- Հա՜, այդ դա ուրիշ բա՜ն, արմե՜ն,- լսեցի հեռախոսի մյուս կողմից,- թե չէ անցած անգամ գլուխ պոկելու նման բաներից էիր խոսում, հեչ դուրս չեկավ…
- Մարդիկ փոխվում են, Մահմեդ, դու պետք է որ դա լավ իմացած լինես:
- Գիտեմ,- այն կողմից կարճ նետեց զրուցակիցս,- դու, մենակ, արի Քալբաջարի կողմերը, հենց Մռավին մոտենաս, վաղը կեսօրին, զանգիր, կասեմ ինձ որտեղ գտնես: Տե՜ս, հա՜, արմե՜ն, մենակ չեկար կամ մի կասկածելի բան նկատեցի, չէ՜, էս աղջկան այլևս կենդանի չես տեսնի:
- Կլինեմ,- հաստատեցի ես ու մեր զրույցը ավարտվեց:
- Հը՞, ի՞նչ կասեք,- նայեց Մենեսին ու Վահեին:
- Ես դրա…, ես դրա գլուխը կպոկեմ,- տաքացավ Վահեն,- գնում ենք, ի՞նչ պիտի անենք:
Դարձա դեպի լուռ կանգնած Մենեսը, որը նայեց ինձ և գլուխը քորեց.
- Անվտանգությունը էդ թուրքի պոչին է նստած ու կարելի կլիներ սպասել, որ հենց իրենք կբռնեն Մահմեդին…
- Բա Մարինե՞ն,- ընդհատեց Մենեսին Վահեն,- բա որ չբռնե՞ն, բա որ նորի՞ց հետքերը կորցնեն…
- Սպասիր, Վահե,- խոսեցի ես,- սենց գործում կարևորը հակառակորդիդ պայմաններով չխաղալն է: Կարծում եմ, որ մենք պետք է մի կողմից օգտագործենք անվտանգության մեր տղերքին, բայց մյուս կողմից էլ պիտի հասնենք նրան, որ Մարինեին հանկարծ վնաս չհասնի:
- Ի՞նչ ես առաջարկում, Հայկ,- վրաս նայեց Վահեն:
- Առաջարկում եմ հենց հիմա ճանապարհ ընկնել դեպի Մռավ ու տեղում լինել վաղը գոնե ժամը տասի կողմերը: Շուտ տեղ հասնելը մեզ կօգնի տեղանքը մի լավ ուսումնասիրել: Մի երկու բան էլ եմ մտածել, բայց դրանց մասին` ճանապարհին: Ի դեպ, Վահե, Ռեմինգտոնդ ի՞նչ վիճակում է:
- Ընտիր վիճակում,- գլխով արեց Վահեն,- քանի քնած էիք, հիմնովին մաքրել, սրբել ու յուղել եմ:
- Զինամթերք ունե՞ս,- հարցրեցի ես:
- Հա,- գլխով արեց Վահեն,- փամփուշտներս հաստատ կհերիքեն:
- Դա լավ է: Սայգաներն էլ, որ վերջերս գնեցինք, իմ ու Մենեսի համար իսկը հարմար կգան:
Մենք իջանք ներքև ու ես նկուղի չհրկիզվող պահարանից հանեցի հիշատակածս զենքերը:
- Ծանոթացիր, Մենես ջան,- ասացի ես ու բարեկամիս մեկնեցի զենքերից մեկը,- նույն “ԱԿա-74”-ն է, ուղղակի սրանից հնարավոր չէ կրակահերթեր արձակել: Փոխարենը զենքն ունի օպտիկական նշանացույց, ինչը, ընդունիր, որ վատ չէ:
- Ու մեկ էլ պահունակն ես փոխել, Հայկ,- ծիծաղեց Մենեսը:
- Հա դե, երեսուն փամփշտանին ամեն դեպքում ավելի հարմար է, քան տասը և սա միակ իբր թե աօպրինի բանն է, որ կա ողջ այս պատմության մեջ:
- Չէ՜, ես ձեր երկրից բան չե՜մ հասկանում,- ուսերը թոթվեց Մենեսը,- կարծես թե այստեղ արգելված է մարտական զենք ունենալ, բայց, ահա այսպես, լրիվ օրինական կամ էլ, համարյա լրիվ օրինական, մարդիկ կարող են նման հզորության զենքեր ունենալ:
- Դե հիմի, Մենես,- ժպտացի բարեկամիս, նրան տվեցի չորս պահունակ, նույնքան էլ ինքս վերցրի ու մենք դուրս եկանք նկուղից,- վատ է՞, որ նման արտակարգ իրավիճակներում հարազատ կալաշները ձեռքներիս տակ են, թեկուզ և ոչ ավտոմատ վիճակում:
Մենեսը չեզոք տեսքով ուսերը վեր քաշեց ու մենք մոտեցանք մեքենային:
- Վերջ, ամեն ինչ պատրաստ է: Ռեմինգտոնս, բենզինը, մեքենան, ուտելիքը, ամեն ինչ իդեալական վիճակում է, կարող ենք ցանկացած պահի շարժվել:
- Դե լավ, դուք նստեք,- պատասխանեցի ես,- իսկ ես դռները փակեմ, ճանապարհին կխոսենք…
Էջանիշներ