*
Նետվեցի դեպի դուռը, որի հետևում կորել էր Նարամ-Սուենը, և ոտքի հարվածով բացեցի այն: Դռան հետևում ոլորապտույտ աստիճաններ էին, որոնք տանում էին դեպի տաճարի գագաթը: Չէր կարելի կորցնել և ոչ մի վայրկյան: Ես գլխապտույտ արագությամբ հասա ոլորապտույտ աստիճանների վերջին: Ոտքի հարվածով բացելով հերթական դուռը` հայտնվեցի տաճարի գագաթին, որն իրենից ներկայացնում էր լայն մի հարթակ: Միանգամից էլ տեսա դրա ամենահեռավոր ծայրում կռացած երկու կերպարանք` մեկը հաղթանդամ և հանգիստ, իսկ մյուսը` ավելի փոքր ու թպրտացող: Նարամ-Սուենը արդեն գտնվում էր ամեն ինչ կորցրած վտանգավոր մարդու մի վիճակում և ես զգացի, որ նման մարդը պատրաստ է ամեն ինչի: Մերկացրած թուրը ձեռքիս սկսեցի առաջանալ` հայացքս չկտրելով աշտարակի ծայրում գտնվող կերպարանքներից: Լսելով քայլերիս ձայնը` Նարամ-Սուենը շուռ եկավ ու խելացնոր հայացքը հառեց վրաս:
- Դու հաղթեցիր, լեռնեցի, բանակս արդեն չկա,- խռպոտած խոսեց նա ու մի հայացք գցեց ներքևում տարածվող կրակե ծովին,- բայց մի հաղթանակ էլ ես տարա: Քո այս վերքը այլևս երբեք չի՜ ամոքվի…
Նարամ-Սուենը սկսեց աստիճանաբար մոտենալ հարթակի ծայրին.
- Դու սխալվում ես, Աքքադի տիրակալ,- պատասխանեցի ես ու իջեցրի թուրս,- ես քեզ չեմ հաղթել, ես քեզ պես կորցրած մի մարդ եմ` ոչ մի հաղթանակ:
Նամար-Սուենը մի պահ կանգ առավ, իսկ ես շարունակեցի.
- Հաղթում են աստվածները, ով Աքքադի տիրակալ, իսկ մահկանացուները միշտ էլ պարտվում են: Ու նույնիսկ եթե մի պահ նրանց թվա էլ նույնիսկ, որ իրենք հաղթել են, դա կլինի սուտ, սի՜ն մի խաբկանք: Մահկանացուները միշտ էլ պարտված են, քանի որ նրանք մահկանացու են, արքա: Մեկը մի քիչ շուտ, մյուսը մի քիչ ուշ, տարբերությունը չնչին ու ոչ էական է, պարտությունն անխուսափելի է…
- Աստվածնե՜րը,- խռպոտած ինձ դարձավ Նարամ-Սուենը,- աստվածները դատեցին քո օգտին, լեռնակա՜ն, բայց նրանք էլ են տեսնում, ես արեցի ամե՜ն ինչ, որ ես արժանի եղա իմ պապին ու իմ անվանը…
Ես զգացի, որ Նարամ-Սուենը թուլանում ու տատանվում է, դրա համար էլ շարունակեցի.
- Դու արժանի եղար քո կոչմանը, ով տիրակալ, ուղղակի այդպես էլ է ստացվում, աստվածներն այդպես դատեցին:
- Դու կապրե՜ս, լեռնակա՜ն, դու կապրես ու կվայելես կյա՜նքը: Բայց ինձ համար վայելքներն արդեն հետևում են,- խելագար կրակը նորից բռնկվեց զրուցակցիս աչքերում և ես զգացի, որ նահանջ այլևս չի լինի,- դու կապրե՜ս, լեռնական, բայց կհիշես այս ամենը, ընդմի՜շտ կհիշես…
Նարամ-Սուենը կտրուկ հետ գնաց և այն է, արդեն պատրաստվում էր ներքև հրել Աստղիկին, սակայն վերջինս կտրուկ կերպով հարվածեց երբեմնի արքայի ոտնաթաթին և, օգտվելով ցավի անակնկալից, դուրս պրծավ նրա ձեռքից ու վազեց դեպի ինձ: Նարամ-Սուենը նետվեց Աստղիկի հետևից, բայց այստեղ արդեն ես պահը չկորցրեցին ու արագորեն հայտնվեցի կնոջս ու կործանվող Աքքադի վերջին տիրակալի միջև:
- Ամեն ինչ վերջացած է, արքա,- ծածկելով կնոջս հետևումս` ասացի ես,- դու արժանիորեն կռվեցիր ու արժանիորեն էլ պարտվեցիր: Արի վերջացնենք այս ամենը, ներքև իջնենք ու խոսենք մեր երկրի ղեկավարների հետ: Ես վստահ եմ, նրանք քեզ հետ խիստ չեն վարվի…
- Իջնենք ներքև՜, համոզենք ձերոնց, որ խիստ չվարվե՜ն,- ծոր տվեց Նարամ-Սուենը,- իրենցից ստանանք արիներին բնորոշ բարեգթությունը, սկսենք ապրել որպես սովորական մարդ,- Նարամ-Սուենը նայեց վրաս ու ծիծաղեց,- դու գիտե՞ս ինչ է բացարձակ իշխանությունը, լեռնեցի, դու գիտե՞ս, որ այն նման մի դյութիչ կնոջ, որի դեմքին թռուցիկ նայելն անգամ քեզ արդեն հավերժ դարձնում է նրա գերին: Տիրել աշխարհի չորս կողմին ու բարեգթությո՜ւն խնդրել, ունենալ բացարձակապես ամեն ինչ ու ապրել ընդամենը որպես մի սովորական մա՜րդ…
Նարամ-Սուենը սկսեց աստիճանաբար հետ-հետ գնալ ու ես զգացի, որ ճակատագրական որոշումն արդեն ընդունված է:
- Մի արա այդ բանը, արքա, ես քեզ կյանք ու պատիվներ եմ խոստանում…
Սակայն “աշխարհի չորս կողմերի” երբեմնի արքան իմ այս վերջին բառերը այդպես էլ չլսեց: Նա հասել էր արդեն հարթակի ծայրին ու, անելով ևս մեկ քայլ, կորցրեց հավասարակշռությունը և խելագար գոռոցով ներքև սավառնեց…
- Տեր իշխան,- շնչասպառ լինելով իրեն հարթակ գցելով հարցրեց հազարապետ Հայկը և, տեսնելով ինձ ու Աստղիկին, ժպտաց,-…ո՞նց եք:
- Ապրում ենք,- ծիծաղեցի ես,- ի տարբերություն ոմաց, մենք… ապրում ենք:
Էջանիշներ