User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Բիսմարկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բիսմարկը

    Էմման ազատ նստարան էր փնտրում: Բայց կեսօրին մոտ զբոսայգում ազատ նստարաններ չկային: Նստարանների կողքին այստեղ ու այնտեղ մանկասայլակներ էին, որոնցում փափլիկ երեխեքն իրենց հետճաշյա անուշ քունն էին վայելում, իսկ նրանց մայրերը՝ ընկերուհիների հետ ծանոթներին բամբասելու հաճույքը: Մոտակա տեխնիկումից ուսանողների աշխույժ խմբերն էին գրավել նստարանների մեծ մասը: Հայացքը պտտեցնելով՝ Էմման նկատեց, որ հեռվի նստարաններից մեկին նստելու տեղ կա: Սալիկապատ արահետը ձգվում էր զբոսայգու խորքը: Անշտապ քայլերն ուղղեց դեպի ազատ տեղը: Նստարանի ծայրին, դեմքը աշնան ժլատ արևի ճառագայթներին պարզած, մի ծերունի էր նստած: Աչքերին էժանագին շրջանակով ակնոցներ էին, հագին՝ մուգ շագանակագույն հնաոճ անձրևանոց: Ձեռնափայտը հենել էր նստարանի եզրին , միայն երբեմն-երբեմն շոշափում էր նրա կլորիկ , փայլուն գլխիկը, կարծես համոզվելու , որ այն իր տեղում է:

    «Ի ՞նչ արած, կողքին կնստեմ մինչև ընդմիջման ավարտը, կես ժամ կա դեռ: Էլի ավելի լավ է, քան գրասենյակի աստիճաններին կանգնելը»,- մտածեց աղջիկը:

    Միջահասակ, բաց շագանակագույն մազերն ուսերին թափած, մինչև գոտիկը հասնող տաք , յասամանագույն բաճկոնով ու բարձրկրունկ, երկարաճիտ կոշիկներով: Իրեն գեղեցկուհի չէիր կոչի, բայց մի տեսակ խղճուկ, կատվային հմայք կար մոխրականաչավուն աչքերում, իսկ փոքրիկ բերանի անկյուններում քմծիծաղն էր թառել: Տղաներն իրեն հմայիչ էին համարում ու երկրպագուների պակաս չուներ: Էմման մենակ էր ապրում սեփական փողերով գնած բնակարանում: Միայն... ամուսնությունը չէր ստացվում: Վերջինի հետ էլ հենց երեկ էր գժտվել: Գլխում հիմա կատարյալ խառնաշփոթ էր՝ երեկվա վեճի մանրամասնությունները հետուառաջ էին ընկնում ,կոխկռտում իրար: Լավ կլիներ՝ այսօր տանը մնար, պառկեր լոգարանում, սիրելի «Վսոպ» կոնյակից խմեր ու լսեր Բոբ Դիլանի եաժշտությունը: Բայց այդ հնարավորությունը չուներ: Աշխատանքից թույլտվություն էր վերցրել, որ հարկային գնա: Անցյալ տարի վաճառած ավտոմեքենայի մասին պետությանը պիտի նորից տեղյակ պահվի: Իբր չգիտե՜ն: Գրպանի կոպեկները պիտի հաշվեն ու պահանջեն իրենց բաժինը: Ասենք՝ Էմման սովորել էր, որ շրջապատում բոլորն էլ իրենից մի ակնկալիք ունեն: Միայն իր ակնկալիքները , չգիտես ինչո՞ւ, չէին իրականանում: Ա՛յ, Վահանը կարգին տղա էր, ուշադիր, ծաղկեփնջեր էր բերում, կինո, համերգ էին գնում միասին, բայց հենց ակնարկեց, թե «երեխա ունենալու համար ամենալավը 22 ից 30 տարիքն է», Վահանը կամաց -կամաց սառեց, սկսեց ավելի ու ավելի ուշ զանգել, իսկ նախորդ օրն էլ վիճեցին. Ընկերուհին՝ Մարին, ասաց, թե Վահանին սրճարանում ուրիշ աղջկա հետ է տեսել: Այսպե՛ս... Վահանն ազատ տղամարդ է ու իրավունք ունի իր ժամանակը տնօրինել ինչպես ինքն է ցանկանում, և նրա հետ, ում սիրտը կկամենա: Չէ՞ որ իրար երդումներ ու խոստումներ չէին տվել: Յուրաքանչյուրն իր տարածքն ուներ ու մյուսի ազատությունները չպիտի սահմանափակեր:

    Էմման նստեց, պայուսակից հանեց հեռախոսը: Ականջակալները հարմարեցրեց հեռախոսին ու նստարանի թիկնակին հենվելով, պատրաստվում էր երաժշտության միջոցով ուղեղից դուրս քշել իրեն իրեն քրքրող մտքերը:
    Ծերունին դեմքն արևին էր արել: Աշնան մեղմ քամին օրորում էր ծառերի հատուկենտ տերևները: Գուցե՞ ծերունու հուշերի ծառից էլ մի թուփ էր պոկել ու տարուբերում էր նրա մտքի հորիզոններում: Ով գիտե՞ ... Մեկ էլ , ասես նիրհից սթափված, նայեց Էմմային .
    -Շունս մեքենայի տակ ընկավ: Իրար հետ էինք գալիս: Բայց արդեն երկու շաբաթ է մենակ եմ այցելում այս այգին:
    Էմման տհաճությամբ հանեց ականջակալներից մեկն ու հարցական հայացքը մեկնեց ծերունուն:
    -Ընկերս էր նվիրել, երբ արտասահման մեկնեց, երեխաների մոտ: Իմ տղան էլ Մոսկվայում է ապրում: Շունս միակն էր, որ կիսում էր մենակությունս: Հավատարիմ էր ու չէր տրտնջում: Գիտե՞ք, ես այնքան էլ հաճելի բնավորություն չունեմ: Բայց շունս միշտ նայում էր աչքերիս մեջ: Կինս , պատահում էր, հայացքը թեքում էր ինձանից: Աստված հոգին լուսավորի: Ջահել օրերին ինչ ասես չի եղել: Բայց շունս...
    Ծերունու աչքերը լցվեցին.
    Մագաղաթի նման խունացած ձեռքը գրպանը տարավ ,մի ճմրթած թաշկինակ հանեց, ամաչելով ակնոցների արանքից հպեց աչքերին:
    Էմման, զուտ քաղաքավարությունից դրդված, հարցրեց.
    -Իսկ ինչքա՞ն ժամանակ էր շունը Ձեզ հետ ապրել:
    -Յոթ տարի : Դոբերման էր: Կապվել էինք իրար: Երբ կապվում ես, խոցելի ես դառնում:
    -Այո՜,- արձագանքեց Էմման:
    - Սկզբից շատ զգուշավորությամբ տնտղում ես, զննում ես նրան բոլոր կողմերից, եթե անգամ որոշ բաներ էլ քո սրտովը չեն, դու համենայն դեպս հարմարվում ես իր գոյությանը: Ինքն էլ քեզ է հարմարվում: Ու կամաց կամաց սկսում է աչքերիդ նայել: Նույնիսկ այն պահերին , երբ զայրացած կամ տխուր էի լինում, նա քաշվոմ էր սենյակի անկյունն ու ջրալի աչքերը գցում վրաս: Ա՛յ, Դու՛ք գիտե՞ք՝ ի՞նչ է հավատարմությունը:

    Էման կարծես հանկարծակիի եկավ.
    -Հավատարմությունը... կյանքումս անընդհատ անհավատարմությանն եմ բախվում,- դառը քմծիծաղով պատասխանեց աղջիկը: - Մեր օրերում դա քիչ է պատահում:
    -Այո՜,- հաստատեց ծերունին,- դժվար է մարդկանցից անվերապահ հավատարմություն ու նվիրում ակնկալել: Երբեք համոզված չես, թե դիմացինիդ նվիրելով հոգուդ ամենաջերմ զգացմունքները, ի պատասխան նույնն ես ստանալու: Դժվա՜ր է մարդկանց հետ, իսկ Բիսմարկի հետ հեշտ էր: Երբ կինս դեռ կենդանի էր, մենք կատու էլ ունեինք: Շունս ու կատուն՝ Մաշա էր անունը, հաշտ էին ապրում: Կատուն խոհանոցի սեղանի վրայից երբեմն նույնիսկ ուտելիքի կտորներ էր գցում հատակին՝ Բիսմարկի համար: Կատուն աներեսն էր, բայց շունս գիտեր՝ ի՞նչ կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ: Գիտեր, որ խոհանոցի սեղանին դրած ուտելիքին մոտենալ չի կարելի ու խստորեն հետևում էր իր իմացած կանոնին, թեկուզ և՛ քաղցած լիներ: Կատուներն են, որ ոչ մի կանոնի չեն ենթարկվում: Մեծամիտ են ու ինքնահավան, իրենք որևէ մեկին չեն պատկանում: Տերերն էլ կարծես նրանց ենթակաները լինեն: Ճիշտ է, կատուներն էլ են ընտելանում, կապվում մարդկանց, բայց ո՛չ շների պես: Շունը մարդու նման գաղափարի համար կարող է զոհվել: Հրդեհների մեջ նետվող շները, կարծում եք, ոչինչ չե՞ն գիտակցում: Լավ էլ գիտակցում են, բայց ոչ թե բնազդով, այլ պարտականության զգացումից դրդված են գնում մարդկանց փրկելու:
    Ծերունին լռեց ու կիսափակ աչքերով նորից մի պահ մոռացության գիրկն ընկավ.
    Հետո սթափվելով՝ շարունակեց.

    -Մարդիկ փոխվում են, փոխվում է միևնույն երևույթի նկատմամբ վերաբերմունքը: Երբ ուզում ենք սիրել, հազար ու մի մանրուք մեր աչքին որպես անհերքելի ապացույց է դառնում, որ սովորական մարդուն կամ շանը դարձնում են մեզ համար թանկագին ու անփոխարինելի: Նույնպես և, երբ պատահում է՝ հիասթափվում ենք, այդ նույն մանրուքները նավի խարսխի նման թաղում են մեզ անտարբերության ծանծաղուտների մեջ:

    Էմման հանել էր ականջակալներն ու զգաստացած լսում էր ծերունու բարձրաձայն խորհրդածությունները: Աղջկան թվաց, թե իր, որպես ունկնդրի գոյությունն այստեղ այնքան էլ կարևոր չի, բայց գուցե նախախնամության մատը խառն էր , որ ինքն այսօր հարկային եկավ ու զբոսայգում նստեց այս տարօրինակ ծերունու կողքին: Խմորում էր մտքում նրա ասածները, համադրում իր հետ կատարվածին ու զգում էր, որ չի՜ կարող չհամաձայնել: Երբ նոր էին ծանոթացել Վահանի հետ, իրեն գրավում էր նրա բարձրաձայն ծիծաղը, դա համարում էր մաքուր ու արձակ հոգու արտահայտություն: Վահանը նույնիսկ անարժան բաների վրա ուրախանում էր երեխայի պարզամտությամբ, իսկ Էմմային դա դուր էր գալիս: Իսկ հիմա, երբ հիասթափության ալիքները կամաց- կամաց լվանում էին սիրտը սիրահարվածության ավազից, այդ նույն ծիծաղը նյարդայնացնում էր ու այնքան անմի՜տ էր հնչում:
    -Ինձ թվում էր, թե ես չեմ կարող որևէ կենդանու այնքան կապվել, որ դժվարությամբ ու տառապանքով տանեմ իր կորուստը: Պատկերացնո՞ւմ եք, հարկավոր էր յոթերորդ տասնամյակը բոլորել, որպեսզի հասկանայի մոլորությունս: Ու միայն դրանից հետո, երբ կորցրի իրեն:
    -Իսկ դա ո՞նց պատահեց, շներն այնքան զգուշավոր են լինում...
    -Հասկանում եք, այդ սև մեքենայի ղեկին մի լակոտ էր նստած ...
    Ծերունին դողդոջ ձեռքը մեկնեց Սպայի տունն զբոսայգուց անջատող ոլորանի անկյունը.
    -Այնտեղից դուրս պրծավ , ամեհի գազանի նման սուրաց լուսացույցի ուղղությամբ... Բիսմարկն այդ ժամանակ արդեն սպասում էր ինձ, որ միասին փողոցն անցնենք: Ես մոտ քսան քայլ իրենից հեռու էի, ոտքերս էլ առաջվանը չեն, դժվարությամբ են տանում կմախքիս ծանրացած տարիների բեռը: Ես հեռու էի, իսկ Բիսմարկը հենց լուսացույցի սյան մոտ էր պպզել...
    Ծերունու ձայնը նորից կերկերաց:
    - Միթե՞ փրկության ո՛չ մի հնար չկար:
    -Ի՞նչ կարող էի անել, շների համար շտապօգնություն չկա: Կամ գուցե և կա, իսկ ես դրա տեղը չգիտեմ: Երկար չտանջվեց, մի երկու րոպե թպրտաց,նույնիսկ ձայն չհանեց, կուչուձիգ արեց ոտքերն ու աչքերն ինձ գցած՝ հանգավ:

    Արցունքի մի կաթիլ պոկվեց ծերուկի աչքից ու դանդաղ սահեց այտի վրայով:
    -Արդեն տուն էլ չեմ ուզում գնալ: Ինձ ոչ ոք չի սպասում:
    -Գուցե նոր շուն գնե՞ք,- անհամարձակ առաջարկեց Էմման:
    -Ո՛չ, ի՞նչ եք ասում, ես արդեն չափազանց ծեր եմ նոր շան համար: Ու նաև վախենում եմ, թե նրան էլ կարող եմ այնքան ընտելանալ կամ ընտելացնել ինձ, որ մեզնից մեկի կորուստն անդարման կլինի մյուսի համար:
    Էմման նայեց հեռախոսին. Ընդմիջման ժամն արդեն վաղուց ավարտվել էր, իսկ ինքը դեռ նստած է ծերունու կողքին: Փութով վեր կացավ տեղից.
    - Պիտի գնամ, իմ ժամանակը քիչ է, այսօր անպայման գործս պիտի հասցնեմ:
    -Գնացե՜ք, աղջի՛կս, գնացե՜ք, ժամանակն ընդհանրապես քչություն է անում : Այն անվերջանալիորեն երկարում է միայն, երբ մենակ ես մնում ու կյանքից արդեն սպասելիքներ չունես:
    - Ցտեսություն, գուցե մի օր էլի կհանդիպենք,- մի բան ասելու համար արտաբերեց Էմման:
    -Գուցե՜,- երկարացրեց ծերունին: Մի անգամ էլ շոշափեց ձեռնափայտի ողորկ գլխիկը, հետո վերցրեց, երկու ձեռքով կռթնեց վրան ու աչքերը կկոցելով, նորից երեսը դարձրեց դեպի արևը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.08.2011), E-la Via (03.09.2011), Freeman (09.08.2011), Kanamar (10.08.2011), KiLa (09.08.2011), Malxas (09.08.2011), Mark Pauler (10.08.2011), Nadine (18.08.2011), Sambitbaba (14.08.2011), Sona_Yar (09.08.2011), Դեկադա (10.08.2011), Էլիզե (09.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •