- Հարգելի իմ ընկեր,- ինքն էլ իր հերթին իմ ափսեն լցնելով ինչով պատահի` ինձ դարձավ Լուլլուբումի արքան,- լսիր թե ես քեզ ինչ կասեմ,- նա ձայնը ցածրացրեց ու դարձավ ինձ,- մեր մեջ ասած ես էլ եմ քո կարծիքին ու իմ ձեռքերն էլ են վաղուց քոր գալիս Անապատի այդ դուրսպրծուկին մի լավ քոթակելու համար: Ախր ես արդեն ա՜յ այսքան,- Անուբանին մատները քսեց ծնոտին,- կուշտ եմ այս ապուշ Պամբայից: Դե իսկ որդինե՜րս…: Ես որ նրանց չարգելեմ, չէ՞, հենց հիմա կհեռանան: Բայց դե ի՞նչ անեմ, առայժմ նա ոսկով է վճարում, իսկ իմոնց ուրիշ բան կարծես թե պետք էլ չէ:
- Պա՜հ, ոսկո՜վ, ասեցիր, է՜լի,- դիտավորյալ ուժեղ փռթկացրեցի, որից հետո ընտիր խուրմայի մի կտոր դնելով զրուցակցիս ափսեի մեջ` կռթնեցի նրա ուսին,- ձեզ պես ազնվազարմ ու փառահեղ ռազմիկների համար ոսկին ի՞նչ է: Ես նույնիսկ վստահ եմ, որ ձեր համար դա չէ գլխավորը: Ուղղակի դուք պաշտպանում եք թույլ ազգերին, այսքան մի բան: Կեր, կեր, սա հատուկ քեզ համար եմ բերել տվել,- խուրմայի ևս մի լավ կտոր էլ դրեցի զրուցակցիս ափսեի մեջ,- այ կարող է մի ուրիշ ազգ էլ ձեզ որպես նվեր ոսկի տալ և դուք…
Կարծես թե գինովցածությունցի այլևս չկարողանալով խոսել, մի պահ հետ ընկա աթոռին ու լռեցի:
- Ուրիշ ա՜զգ,- ձգեց Անուբանին,- ի՞նչ ուրիշ ազգ:
- Արի մոտ, արի մոտիկ ասեմ,- կռթնեցի զրուցակցիս թևին,- ախր ի՞նչ եք դուք կորցրել այստեղ, հ՞ը…: Պամբայի ժլատությունն ու դաժանությո՞ւնը, չէ, Լուլլուբումի ձեր հարազատ երկից հեռու գտնվե՞լը, չէ, բա էլ ի՞նչ…
- Լավ, բա ի՞նչ անենք:
Ես մի լավ կտոր հալվա դրեցի Անուբանիի ափսեի մեջ, նրա գավը լցրեցի գինով ու, կարծես թե իմիջայլոց, շարունակեցի.
- Դուք ուժեղ ժողովուրդ եք: Մենք թույլ ենք, բայց մեր երկիրը, հաստատ, ոչ Խաթթիից է աղքատ, ոչ էլ մենք նրանից քիչ ոսկի ունենք, բա՜: Մենակ ձեր պես մեկն է պակասում, որ այդ անիծյալ Նարամ-Սուենի քթին հասցնի, որից հետո ոսկով, ավարով ու ձեռք բերած փառքով կամ վերադառնա իր երկիր, կամ էլ շարունակի մեզ պաշտպանել: Իսկ այս ապուշ Պամբան թող նստի իր Խաթթիում…
- Այո՜ո՜, լա՜վ կլիներ, լա՜վ կլիներ,- ձգեց արդեն բավականին հարբած զրուցակիցս,- ոսկին վատ բան չի՜…
- Իհարկե,- տեղն ու տեղը նրան հաստատեցի ես,- մանավանդ, որ Արարտայի ոսկին ձեզ կհասնի ավելի շատ քանակությամբ և գլխավորը` միանգամից ու ամենասկզբում, ոչ թե ժլատ Պամբայի պես` ամեն ամիս ու մաս-մաս…
- Դու լավ մարդ ես,- օձիքիցս կախվեց Անուբանին,- տղաներիս արևը վկա, լավն ես: Քո կենացը, վաճառական եղբայր, քո կենացը…
Մենք չրխկացրեցինք գավերը, որից հետո շարունակեցինք քեֆը: Մի քանի ժամ անց ծառաները Անուբանիին տուն տարան: Ես սովոր էի մեր գինուն ու բացի այդ էլ ուժեղ մարմին ունեի, դրա համար էլ միայն գլուխս էր ուրախ զրնգում: “Լա՜վ է”,- ծիծաղեցի ես մտքումս,- “եթե ես թեկուզ մի քիչ ճանաչում եմ քեզ, Լուլլուբումի արքա Անուբանի, դու հենց վաղը կրկին այս տանը կլինես”…
Էջանիշներ