*
Անուբանիի գնալուց հետո ես մի պահ փորձեցի կենտրոնանալ ու պատկերացնել հետագա անելիքներս: Դե, կարելի է ասել Պուրուշխանդայում ես արդեն գործ չունեմ: Ժամանակն է արդեն հավաքել իրերն ու կամաց-կամաց շարժվել Արարտայի ուղղությամբ: Կանչեցի ծառաներիս ու այդ գործով էի զբաղված, երբ ինձ հայտնեցին, որ մի մարդ շատ շտապ ուզում է ինձ տեսնել: Բարձրացա իմ սենյակը ու հրամայեցի մոտս ուղեկցել այդ մարդուն: Տանջահար ու հոգնած տեսքով ներս մտավ “Աղվես”-ի իմ սուրհանդակներից մեկը, որին ես ճանաչում էի դեմքով:
- Տեր իշխան,- արագ-արագ հայտնեց նա,- ինձ իշխան Վահագնը ուղարկեց: Տագնապալի լուրեր Արարտայում: Մեծ քուրմը պատերազմ է հայտարարել Նարամ-Սուենին ու արդեն շարժվում է դեպի Հայոց Միջագետք:
Ես գլուխս բռնեցի: Ի՞նչ պատերազմ, սա՞ ինչ բան է, որտեղի՞ց լույս ընկավ: Ախր մենք դեռ հույս ունեինք ժամանակ ձգձգել, լուլլուբեյցիներին պատրաստել, ինքներս պատրաստվել, իսկ Մեծ Քո՜ւրմը…: Հետո՞ ինչ, որ այժմ Նարամ-Սուենը զբաղված է Էբլան հնազանդեցնելով: Ախր մենք ինքներս ընդհանրապես պատրաստ չենք ոչնչի, իսկ Էբլայի տարածքում գտնվող թշնամու ուժերը բավականին շատ են…
Հենց հաջորդ առավոտյան ես, մի վերջին անգամ տեսնվելով Անուբանիի հետ ու նրան փոխանցելով ոսկին, բոլոր գործերս վերջացրած արդեն սուրում էի դեպի Հայոց Միջագետք: Ճանապարհին կողքիցս իր էշի վրա ընթանում էր սուրհանդակս, որը հավելյալ մանրամասներ հայտնեց.
- Ասում են, տեր իշխան, որ Մեծ քուրմը աստղերի ինչ-որ դասավորությունից հետևության է հանգել, որ այս տարի Նարամ-Սուենը անպայման իր ձեռքով կպարտվի ու կտապալվի: Դրանից հետո նա հատուկ հրամանով ոտքի է հանել Սպարապետական ու Մաղխազական գնդերը և շարժվել է դեպի Հայոց Միջագետք` իր դեսպանի միջոցով էլ որպես մարտակոչ Նարամ-Սուենին ուղարկելով մի ընտիր թուր: Սպարապետ Արամը այժմ զբաղված է բանակը կենտրոնացնելով ու աշխարհազորի զորակոչով, բայց ի՜նչ,- ձեռքը թափ տվեց սուրհանդակս,- ախր նա ռազմական գործին գիտակ մարդ է ու մինչև իր ուժերը բավարար չգտնի, չի շարժվի Նարամ-Սուենի դեմ, իսկ Մեծ քուրմը իրենն էր պնդում ու պնդում: Դե սպարապետն էլ, որ համ նրա անվտագությունն ապահովվի, համ էլ ցանկությունը կատարի, ստիպված է եղել Սպարապետական գնդի մեկ հազարյակով ու Մաղխազական գնդով Մեծ քրմին առաջ թողնել…
Դե իհարկե, սպարապետ Արամը հո չի՞ կարող ողջ բանակով հետևել Ռիշիադադին: Ախր նույնիսկ ծայրահեղ կենտրոնացման դեպքում էլ, որն ինքնին ժամանակի հարց է, այժմ Արարտայի բանակը հազիվ կազմի վեց բյուր: Ճիշտ է կա նաև աշխարհազորը, բայց դե այն դեռ պիտի հավաքվի՜, դեռ պիտի շարժվի՜ թշնամու դեմ: Այժմ մեզ պետք է ժամանակ շահել…: Կատաղած խթանեցի էշս…: Ախր չի՜ կարելի, էլի: Այսքան տանջվում ենք, այսքան կանխատեսում ու բանակցում ենք առաջիկա տարիների համար, իսկ սեփական տիրակալը մեր ծրագրերը տրորում է առանց նույնիսկ մեզ նայելու: Դե հիմա արի, սպարապետ Արամ, ու այս էշը հանիր ցեխից, դե արի ու այժմ կռվիր Նարամ-Սուենի գերակշռող ուժերի դեմ…: Կրկին դարձա սուրհանդակիս.
- Կորճայքո՞ւմ ինչ կա:
- Մեր համար էլ էր այս լուրն անակնկալ, տեր իշխան: Իշխան Վահագնը այժմ Կուտիների գնդով Տիգրիսի հունով շարժվում է դեպի արևմուտք: Երևի կամ կմիանա Արարտայի հիմնական բանակին, կամ էլ ինքնուրույն կգործի: Ողջ նահանգում հրամայված է հավաքել աշխարհազորը, որը Կուտիների գնդին կմիանա մի քիչ ուշ…
Մենք հողմի պես սլանում էինք դեպի արևելք: Երկու օրից արդեն Կոմանայում [1] էինք, իսկ ևս չորս օրից` Մարաշում [2]: Այստեղ ես մի պահ կանգ առա: Կենդանիներն արդեն ի վիճակի չէին առաջ գնալ, դե իմ մարդիկ ևս հոգնածությունից վայր էին ընկնում: Կեսօրյա հանգստից հետո մենք շարունակեցինք մեր ընթացքը դեպի արևելք: Մի քանի օրվա լարված երթից հետո սկսեցինք մոտենալ Կումուխային [3]:
Ճանապարհորդության ողջ ընթացքում մենք առաջ էինք անցնում աշխարհազորայինների մանր ջոկատներից, որոնք իրենք էլ ուղղություն էին բռնել դեպի Կումուխա: Ամենայն հավանականությամբ, ցանկանալով հարվածի տակ չդնել բանակը, բայց դե գոնե որևէ կերպ օժանդակել անխոհեմ Ռիշիադադին, սպարապետ Արամը բանակի հավաքման վայր էր հռչակել Կումուխան:
… - Ողջ եղիր, տեր սպարապետ,- Կումուխա հասնելուն պես անմիջապես սպարապետի նստավայրը գցեցի ինձ,- ես վերադարձել եմ ու լավ լուրեր ունեմ:
- Իսկ ես չունեմ,- մռայլված ինձ նայեց սպարապետ Արամը,- պատերազմը քթներիս տակ, է, իսկ մեր բանակը նույնիսկ համալրված ու կենտրոնացված էլ չէ:
- Տեր սպարապետ, մի քանի օրից հայրս այստեղ կլինի` Կուտիների գնդով:
- Դա լավ է, բայց…
Այդ պահին գլխավոր Հետախույզ Հայակզունի Վիրաբը ներս մտավ ու սպարապետի ականջին ինչ-որ բան ասաց: Վերջինս մտահոգված տեսքով անմիջապես դուրս եկավ: Կարճ ժամանակ անց սպարապետ Արամը կրկին ներս եկավ: Նա շատ տխուր էր.
- Ահա և եղավ այն, ինչից վախենում էի,- սպարապետը նստեց իր երթային գահվորակին ու շարունակեց,- ախր ասում էի ես Մեծ քրմին, չի կարելի այսպես, չի՜ կարելի…, իսկ նա իրենն էր քշում: Կպել հա կպել էր իր աստղերին: Ահա և արդյունքը: Նա չլսեց ինձ ու ցանկացավ շարժվել դեպի հարավ: Այդ ժամանակ իմ ձեռքի տակ քիչ ուժեր կային, դրա համար էլ ես ի վիճակի եղա նրա հետ դնել միայն իմ գնդի մեկ հազարյակ ու մեկ էլ Մաղխազական գունդը: Տեսե՜ք, տեսեք, դա Ռիշիադադին բավարար էր, քանի որ նա պատասխան էր ստացել Նարամ-Սուենից, որը հայտնում էր, որ Աքքադի արքան ընդունում է մեր քրմի մարտահրավերը և հանդիպման վայր է նշանակում Եփրատի աջ ափին գտնվող Ափիշալ սահմանային քաղաքը [4]: Դե ի՞նչ, այդ մերոնց համար է տված խոսքը պահելը պարտադիր պայման, իսկ Անապատի որդիների՜ համար…,- սպարապետը ձեռքը թափ տվեց ու շարունակեց,- փոխանակ նախապես պայմանավորված վայրում միայն իր ուղեկիցների հետ ժամանելու ու մեր քրմի հետ մենամարտելու, Նարամ-Սուենը վարվել է ստոր, բայց միանգամայն խելոք ձևով: Նա անմիջապես հավաքել է իր ձեռքի տակ եղած ուժերը ու վեց բյուրի կազմով շարժվել է մեր Մեծ քրմի վրա: Այդ պայմաններում իմոնց այլ բան չի մնացել անելու, քան արագորեն նահանջել Հայոց Միջագետք ներխուժած թշնամու հսկայական ուժերի առաջ: Այլ ելք չունենալով` իմոնք Մեծ քրմի հետ միասին պատսպարվել են Ափիշալում, բայց Նարամ-Սուենը շրջապատել է քաղաքը և, պարսպի մեջ ճեղք բացելով, համառ գրոհներից հետո ի վերջո գրավել է այն: Ափսո՜ո՜ս, ինչպիսի՜ տղերք կորցրի…: Կորցրի լրի՜վ անիմաստ տեղը…
________________
[1] Քաղաք Կիլիկիայի հյուսիսում:
[2] Քաղաք Կիլիկիայի արևելքում, Մարաշ գավառում, Ջահան գետի ձախ ափին:
[3] Քաղաք Անդրեփրատյան Ծոփքում, Կոմագենե գավառում, Եփրատի աջ ափին: Հետագա Սամոսատը:
[4] Քաղաք հայոց Միջագետքի հարավ-արևմուտքում, Եփրատի աջ ափին:
Էջանիշներ