*
Հետագա տարիներին հիմնականում խաղաղություն տիրեց: Սասունում հաստատված Հայկին մեծ հաշվով հաջողվեց հաստատ պահել խեթերի հետ կնքված խաղաղությունը: Ճիշտ է, Հայայի հյուսիսային շրջաններում երբեմն բռնկվում էին սահմանային ընդհարումներ և տեղի էին ունենում փոխադարձ ասպատակություններ խեթերի հետ, բայց դրանք մեծ հաշվով մանր բնույթ էին կրում և այդպես էլ չխաթարեցին խաղաղության դաշինքը հայերի ու խեթերի միջև [1]:
Այդ տարիներին երկրորդ անգամ իրեն հիշեցրեց նաև Ասորեստանը: Առաջին անգամը դեռևս Միտանիում բռնկված գահակալական պայքարի ժամանակ էր, երբ Ասորեստանի արքա Ասսուրուբալիտը հայտարարեց իր հավակնությունների մասին: Եվ հիմա, ահա, արդեն նրա որդի Արիկդենիլին [2] էր փորձում հայերի հետ ուժի լեզվով խոսել:
Իմ ձեռքի տակ առկա տվյալները հիմք են տալիս ասելու, որ Ասորեստանի հերթական այս հզորանալու գործում հիմնական դերակատարությունը ունեցել է անմահ Շամին, որի մասին իմ նախորդ գրառումներում ես բավականին տվյալներ արդեն հաղորդել եմ: Այս կինը, որի մասին երկար հարյուրամյակներ ես ոչինչ չէի լսել, Էխնաթոնի ու նրա հաջորդ փարավոնների օրոք հայտնվել էր Թադմորում [3] և, որպես Մեծ Անապատի որդիների աստվածուհի, մեծ հեղինակության էր հասել սրանց մոտ: Իմ հետախույզներից մեկը, որին ես միայն մեծ դժվարությամբ կարողացա հաստատել Թադմորում և որը, սակայն, ի վերջո բացահայտվեց ու զոհ գնաց Շամիի դաժանությանը, ասում էր, որ Շամին վերջնական նպատակ է դրել Մեծ Անապատի որդիների իշխանության տակ միավորել ոչ միայն Միջագետքը, այլև Ասորիքը և հարակից երկրները: Ընդ որում, հաշվի առնելով նախորդների փորձը և այն հանգամանքը, որ ավելի մեծաքանակ, բայց անկազմակերպ Մեծ Անապատի որդիները ի դեմս ամորիացիների ժամանակին այդպես էլ մեծ հաշվով անհաջողության մատնվեցին, իսկ համեմատականորեն ավելի փոքրական, բայց արագորեն որպես միասնական պետություն կազմակերպված նույն այդ Անապատի որդիներին Շարուքեն Աքքադացին զգալի հաջողությունների հասցրեց, Շամին միանշանակ որոշել էր բոլոր ներդրումներն անել Ասորեստանի վրա: Հենց Ասորեստանն էր, որ ըստ Շամիի մտահաղացման պետք է հանդիսանար Մեծ Անապատի որդիների այն հզոր զենքը, որը կխոցեր շրջապատի բոլոր երկրներին:
Իսկ ժամանակն ավելի, քան հարմար էր ընտրված, քանի որ երկարատև ընդմիջումից հետո վերջին հազարամյակում արդեն երրորդ անգամ Մեծ Անապատի որդիների մոտ սկսվել էին մեծ խմորումներ: Նախորդ հարյուրամյակներում բուռն կերպով բազմացած Մեծ Անապատի որդիները կրկին ձգտում էին դուրս գալ իրենց բնական սահմաններից և հեղեղել շրջակա երկրները: Հենց սրանց էր, որ Շամին ձգտում էր օգտագործել իր նպատակների համար: Այս ամենի մասին գլխի էր ընկնում նաև Հայկը, որը, ապահովվելով արևմուտքից, աստիճանաբար, սակայն, սկսում էր լուրջ անհանգստություն զգալ արևելքից: Ընդ որում բարեկամիս համար առաջին տագնապի ահազանգը պետք է որ հնչած լիներ դեռ այն ժամանակ, երբ Սեթիի թագավորության վերջին տարիներին Արիկդենիլին հարձակվեց Արարատյան թագավորության վրա և, որոշ տարածություն առաջխաղանալով Տիգրիսի վերին հովտով, հետ վերադարձավ [4]:
Հայկի կյանքի այդ տարիների մասին ինձ շատ բան հայտնի չէ: Մի քանի տարի նա կարգի գցեց Սասունի ու շրջակա իշխանությունների գործերը, իսկ հետո էլ ամուսնացավ Կադեշի արդեն հանգուցյալ տիրակալ Արի-Թեշուբի [5] աղջիկ Խանդութի հետ: Ամուսնությունից մի քանի տարի անց, սակայն, Հայկը բավականին երկար ժամանակով կորավ և միայն շատ ուշ ես իմացա, որ նա հայտնվել էր Թադմորում: Ասում էին, թե Շամին ինքն է առաջարկել Հայկին գալ ու հաստատվել իր մոտ և բարեկամս, չնայած մեծագույն վտանգին, չէր մերժել: Անկասկած էր, որ Հայկն ուզում էր մոտիկից ծանոթանալ Շամիի գործունեությանն և հասկանալ ու գնահատել Մեծ Անապատի որդիների հերթական ակտիվացման շարժառիթները, դրա չափը և հնարավոր հետևանքները:
Այդ ամենի մասին ես հստակ տեղեկություններ չկարողացա ստանալ նաև խորը քնած կամ ուշաթափ վիճակում խոսող Հայկի խոսքերից: Սա միայն մրմնջում էր դեպի Թադմոր ու Կադեշ կատարած իր ուղևորությունների մասին, ինչ-որ անորոշ արտահայտություններով պատմում էր, թե ինչպես է Կադեշում ծանոթացել Խանդութի հետ, մրցության է մասնակցել ու հաղթել դրանում, ինչպես է սիրել Խանդութին և ինչպես է սա ևս սիրահարվել իր վրա: Հետաքրքիրն այն էր, որ, ըստ էության հետախուզական նպատակներով ուղևորվելով դեպի հարավ` Հայկը երկու դեպքում էլ, և Շամիի հետ Թադմորում ու և Խանդութի հետ էլ Կադեշում, սիրային գործեր ունեցավ: Ընդ որում, եթե Կադեշում սկսված սիրային գործն ավարտվեց ամուսնությամբ և դրա արդյունքում Ասորիքի այդ հզոր իշխանությունը փաստացի հայտնվեց հայերի ազդեցության ոլորտում ու դա հայերի համար հիանալի արդյունք էր, ապա նույնը չի կարելի ասել Թադմորում սկիզբ առած սիրային պատմության վերաբերյալ, որը հետագայում ամենաողբերգական շարունակությունն էր ունենալու:
Երկրորդ Ռամզեսի [6] թագավորության երկրորդ տարում էր, որ մենք առաջին անգամ իմացանք Ծովի ժողովուրդների [7] մասին, ընդ որում իմացանք միայն այն ժամանակ, երբ սրանք բացահայտորեն հարձակվեցին Եգիպտոսի վրա: Դրանց անվանում էին շարդեններ և այդ անիծյալները ոչ միայն հզոր էին ծովային մարտերում, այլև իրենց մեծ թրերով կատաղի էին մարտնչում նաև ցամաքային կռիվներում: Չգիտեմ, պատահականություն էր, թե ոչ, բայց Հայկը Եգիպտոսում հայտնվեց հենց շարդենների հետ միաժամանակ: Կարելի էր կարծել, որ ինքը ևս ուզում էր տեղեկություններ հավաքել մինչ այդ չտեսնված այդ ժողովրդի մասին, քանի որ իրենք ևս ծովափ ունեին և Ծովի ժողովուրդները կարող էին ուղղակիորեն սպառնալ նաև Կիլիկիայի:
Իսկ այդ առաջին անգամը շարդենների դեմ ձեռք բերված մեր հաջողությունը մեզ բավականին հեշտ բաժին հասավ: Պատճառն էլի Հայկն էր, որն այդ ժամանակ գիշերային հարձակումներ վարելու տեսակետից աշխարհի երևի թե ամենալավ զորավարն էր: Իհարկե, ձևական կողմից հարձակումը ես էի ղեկավարում, բայց հանուն ազնվության պետք է նշեմ, որ հաղթանակի կազմակերպման գործում հիմնական դերն ունեցավ հենց Հայկը: Շարդենները բացահայտ կերպով ափհանում էին իրականացրել Նեղոսի հովտում և, ափ քաշելով իրենց նավակներն ու ուժեղ պահպանություն կարգելով դրանց մոտ, տեղավորվել էին գիշերային հանգստի: Հենց այդ ժամանակ էր, որ Հայկի անձնական գլխավորությամբ մենք լայնածավալ հարձակման անցանք ու ծանր պարտության մատնեցինք դրանց [8]: Ընդ որում հարձակվողների առաջին շարքերում էր Հայկը, որը կարողացավ իր հեռահար ու դիպուկ նետաձգությամբ ոչնչացնել շարդենների մի քանի ժամապահների և առաջին պահերին ապահովել մեր հարվածի հանկարծակիությունը: Շարդենների նավերը մենք այրեցինք, իսկ իրենցից զգալի մասին էլ գերեցինք: Ավելի ուշ մեծ թրերով այդ ռազմիկներին, որոնք ավարից ու պատերազմից բացի այլ բանի ըստ էության չէին էլ ձգտում, ես կարողացա ընդգրկել մեր բանակի կազմում:
_______________________
[1] Սահմանային մանր ընդհարումները Կասկայի իշխանության հետ շարունակվեցին մինչև մ.թ.ա. 1300 թվականը:
[2] Արիկդենիլի (մ.թ.ա. 1319-1307): Ասորեստանի արքա, որի օրոք Ասորեստանը շարունակեց հզորանալ:
[3] Քաղաք-օազիս Ասորիքի հարավում:
[4] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1307 թվականով:
[5] Արի-Թեշուբ (մ.թ.ա. XIV դարի վերջ): Կադեշի տիրակալ:
[6] Ռամզես II (մ.թ.ա. 1304-1236): Եգիպտոսի XIX գահատոհմի փարավոն, որի օրոք Եգիպտոսը հասավ մեծ հզորության:
[7] “Ծովի ժողովուրդներ”-ը (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) քոչվոր ապրելակերպ վարող ցեղեր կամ ժողովուրդներ էին, որոնք մ.թ.ա. XIV դարի վերջից սկսեցին ավերիչ արշավանքներ իրականացնել Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում:
[8] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1302 թվականով:
Էջանիշներ