*
Հաջորդ օրն առավոտյան արդեն իմ նստավայրում էին Խիշեպրատեպը ու նրա գահակից որդի Խելուն, ինչպես նաև Աբալգամեշն ու նրա մանկահասակ որդի Կուտիկ-Ինշուշինակը, որին հենց իր հայրն էր շատ տեղ տալիս և այդ տարիքից էլ մասնակից դարձնում պետական կառավարման հարցերին: Ես ու իմ զորականները մի լավ հյուրասիրեցինք հյուրերին, որից հետո հարմար գահվորակների վրա տեղավորվելով` անցանք ընդհանուր հարցերի քննարկմանը: Առաջինը խոսք վերցրի ես:
- Էլամի հարգարժան արքաներ, Հայկ Նահապետի ռազմիկները ողջունում են քաջարի լեռնեցիներին ու նրանց հաջողություն մաղթում ապագա միացյալ գործողություններում: Մենք մեր սրերի շաչյունն ու նետերի թռիչքը կմիավորենք ձերինի հետ ու հույս ունենք, որ դա կհանգեցնի մեր ընդհանուր թշնամու` ատելի Շարուքենի կործանմանը:
Իմ դիտավորյալ ասված այս խոսքերից, որոնցով ես պարզում էի կողմերի դիրքերը, Աբալգամեշը մի պահ մռայլվեց, իսկ նրա որդին անհանգիստ շարժում արեց: Դրա փոխարեն Խիշեպրատեպը ու նրա գահակից որդի Խելուն բավարարված իրար նայեցին:
- Ես հույս ունեմ,- կարծես չնակատելով այդ ամենը` շարունակեցի ես,- որ հենց վաղը մենք կարշավենք դեպի հարավ ու կհարվածենք Աքքադին` վերջ տալով մեր ընդհանուր թշնամուն: Դո՞ւք ինչ կարծիքի եք:
- Մենք համամիտ ենք քեզ հետ, Հայկ Նահապետի զորական,- իրենց տեսակետը ներկայացրեց Խելուն,- և դա ինչքան շուտ լինի, այնքան լավ:
- Իսկ ինչպե՞ս պիտի տիրենք Աքքադից ձեռք բերված ավարը,- հանկարծ հարցրեց Աբալգամեշը,- եկեք հենց հիմա պայմանավորվենք:
- Ըստ պատերազմի օրենքների,- պատասխանեցի ես:
Կուտիկ-Ինշուշինակը կամակոր տեսքով ոտքի կանգնեց.
- Դա արդար չի,- ասաց տակավին երեխան ու նայեց մեզ,- էլամցիք ավելի շատ են ու հետևաբար ավելի շատ էլ կռվելու են: Ես պահանջում եմ ավարի ավելի մեծ բաժին: Բացի այդ ձեր պատճառով մենք մի անգամ արդեն տուժվել ենք, դրա համար էլ իրավունք ունենք այսպես խոսելու: Ես պահանջում եմ Էլամի բանակի համար ավարի կեսը և մյուս կեսի կեսը, հակառակ դեպքում մենք հետ կգնանք:
Հանուն ընդհանուր գործի զիջեցի ու, փորձեցելով չնկատել ասվածի կոպիտ տոնը, համաձայնության եզրեր առաջարկեցի.
- Կռվին մասնակցում են երեք բանակներ, ավարն էլ կկիսվի երեք մասի: Դուք պետք է որ բավարարված լինեք,- սիրալիր ժպտացի ես:
- Ոչ, մենք պահանջում ենք ավարի կեսը և մյուս կեսի կեսը,- որդու համառությունը պաշտպանեց Աբելգամեշը,- հակառակ դեպքում ես հենց հիմա իմոնց հետ եմ տանում:
- Դրանով դուք կվնասեք Էլամին,- փորձեց իր հայրենակիցներին խելքի բերել միջամտած Խիշեպրատեպը,- չի կարելի դաշնակցի հետ այդպես…
- Մենք նրանց երեսից մի անգամ արդեն տուժվել ենք և իրավունք ունենք,- համառ տոնով խոսողին ընդհատեց Կուտիկ-Ինշուշինակը,- ու ընդհանրապես, սա մեր կռիվը չէ:
Ես զգացի որ նման ձևով շարունակվելու դեպքում կարող է շատ հեռուն գնանք:
- Դուք կստանաք ողջ ավարը,- բառերը հատ-հատ շեշտելով ասացի ես,- ողջ ավարը բաժին կհասնի Էլամի բանակին:
Այս խոսքերիցս նույնիսկ Խիշեպրատեպի ու նրա գահակից որդի Խելուի աչքերը փայլեցին, իսկ Աբալգամեշն ու իր որդին, այլևս ասելու բան չունենալով, լռեցին:
- Իսկ այժմ ես առաջարկում եմ քննարկել, թե ինչպես ձեռք բերել այդ ավարը,- փորձեցի գործին անցնել ես,- ըստ մեր տեղեկությունների Աքքադում քիչ ուժեր կան, որոնք հազիվ կհերիքեն քաղաքի պարիսպները պաշտպանելու համար: Դրա համար էլ առաջարկում եմ, ինչքան շուտ, այդքան լավ, արագորեն շարժվել Աքքադի վրա: Սանդուղքներ ու պաշարողական այլ միջոցներ կպատրաստենք տեղում:
- Մենք համաձայն ենք,- բոլորի փոխարեն պատասխանեց Խիշեպրատեպը,- քաղաքի գրավումից հետո մենք հետ ենք վերադառնում, իսկ մնացածը ձեր գործն է:
- Ինչպես կցանկանաք,- խոնհարվեցի ես:
Խորհրդակցությունը վերջացավ ու էլամցիք հեռացան պալատից` ուղևորվելով քաղաքից դուրս ճամաբարած իրենց բանակ:
- Տեր իշխան,- էլամցիների հեռանալուց հետո ինձ դարձավ Հրաչը,- ավարի հարցով արված զիջումը կարծես թե մի քիչ հարթեցրեց վիճակը:
- Չէ՜է՜, Հրաչ ջան, ոչինչ էլ չհարթեցրեց,- ձեռքս թափ տվեցի ես,- սրանց հոգսը ավարը չէր ու դրանով սրանք ուզում էին միայն առիթ գտնել ու հեռանալ: Դա նրանց չհաջողվեց, սակայն Աբալգամեշն ու նրա երես տված լակոտը ինձ հեչ դուր չեկան: Դրանցից պիտի զգույշ լինենք: Հրաչ, հենց հիմա լրտեսներ ուղարկիր ու թող ուշադիր հետևեն էլամի բանակին: Եթե Խիշեպրատեպին ու նրա գահակից որդուն դեռ կարելի է վստահել, քանի որ սրանց շահերը մեր հետ ընդհանուր են, ապա այն երկուսը խիստ կասկածելի են: Ձեզ բոլորիդ,- դառնալով զորականներիս` ասացի ես,- մոտակա գործողություններում եղեք ծայրահեղ զգույշ: Ի՞նչ եք ձեռնարկել:
- Հայր,- ոտքի կանգնեց Վահանգնը,- "Դաշույն"-ն արդեն պատրաստ է: Հենց այս գիշեր իմ գլխավորությամբ այն կմեկնի հարավ և նրա ծպտված ռազմիկները վաճառականների, մուրացիկների ու թափառականների տեսքով կմտնեն քաղաք: Ձեր մոտենալուն պես մենք ներսից կհարվածենք քաղաքին:
- Լավ է, որդիս, դու պետք է որ կարողանաս դա անել:
- Իմ բյուրը տեղավորվել է հանգստի, սակայն ուժեղ հսկողություն եմ սահմանել` համենայն դեպս,- հայտնեց բյուրավոր Հայկազունի Արբակը:
- Կուտիների գունդը նույնպես հանգստանում է` ուժեղ հսկողության պայմաններում,- հայտնեց Հազարապետ Հայկը:
- Ես էլ տեղեկություններ եմ հավաքել Աքքադի մասին,- խոսք վերցրեց Հրաչը,- ինչպես և առաջ, քաղաքում կա Հատուկ գնդի միայն չորս հարյուրյակ: Իհարկե առիթի դեպքում Շարուքենը զենքի տակ կդնի նաև քաղաքի տղամարդկանց մի մասին, սակայն նույնիսկ այդ դեպքում հազիվ ունենա հազարից-հազարհինգհարյուր ռազմիկ: Եթե հաշվի առնենք նաև "Դաշույն"-ի գործողությունները, ապա պետք է որ կարողանանք քաղաքը գրավել: Որոշակի սպառնալիք է նաև Անապատի զավակների շղթան, որը շարժվում է դեպի հյուսիս, սակայն առիթի դեպքում կփոխի իր ուղղությունը ու կգա մեզ վրա: Ապստամբների դեմ շարժվող Շարուքենի բանակին նույնպես չի կարելի հաշվից հանել…
- Լավ: Դա մենք հաշվի կառնենք: Լսեք ինչ եմ ասում: Հենց հիմա հայտարարեք ողջ բանակին, որ այն ռազմիկը, ով կբռնի Շարուքենին, իմ կողմից կարժանանա առանձնահատուկ պարգևի: Ընդ որում կենդանի բռնելու դեպքում պարգևը կկրկնապատկվի: Դեհ ձեզ տեսնեմ, այս անգամ մենք պետք է, որ այդ "հիրավի արքայի" հախիցը գանք…
Էջանիշներ