- Բա՜, որ ասում էի կզարմանա՞ս: Ու եթե մենք հիմա հետևենք ձեր քրմերի հայտնագործություններին, այսինքն շարժվենք երկու կետերի միջև ընկած ամենակարճ ճանապարհով, շատ է մեծ հավանականությունը, որ մեր ճանապարհը չենք վերջացնի այնտեղ, որտեղ ուզում ենք, այլ կհանգրվանենք Արմավիրի արքայական զնդանում: Դժվար թե այդ ժամանակ մեզ համար հարմար քչփորող գտնենք…
- Իրո՜ք, գրողը տանի, ես այդ մասին չէի մտածել:
- Բա՜, սա քո համար ձեր Քուշը չի, է՜, ու ոչ էլ նույնիսկ Համուրապպիի Բաբելոնը: Այս գործին ես եմ ձեռք զարկել, այն էլ ոչ մեկ տասնամյակի ընթացքում, այնպե՜ս որ…
- Գրողը քեզ տանի,- ընդհատեց Մենեսը,- քո սեփական հայտնագործությունը հիմա մեր դեմ է դուրս գալիս:
- Տենց մի բան,- բազմանշանակ ժպտացի ես,- թեև ասեմ, որ եթե նորից առիթ լիներ, ես այդ հայտնագործությունն էլի կանեի:
- Հա դե պարզ է, հայրենասեր մեռնում ես, էլի,- ծիծաղեց Մենեսը, բայց հետո նորից լրջացավ,- բա հիմա մենք… ի՞նչ անենք:
- Ըհը՜, այ այդտեղից պետք է սկսեիր, թե չէ ոտքերիդ ես զոռ տալիս: Դու չգիտեմ ինչպես,- բարեկամիս խոսքերը վերադարձրեցի իրեն,- բայց այ օրինակ ես, օգտվելով Արմավիրի շուկայում ձեռք բերած արագընթաց նժույգներից, պատրաստվում եմ սկզբում շարժվել դեպի հյուսիս, հետո, մեծ շրջան կատարելով Հյուսիսային Մեծ ծովի հայաստանյան ափերով, անցնել Խեթթի, այնտեղից էլ Կիլիկիա, որտեղից էլ փյունիկյան արագընթաց նավերից մեկը ինձ կհասցնի հարավային առևտրական քաղաքներից մեկը, նու, ասենք, Բիբլոս [1]:
- Ես քեզ հետ եմ,- կողքիս կանգնեց բարեկամս:
- Հա, բայց մինչև գնալս ես դեռ մի քանի կարևոր գործեր էլ պետք է կարգավորեմ:
- Գնացի՜նք, միջոցներ իմ մոտ բավականին կան, սկզբնական ժամանակներում կհերիքի, իսկ հետո, երբ ամեն ինչ մի քիչ կխաղաղվի, դու կկարողանաս արդեն ավելի անվտանգ պայմաններում այցելություն կատարել քո թաքստարանները:
- Տո այ քուրմ, հարցը դա չի, բա իմ սալիկնե՞րը:
- Դրա՞նք ուր ես ուզում տանել:
- Գուցե չհավատաս, բայց… Եգիպտոս,- ժպտացի ես,- Արմավիրի արքունական գրադարանում ես դրանցից մի քանի օրինակներ ստեղծել եմ, ուզում եմ, որ մեկ օրինակ էլ, համենայն դեպս, էլի, Եգիպտոսում մնա:
- Լավ, էդ հասկացանք, ուրի՞շ ինչ գործ ունես:
- Իսկ իմ թո՞ւրը:
- Դե՜ե՜ե՜, դրա հարցն ավելի հեշտ է: Երբ ձեր ճարպիկ տղերքը փորձում էին ճանկել մի խեղճ ու կրակ եգիպտացու և նա ստիպված թռել էր պատուհանագոգին, վերջին պահին նա պատահականորեն տեսավ անկյունում դրված քո թուրը, խլեց այն ու ցատկեց ներքև,- ծիծաղեց Մենեսը,- ու մինչ ձերոնք ներքևում ինձ կբռնեին, ես հասցրեցի թաքցնել այն կոյուղահորում, իսկ հետո էլ, երբ ես փախա դիարանից, հանեցի այնտեղից: Ահա թուրդ:
Մենես շորերի ծալքերի միջից հանեց թուրս ու տվեց ինձ: Մենք դուրս եկանք Արմավիրի մոտ գտնվող և ավելի շուտ աղբանոց հիշեցնող գերեզմանատնից, որտեղ թաղում էին անտեր մեռելներին կամ էլ ինձ նման արքայական բարեհաճությունից զրկված անձանց, ու մոտեցանք ծառերին կապված ձիերին:
- Թրիս համար անչափ շնորհակալություն, Մենես ջան, չէի էլ պատկերացնում, թե առանց դրա ինչ էի անելու:
- Դե լա՜ա՜վ, դատարկ բա՜ն է,- պատասխանեց Մենեսը:
- Չէ՜, մի ասա, ամեն ինչից զատ սա նաև հորիցս է հիշատակ,- Մենեսը հասկացած ժպտաց, իսկ ես, տեսնելով ծառից կապված երեք նժույգները, գլխով արեցի,- հարգում եմ քո հեռատեսությունը, բարեկամս, երկուսիս համար երեք նժույգ: Ճանապարհին մեկը կարող է շարքից դուրս գալ և մենք…
- Չէ՜, Հայկ ջան, երրորդ նժույգը մենք երևի թե նույնիսկ այդ դեպքում էլ չօգտագործենք: Մենք պետք է խնայենք նժույգները, հակառակ դեպքում ստիպված կլինենք հրաժարվել բավականին թանկարժեք մեր բեռներից:
- Մեջդ մաքսանենգության տաղա՞նդ ես հայտնաբերել, ով քուրմ իմ բարեկամ,- ծիծաղելով թփթփացրեցի Մենեսի ուսին:
- Չէ՜է ՜, ով լեռնեցի իմ բարեկամ, ուղղակի բարեկամներիցս մեկի սալիկների մեկ օրինակն եմ որոշել ապօրինի կերպով դուրս հանել Հայոց թագավորությունից,- ի պատասխան մեջքիս թփթփացրեց արդեն Մենեսը ու, մինչ ես անակնկալի եկած մեխվել էի տեղումս և, դժվարությամբ բերանս բացելով փորձում էի որևէ բան ասել, մոտեցավ ծառի տակ դրված ու նոր միայն նկատածս արկղին, դժվարությամբ գրկեց այն, նայեց վրաս և շարունակեց,- այդ սալիկներն ինձ զարմանալի կերպով դուր եկան, ի՞նչ կարող եմ անել: Անհագ սեր դեպի գիտությունը կամ նման մի բան, ընկալիր դա ինչպես ցանկանում ես…
_____________________
[1] Հայտնի ծովային առևտրական քաղաք Փյունիկիայում:
Էջանիշներ