Ահա, կարծես թե Հայկի կյանքի հերթական մի դարաշրջանն էլ ավարտվեց...![]()
Ահա, կարծես թե Հայկի կյանքի հերթական մի դարաշրջանն էլ ավարտվեց...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
*
“Ամասիան [1] մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին կանացի աստծո ռազմիկները: Նրանք իրենց գահը տեղափոխեցին Ալիոն և ասպատակելով ամայացրեցին շրջակայքը: Տասնմեկ թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց…” [2],- վերջին բառերը հատելուց հետո ես ուղղվեցի և մի կողմ դրեցի հատիչը. այսօրվա աշխատանքը կարծես թե վերջացրել էի…
Արդեն երկար ժամանակ էր, որ օրվաս մեծագույն մասը ես անց էի կացնում Արմավիրի արքայական գրադարանում, որտեղ փորձում էի ժամանակագրական հստակ հերթականությամբ ու հնարավորինս մեծ ճշգրտությամբ սերունդների դատին հանձնել վերջին հարյուրամյակներում մեր ու շրջակա ազգերի հետ կապված իրադարձությունները: Սրանից երևի մի տասնհինգ տարի առաջ էր, որ ես թույլատվություն խնդրեցի այն ժամանակ դեռ նոր-նոր Հայոց արքա հռչակված Անուշավան Սոսանվերից [3] ուսումնասիրություններ կատարել արքունական գրադարանում: Արքան ոչ միայն օժանդակեց ինձ, այլև նշանակեց արքունի գրադարանի ղեկավար: Եվ ահա հիմա, ի մի բերելով երկար տարիների ջանքերիս արդյունքը, ես ստեղծում էի անցյալի իրական համայնապատկերը` անհայտության անդունդից վեր հանելով մոռացված մարդկանց ու դեմքերին…
Ոտքի կանգնեցի ու սկսեցի քայլել սենյակում: Ուշ գիշեր էր: Չէ, այնպես չէր, որ ներկան ինձ չէր հետաքրքրում, բայց այնպես էր ստացվել, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ սկսել էի տարվել անցյալով: Մոտեցա պատուհանին ու հիշեցի մի քանի օր առաջ տեղի ունեցած արևի խավարումը: Հենց արևի նման մի խավարումն էր, որ տեղի ունեցավ սրանից ուղիղ չորս հարյուրամյակ առաջ ու գուժեց մեծ փոփոխությունների սկիզբը: Արևի խավարումը…
Անակնկալ սուր զգացումը կտրեց ինձ խոհերիցս ու միանգամից սթափեցրեց: Վաղուց էր, որ ես չէի զգացել իմ նման մեկ այլ մարդու ներկայությունը: Գրեթե միանգամից էլ դուռը թակեցին և ներս եկած պահակը զեկուցեց, որ ինչ-որ մի օտարական ցանկություն է հայտնել տեսնել ինձ: Ես պատվիրեցի ներս հրավիրել օտարականին:
- Ողջույննե՜րս Մենես Գոռախային,- դիտավորյալ բարձրաձայն ասացի ես, երբ լսեցի քայլեր դռան հետևում,- վաղուց է արդեն, որ ես հյուրեր չեմ ունեցել նման հեռավորությունից:
- Ողջույն լեռնական բարեկամին,- իր անփոխարինելի ժպիտը դեմքին դռնից ներս մտավ Մենեսը և ծիծաղեց,- կուժերի ու կուլաների պահով իմ դասերը դու լավ ես յուրացրել, Հայկ, քանի որ ես վստահ չեմ, որ այս անգամ էլ են քո հետախույզները քեզ տեղեկացրել իմ գալու մասին:
Մենք ողջագուրվեցինք ու ես զգացի, որ վերջին տասնամյակներում իմ բարեկամը իրոք որ ինձ չէր հերիքել: Բարեկամիս դեմքի արտահայտությունից զգացի, որ նույն զգացումներն են փոթորկում նաև նրան:
- Հետախույզներ արդեն չկան, Մենես ջան,- ծիծաղեցի ես,- ավելի շուտ չէ, նրանք կան, բայց արդեն իմը չեն: Ես չկամ, ես արդեն ծեր եմ:
- Ծե՜ր ես,- կեղծ նեղացած փնթփնթաց բարեկամս,- մի ժամանակ էլ էիր դու ծեր, բայց հետո, ինչքան հիշում եմ, աքքադացի այն ավազակի մորուքը պոկեցիր ու հետդ որպես հիշատակ տարար:
- Է՜հ՜հ՜հ՜, Մենես, այն ժամանակ ես հզոր մի իշխան էի Հայաստանի հարավում, իսկ հիմա՞: Հիմա ես ընդամենը կյանքից հոգնած ու անցյալով ապրող մի գրադարանավար եմ, որը ներկայում արդեն ոչինչ չունի:
- Հեռացել ես, հա՞,- ժպտալով հարցրեց Մենեսը,- այդ դու չէի՞ր, որ քո մարտակառքերով դղրդացնում էիր Բաբելոնի պարիսպները, իսկ հզոր ձայնդ էլ այնպես էր որոտում մարտադաշտում, որ հակառակորդիդ ռազմիկները փշաքաղվում էին: Դե լավ, լա՜վ, իմ լա՜վ բարեկամ, ես քո ծերանալը լա՜վ գիտեմ,- ուսիս թփթփացրեց Մենեսը:
- Եղել է, բարեկամս, դա էլ է եղել, ո՞ւր կարող եմ փախչել անցյալիցս,- ծիծաղեցի ես, բայց հետո, որոշակիորեն լրջանալով` շարունակեցի,- բայց հիմա ես հեռացել եմ այդ ամենից, Մենես:
- Դու, հեռացե՞լ ես,- զարմացած հարցրեց Մենեսը,- ճիշտն ասած ես լսել էի, որ դու օրեր ես մթնեցնում այս գրադարանում, բայց չէի ուզում հավատալ, որ դա իրոք այդպես է:
Պատասխանելու փոխարեն ես մոտեցա պահարանին և, բացելով այն, սկսեցի սեղանին շարել սննդի իմ բավականին համեստ պաշարները:
- Փառահեղ հյուրասիրություն եգիպտական իմ քրմին խոստանում եմ վաղը,- ժպտացի ես,- իսկ առայժմ առաջարկում եմ հագենալ համեստ մի գրադարանավարի ունեցածով:
- Տո այ համեստ գրադարանավար, քո հետ սեղան նստելը այնքան հաճելի մի գործ է, որ հանուն դրա ես պատրաստ եմ նույն այդ սեղանի շուրջը նույնիսկ չորացրած սև հաց էլ ուտել: Հան, հլը շարիր սեղանի՜ն քո ունեցածը, հիմա մենք դրա հախիցը կգանք...
_____________________
[1] Ամասիա (մ.թ.ա. 1940-1908): Հայոց արքա, որը ի վերջո կարողացավ հաղթանակ տանել մայրիշխանության փուլում գտնվող ամորիացիների նկատմամբ և վերջ տալ սրանց ավերիչ արշավանքներին դեպի Հայաստան ու հարակից երկրներ:
[2] Այստեղ տրվում է Մխիթար Այրիվանցու միջոցով մեզ հասած տեքստի զուտ ոճաբանական իմաստով կամային շարադրանքը:
[3] Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. մ.թ.ա. 1725-1662): Հայոց արքա, որի օրոք ստեղծվեց Արիական տերությունը և առաջացավ Հայկական երրորդ գերիշխանությունը:
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 07:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մինչ ես սեղան էի գցում, Մենեսը մոտեցավ իմ կավե սալիկներին ու սկսեց ծանոթանալ դրանց բովանդակությունը:
- Բայց ահագին գործ ես արել, Հայկ,- դարձավ ինձ բարեկամս,- ու կարծես թե արդեն վերջացնում էլ ես:
- Այո,- հաստատեցի ես,- վերջին տարիների իմ տքնության արդյունքը եղավ այն, որ ես կարողացա շարադրել իմ ժողովրդի, իսկ որոշակի առումով նաև հարևան ազգերի պատմությունը մինչև ներկայիս արքա Անուշավանի պապի հոր` Մեծն Արամի [1] գահակալության սկիզբը: Մնացել է վերջին հարյուր տարվա պատմությունը,- գլխով արեցի ես:
- Պատմությունդ շարունակում ես արևի միջագետքյան այն խավարումո՜ւվ,- մտախոհ սկսեց սալիկները դիտարկել Մենեսը,- հիշո՜ւմ եմ, այն ժամանակ ես ու դու դեռ Ուրուկո՜ւմ էինք ապրում: Այո՜,- շարունակեց բարեկամս,- կար ժամանակ, երբ Միջագետքում տոն էին տալիս Գուդեայի [2] նման հզոր անհատականությունները, որոնք կարողանում էին ոչ միայն ճիշտ գնահատել ներկայիս օրն ու տեսնել վաղվանը, այլև աչքի պոչով էլ ծիկրակել նաև, թե ինչ է կատարվելու մյո՜ւս օրը,- ափսոսանքով հիշեցրեց բարեկամս,- բայց նրա հաջորդած որդին` Ուրնինգիրսուն [3], մյուս որդի Պիրիգմեն [4], իսկ հետո էլ Գուդեայի կնոջ հաջորդ ամուսին Ուր-Նգարը [5] հազիվ էին հիշեցնում իրենց հզոր նախնու ստվերը:
- Է՜է՜է՜հ , Մենես ջան, միջագետքցիներին թվում էր, որ այն բարգավաճումը, որ իրենք տեսան այդ իննսուն տարում, միայն և միայն իրենց ձեռքի գործն էր: Բայց չէ՞ որ դա ժամանակին ձեռք էր բերվել հենց մեր ռազմիկների արյան գնով և այդ ժամանակ էլ ապահովվում էր հենց նրանց ջանքերով: Խաղաղ այդ ժամանակաշրջանը ստիպեց դրանց մոռանալ Մեծ Անապատի ցասումը, որը այդ ժամանակ թեև դեռ հանգիստ էր, սակայն, դատելով ամեն ինչից, կրկին ուժեր էր կուտակում:
- Այն ժամանակ դու Տիգրան Հայկազունու [6] զինակիրն էիր, Հայկ,- հիշեց Մենեսը,- Տիգրանի, ձեր այն հզոր ռազմիկ-արքայի, որն այդքան կարճ կառավարեց:
- Լա՜ա՜վ, Մենե՜ս,- ձեռքով արեցի ես,- այդ տխուր պատմությունը հիշելու դեռ ժամանակ կունենա՜նք: Արի՜ի՜ի, պատի՜վ արա ինձ հետ կիսել իմ հացը,- մի կողմ քաշեցի աթոռը ու բարեկամիս հրավիրեցի սեղանի մոտ:
- Հետաքրքիր մարդ ես դու, Հայկ,- բարեկամս մի կողմ դրեց սալիկները ու մոտեցավ սեղանին,- ժամանակին երկրների ճակատագրեր էիր տնօրինում, իսկ հիմա բավարարվում ես այս ամենով,- ակնակրելով սալիկներս` Մենեսը նստեց առաջարկածս աթոռին ու կրկին դարձավ ինձ,- ես այսքան ժամանակ է քեզ ճանաչում եմ, բայց դու չես դադարեցնում զարմացնել ինձ:
- Մի խելոք մարդ, Մենես, ժամանակին ասել է. “Տեսնելով բարին, ես նետվոմ եմ դեպի այն այնպես, կարծես վախենում եմ ուշանալ: Տեսնելով չարը` ես հեռու եմ փախչում նրանից այնպես, կարծես դիմացս եռացող ջուր է”,- նայեցի բարեկամիս ու շարունակեցի,- ես հեռացել եմ այդ ամենից, բարեկամս, հեռացել եմ, որ չկորցնեմ կյանքի իմ ճիշտը:
_____________________
[1] Արամ I Միավորիչ (մ.թ.ա. 1827-1769): Հայոց արքա, որի օրոք գոյություն ունեցավ Հայկական երկրորդ գերիշխանությունը:
[2] Գուդեա (մ.թ.ա. 2130-2120): Լագաշի II գահատոհմի ամենահայտնի ներկայացուցիչը, որը հսկայական մշակութային և տնտեսական գործունեություն ծավալեց Միջագետքում:
[3] Ուրնինգիրսու (մ.թ.ա. 2120-2115): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[4] Պիրիգմե (մ.թ.ա. 2115-2113): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[5] Ուր-Նգար (մ.թ.ա. 2113-2109): Լագաշի II գահատոհմի հերթական ներկայացուցիչը:
[6] Տիգրան (Տիրիգան) (մ.թ.ա. 2109-2108): Հայոց արքա, որի օրոք Հայկական առաջին գերիշխանությունը վերջացավ և որը զոհվեց իր բանակով դեպի Հայաստան նահանջելիս:
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 07:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մենեսը ոչինչ չպատասխանեց և սկսեց մտախոհ տեսքով կարագը քսել հացի կտորին: Ես վեր կացա տեղիցս ու կրկին մոտեցա պատուհանին:
- Ես հեռացել եմ այդ ամենից, Մենես, քանի որ զգում եմ իմ ավելորդությունը այդ ամենում: Ամեն ինչ կարծես թե նմանվում է կառավարումը կորցրած մարտակառքի, որը առայժմ սլանում է հարթավայրում, բայց հեռու չեն նաև գահավեժերը: Քո հայտնվելն ինքն էլ ինչ-որ տեղ այդ մասին է վկայում` հարթավայրը վերջանում է:
Ես կրկին մոտեցա սեղանին ու նստեցի բարեկամիս դիմաց.
- Մենք չափազանց երկար գիտեք միմյանց, Հայկ, որ իրարից նման բաները թաքցնենք,- ինձ դարձավ Մենեսը,- այո, բարեկամս, ես այստեղ պատահական չէ, որ հայտնվել եմ: Ինձ ուղարկել է մեր փարավոն Մերնեֆերին [1], որ զգամ ու հասկանամ ձեր արքայի իրական մտադրությունները: Իհարկե, այցելությանս ձևական կողմը ընդամենը միայն նվերներ փոխանցելն ու բարեկամության հավաստիացումներ ստանալն է, բայց դե՜…,- Մենեսը լռեց ու շարունակեց ուտել:
- Ձեզ անհանգստացնում է Կարդունիաշի իշխան Ագում Մեծի [2] և Էլամի արքա Կուտիր-Նուխունտեի [3] գործունեությունը,- ժպտացի ես,- Բաբելոնի վերջն արդեն եկել է և դուք վախենում եք, որ մեր մարտակառքերը հանկարծ ու կփոխեն իրենց ուղղությունը:
- Բաբելոնն արդեն չկա,- ձեռքը թափ տվեց բարեկամս,- Շամշի-իլունան [4] էր, որ արհեստական միջոցառումներով պահպանում էր այդ երբեմնի հսկայի կյանքը, բայց նա էլ անցած տարի մահացավ ու հիմա արդեն իրոք որ վերջ: Չէ, քաղաքը հզոր է ու այն, անկասկած, դեռ երկար կգոյատևի, բայց Բաբելոնի մեծ տերությունն արդեն իրոք որ չկա: Իսկ դույլում լցվող ջուրը, երբ այն հասնում է պռնկին, մի օր թափվելու է,- Մենեսը մտախոհ նայեց ինձ ու լռեց:
- Ջո՜ւրը,- ձգեցի ես,- վերջին իրադարձություննրեից հետո Էլամի թագավորությանը բաժին հասավ հսկայական ավար, բայց` ընդամենը: Իսկ ահա Հյուսիս-արևմտյան Միջագետքը ընկավ մեր թագավորությանը ենթակա Կարդունիաշի իշխանության տիրապետության տակ և արդեն ակնհայտ է, որ ջուրը իրոք որ մոտենում է պռնկին:
- Ես չեմ թաքցնի քեզնի, Հայկ, որ այդ ամենը մեզ շատ է անհանգստացնում: Մյուսներին ավելի շատ, քան ինձ, բայց այնուհանդերձ: Այժմ ձեր երկրում իշխում են Հայկազունիները, իսկ նրանց համար հորդ ասած խոսքերը սրբություն են: Հիշո՞ւմ ես, մյուս ազգերին տիրելու վերաբերյալ այն բառերը, որ դու շատ անգամ ես ինձ մոտ ասել:
- Արա Կարդոսը [5] քաջարի տիրակալ էր, Մենես,- դարձա ես բարեկամիս,- բայց նա զոհվեց երեսուն տարեկան հասակում, երբ նրա որդին ու ներկայիս արքան դեռևս փոքր էր: Կարդոսը իր պապերի ժառանգության արժանի կրողն էր, բայց նա ուղղակի չհասցրեց որդուն փոխանցել այդ ամենը: Հայոց թագավորության ուժը եռք է տալիս ու այն վաղ թե ուշ դուրս է գալու իր սահմաններից: Սակայն երկաթե դույլում եռացող ջուրը սովորաբար թափվելու հատկություն ունի, Մենես, իսկ այ թափվելուց հետո, երբ եռքը վերջանում է, հանկարծ պարզվում է, որ ջրի քանակությունը դույլում կես է ընկել: Ես հեռու եմ պահում ինձ այդ ամենից, բարեկամս, բայց զգում եմ, որ սկիզբ են առնում արդեն մեծ փոփոխություններ,- ես լռեցի:
- Բաբելոնն արդեն չկա, իսկ Շամին էլ այնպես չխառնեց Ասորեստանի գործերը, որ այն ևս լինի,- շարունակեց բարեկամս,- ձեր արքան տենչում է դեպի հեռուները, իսկ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
- Դա այդպես է, Մենես,- գլուխս օրորեցի ես,- կառավարումը կորցրած կատաղած ձիերը կարծես քշում են մեր մարտակառքը դեպի հեռուները ու ես չեմ էլ պատկերացնում, թե ոնց է հնարավոր կանգնեցնել այդ խելագար վազքը,- ես ոտքի կանգնեցի,- գնանք, բարեկամս, գնանք քնելու, դու հոգնած կլինես ու արդեն ուշ է: Վաղը Ավագների ժողով է հրավիրված, որտեղ շատ բան կորոշվի: Գնանք, վաղը ամեն ինչ կպարզաբանվի…
_____________________
[1] Մերնեֆերի (մ.թ.ա. 1714-1710): Եգիպտոսի XIII գահատոհմի փարավոն:
[2] Ագում Մեծ (մ.թ.ա. XVIII դարի երկրորդ կես): Կարդունիասի իշխանության իշխան:
[3] Կուտիր-Նուխունտե (մ.թ.ա. 1740-1700): Էլամի արքա:
[4] Շամշի-իլունա (մ.թ.ա. 1749-1711): Բաբելոնի արքա, որի մահից հետո նրա երկիրը բացարձակապես զրկվեց որևէ տարածաշրջանային նշանակությունից:
[5] Արա II Կարդոս (մ.թ.ա. 1743-1725): Հայոց արքա, որի օրոք ընթացան մեծ հաշվով հաջող պատերազմներ Բաբելոնի և Ասորեստանի դեմ ու զոհ գնաց ասորական դավադրությանը:
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 07:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
*
Ամառային շոգից շնչասպառ լինող Արմավիրը մի քանի օր էր արդեն, որ նմանվել էր իսկական մի մեղվանոցի: Պատճառն այն էր, որ Հայոց թագավորության արքա Անուշավան Սոսանվերի կողմից հրավիրվել էր Հայոց Ավագների ժողով: Արդյունքում Արմավիրում էին հավաքվել առաջնորդներ Հայոց թագավորության տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներից: Այստեղ էին բոլորը, սկսած նահանգապետ իշխաններից, որոնցից յուրաքանչյուրի իշխանությունը տարածվում էր իսկական թագավորության հավասար մի տարածքի վրա, վերջացրած քաղաքային ու գյուղական ավագանու ներկայացուցիչներով: Իսկ նման հավաքը իրոք որ իմաստ ուներ, քանի որ օրակարգում դրված էր խիստ կարևոր մի հարց: Մենեսի հետ խոսելիս ես մանրամասների մեջ շատ չմտա, քանի որ ամեն դեպքում ես գործ ունեին մեր հնարավոր հակառակորդ պետության ներկայացուցչի հետ, բայց իրականում ինձ հայտնի էր, թե ինչ է քննարկվելու Ավագների ժողովում:
“Բաբելոնն արդեն չկա, ուսուցիչ, Միջագետքը ընկել է Հայոց թագավորության տիրապետության տակ և Անուշավանը նոր նվաճումներ է տենչում”,- այսպես բնորոշեց իր մեծ եղբոր և Հայոց արքայի տրամադրությունը Հայոմարտը [1], որը սրանից մի քանի օր առաջ հյուր էր եկել ինձ մոտ` գրադարան: Շիկահեր ու սպիտակամաշկ, հաղթանդամ կառուցվածքով և բարձր հասակով աչքի ընկնող այդ երիտասարդը միաժամանակ նաև կենդանի մեծ խելքի ու լայն մտահորիզոնի տեր մի անձնավորություն էր, որը հաճախ էր ժամեր անցկացնում արքայական գրադարանում` ուսումնասիրելով աստղագիտության, անասնապահության, դարբնության, դերձակության, ինչպես նաև ոռոգման համակարգերի կիրառության նրբությունները: Հայոմարտը այդ ամենն ասաց կարծես թե իմիջայլոց, բայց այն ժամանակ ես զգացի, թե Արմավիրի արքայական պալատում այդ գաղափարն ինչ աստիճան խորն է արմատներ ձգել: “Հայկ Նահապետի իշխանությունը կտարածվի հեռունե՜րը”,- աչքերում կրակոտ փայլ շողացնելով ոգևորված պատմեց Հայոմարտը,- “Մենք կհասնենք այնպիսի՜ հեռուներ, որտեղ արիներից և ոչ մեկը դեռևս ոտք չի դրել”: Այդ ժամանակ ես հարմար չգտա Հայոմարտին բացահայտել իմ կարծիքը նվաճումների մասին, թեև եթե նույնիսկ ասեի, գուցե օգուտ էլ չլիներ…
Մենեսի ժամանելու հաջորդ օրը առավոտյան, թողնելով բարեկամիս գրադարանում, ես ուղևորվեցի դեպի Արմավիրի արքայական պալատ ու տեղավորվեցի Ավագների ժողովում շարված նստարանների հարևանությամբ` պատի տակ: Այդ տեղը, որպես ժողովի պատվավոր մասնակցի, ինձ էր տրամադրել դեռևս ներկայիս արքայի պապը` Արա Գեղեցիկը [2]:
Նշանակած ժամին հատուկ իր համար պատրաստված բարձր գահավորակին նստած Անուշավանը Ավագների ժողովը հայտարարեց բացված: Սկզբում քննարկում էին երկրի կառավարման հետ կապված ընթացիկ հարցեր, որոնցից ես լավ տեղյակ չէի, դրա համար էլ լսում էի բավականին ցրված: Բացի այդ ակնհայտ էր, որ մեզ դրա համար չեն հավաքել և առայժմ ընդամենը միայն ֆոն է ստեղծվում հետագա կարևոր թեմաներին անցնելու համար: Այդպես էլ եղավ: Ի վերջո խոսք վերցրեց Անուշավան Սոսանվերը և, կանգնելով իր գահավորակի առաջ, խոսեց.
- Ես կանչել եմ ձեզ ավագների խորհրդի երկրի համար կարևորագույն մի հարց քննարկելու նպատակով,- խոսեց Հայոց արքան,- մենք կոչված ենք լուծելու մեր հարևան երկրների հետ կապված անհարթությունները և վերջնականապես վճռելու մեր երկրների ճակատագրերը: Սակայն մինչև բուն հարցին անցնելը ավելորդ չեմ համարում հիշեցնել վերջին տասնամյակների զարգացումները:
Անուշավանի խրոխտ ձայնը հստակորեն լսվում էր Ավագների ժողովում: Իր խոսքում նա անդրադառնում էր վերջին հարյուրամյակների պատմությանը, պատմում էր հայոց նվաճումների մասին, հիշեցնում Առաջին գերիշխանությունը [3] ու փառաբանում Երկրորդը [4]: Ժողովի մասնակիցների մեծագույն մասը ծանոթ էր այդ ամենին, սակայն իր ամբողջական ու հղկված տեսքով այն գրեթե բոլորն էլ առաջին անգամ էին լսում: Ինձ համար ևս հետաքրքիր էր լսել այդ ամենը, թեև շատ դեպքերում ես ինքս էի հանդես եկել որպես իրադարձությունների ականատես և նույնիսկ անմիջական մասնակից:
_____________________
[1] Հայոմարտ (մ.թ.ա. XVIII դարի վերջ և XVII դարի սկիզբ): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը աստվածացվեց տեղացիների կողմից և որի սերունդները հետագայում իշխեցին Պարսկաստանում: Կայենյանների, Աքեմենյանների և Սասանյանների նախնին:
[2] Արա I Գեղեցիկ (մ.թ.ա. 1769-1743): Հայոց արքա, որը համառ պատերազմներ մղեց Բաբելոնի և Ասորեստանի դեմ ու զոհվեց մարտի դաշտում:
[3] Հայկական առաջին գերիշխանությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2200-2109 թվականներին:
[4] Հայկական երկրորդ գերիշխանությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1813-1757 թվականներին:
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 08:10:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դահլիճում քար լռություն էր տիրում և Անուշավանը անշտապ պատմում էր Արատա-պիզիր գլխավորությամբ սկիզբ առած Առաջին գերիշխանության մասին, այն մասին, թե ինչպես ընտրովի Մեծ քրմերը մահացու հարված հասցրեցին Աքքադի բռնակալին ու ազատեցին Միջագետքի ժողովորդին վերջինիս դաժան տիրապետությունից:
- Նիպպուրի պատերի տակ տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց թշնամու ջախջախումով, իսկ Նարամ-Սուենն էլ սպանվեց հենց այդ ժամանակ,- շարունակեց արքան,- սակայն դեռևս բարեմտորեն տրամադրված Արատա-պիզիրը կիսատ թողեց գործը, քանի որ չհետապնդեց թշնամուն մինչև իր որջի խորքերը և չճզմեց նրան: Նարամ-Սուենի որդի Շարկալաշիրի գլխավորությամբ գործող Անապատի որդիները հավաքվեցին Միջագետքի հարավում ու դրանից մեկ կամ երկու տասնամյակ անց հաջողացրին նույնիսկ երկու անգամ էլ պարտության մատնել մեր սահմանապահ բանակներին [1]: Ի վերջո բանը հասավ նրան, որ կրկին արշավի դուրս եկած մեր հիմնական ուժերը վերջնականապես ոչնչացրեցին Միջագետքում բույն դրած Անապատի որդիների իշխանության նույնիսկ մնացորդները: Շարկալաշիրը զոհվեց մարտում, իսկ Միջագետքում վերջնականապես խաղաղություն հաստատվեց: Սկսվեց մեր հարավցի հարևանների բարգավաճումը:
Անուշավանը հատկապես շեշտեց, որ Առաջին գերիշխանությունը ազատագրեց Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից ու վերականգնեց հին կարգերը, սակայն որպես ազատարար հայտնված մեր թագավորությունը չդարձավ բռնությամբ տիրող: Ու թեև Միջագետքը ենթարկվում էր մեզ և հարկ էր վճարում, սակայն այն ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ինքնավարություն, կառավարիչներ, որոնք կառավարում էին հստակ որոշված ժամկետներում: Այդ կառավարիչներից մեկն էլ հենց Գուդեան էր:
- Բայց մարդկային ճղճիմ բնույթը այդ անգամ ևս մեր դեմ դուրս եկավ,- խոսքը շարունակեց Հայոց արքան,- մենք մահացու հարված հասցրեցինք Նարամ-Սուենին, բայց արմատախիլ չարեցինք Անապատի չարությունը: Ամենակուլ ժամանակը ջնջեց աքքադական բռնապետության հուշերը և տասնամյակների հետ միջագետքցիներին սկսեց թվալ, թե իրենց մենք արդեն այնքան էլ պետք չենք: Արդյունքում սրանից ուղիղ չորս հարյուր տարի առաջ Միջագետքում մեր դեմ հուզումներ սկսվեցին:
…Ես մի պահ կարծես թե վերացա իրականությունից և մտովի տեղափոխվեցի այն ժամանակները, երբ կրած ստորացուցիչ, իրոք անտեղի ու անիմաստ պարտություններից հետո Արարտայում վերջնականապես պայթեց վաղուց կուտակված զայրույթը Մեծ քրմերի դեմ: Արիների Ավագների ժողովը Մեծ քուրմ ընտրեց Արատա-պիզիրին, իսկ երեք տարի հետո կրկին վերընտրեց նրան…
- Դե լա՜վ… Ութուխենգալի [2] անհեռատես դրդումով գործող այդ դատարկախոս քրմերի բարբաջանքնրին ուշադրություն մի՜ դարձու,- այն ժամանակ ձեռքը թափ տվեց հենց նոր Մեծ քուրմ ընտրված ու իր ընտանիքի հետ Միջագետք ժամանած Տիգրան Հայկազունին,- միջագետքցիները մեզ սիրում են...
- Ութուխենգալն իրոք դատարկախոս է, սակայն կարողանում է իր հետևից տանել ժողովրդին, ժողովրդին ու այդ ամենից ոգևորված քրմերին: Ինձ անհանգստացնում է նաև Ուր-Նամուն [3] ու նրա օձական պահվածքը,- պատասխանեցի ես,- ափսոս, որ սա ամենևին նման չէ իրեն նախորդած Լուսագաին [4]…
_____________________
[1] Իրադարձությունները թվագրվում են համապատասխանաբար մ.թ.ա. մոտ 2190 և մ.թ.ա. մոտ 2184 թվականներով:
[2] Ութուխենգալ (մ.թ.ա. 2116-2104): Ուրուկի V գահատոհմի վերջին ներկայացուցիչը:
[3] Ուր-Նամու (մ.թ.ա. 2112-2094): Ուրի III գահատոհմի հիմնադիրը:
[4] Լուսագա (մ.թ.ա. 2120-2112): Ուրի II գահատոհմի վերջին ներկայացուցիչը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
- Սրանից գրեթե չորս հարյուր տարի առաջ Ութուխենգալի գլխավորած միջագետքցիների բանակը Ուրուկի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում հաղթեց Մեծ քուրմ Տիգրանի գլխավորած Արարտայի քրմապետության բանակին,- Անուշավանի ձայնը ինձ իրականություն վերադարձրեց,- Տիգրանը փորձեց պատսպարվել Դուբրում քաղաքում [1], բայց նրան ուխտադրժորեն գերեցին ու հանձնեցին Ութուխենգալին: Միջագետքցիները իրենց արած մեր մեծ լավությանը երախտամոռությամբ պատասխանեցին ու մահապատժի ենթարկեցին և Մեծ քրմին, և նրա ընտանիքին:
Անուշավանը տխուր հառաչեց ու, մի պահ խոսքը ընդհատելուց հետո, շարունակեց.
- Ութուխենգալի իշխանությունը կարճ տևեց: Յոթ տարի անց Ուրի երրորդ գահատոհմի տիրակալ Ուր-Նամուն կարողացավ կազմակերպել նրա սպանությունը և արդեն Ուրի գերիշխանության տակ միավորել ողջ Միջագետքը: Հաջողությունից արբեցած Ուրի տիրակալները սկսեցին առաջնորդվել աքքադական արքաների ավանդույթներով և ոչ միայն հաստատեցին նախկին նման բռնապետություն, այլև բազմիցս պատերազմեցին հարևան երկրների, այդ թվում նաև մեր դեմ:
Անուշավանը, որոշակիորեն կարճելով խոսքը, պատմեց, որ պատերազմը Ուրի տիրակալներին որևէ լուրջ հաջողություն չբերեց, բայց դրա փոխարեն թուլացրեց նրանց իշխանությունը:
- Իսկ Մեծ Անապատի չարությունը ոչնչացված չէր, չարիքն էլ արմատախիլ չէր արված: Սրանից մոտ երեք հարյուր տարի առաջ սկիզբ առավ Մեծ Անապատի որդիների հերթական հոսքը դեպի Միջագետք: Նման բան նույնիսկ Շարուքենի ժամանակ չէր եղել: Անապատի եռանդուն զավակները, որոնց բուռն բազմացումը իրենց կրկին հանգիստ չէր տալիս, մանր ու մեծ խմբերով դուրս էին գալիս Անապատից ու անկազմակերպ ձևով հեղեղում Միջագետքը: Նրանք անխնա կերպով քշում իրենց անասուններին դեպի միջագետքցիների ցորենի դաշտերը, շրջապատում քաղաքները, կոտորում ու ահաբեկում բնակչությանը: Սա Ուրի, իսկ արդյունքում նաև միջագետքցիների վերջն էր: Միջագետքը վերջնականապես ընկավ Մեծ Անապատի որդիների տիրապետության տակ, իսկ Ուրի անկումն ու հիմնահատակ ավերումն էլ արդեն ոչ-ոքի մեծ հաշվով չհետաքրքրեց: Սկիզբ առավ ծանր ու արյունահեղ պատերազմը արդեն դեպի մեր լեռները թափանցել փորձող Անապատի որդիների դեմ, իսկ մեզ համար էլ խաղաղությունը արդեն երկար ժամանակով դարձավ անհասանելի մի երազ: Այստեղ ես ուզում եմ առժամանակ ընդհատել իմ խոսքը և փոխանցել այն մեր պատվավոր գրադարանավարին: Վերջին իրադարձություններին նա մասնակցել է արդեն անմիջականորեն:
Անուշավանը նստեց գահավորակին, սենեկապետը մոտեցավ նրան ու ականջին ինչ-որ բան ասաց, իսկ ես ոտքի կանգնեցի ու հարթակ բարձրացա:
- Մեծն արքա, Ավագների ժողովի հարգարժան մասնակիցներ, ես վաղուց եմ արդեն անցել հարյուրը ու մասնակից եմ եղել վերջին հարյուրամյակում ծավալված գրեթե բոլոր հիմնական իրադարձություններին: Դեռևս իմ հայրը, որ ազատ համայնականների առաջնորդն էր Կորճայքի լեռներում, պատմում էր իր նախնիների կողմից Անապատի որդիների դեմ մղված բազում ճակատամարտերի մասին, ճակատամարտեր, որոնք որպես կանոն վերջանում էին մեր լեռները խցկվել փորձող դրանց ավազակախմբերի լիակատար ոչնչացմամբ: Սակայն Անապատի որդիները ճնշում էին իրենց քանակով ու մենք ուղղակի չէինք կարողանում պահել սահմանները: Վիճակը հատկապես ծանրացել էր Արամայիս [2] արքայի օրոք, երբ Մարիի կառավարիչ Իշբի-էրային [3] հաջողվեց որոշակիորեն կազմակերպել ու զինել, ինչպես նաև ոչ վատ ղեկավարում ապահովել Մեծ Անապատի որդիներին: Թշնամին բազմիցս ասպատակեց Հայոց Միջագետքը, Աղձնիքը, Կորճայքը, Վասպուրականը, Մոկքն ու Արմիա լճի ափերը` արդյունքում կործանելով Արշայի թագավորությունը և ստիպելով էլ մեզ մեր մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխել Արմավիր: Ի վերջո Ամասիայի գլխավորած Հայոց թագավորության և Լարսայի [4] գահակից արքա Աբիսարիխայի [5] գլխավորած տասնմեկ երկրների միացյալ դաշնակից բանակը գլխովին ջախջախեց Իսինայի [6] արքա Ուր-Նիպուրտայի [7] գլխավորած Անապատի որդիներին: Արդյունքում Միջագետքում գերիշխանությունը մի քանի տասնամյակով անցավ Լարսային, իսկ Անապատի որդիների ավերիչ արշավանքները դեպի հարակից երկրներ դադարեցին:
_____________________
[1] Քաղաք Հյուսիսային Միջագետքում:
[2] Արամայիս (մ.թ.ա. 1980-1940): Հայոց արքա, որի օրոք մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխվեց Արմավիր:
[3] Իշբի-էրա (մ.թ.ա. 2017-1985): Իսինայի I գահատոհմի հիմնադիրը, որը կազմակերպեց և ավելի վտանգավոր տեսք հաղորդեց ամորիացիներին:
[4] Քաղաք-պետություն Միջագետքում:
[5] Աբիսարիխա (մ.թ.ա. 1905-1895, մինչ այդ` գահակից): Լարսայի գահատոհմի ներկայացուցիչ, որը մասնակցեց ամորիացիների դեմ պայքարին:
[6] Ամորիացիների հիմնադրած քաղաք-պետություն Միջագետքում:
[7] Ուր-Նիպուրտա (մ.թ.ա. 1923-1896): Իսինայի I գահատոհմի ներկայացուցիչ, որի օրոք ամորիացիների ավերիչ արշավանքները դադարեցին:
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 08:39:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինքս Մեծն Արամի պատվիրակն եմ եղել և անձամբ եմ ուղեկցել Արևմուտքի վրա բռնացած խեթերի արքային, Անիտա հորջորջվող այդ Տիտանյան Պայապսիս Քաղյային [1] մինչև Արևմուտքի Մեծ ծովի կենտրոնում գտնվող այն կղզին, որտեղ էլ նա վերջացրեց իր օրերը: Մինչ այդ մենք Արմավիրի պարիսպներին էինք վարսել մեր երկրի արևելյան սահմանները ասպատակող էլամցիների առաջնորդ Նյուքար-Մադեսին [2] ու, քանի որ հենց ես էի գերել իր ժամանակի այդ մեծագույն ավազակին, Արամ արքան դրանից հետո անպակաս էր դարձրել ինձնից իր բարձր հովանավորությունը: Ես մասնակցել եմ նաև Կորդուքի ճակատամարտին, որտեղ Ասորեստանի բել Էրիշումը [3], հետագայում իր ցեղակիցների կողմից աստվածացված այդ անհաջողակ զորավարը, սարսափելի ջարդ կերավ ու իր բանակի հետ միասին զոհ գնաց հայոց քաջերի սրերին: Մանրամասների մեջ չխորանամ, այդ պատմությունները բոլորդ էլ լավ գիտեք: Արքան ինքն էլ այդ մասին ասաց, Մեծ արքան հիմք դրեց Հայոց երկրորդ գերիշխանությանը ու ղեկավարեց այն:
- Մեծն Արամի մահվանից հետո, սակայն, գերիշխանությունը դադարեց գոյություն ունենալ,- տեղից վեր կացավ և խոսք վերցրեց Հայոմարտը,- ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բաբելոնի տիրակալ Համուրապպին [4], որը արդյունավետ բարենորոգումներով մինչ այդ սկիզբ էր դրել Բաբելոնի աննախադեպ վերելքին և սկսել էր վիճարկել մեր գերիշխանությունը, իր գահակալության 30-րդ տարում, ինչպես հետագայում ինքն է պատմում իր սալիկներում. “Հզոր աստվածների ուժով ճզմեց Էլամի բանակին, որը եկել էր սահմանից, ինչպես նաև Սուբարտուին, կուտիներին, Էշնունային և Մալգումին, որոնք բարձրացել էին մեծ ուժով” [5]: Մենք ծանր պարտություն կրեցինք: Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ արդեն գրեթե տաս տարի էր, որ չկար Մեծն Հայկազունին, իսկ նրա որդի Արան, մեր սիրելի պապիկը, դեռևս երեխա էր: Արդյունքում Հայոց գերիշխանությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ հաջողությունը զարգացրած Համուրապպին էլ ամրապնդեց իր պետության հիմքերը:
- Ես մասնակցել եմ, այսինքն, ավելի ճիշտն ասած, միայն վերջում եմ իմ մասնակցությունը բերել այստեղից ոչ հեռու` Արա լեռան լանջերին տրված այն մեծ ճակատամարտին, որտեղ թուրը հակառակորդի վահաններին ու սաղավարտներին փշրելուց հետո ընկավ Արա Գեղեցիկը: Անձամբ էի ղեկավարում օգնական ուժերի կենտրոնացումը, երբ տեղեկություն ստացա սկսված ճակատամարտի մասին: Խելագարության աստիճանի հասնող արագությամբ իմ ուժերը շարժեցի դեպի Արա լեռ, բայց դժբատաբար ես այնուամենայնիվ չափազանց ուշ հասա, հասա միայն այն ժամանակ, երբ, կռվելով Հայոց արքայի կողքին, նահատակվել էին նրա բանակի գրեթե բոլոր ռազմիկները, իսկ թշնամին էլ գերել էր մեր արքայի դիակը,- մարտական հուշերը կարծես թափ տվեցին վերջին տարիներին վրաս եկած նիհրը ու ես, անսովոր եռանդ զգալով, շարունակեցի,- անձամբ եմ հափշտակել մեր արքայի դիակը Ասորեստանի նահանջող բանակի հետ գտնվող նրանց թագուհու վրանից ու հասցրել Արա լեռան լանջեր,- գլուխս բարձրացրեցի ու նայեցի ժողովականներին,- հենց այդտեղ էր, որ մենք հողին հանձնեցինք մեր արքային:
- Մենք տեղյակ ենք քո փառահեղ գործերին, գրադարանավար Հայկ,- տեղից խոսեց Անուշավանը,- ու այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք էլ կարող է վկայել, որ դու, չնայած արդեն պատկառելի տարիքիդ, քաջաբար ես մարտնչել նաև իմ հոր` Արա Կարդոսի թագավորության տարիներին:
_____________________
[1] Տիտանյան Պայապսիս Քաղյա (մ.թ.ա. մոտ 1810-1790): Խեթական թագավորության առաջին արքաներից մեկը, որը հայտնի է ավելի շատ որպես. “Անիտա”: Այս տիրակալի օրոք Խեթական թագավորությունը սկսեց հզորանալ, սակայն արդեն վերջինիս տիրապետության վերջին տարիներին այն անկում ապրեց:
[2] Նյուքար-Մադես (մ.թ.ա. XIX դարի վերջ): Էլամա-լուլլուբեյական ավազակախմբերի առաջնորդ:
[3] Էրիշում II (մ.թ.ա. 1818-1813): Ասորեստանի արքա, որը ջախջախիչ պարտություն կրեց Հայոց թագավորությունից և զոհվեց մարտում:
[4] Համուրապպի (մ.թ.ա. 1791-1749): Բաբելոնի արքա, որի օրոք Բաբելոնը դարձավ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը:
[5] Дьяконов И. М. “История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации”, Москва 1983,
Վերջին խմբագրող՝ Lion: 15.09.2011, 08:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
- Ասորեստանի թագուհի Շամիրամի [1] արկածախնդրության տապալումից, կրած կորուստներից և հատկապես մեր սիրելի արքայի զոհվելուց հետո արիները լցված էին վրերժխնդրությամբ,- խոսքս վերսկսեցի ես,- ընդ որում հասկանալի էր, որ իրական մեղավորը ոչ այնքան Ասորեստանն էր, թեև վերջինիս մեղքի բաժինն էլ էր հսկայական, այլ` Բաբելոնը, Ասորեստանին մեր դեմ հարձակման դրդած այդ նենգ պետությունը: Արդյունքում զոհված արքայի որդին` Հայոց թագավորության նոր արքա հռչակված Արա Կարդոսը լիովին արդարացված կերպով մարտական գործողություններ սկսեց հենց Բաբելոնի դեմ: Այն ժամանակ բոլոր հայերը իրենց սրբազան պարտքն էին համարում կանգնել Կարդոսի դրոշի տակ ու պատահական չէր, որ թշնամին սկսեց մեզ որպես "կարդուներ" ճանաչել: Ինքս էլ եմ կարդու եղել, տեր արքա, հարգելի ժողովականներ,- ես ձեռքերս վեր բարձրացրեցի ու շարունակեցի,- տասնյակ ճակատամարտեր տեսած սպիտակ մազերս ու թշնամու արյան գետեր թափած այս ձեռքերս վկա, ես վատ կարդու չեմ եղել:
- Այդ տարիներին ես դեռ փոքր էի, տակավին երեխա,- կրկին խոսք վերցրեց Անուշավանը,- բայց նույնիսկ այն ժամանակ էլ ես հիշում եմ, թե ինչ հիացմունքով էինք մենք լսում կարդուներից ամենահզորներից մեկի` մարտերում իր անմնացորդ նվիրվածությունը ապացուցած քաջարի Հայկի մասին:
- Տիգրիսի հովտում տեղի ունեցած այդ ճակատամարտը նույնիսկ հիշել էլ չեմ ուզում,- հուզված շարունակեցի ես,- մեր քաջարի արքայի ազնվությունն ու խիզախությունն իր դեմ խաղաց և, ինչպես ժամանակին իր հայրը, Արա Կարդոսը զոհ գնաց Շամիրամի խարդավանքներին: Այն ժամանակ մարտերից հյուծված իր զորքը հետ քաշելուց ու Տիգրիսի ափին բանակելուց հետո նա բանագնացներ էր ուղարկել մեր արքայի մոտ և հայտնել, որ առկա թյուրիմացությունները հարթելու համար անձնական հանդիպում է խնդրում: Իր պես փխրուն կինը հզոր ռազմիկ-արքայից անձնական հանդիպում էր խնդրում և վերջինս, չնայած իմ ու ինձ նման մի քանիսի թախանձանքներին, դժբախտաբար չկարողացավ մերժել այդ հրավերը: Ես արքայի թիկնազորում էի, երբ անիծյալ այդ լեռնահովտում Տիգրիսը գետանցած մեր ջոկատը միանգամից շրջապատվեց թշնամու տասնապատիկ կերպով գերակշիռ ուժերի կողմից,- ծանր հուշերը կրկին պատեցին ինձ ու ես խուլ ձայնով շարունակեցի,- մաղխազ նետաձիգները միանգամից դիրքավորեցին ու նետահարեցին առավել հանդուգն մի քանիսին, իսկ այդ ընթացքում արքան կարգի բերեց մեր հատուկենտ մարտակառքերը և միահամուռ կերպով դրանք թշնամու դեմ տարավ: Հիշում եմ, թշնամու ռազմիկները, կատաղի ճիչեր արձակելով և ճոճելով թրերն ու տապարները, վարգում էին ուղիղ մեզ վրա: Ես այդ պահին արքայի կողքից արշավող մարտակառքի մեջ էի: Մենք հենց ընթացքից նետահարեցինք հակառակորդի մի քանի ռազմիկների, իսկ հետո էլ հարվածեցինք նիզակներով: Արքայի նիզակը խոցեց ասորեստանցի ռազմիկներից մեկին, բայց այդ ընթացքում մի ցածրահասակ և ամուր հետևակային տապարը ձեռքին հետևի կողմից սկսեց նրա վրա շարժվել: Արքան չէր նկատել այդ ռազմիկին ու ես, ցած թռչելով մարտակառքիցս, անձամբ լուծեցի տապարակիր այդ ռազմիկի հարցերը: Բայց շուտով տեղ հասան նորանոր ռազմիկներ և մերձամարտի անցած թշնամին սկսեց ճնշել իր քանակությամբ: Թրովս ուսից խոցեցի մեկին, հետո էլ ճանկեցի վրաս նետված տեգը ու աչքից խոցեցի մյուսին: Այդ պահին նկատեցի, որ թշնամու ռազմիկներից մեկը մկունդի սարսափելի մի հարված հասցրեց մեր արքայի իրանին ու տապալեց նրան մարտակառքից: Տապալված արքային թշնամու ռազմիկը փորձեց մորթել դաշույնով, Կարդոսը ճարպիկ հարվածով կոտրեց վրան կռացած այդ հանդուգնի վիզը, բայց հենց այդ պահին էլ մեկը ուրիշ ռազմիկ ոտքի կանգնել փորձող մեր արքային նիզակի հուժկու հարված հասցրեց:
Ես մի պահ շունչ առա, որից հետո, հաղթահարելով հուզմունքս, շարունակեցի.
- Թշնամու հեղեղը սրբեց մեր մարտիկներին ու այն բանից հետո, երբ այդ հեղեղը մի պահ նոսրացավ, ես նկատեցի, որ մերոնցից և ոչ-ոք արդեն ոտքի վրա չէ: Միայն երկու հոգի փրկվելու բախտ ունեցանք` ես և մաղխազական գնդից Սասունը, նա այժմ ժողովականների շարքերում է ու կհաստատի իմ խոսքերը, այն էլ փրկվեցինք միայն այն բանի շնորհիվ, որ անհավատալի բարձրությունից ցատկեցինք Տիգրիսը, սուզվեցինք նրա հորդահոս ալիքների մեջ և հակառակորդը մեզ մեռած համարեց: Այդպես է եղել բանը, արքա, քո հայրը քաջի պես կռվեց ու քաջի մահով էլ ընկավ, իսկ մեզ վրա էլ ընկավ մեղքը առ այն, որ չկարողացանք պահպանել մեր սիրելի արքային,- մռայլված լռեցի ես:
- Ծանր պատմությունը ուժասպառ արեց քեզ, Հայկ,- ոտքի կանգնեց Անուշավանը ու մոտեցավ ինձ,- ես գիտեմ, որ դու և քեզ հետ եղած մյուս տղերքը կգերադասեիք ձեր կյանքը տալ, քան թե տեսնել սեփական արքայի մահը: Բայց այդ օրը աստվածներն արիներից երես էին դարձրել, իսկ աստվածների արարքները քննելը ձեր ուժերից վեր եղավ:
_____________________
[1] Շամիրամ (մ.թ.ա. 1740-1715, փաստացի` 1757-1715): Ասորեստանի թագուհի, որի արկածախնդրական քաղաքականությունը կործանման եզրին հասցրեց իր երկիրը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Թույլտվություն խնդրեցի նստել ու իջա դահլիճ: Ավագների ժողովում մի պահ բարձրացած գվվոցը արագորեն հանդարտվեց այն բանից հետո, երբ կրկին գահավորակին բազմած Անուշավանը բարձրացրեց ձեռքը:
- Ավագների ժողովի հարգարժան մասնակիցներ, ես իզուր չէր, որ այսքան հեռվից սկսեցի ու ծանոթացրեցի ձեզ մեր երկրի պատմությանը: Պատմությունն իր մեջ դասեր է պարունակում և կարևոր որոշում ընդունելուց առաջ չի խանգարի վերսերտել դրանք: Իսկ դասերը մեզ ուսուցանում են, որ նենգ ու ուխտադրուժ մեր հարևանները միշտ էլ հարձակվել են Հայոց թագավորության վրա, իսկ մենք էլ խաղաղություն ենք վայելել միայն այն բանից հետո, երբ ինքներս ենք գերիշխել այդ հարևանների վրա ու մեր կամքն ենք թելադրել նրանց:
Դահլիճում մեռյալ լռություն տիրեց և բոլորը լարված նայեցին Անուշավանին:
- Մենք պետք է տիրենք հարևան երկրներին, ահա թե ինչու եմ ես ձեզ հավաքել: Դուք բոլորդ լավ գիտեք, որ ոչ ուշ, քան մի քանի ամիս առաջ մենք վերջնական հարված հասցրեցինք Բաբելոնի թագավորությանը, որն այժմ արդեն վերածվել է օձի գլխի` ընդամենը, առանց մարմնի օձի գլխի,- ժպտաց Անուշավանը,- դա արդեն գրեթե անվնաս մի բան է ու ես հրամայել եմ խնայել այդ գեղեցիկ քաղաքը: Բայց ես չէի ուզենա կրկնել իմ նախկինների սխալները ու սկսած գործը կիսատ թողնել: Աշխարհում մնացել է միայն մեկ ուժ, որն ի վիճակի է հետագայում սպառնալիք հանդիսանալ մեզ համար ու մենք պետք է նվաճենք նաև այն:
- Եգիպտոսը,- ոտքի կանգնեց Հայոմարտը,- ժամանակն է արդեն, որ մեր մարտակառքերը շարժվեն նաև դեպի բուրգերի այդ երկիրը:
- Եգիպտոսը,- իր հերթին ոտքի կանգնեց Անուշավանը ու նայեց հավաքվածներին,- կարծում եմ, որ հինավուրց այդ երկրի նվաճմամ հարցը դարձել է օրակարգ և իր լուծումն է պահանջում:
- Հարցի վերջնական լուծումն իհարկե Հայոց արքան կտա,- շարունակեց Հայոմարտը,- սակայն, տեղիք տալով հինավուրց ավանդույթին, մինչ այդ նա կլսի ժողովականների կարծիքը:
Ժողովի դահլիճը թաղվեց լռության մեջ: Իհարկե, ավանդույթը ավանդույթ, բայց հանաք բան չէր ահա այսպես վեր կենալ ու արքայի մտադրությանը դեմ կարծիք արտահայտել: Ժողովականները ակնհայտորեն տրամադրված չէին խոսելու:
- Ժողովականների լռությունը կարելի է թերևս մեկնաբանել որպես…
- Ես ասելիք ունեմ,- չկարողանալով ինձ զսպել ոտքի կանգնեցի ու հանկարծ պարզ կերպով գիտակցեցի, որ հիմա հարթակ կբարձրանամ ու անվերադարձ կերպով կփչացնեմ իմ հարաբերությունները ոչ միայն տոհմակիցներիս, այլև իմ երկրի բարձրագույն ղեկավարության հետ,- ես ասելիք ունեմ, տեր արքա: Քո թույլտվությամբ…
- Մենք կլսենք քեզ,- մռայլված գլխով արեց Անուշավանը, իսկ անակնկալի եկած Հայոմարտն էլ զարմացած դեմքով փորձեց բռնել հայացքս: Ես համառորեն խուսափեցի ինձ այդքան սրտամոտ երիտասարդի հայացքից ու հարթակ բարձրացա:
- “Մարդկության դժբախտությունները գալիս են նրանից, որ մարդիկ որոշում են տիրել միմյանց վրա: Մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս աշխարհում: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու”, սա դեռևս Հայկ Նահապետն էր ասում,- հարթակից բարձրաձայնեցի հորս պատգամը ժողովականներին ու շարունակեցի,- տեր արքա, հարգարժան ժողովականներ, նվաճումների ուղին բռնած ազգը նվաճում, նվաճումներին զոհ է տալիս ամենից առաջ հենց իրեն, անամպ ապրելու իր ապագան: Ասորեստանին մենք հաղթեցինք, քանի որ այդ պատերազմում ճշմարտությունը մեր կողմում էր, Բաբելոնին տապալեցինք, որպեսզի վերջ տանք նրա ագրեսիվ մղումներին, բայց Եգիպտոսը, սեփական սահմաններում պարփակված և այս կողմերի գործերին չխառնվող այդ երկիրը մեզ ոչ մի վնաս չի տվել և մեզ չի կարելի նեղացնել նրան:
- Բաբելոնն էլ ժամանակին խաղաղ էր,- տեղից արձագանքեց Հայկազուտ Սասունը` Հայկազունների կրտսեր ճյուղի ներկայացուցիչը ու մախղազական գնդի իմ երբեմնի զորանոցակիցը, որն այժմ իշխում էր Աղձնիքում և որպես նստավայր ուներ Սասունը,- մենք իրար հետ շատ ենք արյուն թափել, եղբայր Հայկ, ու ես չէի սպասում, որ տարիները կընկճեն քեզ, կընկճեն այն աստիճան, որ դու կխուսափես զենք վերցնել:
- Խնդիրը զենքը չէ, եղբայր Սասուն,- հուզված ընդհատեցի զրուցակցիս ես,- ով-ով բայց դու պետք է, որ ինձ լավ իմանաս: Օտար ճանապարհներին կորցրած մեր ամեն մի ռազմիկը պակասեցնում է մեր հարազատ Հայաստանի պաշտպանական հնարավորությունները:
- Օտար ճանապարհին կորցրած մեր ամեն մի ռազմիկը ևս մեկ քայլ է ապահովում Հայոց թագավորության հզորությանը,- տեղից վեր կացավ Ագում Մեծը,- դու պատմությունը լավ գիտես, Հայկ, ու պետք է իմանաս, որ երկիրը հզորացնում են նվաճումներով:
- Երկիրը…,- բառերը դեմ առան կոկորդիս ու ես դժվարությամբ միայն կարողացա շարունակել,- երկիրը կործանում են նվաճումներով, Ագում: Նարամ-Սուենի Աքքադը ու Համուրապպիի Բաբելոնը ձեզ օրինակ, ինչո՞ւ եք ուզում հայերին էլ տանել այդ ճանապարհով:
- Մեզ նոր տարածքներ ու ձեռքբերումնե՜ր ենք պետք, մեր մարտակառքերը հզո՜ր են,- լսեցի այս ու այն կողմից,- Աղեղնավորը կառաջնորդի՜ մեզ դեպի նոր երկրներ…
- Աղեղնավորը չէ՜ր ուզենա, որ հայերը դուրս գային իր գծած սահմաններից,- ընդհանուր աղմուկի մեջ փորձեցի արտահայտվել ես,- Հայկ Նահապետը չէ՜ր ընդունի ձեր այս որոշումը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աղմուկը գնալով ուժեղանում էր, սակայն, այն բանից հետո, երբ Անուշավանը ոտքի կանգնեց, այն միանգամից դադարեց:
- Ես տեղեկություն ունեմ այն մասին, Հայկ, որ քեզ մոտ երեկ երեկոյան Եգիպտոսից ինչ-որ մարդիկ են ժամանել: Ասա ինձ, գրադարանավար, դա այդպե՞ս է, թե ոչ:
- Ճշմարիտ է աստված, տեր արքա,- հուզված պատասխանեցի ես,- երեկ ինձ մոտ հյուրընկալվել է եգիպտացի իմ վաղեմի ընկերներիցս մեկը:
- Հարգելի ժողովականներ,- կարծես թե ասածս չլսելով, շարունակեց Անուշավանը,- երեկ ուշ գիշերով ինձ հայտնեցին, որ Եգիպտոսից մի դեսպանություն է ժամանել Արմավիր, սակայն, առանց իր պաշտոնական նպատակները ճշտելու, այն ուղևորվել է ուղիղ գրադարանավար Հայկի մոտ: Այժմ գրադարանավարը Ավագների ժողովում պաշտպանում է Եգիպտոսը հարձակումից...,- թափանցիկ ակնարկ արեց Հայոց արքան:
- Տեր արքա,- անակնկալ վիրավորանքից կուչ եկա ես,- ես իմ հավատարմությունը երկրին ու Հայկազունիներին մարտի դաշտում եմ ապացուցել…
- Ինչը չխանգարեց, Հայկ, որ Արա լեռան մոտ դու ճակատագրականորեն ուշանայիր, իսկ Կարդոսին էլ մենակ թողների թշնամու շրջապատման մեջ և գլուխդ ազատեիր:
- Ես կարդու եմ, արքա,- չկարողացա ինձ զսպել ու գլուխս հպարտորեն վեր բարձրացրեցի ես,- ու վայել չէ կարդուին նման կերպ վիրավորելը:
- Վայել չէ՞,- Անուշավանը նշան արեց ու իր սենեկապանը դուրս եկավ,- ժողովի գալուց առաջ ես հրամայեցի ձերբակալել Արմավիրում հայտնված դեսպանախմբին ու այժմ նրանք հարցաքննվում են Արմավիրի արքայական զնդանում: Բայց այն ամենն էլ, ինչ արդեն այժմ է հայտնի, հիմքեր է տալիս ասելու, Հայկ գրադարանավար, որ դու երես ես թեքել և քո արքայից, և քո ժողովրդից:
Դահլիճում անհավանական գվվոց բարձրացավ: Շատերը ոտքի թռան ու ձեռքները տարան թրերին, իսկ մի քանիսն էլ առաջ եկան ու բարձրաձայն իրենց դժգոհությունը հայտնեցին: Առաջ եկողների մեջ էր նաև Սասունը:
- Հայկը մեր կողքին է եղել բազում մարտերում, արքա՜,- առաջ եկած մաղխազական գնդի ռազմիկների կողմից հետ հրվելիս այնուհանդերձ հասցրեց բղավել Սասունը,- Աղեղնավո՜րը վկա, ես կարող եմ կյա՜նքս դնել նրա ազնվության համար:
Այդ պահին արքայական սենեկապանը ներս եկավ, ձեռքին մի քանի սալիկներ: Անուշավանը վերցրեց, հայացք գցեց դրանց վրա ու դարձավ ինձ.
- Սա՞ էլ կժխտես, Հայկ, սա՞ էլ չգիտեիր,- որից հետո դարձավ ժողովականներին,- հայոց մեծամեծեր, եգիպտական դեսպանախմբի անդամները ուղղակի ցուցմունքներ են տվել, որ իրենց առջև իրականում խնդիր է դրված եղել ոչ թե փարավոնի հարգանքի հավաստիքը հավաստել Հայոց արքային, այլ կողմնակիցներ հավաքագրել և այնպես անել, որ մենք զերծ մնանք մարտական գործողություններից: Իսկ եգիպտերեն գրված այս պապիրուսում էլ Հայկը հայտնում է թշնամուն մեր մարտակառքերի քանակության մասին: Ահա, տես թե նրանք ինչեր են ասում,- Անուշավանը ոտքերիս տակ նետեց պապիրուսն ու սալիկները, որոնցից մի քանիսը փշրվեցին:
- Ինչպե՞ս կարող էիր դու նման բան անել, Հայկ,- ձեռքերը տարածեց Հայոմարտը,- չէ՞ որ մենք քեզ հավատոմ էինք:
Մաղխազական գնդի ռազմիկներին հաջողվեց հետ հրել ժողովականներին.
- Դահիճների կտտանքների տակ հարցաքննվող մարդիկ շա՜տ բան կարող են ասել, արքա՜,- համընդհանուր աղմուկի մեջ բացականչեցի ես,- արքային վայել չե՜ն նման արարքները:
- Դու վիրավորում ես արքայի՞դ,- միանգամից մռայլվելով առաջ եկավ Անուշավանը,- փաստորեն դու ոչ միայն վախկոտ ու դավաճան ես, այլ նաև խռովարար: Պահապաններ,- գոչեց Անուշավանը,- շղթայակապ արեք սրան, սրա հաշիվները ես հետո կմաքրեմ:
Մաղխազական գնդի ռազմիկներ անմիջապես առաջ եկան և շրջապատեցին ինձ: Մտքովս չէր էլ անցնում դիմադրել: Անմիջապես հետևումս կապեցին ձեռքերս: Աչքի պոչով նկատեցի, որ Սասունը ձեքը տարավ թրին, սակայն նրա կողքին կանգնածները զսպեցին բռնկուն այդ իշխանին:
- Ես չեմ դավաճանել ոչ իմ հայրենիքն և ոչ էլ իմ արքայի՜ն,- գոչեցի ես, երբ ինձ դուրս էին տանում դահլիճից,- մարդի՜կ, ինձ լա՜վ հիշեք, ես դավաճան չե՜մ,- հազիվ էի վերջացրել խոսքս, երբ գլխիս ստացած հզոր հարվածից ուշաթափ եղա և ամեն ինչ հայտնվեց խավարում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
*
Արքայական զնդանում խոնավ էր ու կիսամութ: Իմ երկար կյանքի ընթացքում գլխովս շատ բան էր անցել, բայց նման իրավիճակում ես երբեք չէի հայտնվել: Իհարկե, Անուշավանից նման վերաբերմունք գուցե և արժեր սպասել, բայց սխալը նաև իմն էր, ես ինքս էլ չափազանց ուղիղ գործեցի: Մյուս կողմից էլ իմ դեմ խաղաց այն հանգամանքը, որ Մեծն Արամից ու նրան հաջորդած Հայկազունի հաջող արքաներից հետո ես ինքս էլ էի թուլացել ու ըստ երևույթին գերագնահատել էի նոր այս արքայի դրական կողմերը: Իսկ դրական կողմեր այս արքան կարծես թե այնքան էլ չուներ:
Այս մտքերի հետ էի, երբ զնդանի դուռը ճռռոցով բացվեց և բանտապահի ուղեկցությամբ ներս մտավ Հայոմարտը: Նա նշան արեց բանտապահին, որը, խրելով վառվող մարխը պատին ամրացված պատվանդանի մեջ, դուրս եկավ ու փակեց դուռը իր հետևից:
- Ինչպե՞ս դու կարող էիր, Հայկ,- մոտակա քարին տեղավորվելով ու առանց վրաս նայելու, խոսեց հյուրս,- նման բան ես քեզանից չէի սպասում և այժմ ես չգիտեմ, էլ ո՞ւմ հավատամ:
- Հավատա եղբորդ,- հեգնական նետեցի ես,- հավատա, որ պապերիդ ու հորդ հավատարիմ ռազմիկը դավաճանել է ոչ միայն սեփական արքային ու երկրին, այլև սեփական ժողովրդին:
- Ես չեմ կարող դրան հավատալ,- գլուխն օրորեց Հայոմարտը,- դեսպանախմբի այդ անդամները շատ բան կարող էին ասել, այն էլ կտտանքների սպառնալիքի տակ: Գուցե և մենք ինչ-որ բան կիմանայինք նրանց ղեկավարից, բայց, ափսո՜ս, ձերբակալության ժամանակ նա դուրս է նետվել պատուհանից, վիզը կոտրել ու մահացել է: Ես շատ եմ մտածել այդ ամենի մասին, ուսուցիչ, իսկ հիմա էլ, նայելով քեզ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
- Ինչ-որ բա՜ն,- ձգեցի ես,- եղբայրդ հանուն սեփական մտահաղացման իրականացման, որպես անպետք մի իրի, ուղղակի անցավ իմ վրայով և հիմա էլ որոշել է զոհաբերել ինձ. համ իրեն դեմ խոսող մեկին մեջտեղից կվերացնի, համ էլ սեփական մտահաղացումը կյանքի կկոչի ու մյուսների աչքը կվախեցնի:
- Դու էլ էս հետաքրքիր մարդ, ուսուցիչ, չէր կարելի արքայի հետ այդպես խոսել:
- Ես սգացել եմ քո պապի մահը, Հայոմարտ, ու երեսս եմ ճանկռել Արա լեռան մոտ ողբերգականորեն ուշանալուս համար: Անթիվ խոսքերով անիծել եմ ինձ ու իմ ապրած կյանքը այն բանի համար, որ ժամանակին չհասա ու չկարողացա համոզել Գեղեցիկ մեր արքային զերծ մնալ մարտի մեջ մտնելուց: Ես հորդ կողքին եմ եղել նրա կյանքի վերջին ակնթարթներին, եղբայր, ու հետագայում երկար տարիներ խելագարվել եմ այն մտքից, որ, ինչպես հորը չկարողացա պահպանել, այնպես էլ որդուն: Հանուն քո պապի և քո հոր, Հայոմարտ, ես կորցրել էի հավատս իմ, ինքս ինձ նկատմամբ ու դարձել էի… գրադարանավար, եղբայր, հասկանո՞ւմ ես,- արցունքները լցվեցին աչքերս ու ծանր հուշերը բարձրացան կոկորդովս վեր,- ես հավատս էի կորցրել ինքս ինձ նկատմամբ ու հեռացել էի ռազմի գործից քո նախնիներին պաշտպանել չկարողանալու համար, ես, Հայոմարտ, ես, հզոր կարդուս, որ կարող էի միայնակ դուրս գալ տասնյակ ռազմիկների դեմ և հաղթելու հույս ունենալ, ես, եղբայր, հասկանո՞ւմ ես, ես ինքս ինձ էի կորցրել ու դարձել էի գրադարանավար, իսկ դու… հիմա…
- Ուսուցիչ…,- փորձեց հանգստացնել ինձ Հայոմարտը:
- Ես կյանք եմ դրել այդ ամենի համար, Հայոմարտ, կյանք եմ դրել ու ապրել եմ այդ ամենով, իսկ քո եղբայրն ու իմ արքան հենց նոր ինձ մեղադրեց ամենաստոր այնպիսի մի արարքում, որ հիմա էլ, մինչ այժմ էլ իմ գլխում չի տեղավորվում: Եղբայրդ մեղադրեց, իսկ հիմա էլ դու ես եկել ու…,- ձայնս մի պահ դողղաց, բայց ես հավաքեցի ինձ ու շարունակեցի,- հիմա էլ դու ես եկել ու ինձնից չգիտես ինչ ես ուզում լսել:
- Հանգստացիր, ուսուցիչ, ես ինքս էլ չգիտեմ` ինչին հավատամ:
- Հավատա ինքդ քեզ, Հայոմարտ, ինքդ քեզ ու քո ապրած կյանքին: Գուցե և ես չեմ լինի կամ էլ մենք այլևս չենք տեսնվի, բայց հիշիր, եթե ինձ որպես ուսուցիչ ես ընդունում, ապա վերջին խոսքերս հիշիր ու դրանք երբեք էլ մտահան մի արա: Նայիր հոգուդ խորքերը, եղբայր, նայիր հոգուդ խորքերը ու հավատա միայն ինքդ քեզ: Ինքդ նայիր քո մեջ ու մտածիր, արդյոք կարո՞ղ էի ես նման բան անել և արդյոք կարո՞ղ էր եղբայրդ` Անուշավանը, այնպես անել, որ ձերբակալվածները պետքական ցուցմունքներ տային, իսկ իմ աշխատասենյակից էլ փարավոնին ուղղված միամիտ մի գրություն գտնեին:
- Գրողը տանի, ինչո՞ւ խոսեցիր: Արքայի դեմ, Ավագների ժողովում…
- Կար ժամանակ, եղբայր, երբ Ավագների ժողովում արքաներն իրենց այլ կերպ էին պահում ու լսում էին սեփական ժողովրդի ձայնը,- տխուր ժպիտով հիշեցի ես,- Մեծն արքան կարողանում էր նստել ու ժամերով լսել նույնիսկ ամենահետին ժողովականին էլ:
- Ժամանակները փոխվում են, Հայկ, դու ուսուցիչ ես և հիմար մարդ չես, բայց այդ փոքրիկ նրբությունը աչքաթող էիր արել: Բանտապահ,- գոչեց զրուցակիցս և ոտքի կանգնեց:
Խցիս դուռը բացվեց:
- Ժամանակները փոխվում են, ուսուցիչ, ժամանակներն էլ, մարդիկ էլ: Դու աչքաթող էիր արել այդ հանգամանքը ու հենց դրանում էր կայանում քո սխալը,- Հայոմարտը, վերցրեց մարխը ու մոտեցավ դռանը,- ես տանում եմ հետս լույսը, բայց չէի ուզենա, որ դու խավարում երկար մնայիր: Հաջողություն, Հայկ, հուսով եմ մենք դեռ նորից կտեսնվենք:
Հայոմարտն ու բանտապանը դուրս եկան և խուցս կրկին թաղվեց կիսախավարի մեջ: Բայց Հայոմարտի ակնարկը ես արդեն հասկացել էի և, շոշափելով մարխի պատվանդանը, ես ամենևին էլ չզարմացա, երբ այնտեղ գտա պատվանդանին խրված փոքրիկ մի դաշույն…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
*
Ուշքի եկա այն բանից, որ գլխավերևումս խրթխրթոց էր լսվում: Ու մինչ ես կկողմնորոշվեի, թե որտեղ եմ գտնվում, ձայնն ավելի ուժեղացավ, իսկ հետո էլ վերածվեց քերման նման մի ձայնի: Ես աչքերս փորձեցի բացել, բայց ակնակիտ խավարից բացի շուրջս ոչինչ չտեսա: Անակնկալ կերպով, սակայն, խավարը նահանջեց և վառ լույսը միանգամից խուժեց ներս: Ես աչքերս բնազդաբար փակեցի, բայց անմիջապես էլ բացեցի և, ձեռքերով հով անելով աչքերիս, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում: Աստիճանաբար զգացի, որ պառկած եմ փայտե մի տուփի մեջ և երկնքին եմ նայում փոսի հատակից: Ու մինչ ես փորձում էի հարմարվել իրավիճակին, հանկարծ երկնքի ֆոնի վրա հայտնվեց Մենեսը և, ձեռքերը երկարելով ներս, ճանկեց ինձ, դուրս հանեց փոսի մեջ թաղված տուփից ու դրեց գետնին:
- Մե՞նես,- զարմացած հարցրեցի ես,- դո՞ւ ինչ ես անում այստեղ:
- Մի լավ բարեկամի եմ այն աշխարհից հետ բերում,- ծիծաղեց եգիպտացի բարեկամս,- կարծում եմ քչերը կկարողանան հպարտանալ նման մի փաստով, նրանով, որ այն աշխարհից հետ են բերել իրենց սրտին հարազատ մարդկանց,- իրեն հատուկ ուրախ տոնով հայտնեց Մենեսն ու տեղավորվեց կողքիս:
- Գրո՜ղը տանի, այնտեղ այնքան էլ հետաքրքիր չէր,- ժպտացի ես և ուղղվեցի տեղումս,- վիզդ հո շատ չի՞ ցավում:
- Այ դու ավազակ, դա՞ էլ ես իմացել,- ժպտաց Մենեսը ու շփեց վիզը,- բայց այս անգամ դուք ձեր գովերգված հյուընկալությանը դավաճանեցիք: Դեսպան էի, չէ՞, ի՞նչ կարիք կար դեսպանի հետ… այսպես,- Մենեսը կրկին ծիծաղեց ու շարունակեց,- դեռ լավ է, որ ես հիշաչար մարդ չեմ, ու, փոխանակ քեն պահեմ լեռնականների դեմ, փոխարենը նրանցից ամենաարժանավորին հետ բերեցի այն աշխարհից: Էդ ո՞նց էիր հաջողացրել:
- Ի՞նչ ասեմ, եղբայր, ինձ հետ դժբախտ դեպք պատահեց: Հանկարծ ու պարզվեց, որ իմ երկրի արքային ես չափազանց շատ եմ խանգարում: Երևի ծանր հուշեր էի արթնացնում նրա մեջ, թե ի՞նչ, դրա համար էլ որոշեց բանտարկել ինձ: Բայց դե լավ է, որ կան հուսալի բարեկամներ:
- Է՞լ չլինեն, այ լեռնեցի, թողվել էիր հողի մեջ, կարծես ես մեր բուրգերի տակ, ու որոշել էիր երես թեքել այս աշխարհից: Երևի հիմա մտքումդ ինձ շատ ես անիծում, չէ՞, որ հանգիստդ խախտեցի: Նման դեպքերում մեր փարավոնները չեն ներում, այնպե՜ս որ…
- Չէ, Մենես ջան, ոչ մի կերպ,- ծիծաղեցի ես,- քո միջամտությունը ավելին, քան տեղին էր: Ճիշտն ասած այդ խավարում պառկելը մի քիչ ձանձրալի էր: Բայց պակաս ձանձրալի չէր նաև զնդանում փտելը, դրա համար էլ ես որոշեցի… դե…, մի խոսքով, հասկանում ես,- ժպտացի բարեկամիս:
- Հասկանում եմ,- գլխով արեց բարեկամս,- չէ, այն, որ դիակդ չէին այրի, պարզ էր, պետական հանցագործներին նման պատվի ձերոնք երբեք էլ չեն արժեցնում, բայց ես էի ու հանկարծ, ասենք թե քեզ չգտնեի: Ի՞նչ պիտի անեիր:
- Դո՞ւ, ինձ չգտնեի՞ր: Դա անհնար բան էր: Էդ ուրիշները կարող են հավատալ, որ դու կարող ես այնպես անշնորք կերպով ցատկել իմ աշխատասենյակի պատուհանից ներքև, որ վիզդ կոտրես, ուրիշները, Մենես, բայց ոչ ես: Դրան հավատալու համար ես քեզ ինչ-որ չափազանց լավ եմ ճանաչում:
- Հա դե,- պատասխանեց բարեկամս,- ինձ համար հանգիստ նստած քո սալիկների բովանդակությանն էի ծանոթանում, մեկ էլ դը՜խկ, շըրը՜խկ, ներս թափվեցին ձերոնք ու… ի՞նչ անեի, հո զնդանում, քո կողքին չէի փտելու: Համ էլ այդ դեպքում ո՞վ պետք է քեզ քչփորեր, հաներ այն աշխարհից, հը՞, ճիշտ չե՞մ ասում:
- Ճիշտ ես, ճի՜շտ,- ծիծաղեցի ես,- հենց լսեցի, որ եգիպտական դեսպանախմբի անդամներին ձերբակալել են, իսկ նրանց ղեկավարն էլ զոհվել է, միանգամից մտքովս անցավ, որ մի ճարպիկ եգիպտացի հաստատ սկսել է թափառել Արմավիրում կամ նրա մոտակայքում: Դե մնացածն էլ ժամանակի հարց էր: Ես գիտեի, որ այդ եգիպտացուն անչափ հետաքրքրելու է, թե ի վերջո ի՞նչ են որոշելու արմավիրցիք ու նա ականջը ամեն ինչին կախ է պահելու: Չէի կասկածում նաև, որ, լսելով ոմն մի գրադարանավարի ձերբակալության և ինքնասպանության մասին, նա չի հապաղի միջոցներ ձեռնարկել ու քչփորել իր բարեկամին: Ուրախությամբ տեսնում եմ, որ չեմ սխալվել:
- Չես սխալվել, չէ, այս հարցում չես սխալվել:
- Դեե, մնացած հարցերն էլ… վերջը ես հո ձեր սֆինքսը չեմ, որ ապագան գուշակեմ: Գուցե և ինչ-որ պահ կորցրել էի հոտառությունս ու քաղաքական իրավիճակի սթափ գնահատականս, բայց դե, մարդ ենք, էլի, էն էլ` ծերացած մարդ:
- Չէ՜է՜է, Հայկ ջան, ինչ-ինչ, բայց այ ծերացած մարդու, էն էլ հիմա, դու հե՜չ նման չես: Երևում է այն աշխարհում լինելը քեզ թարմ ուժեր է հաղորդել:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես արագորեն ոտքի կանգնեցի, մի քանի պտույտ կատարեցի բարեկամիս շուրջը ու կրկին տեղավորվեցի գետնին.
- Դու ճիշտ ես, չի խանգարի նման կերպ մեկ-մեկ մարզվել, բայց դե` մարզվել միայն այն ժամանակ, երբ կողքիդ կան հուսալի բարեկամներ,- որսալով բարեկամիս ժպիտը, ավելացրեցի ես:
- Կան, կան, իհարկե, կան, թեև քո հուսալի բարեկամներից ոմանց հիմա չէր խանգարի այլ տեղերում լինել:
- Իրոք,- միանգամից իրականությանը վերադարձա ես և ուրախ տրամադրությունս հօդս ցնդեց,- ասա ինձ, բարեկամս, ես այստեղ պառկած ժամանակ շա՞տ բան եմ բաց թողել:
- Այնքան էլ չէ, չնայած մյուս կողմից էլ որ նայենք, ո՞վ գիտի:
- Այսինք՞ն:
- Այսինքն այն, որ ձեր կոնչակները արդեն ողջ երկրով մեկ հայտարարել են Եգիպտոսի դեմ պատերազմի սկզբի մասին, իսկ արքայական մարտակառքերի ընտիր ջոկատներն էլ երևի թե արդեն Ասորիքի հյուսիսային մասերը հասած կլինեն:
- Գրո՜ղը տանի, Մենես, ուրեմն պատերազմն ամեն դեպքում սկսվեց,- ես ավելի մռայլվեցի ու մի տեսակ կողքանց նայեցի բարեկամիս,- նման բան երբեք չէր եղել, որ իմ ու քո ազգերն ընդհարվեին: Բա հիմա ի՞նչ պիտի անենք:
- Դու` չգիտեմ, բայց անձամբ ես, հենց միայն ավարտեմ խոսակցությունս հենց նոր քչփորածս լեռնականի հետ, ամեն ինչ ձգում եմ մի կողմ և, ինչքան ուժ կա ոտքերումս, վազ եմ տալիս Եգիպտոսի ուղղությամբ: Դժվար թե ձեր մարտակառքերից շուտ տեղ հասնեմ, բայց դե՜… էլի բան է,- կարծես թե կատակով, բայց միանգամայն լուրջ հայտնեց Մենեսը,- ձեր ստեղծած սարսափելի ռազմական համակարգը կրկին գործի է անցել, Հայկ, և ես լրջորեն կասկածում եմ, որ Եգիպտոսը կկարողանա հաջողությամ դիմադրել նրան:
Մի պահ ասելու բան չգտա և քորեցի գլուխս: Այլ պարագայում ես արշավող մեր տղերքի շարքերում կլինեի ու Մենեսն էլ երևի թե իմ ամենավտանգավոր թշնամիներից մեկը կլիներ, բայց հիմա՞…
- Բա ե՞ս ինչ պիտի անեմ,- ինձնից անկախ հարցրեցի ես:
Մենեսը ծիծաղեց ու ոտքի կանգնեց:
- Չգիտեմ, Հայկ, այլ պարագաներում դու երևի թե իմ ամենավտանգավոր թշնամիներից մեկը կլինեիր, բայց հիմա՞…
- Այ քուրմ, դու ի՞նչ է, նաև իմ մտքերը կարդա՞լն ես սովորել: Չէ՜, Մենես, Հայաստանում մնալ ես չեմ կարող, այսպես թե այնպես ինձ այստեղից առժամանակ կորչել էր պետք: Բայց մյուս կողմից էլ, ես ուղղակի չեմ կարող բաց թողնել կողքովս նման լրջագույն իրադարձություններ: Վերջ, որոշված է, սկզբի համար ես ուղևորվում եմ Ասորիք, իսկ հետո` կերևա:
- Պահո՜,- ձգեց բարեկամս,- ուրեմն դու ինձ հե՞տ ես գալիս:
- Իսկ ի՞նչ է, դու դրան դե՞մ ես:
- Ամենևին, քեզ հետ ավելի հետաքրքիր կլինի:
- Լավ,- ես ևս ոտքի կանգնեցի ու շարունակեցի,- հա, ի դեպ, մոռացա զգուշացնել: Մաթեմատիկական տեսակետից քեզ մի կարևոր նորություն ունեմ հայտնելու:
- Պատահաբար հո ձեր մարտակառքերի քանակությունը չե՞ս ուզում հայտնել նվաստիս,- ծիծաղեց բարեկամս:
- Ըհը, էդ էր պակաս, իհարկե` ոչ: Չգիտեմ ով ոնց, բայց ես իմ ազգին չեմ դավաճանի, նույնիսկ ի պատասխան հենց նոր կատարած քո մե՜ծ սիրալիրության էլ,- կատակը օդում բռնեցի ու հետ մղեցի ես,- բայց նորությունս իրոք որ կարևոր է:
- Դե մի ասա, տեսնենք:
- Բանն այն է, Մենես, որ երկու կետերի միջև ընկած ամենակարճ տարածությունը սովորաբար ուղիղն է…
- Բա՜ն ասացիր, մեր քրմերը դրան արդեն վաղուց են հասել, դու ի՞նչ է, ուզում ես ինձ խոսեցնել ու դիտավորյալ կերպով ուշացնե՞լ:
- Տո այ եգիպտացի, հերիք է հպարտանաս ձեր քրմերով: Ձեր քրմերը գուցե թե նման բաներ ասած լինեն, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանք փակված են իրենց տաճարներում և հեռու են ռազմական գործից:
- Հ՞ը:
- Ըհ՜ը: Մեծ արշավանք է սկսվել դեպի Եգիպտոս, Ասորիք տանող բոլոր ամենակարճ ճանապարհները լցված են մարտակառքերով, արշավող ռազմիկներով, գումակով ու գրաստով: Բայց դա էլ դեռ ոչինչ, քո ծանոթ լեռնականի հմուտ ձեռքերով ժամանակին ստեղծված հետախույզական կառույցը ունի հստակ հրահանգներ և նման դեպքերում խստագույն հսկողություն է սահմանում բոլոր ճանապարհների վրա ու նրանց մոտակայքում: Դե, համենայն դեպս, էլի, որ ճարպիկ մի եգիպտացու հետախույզներն, օրինակ, պատահաբար չթափառեն մեր արշավող շարասյունների մոտակայքում:
- Ահա՜, թե ի՜նչ,- ձգեց Մենեսը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ