- Վատ ծրագիր չի՜,- մտախոհ գահվորակի վրա ձգվեց սպարապետ Վահեն և շոյեց մորուքը,- սակայն այն միջոցներ կպահանջի: Բայց ոչինչ,- վճռականորեն ասաց նա,- մենք կհաշվենք, թե ամեն մի համակարգը ինչքան նյութական միջոցների և աշխատող ձեռքի կարիք կզգա և կհամոզենք Մեծ քրմին: Հը՞, ի՞նչ կարծիքի եք,- դարձավ նա իր զորականներին:
Վերջիններս համաձայնվեցին:
- Ես կարծում եմ, իշխան Հայկ,- որ այս գործը պետք է սկսվի` ինչքան շուտ, այնքան` լավ: Դու շատ շուտով կստանաս շինարարական միջոցներ և աշխատող ձեռքեր` սկզբում բանակային, իսկ շուտով` արդեն պետական միջոցներից…
- Տեր սպարապետ,- կրկին խոսք վերցրեցի ես,- ես մի քանի այլ մտահաղացումներ էլ ունեմ: Քո թույլտվությամբ…
- Ասա, իշխան Հայկ,- պատասխանեց սպարապետ Վահեն:
- Առաջինը, ես այստեղ կստեղծեմ գլխավոր Հետախույզի կառույցի նման մի բան, որը մեզ տեղեկություններ կապահովի հատկապես հարավի գործերի մասին: Երկրորդ, մի առաջարկ ունեմ, որը կարող է ձեզ մի քիչ տարօրինակ թվալ, սակայն ես այն շատ եմ կարևորում և նրա ծախսերը լիովին վերցնում եմ ինձ վրա,- նայեցի զրուցակիցներիս հետաքրքրված դեմքերին և շարունակեցի,- ես գիտեմ, որ մեր երկրում, հատկապես քաղաքներում, լինում են դեպքեր, երբ մայրը որևէ պատճառով հրաժարվում է հենց նոր ծնած իր երեխայից: Ես առաջարկում եմ Արարտայի բոլոր նահանգներում և մեծ քաղաքներում բացել հատուկ մանկատներ, որոնք կընդունեն նման երեխաներին` թե աղջիկ, թե տղա, և մարդկանց բացատրել նրանց նշանակությունը: Տարեկան երևի մոտ մի հինգհարյուր երեխա կհավաքվի: Բոլոր այդ երեխաներին ես կհավաքեմ ինձ մոտ, հատուկ մայրացուներ և բժիշկ-դաստիարակներ կկարգեմ, որոնք կմեծացնեն երեխաներին: Իսկ երբ նրանք դառնան ասենք հինգ-վեց տարեկան, կսկսենք նրանց աստիճանաբար վարժեցնել ձեռնամարտի, մարտական վարժությունների ու զենքերի գործարկմանը և, որ հատկապես կարևորում եմ, որևէ մի արհեստի: Երբ նրանք չափահաս կդառնան, նրանք ազատ կլինեն հեռանալու կամ մնալու: Հեռանալու դեպքում նրանք կկարողանան իրենց արհեստով զբաղվել, սակայն ցանկացած դեպքում կլինեն վարժված ռազմիկներ: Իսկ ով կցանկանա, նա կշարունակի ռազմական ծառայությունը: Վերջիններս, որպես արդեն պատրաստի ու արհեստավարժ ռազմիկներ միշտ մեր ձեռքի տակ կլինեն և պետք կգան երկրին: Ավելացնեմ նաև, որ միաժամանակ էլ դրանով մենք կլուծենք անտուն երեխաների հարցը…
- Վատ չի՜,- ժպտաց սպարապետ Վահեն,- սակայն ես այդ գործը չեմ թողնի միայն քեզ վրա և ցանկացած դեպքում տարեկան որոշ չափի միջոցներ կփոխանցեմ քեզ այդ գործի համար, հը՞, Մթերապետ Ամբակ, կկարողանանք չէ՞,- շուռ գալով դեպի իր զորականը` հարցրեց նա
- Ինձ թվում է պետք է որ կարողանանք,- տնտեսներին հատուկ զգուշավորությամբ պատասխանեց վերջինս:
- Լավ՜, լա՜վ, եթե իմ Ամբակն ասաց, ապա հարցը համարենք լուծված: Սակայն իշխան Հայկ, ես էլ քեզ ասելիք ունեմ,- նա ձայնը ցածրացրեց և մոտեցավ ինձ,- գիտես չէ՞, Ալկիքարի ախոռներում ինչ ունենք: Ես մինչ այս ուզում էի դրանք վերցնել, սակայն այժմ գտնում եմ, որ դրա կարիքը չկա: Սակայն սա խիստ գաղտնի է և ոչ մի դեպքում օտարները չպետք է իմանան այդ մասին..., գոնե մինչև առաջին մարտը, հասկանո՞ւմ ես:
- Իհարկե, տեր սպարապետ, կարող եք հանգիստ լինել, դրանք հուսալի ձեռքերում են,- հավաստիացրի ես:
- Ասելու բան ունե՞ք,- դարձավ սպաապետը իր զորականներին:
- Քո թույլտվությամբ…,- ոտքի կանգնեց գլխավոր Հետախույզ Պարետը,- իշխան Հայկ, ես կապ կպահպանեմ քեզ հետ և մենք մեր կառույցների գործունեությունը կհամակարգենք, առիթի դեպքում կօգնենք կամ կփոխլրացնենք իրար:
- Անպայման,- նա ձեռքը սեղմեցի ես:
- Իշխան Հայկ, դու այսուհետ մուտք ունես ինձ մոտ օրվա որ ժամին էլ որ լինի, իսկ քո ուղարկած սուրհանդակը անպայման առաջնություն կունենա մյուսների նկատմամբ: Դեհ,- ոտքի կանգելով ասաց սպարապետ Վահեն,- կարծես թե ամեն ինչ խոսեցինք:
Սպարապետ Վահեի զորականները ևս ոտքի կանգնեցին ու դուրս եկանք սենյակից: Արդեն մութ էր: Մենք իջանք բակ: Հյուրերը հեծնեցին իրենց էշերը և արագորեն դուրս եկան դարպասից:
Հանկարծ այդպես միանգամից դատարկված ամրոցում ես ինձ խիստ միայնակ զգացի: “Դեհ, Հայկ եղբայր”,- քթիս տակ ծիծաղեցի ես` հիշելով միջագետքցի վաճառականների մոտ տարածված մի արտահայտություն,- “պարկը ուսիդ վերցրիր, դա հեշտ է, իսկ հիմա` զոռ տուր”…
Էջանիշներ