… - Պատրա՜ա՜ս՜տ,- ողջ բանակի վրայով կարճ ժամանակի ընթացքում թևածեց սպարապետի հրամանը:
Ես դարձա մոտս կանգնած Վահագնին ու Հազարապետ Հայկին.
- Դեհ, մենք կարծես թե պատրաստ ենք…
- Իհարկե պատրաստ ենք,- պատասխանեց երիտասարդական ոգևորության մեջ գտնվող Հազարապետ Հայկը,- մեր դիրքերում առաջին շարքում է Կուտիների գունդը, իսկ երկրորդում` աշխարհազորը: Մեր հատվածում թշնամին չի անցնի:
- Մեր դիրքերը լավն են…: Աջ թևի տավրոսցիք էլ վատ չեն դիրքավորված,- ցույց տալով հեռու-հեռվում գտնվող Արարտայի բանակի աջը` խոսեց Վահագնը,- մի քիչ անհանգիստ եմ կենտրոնում տեղավորված Միջնաշխարհի բանակների համար…
- Դե եթե կենտրոնում հանկարծ ճեղքեց առաջ եկավ, մենք թևերից կհարվածենք ու կգրկենք իրեն,- ծիծաղեցի ես,- սպարապետը նույնիսկ կարծես թե հենց դա էլ նախատեսել է…
Վաղ առավոտ էր: Արևը նոր էր ծագել, երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար և օրը դեռ թարմ էր: Մեր դիրքերից երևում էին հեռուները: Սակայն մենք հեռուն նայելու կարիք առանձնապես չունեինք: Հենց մեր դիրքերի մոտ, երևի նետի երեք թռիչքի հեռավորության վրա, մարտաշարք էր կազմել Նարամ-Սուենի բանակը: Այս անգամ Անապատի որդիները, որոնք իրոք մեծաթիվ էին ու լցրել էին մեր առջև գտնվող ողջ տեսանելի տարածությունը, կարծես թե հանգիստ էին ու կենտրոնացած: Ամեն դեպքում շարքերի միջով երթևեկող տոհմապատերն առայժմ հանգիստ էին թողել իրենց մահակները:
Հանկարծ թշնամու շարքերի խորքից բարձրացավ թմբուկի մի ուժեղ ձայն: Նրան միացան նաև այլ թմբուկներ ու շուտով մեր առջև փռված ողջ հարթավայրը սկսեց դղրդալ: Նույն պահին էլ Նարամ-Սուենի հսկայական բանակը մի վայրենի ոռնոց բարձրացրեց, որից հետո էլ գրեթե միաժամանակ նրա թևերը շարժվեցին մեզ վրա, բայց կենտրոնը մնաց անշարժ:
- Տեղներդ,- հրամայեց Վահագնը:
Ես ու Հազարապետ Հայկը նետվեցինք դեպի մեր ուժերը: Կուտիների Հազարապետը պետք է ղեկավարեր առաջին շարքի առաջին գծում գտնվող նիզակակիրներին, իսկ ես` երկրորդ գծում գտնվող աղեղնավորներին: Կորճայքի մեր աշխարհազորը երկրորդ շարքում էր` Վահագնի տրամադրության տակ: Ես տեսա, թե ինչպես Հազարապետը հասավ իր նիզակակիրներին, որոնք անմիջապես էլ իրենց ուղղանկյուն վահաններով հզոր վահանափակ կազմեցին, դրանից դուրս ցցելով իրենց երկար նիզակները:
- Պատրաստվե՜լ,- անմիջապես հրամայեցի ես նիզակակիրներից ոչ շատ հետ դասավորված աղեղնավորներին:
Կուտիների աղեղնավորները, “Աստղիկ”-ը և Կորճայքի աշխարհազորային աղեղնավորները միանգամից լարեցին աղեղները: Իմոնց առաջին շարքերը ծնկի եկան, իսկ մյուսները պատրաստվեցին նետերի տարափ տեղալ` կախելով սրանց վրայից:
Այդ ընթացքում թշնամու ռազմիկները, վայրենի ոռնոցներով ու թափահարելով իրենց կոպիտ զենքերը, սկսեցին մոտենալ մեզ: Սակայն մինչև մեզ հասնելը նրանք ստիպված էին վազել դեպի վերև, որը բավականին հանգեցրեց նրանց ոգևորությունը և հոգնեցրեց նրանց: Արդեն մեզ բավականին մոտ, սակայն իրենց կարծիքով ապահով հեռավորության վրա, թշնամու շարքերը կանգ առան: Ես տեսա, թե ինչպես են Անապատի որդիները ծանր հևալով փորձում հանգստանալ: Մի քանիսը նույնիսկ նետեցին զենքերը և փռվեցին գետնին: Իմ նշանով նիզակակիրներիս առաջին շարքը չոքեց գետնին: Նույն պահին էլ ես հրամայեցի աղեղնավորներիս սկսել:
Նետերի առաջին պարսը աննկատ թռավ դեպի թշնամին ու նրա շարքում իսկական հունձ արեց: Շատերը հենց պառկած վիճակում էլ մեխվեցին գետնին, սակայն կանգնածների վիճակն էլ բարվոք չէր: Ես նկատեցի, թե ինչպես թշնամու մեծաթիվ ռազմիկներ տապալվեցին գետնին ու սկսեցին գալարվել մահվան ջղաձգության մեջ: Նույն պահին էլ տոհմապետերից ողջ մնացածները սկսեցին մահակների հարվածով ոտքի հանել իրենց ցեղակիցներին: Սակայն դրա կարիքը կարծես չկար, քանզի բոլոր Անապատի որդիներն էլ միանգամից կատաղեցին ու արդեն առանց շարքը պահելու եկան մեզ վրա: Սակայն այս անգամ նրանք գործեցին ըստ իրենց սովորության: Մեզնից բավականին հեռու թշնամու շարքերը կանգ առան ու միանգամից էլ մեզ վրա տեղաց նետերի ու քարերի իսկական մի հեղեղ: Սակայն նիզակակիրներս, դիմացից ու վերևից ծածկվելով իրենց ուղղանկյուն վահաններով ու ընտիր կերպով զրահավորված լինելով, գրեթե վնաս չկրեցին:
Իր հերթին աղեղնավորներս շարունակում էին անընդհատ հարվածի տակ պահել թշնամու հոծ շարքերը, որոնք սկսեցին կորուստներ կրել: Փաստորեն կռվելու այն ձևը, որն առավելություն էր տալիս Անապատի որդիներին միջագետքյան բանակների հետ ընդհարվելիս, այս անգամ չգործեց: Մոտ մեկ ժամյա հեռահար մարտից հետո պարզվեց, որ թշնամին ոչ միայն հաջողության չի հասնում, այլև ինքն է ծանր կորուստներ կրում և ընդհանուր առմամբ տանուլ է տալիս մարտի այդ ձևը…
Անապատի որդիներն էլ դա զգացին: Արդեն այստեղ կամ այնտեղ նրանց շարքերից առաջ էին գալիս փայտե հաստ վահաններով պատսպարված ռազմիկներ և փորձում առաջ անցնել: Ի վերջո թշնամու շարքերը, նեղվելով հետևից անընդհատ մոտեցող նորանոր ռազմիկների ճնշումից, չդիմացան և անցան հարձակման: Աղեղնավորներս շարունակեցին նետերի հեղեղ թափել, որից կորուստներ կրելով, թշնամին այնուհանդերձ հասավ նիզակակիրներիս:
Սակայն այս անգամ էլ նրան հեշտ գործ չէր սպասում: Վարժ կերպով վահանափակվելով` նիզակակիրներս միաժամանակ ակտիվորեն գործում էին երկար նիզակներով` չխախտելով իրենց շարքը: Չկարողանալով որևէ արդյունքի հասնել` թշնամու ռազմիկները նահանջեցին, մեծաթիվ դիակներ թողնելով մեր շարքերի առջևում: Այսպես կրկնվեց մի քանի անգամ:
Էջանիշներ