Silo. բանանների հեղեղը
Այս մեկը նաև հատնի է որպես մանրածախ առևտրի երևի ամենատխմար պատմությունը:
Ասում են՝ գովազդի համար երբեմն շատ կարևոր է գրականի փոխարեն մտերմիկ-փողոցային լեզու օգտագործելը: Որոշ սպառողներ սիրում են լսել, որ դու «թույն» ու «կարգին» պաղպաղակ ես վաճառում. դա նրանց ստիպում է ենթադրել, որ եթե սկսեն ուտել քո «կարգին» պաղպաղակը, ապա գուցե այնքան էլ հաճախ տփոց չուտեն դպրոցի հետևում ու նույնիսկ մի քանի ընկերներ ձեռք բերեն: Բայց երբ խոսակցական լեզու ես օգտագործում, ապա պիտի գոնե 100%-ով վստահ լինես, որ ոչ ոք քեզ բառացիորեն չի հասկանա: Օրինակ՝ ոչ ոք չի մտածի, որ «թույն» պաղպաղակը թունավոր պաղպաղակն է: Կամ, օրինակ...
1986-ին Silo խանութների ցանցի պահեստներում չափից շատ մագնիտոֆոններ էին կուտակվել: Որոշվեց, որ դրանք պետք է վաճառվեն շատ արագ և խիստ ցածր գներով: Ապա ինչ-որ մի հանճարեղ PR-մասնագետ որոշեց, որ գինը պիտի նշվի հետևյալ կերպ. «only 299 bananas», այսինքն՝ «ընդամենը 299 բանան»: Այստեղ հարկ է նշել, որ անգլերենում «banana» բառը ժամանակին նաև ունեցել է «դոլար» իմաստը, պարզապես 1986-ին արդեն շա՜տ շատ վաղուց էր, ինչ այլևս ոչ ոք փողին «բանան» չէր ասում:
Հենց որ գովազդը սկսեց հեռարձակվել, տասնյակ խորամանկ սպառողներ լցվեցին Silo-ի խանութները, ու բնականաբար՝ յուրաքանչյուր սպառող իր հետ բերել էր ուղիղ 299 հատ բանան (շուկայական արժեքը՝ մոտավորապես 40 դոլար): Դեղին, հասած, քաղցր բանաններ: Այստեղ հարց է առաջանում. որտեղի՞ց էին մարդիկ այդքան շատ բանան ճարել: Միջին վիճակագրական խանութում ընդհանուր առմամբ հազիվ 300 հատ բանան լինի: Ու հազիվ թե ինչ-որ մեկը նախատեսած լիներ, որ մի օր ստիպված է լինելու սպասարկել մի ամբողջ շարք գնորդների, որոնցից յուրաքանչյուրը ցանկանալու է գնել 50 խուրձ բանան: Երևի ինչ-որ հատուկ մեծածախ առևտրի կետ կա՝ առանձնապես հանճարեղ ու անխիղճ սպառողների համար: Ինչևէ...
...Ինչևէ. խանութները ստիպված էին ընդունել այդ բոլորն բանաններն ու դրանք փոխել 300 դոլարանոց մագնիտոֆոնների հետ: Silo-ն ընդամենը մեկ օրում կորցրեց ավելի քան 10,000 դոլար ու հաջորդ օրը տեղնուտեղը դադարեցրեց իր մեղմ ասած անհաջող գովազդը, քանի դեռ ուրիշ հաճախորդների մտքով էլ նույն բանը չէր անցել:
Ամենատխուրն այն է, որ Silo-ն նույնիսկ չկարողացավ իրացնել այդ բանանները (խոսքը
հազարավոր բանանների մասին է): Տեղական գազանանոցներին այլևս բանաններ պետք չէին, իսկ ճաշարանները հրաժարվում էին այդքան մեծ քանակությամբ շուտ փչացող ապրանք ընդունելուց:
Tesco-ի, մրցակցության ու մաթեմատիկա իմանալու օգուտի մասին կպատմեմ մի քիչ ավելի ուշ
:
Էջանիշներ