*
Հաջորդ օրը առավոտվանից ողջ բանակը ոտքի վրա էր: Սուրհանդակները տեղեկացրել էին, որ Մեծ քուրմը շատ-շուտով կմոտենա և բոլորը պատրաստվում էին նրան դիմավորելու: Հենց բանակատեղիի ծայրում իր զորականների հետ, փայլելով իրենց ընտիր զրահների մեջ, կանգնած էր սպարապետը` իր զորականների խմբի մեջ: Նրանից հետո շարված էին երևելի իշխանները, որոնց հետևում հավաքվել էին նրանց ռազմիկները: Երբ հեռվի ցերևաց Մեծ քրմի թափորը, բոլորը լռեցին: Թափորը սկսեց արագորեն մոտենալ: Առջևից ընթանում էին Մախղազական գնդի ընտիր ռազմիկները` Խորխոռունյաց իշխան Գարջույլի գլխավորությամբ: Թափորի մեջ մի քանի ծառաներ ուսերի վրա տանում էին մի մեծ պատգարակ, որի վրա մեկնվել էր Թախիշաթալը:
Բոլոր ներկաները միանգամից ծնկի եկան: Դրան ի պատասխան Մեծ քուրմը մի անորոշ շարժումով ողջունեց հավաքվածներին, որից հետո նրա թափորը շարժվեց դեպի նախապես պատրաստված վրանները: Մեծ քուրմը իր մոտ կանչեց սպարապետին և տեղեկացավ իրավիճակի մասին: Այս ամենն ինձ վրա մի քիչ ճնշող տպավորություն թողեց. մեր Մեծ քուրմը իր վարքագծով նմանվում էր գոռոզ Լուգալզագիսին, որն ինձ ընդհանրապես դուր չեկավ…
Մյուս օրը մեր բանակը ուղղություն վերցեց դեպի հարավ, քանի որ սպարապետի մարդիկ արդեն եղել էին մեր մատնանշած տեղում և ընդհանուր առմամբ գոհ էին մնացել դրանից: Բացի դրանից մեր ընտրած տեղն այն առավելությունն ուներ, որ մենք ամեն դեպքում, առանց ծայրահեղ անհրաժեշտության անտերության չէինք մատնում Տիգրիսի վրա սփռված մեր ամրոցաշինական համակարգը: Սրա ռազմիկները ինչքան էլ լավ տրամադրված լինեին, սակայն նրանց վրա իհարկե կազդեր այն հանգամանքը, որ մոտակայքում գտնվող Արարտայի բանակը իրենց օգնության չի հասնում: Իսկ այսպես մենք ըստ էության նրանց կողքին էինք:
Ընթացքում սկսվեցին տեղեկություններ ստացվել նաև թշնամու մասին: Պարզվեց, որ հույս չունենալով մեզ անակնկալի բերել, թշնամու բանակը լիակատար կարգապահության մեջ, դանդաղ ու կազմակերպված երթով սկսել է իր արշավանքը Տիգրիսի հունով դեպի հյուսիս.
- Բացի դրանից, տեր իշխան,- Վահագնին դիմեց Սևակը` որը մեզ հայտնեց այդ ամենի մասին,- նախորդ վիճակից խուսափելու համար այժմ Նարամ-Սուենը առաջապահում տեղավորել է իր Հատուկ գունդը, որին խստիվ հրամայված է չհրապուրվել հետապնդումով և ոչ մի պայմանով առաջ չթողնել առանց հրամանի շարժվող Անապատի որդիների բյուրերը:
- Այս անգամ դժվա՜ր է լինելու,- մտախոհ ձգեց Վահագնը,- լավը միայն այն է, որ մի կողմից մեր ամրոցաշինական համակարգը, մյուս կողմից էլ մենք, տեղավորված հարմար դիրքերում, կփակենք նրա ճանապարհը: Այլ ելք չունենալով` թշնամին ստիպված կլինի գալ մեզ վրա:
- Մենք մարտ կտանք մեզ համար ձեռնտու պայմաններում,- խոսեցի ես,- այդ դեպքում դեռևս կարելի կլինի հույս ունենալ չեզոքացնել թշնամու թվական գերակշռությունը:
- Ես հենց հիմա այս ամենի մասին կտեղեկացնեմ սպարապետին,- ոտքի կանգնեց Վահագնը,- իսկ դու, Հայկ, մեկ անգամ ևս ստուգիր մեր բանակի պատրաստվածությունը: Կարելի է ենթադրել, որ մոտ օրերս մենք մարտի մեջ կմտնենք…
Մենք այնուհադերձ հասցրեցինք օգտվել թշնամու դանդաղաշարժությունից: Արարտայի բանակը բարեհաջող հասավ Ազուխինումի ափերին և հարմար դիրքավորվեց: Մենք բոլոր միջոցներով ամրացրեցինք առանց այդ էլ բարձրունքների վրա գտնվող մեր դիրքերը: Մեր բանակի առաջին շարքում սպարապետը տեղավորեց մշտական բանակի ռազմիկներին` իսկ աշխարհազորայիններին հիմնականում պահեց պահեստազորում:
Մշտապես հոսում էր տեղեկատվությունը թշնամու մասին, որն ինքն էլ արդեն տեղյակ էր մեր մասին: Անակնկալներից խուսափելու համար ողջ բանակում խստիվ հսկողություն էր սահմանված: Այդ ընթացքում անգործ չէր նաև իմ “Դաշույն”-ը: Մշտապես գտնվելով թշնամու առջևում` իմ տղերքին հաջողվել էր մի քանի գերիներ բռնել: Հենց նրանք էլ հայտնեցին, որ թշնամին գտնվում է մեզնից մեկ օրվա հեռավորության վրա:
Էջանիշներ