Lion-ի խոսքերից
*
Խորեխեմբի թագավորության քսաներեքերորդ տարում Սուպիլուլիուման կամ Մուրսիլը, որը վերջնականապես տիրել էր հյուսիսին և ի վերջո հնարավորություն էր ստացել հավաքել նախկինում չտեսնված մեծ ուժեր ի դեմս բուն խեթական բանակի, ինչպես նաև դաշնակից Միտանիի, Արմենիի, Հայայի, Կիլիկիայի ու այլ թագավորությունների և իշխանությունների օժանդակ խոշոր զորաբանակների, առիթ ունենալով Ցանացայի սպանությունը, որոշեց վերջնական հարված հասցնել Եգիպտոսին: Մենք ևս եռանդուն կերպով պատրաստվում էինք պատերազմի և, տեղեկություն ստանալով խեթերի առաջխաղացման մասին, բոլոր առկա ուժերով շարժվեցինք դեպի Ասորիքի հյուսիս: Գործը, սակայն ճակատամարտին չհասավ և ահա թե ինչու:
Անպետք Էխնաթոնի ստեղծած խառնաշփոթից հետո, երբ Խորեխեմբի հետ միասին մենք փորձում էինք ոտքի հանել Եգիպտոսը, սակայն առկա ռազմական ուժերը սահմանափակ էին ու բացի այդ դանդաղ էին հավաքվում, ես միտք հղացա ստեղծել անմահների առանձնահատուկ հարվածային մի ջոկատ: Իհարկե, ջոկատը սահմանափակ թվաքանակ կունենար ու երևի թե երազանք կլիներ այդ ջոկատում նույնիսկ երկու տասնյակ մարտիկ տեսնելը, բայց փոխարենը բոլոր անմահներն էլ կոփված ռազմիկներ էին և նրանցից յուրաքանչյուրը մեկ տասնյակ սովորական ռազմիկ կարժենար: Այն ժամանակ միտքն ինձ դուր եկավ, քանի որ ոսկի մեր երկրում ինչքան ասես կար: Ահա թե ինչու Խորեխեմբի իշխանության արգասաբեր տարիներին ես այդ ուղղությամբ ակտիվորեն գործի անցա:
Անմահների մոտավոր ցուցակը ես ունեի, մնում էր որևէ կերպ շահագրգռել նրանց մասնակցություն բերել իմ գործին: Բնականաբար ամենից առաջ մտածեցի Հայկի մասին, բայց հետո հասկացա, որ բարեկամս ոչ մի գնով չի թողնի իր յուրօրինակ դիրքը Հայաստանում, աչքաթող չի անի հայերի համար պայքարելու գործը և, ինչ էլ ես իրեն առաջարկեմ, չի գա մարտնչելու Եգիպտոսի շահերի համար: Հետո փորձեցի կապվել Աբրամի ու նրա կողակից Շամիի հետ: Աբրամը, որ այդ ժամանակ արդեն թողել էր մի ժամանակ Պաղեստինում իր կողմից հիմնադրած Իսրայելի իշխանությունը տեղի առաջնորդներին և հաջողությամբ ավարտել էր մի ժամանակ իր կողմից առաջնորդվող եբրայների առաջին խմբին պետությամբ ապահովելու գործընթացը, Խորեխեմբի թագավորության տարիներում Ասորիքում եբրայների նոր ու այս անգամ ավելի բազմաքանակ խմբեր էր կազմակերպել: Ձևականորեն ենթարկվելով մեզ` իրականում, սակայն, սա վարում էր անկախ մի քաղաքականություն և փորձում էր նոր տարածքներ ձեռք բերել եբրայների իր մինչ այդ հիմնած պետության համար: Այսպիսով սեփական ծրագրերով տարված Աբրամին ես ևս այդպես էլ չկարողացա համոզել մասնակցել իմ ձեռնարկին, իսկ Շամիին էլ ուղղակի չգտա:
Անօգուտ անցավ նաև փորձս կապվել Ու-Վանի հետ, քանի որ խաղաղասիրական և արևելյան իր փիլիսոփայությամբ տարված այս մարդը, որի հետ ես մի ժամանակ բավականին դրամատիկ հանգամանքներում ծանոթացա Թեբեում, որևէ ցանկություն չուներ զենք վերցնելու ու մարտնչելու նյութական որևէ օգուտի համար: Մի պահ մտածեցի Աժդահակի մասին, բայց բարեբախտաբար ինձնից շատ արագ վանեցի այդ միտքը, քանի որ մի կողմից ալիքների տակ մնացած Աժդահակին առայժմ անհնար էր գտնել, մյուս կողմից էլ` դաժանորեն անկանխատեսելի այդ մարդուն ես դժվար թե կարողանայի համոզել միանալ իմ գործին կամ էլ գործել ըստ իմ ցանկության:
Եվ ահա ես այն է, ինչ արդեն ուզում էի հրաժարվել իմ այդ հիանալի գաղափարից, երբ ճակատագիրն ինքը ինձ մի անակնկալ ու, ինչպես այն ժամանակ էր ինձ թվում, մեծ նվեր մատուցեց` ես հանդիպեցի Կռոնոսին, իսկ հետո էլ գտա Սիլասին և Կասպիանին:
Կռոնոսին ես գտա Մեծ Անապատում թափառող ցեղերից մեկում և սկսեցի հետևել նրա հետագա կյանքին: Պարզվեց, որ չնայած ապրում է Մեծ Անապատում, Կռոնոսն այնուհանդերձ Մեծ Անապատի զավակ չէ, այլ փյունիկցի է, որն առևանգվել էր Մեծ Անապատի որդիների կողմից դեռևս երեխա ժամանակ: Երեսուն տարեկանում, երբ սա արդեն իր ցեղի առաջնորդն էր, նա զոհ էր գնացել Մեծ Անապատում փոթորկվող ժանտախտի համաճարակին: Դրանից հետո ես չհապաղեցի, վերակենդանացած Կռոնոսին բերեցի Եգիպտոս, բացատրեցի նրան իր վիճակը, վերցրեցի ինձ մոտ և աստիճանաբար դարձրի ընտիր մի ռազմիկ: Այս երջանիկ հայտնությունն ինձ հուշեց, որ Մեծ Անապատում կարելի է գտնել ուրիշ անմահների ևս ու կյանքը ցույց տվեց, որ ես չէի սխալվել, քանի որ մի քանի տարի անց ես գտա նաև մարտում զոհված Սիլասին, իսկ հետո էլ հանդիպեցի սովին զոհ գնացած Կասպիանին: Արդյունքում, արդեն խեթական այդ վերջին հարձակման ժամանակ ես գլխավորում էի երեք հոգուց կազմված մի ընտիր ջոկատ, որը հիանալի էր գործում անակնկալ-կայծակնային, ինչպես նաև գաղտնի գործողություններում:
Էջանիշներ