*
- Գիտե՞ս Մենես, իմ կարծիքով այս ամենի գաղտնիքը անցյալում պետք է փնտրել: Մենք երկար ճանապարհ ենք անցել, սակայն չենք նկատել այն, ափսոս…
- Համաձայն եմ Հայկ, բայց ի՞նչը և որտե՞ղ բաց թողեցինք:
- Չգիտեմ, բայց մի բան պարզ է… եթե վերջաբանից այսքան կարճ ժամանակ առաջ մենք այսքան քիչ բան գիտենք, ուրեմն մի տեղ սխալվել ենք:
- Մինչև քեզ մոտ գալը ես եղա նաև Դունկան Մակ-Լաուդի մոտ, շնորհավորեցի նրա տարեդարձը: Վերջը 414 տարին էլ քիչ բան չէ: Նրան էլ էր որոշ բաներ հասել ու նա իրեն շատ զգույշ էր պահում:
- Աա՜ա, հետաքրքիր է… ինչպե՞ս է մեր շոտլանդացի բարեկամը: Ժամանակին շատ էր թագուհիների հետևից վազվզում,- ժպտալով հիշեցի ես: Չէ, իսկականից կանանց մոտ հաջողակ տղամարդ էր: Բարձրահասակ, առնական, ասես եվրոպական միջնադարյան ասքերից վերադարձած ասպետ լիներ: Դքսուհինեն ու բարոնուհիները իրենց բարձ ու պատիվը թողած՝ վազում էին նրա հետևից, նույնիսկ մի թագուհի…
- Լսիր,- հուշերից կտրեց ինձ Մենեսը,- գիտե՞ս նրան որտեղ հանդիպեցի. Տիբեթում, ամենաբարձր լեռներից մեկի վրա հիմնված մենաստանում:
- Այ քեզ բա՜ն, ի՞նչ էր կորցրել Մակ-Լաուդը այդ հեռաստաններում,- զարմացա ես:
- Ես էլ նրան այդ հարցը տվեցի ու նա ինձ ասաց, որ այդտեղ նա իրեն ազատ է զգում անցյալում ճամփորդելիս: Նա ինձ ցույց տվեց տիբեթյան մի գեղեցիկ երգող բաժակ: Դու պիտի որ այդ բաժակների մասին լսած լինես: Կարծես անձը սկսում է նորից ապրել իր անցած կյանքը: Նա ինքն էլ է մեզ նման անցյալում փնտրում իր պատասխանները… իր ասելով դա նրան օգնում է:
- Դու փորձեցի՞ր այդ բաժակը:
- Մի քիչ, շատ կարճ ժամանակ… ողջ նախորդ տարին աչքիս առջևով անցավ, իր ամենայն մանրամասներով: Ու հետաքրքիրը այն էր, Հայկ, որ ես ապրեցի մի ամբողջ տարի, սակայն իրականում անցել էր ընդամենը մի քանի րոպե:
- Խնդիրը երևի հոգեբանական ներշնչման մեջ է…
- Հնարավոր է, սակայն ամեն դեպքում այն օգնում է վերապրել անցյալը: Լսիր, հնարավոր է չհավատաս: Մինչև Մակի մոտ մեկնելը ես կորցրել էի իմ թանկարժեք մատանիներիցս մեկը: Այնքան փնտրեցի ու այդպես էլ չգտա: Ուրեմն այդ մի քանի րոպեի ընթացքում, որ ես ապրեցի իմ մի տարվա կյանքը, ես պարզ կերպով զգացի այն պահը, երբ մատանին ընկավ իմ սենյակի անկողնուս դոշակի մեջ՝ բացված կարից ներս: Բնականաբար տուն վերադառնալուց հետո ես առաջին հերթին քրքրեցի դոշակս ու պատկերցրու՝ գտա այն…: Հետաքրքիր էր նաև այն, որ ես ամբողջովին, այո Հայկ՝ ամբողջովին, ապրեցի այդ մեկ տարվա կյանքը՝ իր հույզերով, տրամադրության փոփոխություններով, զգացմունքներով ու ժամանակի զգացողությամբ…: Միայն ցավալին այն էր, որ այդ մեկ տարին ապրեցի որպես մի մարդ, որը չգիտեր, որ ինքը ապրում է ըստ էության ոչ իրական կյանքում, որը չուներ ապագայում ձեռք բերած կյանքի ողջ փորձը, իմաստությունը և այլ հմտությունները: Դու հենց այնպես ես, ինչպիսին էիր այդ տարի, այդ օրը և այդ ժամին… ոչ ավել և ոչ պակաս:
- Հետաքրքի՜ր է…
- Ես էլ հետաքրքրվեցի ու կարողացա իմանալ դա օգտագործելու նրբությունները:
- Ահա թե ինչ, Մենես, եթե քո ասածը ճիշտ է, ուրեմն մենք մեկ-կամ երկու օրում կկարողանանք վերապրել մեր ողջ երկար կյանքը:
- Պատկերացրու ես էլ այդ հույսը ունեմ, ուղղակի չհամարձակվեցի միայնակ փորձել: Մտածեցի, որ մենաստանում ես ինձ կաշկանդված կզգամ, իսկ տանը՝ չափազանց ազատ: Բացի դրանից, ցանկանում էի սա այնպիսի մի վայրում փորձել, որ պաշտպանված լինեմ անակնկալներից: Ինչ էլ չլինի՝ բավականին ժամանակ անջատված ենք լինելու: Դրա համար էլ ցանկացա գտնել քեզ: Գիտեի, որ ձեր Քարահունջի մոտակայքի անձեռնամխելի տարածքում մի լավ տուն ունես…: Մանավանդ Մահմեդի հետ կապված այս պատմությունից հետո՝ հետաքրքիր, նույնիսկ օգտակար կլինի փորփրել անցյալը՝ իր բոլոր նրբություններով:
- Հետաքրքիր միտք է, Մենես կարելի է մտածել…
- Մի վայրկյան, երկուսով հավաքվեցիք ու որոշեցիք, էլի… բա որ մի բան հակառակ ստացվեց, ասենք քնեցիք ու չարթնացաք…,- միջամտեց Վահեն:
- Դե չէ, Վահե ջան,- ժպտաց Մենեսը,- ես ինձ վրա արդեն փորձել եմ: Այստեղ ուղղակի մի նրբություն կա, որ հանկարծ այնքան խորը չքնենք ու հետ չգնանք, երբ դեռ ծնված չենք եղել,- ժպտաց Մենեսը:
- Դե կարելի է մոտավորապես վերցնել Քրիստոսից առաջ 2300-ական թվականները… ինձ թվում է, բավականին ճշգրտությամբ կարելի է հաշվարկել…
Էջանիշներ