- Հիշում եմ, հիշո՜ւմ եմ,- ժպտաց Մենեսը,- քեզ կորցրած էիր ու դրա համար էլ երևի քեզ հեչ հարց չտվեցիր, թե հետդ այդքան սիրալիր այն վաճառականը, որ չգիտես ինչի առևտուր էր անում, ինչի՞ համար էր այդքան մանրամասն քեզ հարցուփորձ անում ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում` լեռների մեջ տեղի ունեցած մի ճակատամարտի ու հատկապես Մեսիլիմի մահվան մասին,- ծիծաղեց Մենեսը:
- Իրոք Մենես, ես հիշում եմ, որ այն ժամանակ դու շատ, ինչ որ չափազա՜նց շատ էիր հետաքրքրվում այդ ճակատամարտով: Այն ժամանակ ես դա վերագրեցի պարզ մարդկային հետաքրքրությանը, որ ունի ամեն մի մարդ, երբ լսում է նման մի իրադարձության և տիրակալի մահվան մասին: Իսկ հետո էլ արդեն դրան անդրադառնալու ժամանակ, համ էլ առիթ չկար:
- Հայկ ջան, դու իմ բարեկամն ես, իսկ ինչ-որ իմաստով` նաև աշակերտը: Դրա համար էլ քեզ մի խորհուրդ: Միշտ աշխատիր տեսնել իրերի խորքը: Միշտ աշխատիր նայել մարդու դեմք կոչվող դիմակի տակ ու տեսնել նրա հոգի կոչվող իրական բնույթը: Սա իմիջայլոց…: Գիտե՞ս, Հայկ, ժամանակն է, որ դու իմ մասին իրականությունն իմանաս: Ես առաջ քեզ հետ չէի կիսվում, քանի որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկար ու քեզ էլ պետք չէր: Բայց հիմա արդեն ժամանակն է ու բացի այդ ես քեզ արդեն բավականին ճանաչում եմ: Հայկ ջան, ես իրականում վաճառական չեմ, որ իր տեղում նստած առևտուր է անում շրջակա երկրների հետ: Իրականում ես Եգիպտոսի փարավոնների մշտական ու գաղտնի ներկայացուցիչն եմ Անդրանապատյան տարածքներում և կանոնավոր կերպով հայտնում եմ նրանց այն ամենի մասին, ինչ կատարվում է այստեղ` հատկապես Միջագետքում: Այդ ճանապարհով ես, այսպես ասած, ծառայում եմ իմ երկրին,- ժպտալով ավելացրեց Մենեսը:
Վերջին խոսքերն ինձ խիստ զարմացրել էին: Իհարկե, ես զգում էի, որ իմ բարեկամի հոգին ավելի խորն է, քան երևում է, բայց նման մի բան չէի սպասում: Նկատելով զարմանքս` Մենեսը շարունակեց.
- Գիտե՞ս, երկու հարյուրամյակ անհոգ ու իմ հաճույքների համար ապրելուց հետո այդ ամենն ինձ ձանձրացրեց և ես որոշեցի մի օգտակար գործով զբաղվել: Ու հենց այդ ժամանակ էլ ես, որ այն ժամանակ արդեն Հարավային Եգիպտոսի ամենախոշոր նոմարքոսներից մեկն էի ու կառավարում էի հայրենի Տինա [1] քաղաքում, հանդիպեցի իմ կյանքի ամենահիանալի աղջկան,- Մենեսի հայացքը մի պահ մթնեց անհուն կարոտից ու երբ նա շարունակեց խոսել, կարծես թե բառերն ուղղում էր արդեն ոչ թե ինձ, այլ դրանց միջոցով նա ուղղակի վերապրում էր իր երբեմնի կյանքը, տեսնում էր վաղուց մահացած սիրելիներին ու իր կորցրած երջանկությունը,- Հարավային Եգիպտոսի Նարմեր [2] փարավոնի միակ զավակին` աննման գեղեցկության, խելքի ու հմայքի տեր աղջկան: Ես անհուն սիրով սիրեցի նրան, իսկ նա էլ` ինձ: Մենք ամուսնացանք, ի վերջո ես ժառանգեցի աներոջս ու դարձա Հարավային Եգիպտոսի փարավոն` կոչվելով Մենես Գոռախա [3] ` թարգմանաբար Մենես` Աստվածային Ռազմիկ: Այո՜,- հոգոց հանելով շարունակեց բարեկամս,- այն ժամանակ ես ուրիշ էի և ինձ թվում էր, որ մի հոգին շատ բան կարող է անել: Դրա համար էլ ես խտրականություն չէի դնում միջոցների մեջ…: Մոտ քսանամյա իմ նպատակամղված գործունեության ադյունքում ես ի վերջո հասա նրան, որ Հարավային ու Հյուսիսային Եգիպտոսները միավորվեցին, ես դարձա այդ միացյալ երկրի փարավոն ու սկսեցի իշխել արդեն հիմնադարածս նոր քաղաքում` Մեմֆիսում` [4] իմ աննման Սպիտակ քաղաքում: Դրանից հետո ես իշխեցի գրեթե վաթսուն տարի: Սակայն անապատի ավազի պես անվերջ ու ամենակուլ ժամանակն անցավ, սիրելիս հեռացավ ինձնից, քաղաքն աստիճանաբար կորցրեց իր սպիտակությունը ու ես գտա, որ արդեն ժամանակն է նաև իմ հեռանալուն…: Մի քանի հարյուրամյակ հետո ես վերադարձա իմ հայրենիք,- հառաչելով շարունակեց արդեն կրկին սովորական տրամադրությանը վերադարձած բարեկամս,- և Սանախտե փարավոնին [5] կից ստեղծեցի մի կառույց, որը մշտական տեղեկություններ կապահովեր տիրակալին շրջակա երկրներում տիրող իրավիճակի մասին: Այն ժամանակից ի վեր ես անփոփոխ ղեկավարում եմ այն: Բայց ղեկավարելով իմ կառույցը` ես ավելի հաճախ լինում եմ Եգիպտոսից դուրս` առավել վտանգավոր ուղղություններում: Եվ ահա երկար ժամանակ է արդեն, որ ես Անդրանապատյան երկրներում եմ:
_________________
[1] Հնագույն քաղաք Հարավային Եգիպտոսում:
[2] Նարմեր (մ.թ.ա. մոտ 3220 – ուղ. 3200): Հարավային Եգիպտոսի վերջին փարավոնը:
[3] Մենես Գոռախա (մ.թ.ա. 3200-3140): Եգիպտոսի I գահատոհմի առաջին փարավոնը:
[4] Հնագույն քաղաք Հյուսիսային Եգիպտոսում` միացյալ Եգիպտոսի մայրաքաղաքը:
[5] Սանախտե (մ.թ.ա. 2686-2667): Եգիպտոսի III գահատոհմի առաջին փարավոնը:
Էջանիշներ