*
Ես վերադարձա իմ կալվածքները և նորից խորամուխ եղա ընթացիկ գործերի մեջ: Շուտով սկսվեցին ստացվել հսկայական կարևորություն ունեցող լուրեր: Իմ գործակալները ինձ հայտնեցին, որ Շարուքենը մի շքեղ պատգամավորություն է ուղարկել Լուգալզագիսի մոտ և առաջարկել է նրան իրեն կնության տալ Լուգալզագիսի աղջիկներից մեկին ու փոխօգնության դաշինք կնքել: Սա արդեն շատ լուրջ էր, եթե հանկարծ այս երկու պետությունները միավորվեին, կստացվեր չափազանց ուժեղ մի պետություն: Ես արդեն պատասխան միջոցների մասին էի մտմտում:
Այս հոգսերի մեջ էի, երբ ինձ զեկուցեցին, որ մի միջագետքցի վաճառականի քարավան է մտել Կորդրիք: Դրան անմիջապես հաջորդեց մեկ այլ լուր: Վաճառականին կոչում են Էնենտարզի, իսկ քարավանը գաղտնի կերպով տեղափոխում է ցորենի պարկերի մեջ պահված մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Ես հրամայեցի ուշադիր ուղեկցել քարավանը և Ալկիքար հասնելուց հետո այն տեղավորել գյուղակի պահեստներում, իսկ վաճառականին բերել ամրոց: Երեկոյան կողմ ինձ հայտնեցին, որ վաճառականն արդեն գյուղակում է: Ես դուրս եկա աստիճանահարթակ: Շուտով խփեցին թմբուկը և ամրոցի փոքրիկ դուռը բացվեց: Ես սովորական սուր զգացումն ունեցա, որը լինում էր, երբ ես ու Մենեսը մոտենում էինք իրար: Իրոք էլի.
- Մենե՜ս,- ուրախացած բացականչեցի ես,- այ ում էի կարոտում այսքան ժամանակ:
Բարեկամս արագորեն բարձրացավ աստիճանահարթակ և մենք ուժեղ գրկախառնվեցինք:
- Հայկ ջան,- ձայնն իջեցնելով շշնջաց Մենեսը,- իմ քարավանը… ախր այնտեղ միայն ցորեն չէր…
- Տո այ քուրմ,- ծիծաղեցի ես,- մի՞թե դու լրջորեն կարծում էիր, թե կարող ես մի ամբողջ քարավան մտցնել իմ տիրույթները և ես չիմանամ, թե մեջն ինչ կա,- ես թփթփացրի բարեկամիս ուսին,- մի անհանգստացիր, հենց այս գիշեր ցորենդ կլինի ամրոցիս ամենալավ փակվող և… հա՜,- ծիծաղեցի ես` հիշելով ազնվասիրտ Պերճին,- չմոռանամ նշել` ամենաչոր սենյակներից մեկում: Մի անհանգստացիր, ցորենդ չի ծլի…
Արդեն ուշ էր, իսկ բարեկամս էլ բավականի հոգնած: Ես հրամայեցի մի լավ բաղնիք պատրաստել, որից հետո Մենեսին տեղավորեցի պատվարժան հյուրերիս համար նախատեսված սենյակում…
Հաջորդ առավոտյան ես վաղ արթնացա և իջա ամրոցի բակ: Ընթացիկ գործերով էի զբաղված, երբ աստիճանահարթակի վրա երևաց Մենեսը: Ես վերջին հրահանգները տվեցի, որից հետո բարձրացա նրա մոտ.
- Բարի լույս, եղբայր,- ժպտացի ես,- ո՞նց ես քնել գիշերը:
- Հիանալի, վաղուց այսքան հարմար անկողիններ չէի տեսել: Հաստատ կարող եմ ասել, որ սրանք քո ձեռքի գործը չեն:
- Իհարկե, ես ինչպես և առաջ, հեռու եմ նման բաներից: Այստեղի տիրուհին է նման հարմարություններ ստեղծում իմ և իմ հյուրերի համար: Երեկ արդեն ուշ էր, սակայն այսօր ես առիթը բաց չեմ թողնի ներկայացնելու քեզ իմ Նունեին:
- Այ տղա, ինչ-որ շուտ մոռացար Բառնամատռային,- ծիծաղեց Մենեսը:
- Ս՜ս՜ս,- ձայնս իջեցնելով ծիծաղեցի ես,- իմ մութ անցյալն այստեղ ոչ-ոքի հայտնի չէ: Արի բարձրանանք աշտարակը, ես այնտեղ մի լավ ամպհովանի ունեմ, արդեն հրամայել եմ նախաճաշն այնտեղ տալ: Այնտեղից շրջակայքի հիանալի տեսարան է բացվում…
Էջանիշներ