*
Հենց նույն օրը ես Նունեին տեղեկացրի, որ երկար ժամանակով մեկնում եմ ճամփորդության: Նունեն տխրեց, սակայն հետո մոտեցավ ինձ և փարվեց կրծքիս.
- Հանգիստ գնա, Հայկ ջան, այստեղ ամեն ինչ նորմալ կլինի, մի անհանգստացիր:
- Գիտեմ, Նունե ջան,- շոյելով կնոջս երկար վարսերը, ասացի ես,- ուղղակի իմացիր, որ մենք պատերազմի շեմին ենք կանգնած և առիթի դեպքում դու պետք է կարողանաս ոչ միայն ղեկավարել նահանգը, այլև պաշտպանել մեր ընտանիքը:
- Պատերազմի դեպքում դու լավ օգնականներ ես թողնում, դե ինձ համար էլ թուրն ու աղեղը նորություն չեն: Իսկ երեխաների հարցով կարող ես հանգիստ լինել: Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ…
Համբուրեցի Նունեի փայլող աչքերը…
… Երեկոյան կողմ` մայրամուտից առաջ, երբ դեռ լույս էր, ես արդեն ուղղություն էի վերցրել դեպի Հատուկ գունդ: Որոշել էի հաջորդ օրը հասնել գունդ, ստուգել այն, գիշերը հանգստանալ, իսկ մյուս օրն առավոտյան շարունակել ուղիս: Հանկարծ նկատեցի, որ առջևիցս էշի վրա նստած ինչ որ կերպարանք է ընթանում և միանգամից էլ ծանոթ սուր զգացումն ունեցա: Ես վստահ էի, որ դիմացիս ընթացողը Մենեսն է և խթանեցի էշիս: Շուտով Մենեսը, որ ինքն էլ նույն զգացումն էր ունեցել, հետ նայեց ու տեսավ ինձ: Արդեն բերանս բացել էի, սակայն…
Անակնկալ կերպով Մենեսի շուրջը հողն ու խոտերը կարծես վեր բարձրացան, իսկ ինչ-որ մեկն էլ չգիտես որտեղից ցատկեց բարեկամիս վրա ու նրան տապալեց էշից: Սակայն Մենեսն էլ իրեն չկորցրեց: Գլորվելուց հետո նա արագորեն ոտքի թռավ և կայծակնային արագությամբ մերկացրեց թուրը: Նույն պահին նրա վրա ուղղվեցին բազմաթիվ նիզակներ և թրեր, իսկ գլխավերևում էլ սուրացին մի քանի նետեր: Ես ավելի ուժեղ խթանեցի էշիս և արդեն մոտենալիս լսեցի Մենեսի ծանոթ ու հանգիստ ձայնը.
- Ահա՜ թե ի՜նչ…, իշխան Հայկի տարածքում ավազակությա՜մբ են զբաղվում, հետաքրքի՜ր է, ո՞ւր է նայում նա…
- Լռիր,- ի պատասխան լսեցի մի լավ ծանոթ ձայն,- նետիր զենքդ և հանձնվիր, հակառակ դեպքում շատ կզղջաս:
- Հեշտ է քաջություն խաղալ նիզակներիդ հետևում,- պատասխանեց նման բաներում փորձված Մենեսը,- սակայն եթե իսկական տղամարդ ես, առաջ արի, տեսնեմ իրո՞ք այդքան քաջ ես, թե այլ արիների նման միայն անունդ է,- խայթող տոնով նետեց ընկերս:
Ես արդեն գլխի էի ընկել, թե ինչ է լինելու, դրա համար էլ մոտիկ մի վայրում` խոշոր մի քարի հետևում, թաքնվեցի ու սկսեցի դիտել` պատրաստ արագորեն միջամտելու: Պատասխանը չուշացավ և իր ռազմիկների հետևից, երկար ու ծանր թուրը մերկացրած, առաջ եկավ հսկայամարմին Սևակը` գայլի մորթին վրան:
- Օտարական, դու գտնվում ես իշխան Հայկի տարածքում, իսկ սա նրա ջոկատն է: Անմիջապես ներում խնդրիր արիներին վիրավորելու համար, հակառակ դեպքում քեզ շղթայակապ կտանենք նրա մոտ…
- Չեմ էլ մտածում ներում խնդրել,- հպարտորեն գլուխը բարձրացրեց ու ծիծաղեց բարեկամս, որից հետո արագորեն մի կողմ նետեց թիկնոցը:
Սևակն առաջ եկավ ու միանգամից սկսեց մենամարտը: Ես իհարկե ծանոթ էի բարեկամիս ու զգացի, որ նա, իմանալով, որ իրեն ցանկացած դեպքում որևէ վտանգ չի սպառնում, ուղղակի ցանկանում է ստուգել իմ ռազմիկներից մեկին և միաժամանակ էլ մի թեթև ծիծաղել: Սակայն երևի թե ծիծաղելու համար Մենեսը իրոք որ հարմար մարդ չէր ընտրել, համենայն դեպս Սևակը, որ հաստատ այդ մարդը չէր: Մենեսը սկզբում բավականին ճարպկորեն խուսափեց հարյուրապետիս հարվածներից և մի քանի անգամ էլ ինքը հարվածեց: Սևակը ոչ պակաս ճարպկությամբ հետ մղեց դրանք, որից հետո իր ծանր թրով մի հզոր հարված իջեցրեց վերևից: Մենեսը պաշտպանվեց ընտիր երկաթից պատրաստված իր թրով, որի հետևանքով Սևակի թուրը ուժեղ զրնգաց ու դուրս թռավ ձեռքից: Բայց Սևակը այստեղ էլ իրեն չկորցրեց. նա բռնեց թրով զինված Մենեսի ձեռքը և, ամուր կերպով սեղմելով այն, մյուսով ծանր հարված իջեցրեց բարեկամիս ուղիղ կրծքին: Այս անգամ էլ Մենեսի թուրը մի կողմ թռավ: Նրա շունչը կտրվեց, սակայն, ի պատիվ բարեկամիս, հետ ընկնելիս նա հասցրեց ոտքի մի ճարպիկ ու պտտվող հարվածով նախշել Սևակին: Չնայած ես հո լավ գիտեի բարեկամիս նման հարվածների ուժը, սակայն այն կարծես չազդեց ժայռեղեն հարյուրապետիս վրա, որը, դրան պատասխանելով մի հզոր մռնչյունով, աջով բռնեց ոչ փոքրամարմին Մենեսի կոկորդից, ձախով` պարեգոտից, և, գետնից պոկելով, հզոր մի շարժումով Մենեսին գետնին նետեց: Դրանից հետո Սևակը պատրաստվեց մի թռիչքով նետվել բարեկամիս վրա…
Էջանիշներ