկալոն [6], իսկ հետոն արդեն այնտեղ կերևա:
- Քանանի երկի՜րը,- ժպտացի ես,- բայց իրենց երկրում ձեզ տեսնելուց քանանեացիները երևի թե այնքան էլ չեն ուրախանա:
- Չեմ թաքցնի քեզնից, Հայկ, որ այս հարցում ես որոշակիորեն քո օգնության կարիքն ունեմ: Ես կուզենայի իմ եբրայներով միանալ ձեր մարտակառքերին ու նաև այդ միջոցով ստիպել քանանեացիներին ավելի հյուրընկալ լինել,- Աբրահամը քննախույզ մի հայացք գցեց վրաս ու լռեց:
- Անհաջող պահ ես ընտրել դրա համար, Աբրահամ,- նայեցի զրուցակցիս ու շարունակեցի,- իմ և Հայկի որդիների ուղիները վաղուց արդեն բաժանվել են և մենք արդեն երկար ժամանակ է, որ միմյանց չենք հասկանում: Ես վաղուց չեմ եղել Հայաստանում, իսկ այդ երկրի արքաներն էլ իմ կողմից չսիրված մարդկանց շարքերում են:
Մենք շարունակեցինք քայլել և մոտեցանք քաղաքի պարիսպներից հետո տարածվող փարթամ այգիներին:
- Ես արդեն ոչինչ չունեմ, Աբրահամ, ու անվերադարձ կերպով հեռացել եմ Հայկի որդիներից: Ինչպես և ձեզ, հյուսիսից դեպի այս կողմ շարժվող պատերազմը ինձ ևս կստիպի թողնել այս քաղաքն ու հեռանալ:
- Ինձ լավ օգնականներ պետք են, Հայկ,- ասաց Աբրահամը,- լավ օգնականներ, հատկապես նրանցից, որ հասկանում են ռազմական գործը: Դու կգա՞ս եբրայների հետ դեպի ավետյաց երկիրը մարդկության:
Ես մի պահ բան չգտա պատասխանելու, իսկ հետո, նայելով դիմացս բարձրացող հաստաբուն կաղնուն, ասացի.
- Հաստաբուն կաղնին, Աբրահամ, անշարժ կանգնած է իր տեղում ընդամենը շնորհիվ նրա միայն, որ արմատները իր խորը խրված են հարազատ հողի մեջ: Իմ արմատներն վաղուց արդեն կտրվել են հարազատ հողից և ես կարող եմ գնալ ցանկացած ուղղությամբ: Ու ես կգնայի էլ, բայց,- նայեցի Աբրահամի աչքերին ու շարունակեցի,- ամենուր ունայնություն է, ունայնությունից ունայնություն և ոչ մի բան ավել: Ես փորձեցի տեսնել, թե ինչքան խորն է ճագարի բույնը, բայց ակնակիտ խավարից բացի այնտեղ ուրիշ ոչ մի բան չտեսա: Բաց ինձ համար ճշմարտության քողը, ով տեր, ու ես կգամ քեզ հետ նույնիսկ թեկուզ մինչև ծայրը աշխարհի:
- Բարի գալուստ, Հայկ,- ժպտաց Աբրահամն ու ձեռքը դրեց գլխիս,- ես ցույց կտամ քեզ, թե ինչքան խորն է ճագարի բույնը…
____________________
[1] Հայաստանի անվանումներից մեկը, որը տարածված էր Ասորիքում:
[2] Հայտնի ծովային առևտրական քաղաք Փյունիկիայում:
[3] Քաղաքներ Հյուսիսային և Կենտրոնական Ասորիքում:
[4] Քաղաք Կենտրոնական Ասորիքում:
[5] Քաղաք Հյուսիսային Ասորիքում:
[6] Քաղաքներ Պաղեստինում:
Էջանիշներ