Փորձություն
Շաբաթվա առաջին աշխատանքային օրվա եռուզեռն իհարկե սկսվում է ճանապարհների անիմաստ խցանումերից, որոնք ինձ համար դարձել են օրինաչափություն, և որպեսզի ժամանակս անտեղի չվատնեմ, մեքենաների գունագեղ ձայնաազադանշանների սիմֆոնիայի ներքո, ղեկին “քնելու” փոխարեն, սկսում եմ վերհիշել նախորդ շաբաթվա կիսատ թողած գործերը և պլանավորում նորերը:
Այս անգամ, խցանումը ամբողջովին կանգնեցրել էր երթևեկությունը, որի պատճառը երկու ԱՊՊԱկողմնորոշված վարորդների վեճն էր փողոցի հենց մեջտեղում: Նրանք փոխանակ սպասեին ապահովագրական գործակալի գալուն, սկսել էին բանավիճել: Իհարկե մեր ազգային առանձնահատկությունը մեզ թույլ չի տալիս լինել սխալ ցանկացած հարցում: Մենք միշտ ճիշտ ենք անում ցանկացած բան, այդ թվում նաև մեքենա վարելու ձևը, և քանի որ երկու վարորդներն էլ “իրավացի” էին, բայց վթարը տեղի էր ունեցել, նրանք սկսել էին բորբոքվել ու փոխանակ վթարի մեջ հայավարի մեղադրին կառավարությանը, ազգային ժողովին կամ գոնե երկրի նախագահին, սկսել էին իրար քիթ ու մռութ ջարդել: Արդյունքում, երկու ջարդված լուսարձակներն ու դրանց տերերի քթերը, թատերաբեմի մեծ պահանջարկ վայելող տեսարան էին դարձել: Յուրաքանչյուր վարորդ, վթարի կողքին մնացած նեղ հատվածով անցնելիս կանգնեցնում էր մեքենան, առնվազն մի րոպե ուշադիր ուսումնասիրում էր իրավիճակը, իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում, ու նոր տեղից շարժվում:
Աշխատանքից արդեն ուշացել էի: Հեռախոսս նույնպես անհամբեր էր դարձել ու արդեն րոպեն մեկ թպրտում էր, հասկացնելով, որ մի հոգի ևս ինձ “կարոտել է”:
- Լսում եմ:
- Բարև Մհեր ջան:
- Բարև, - մի քիչ հարցական տոնով բարևեցի ես:
- Ախպերս, Գոռի ընկերն ա` Դուրոն: Էրեգ Գոռը քեզ պիտի ասած ըլներ, որ գործ ունեմ հետդ:
- Հա, ասել է:
- Էսօր ե՞րբ կարաս գաս մեր օֆիս:
- Ժամը երկուսին կազատվեմ, կզանգահարեմ: Ստույգ ժամ կպայմանավորվենք, ու նաև ձեր գրասենյակի տեղը կասեք:
- Շատ լավ, սպասում եմ զանգիդ, ախպերս, - ասաց մի տեսակ “ախպեր” բառի “խ” տառը ձայնավորի պես երկարացնելով ու խուլ հազով ավարտեց մեր հեռախոսազրույցը:
Ինչպես և պայմանավորվել էինք` ժամը երկուսին զանգահարեցի, իմացա դեռևս անծանոթ “եղբորս” գրասենյակի գտնվելու վայրն ու գնացի հանդիպման:
Ճանապարհին մտածում էի այն մասին, որ իմ փոքր հիմնարկի գործերը այդքան էլ լավ չեն ընթանում ու նույնիսկ փոքր ֆինանսական ցնցումը իր հետ կարող է բերել անվերահսկելի պրոբլեմներ: Երևի արդեն ժամանակ է ստացվող մասնագիտական առաջարկներից մեկն ընդունել, ու ֆինանսկան դիրքերս մի քիչ ամրապնդել:
Գործերի մասին մտորելով հասա պայմանավորված հասցեում գտնվող գրասենյակի մուտքի մոտ: Երբ ներս մտա, օդորակիչի հաճելի սառնությունը միանգամից ցրեց մտքերս: Ներսում գործավարուհին իմանալով, թե ես ով եմ` ուղեկցեց երկար միջանցքի ամենավերջում գտնվող տնօրենի աշխատասենյակ: Բոլոր աշխատասենյակների դռները բաց էին, բայց հիմնարկում անսովոր քար լռությունն էր տիրում: Երեսունից ավել աշխատակիցներ լուռ աշխատում էին` ամեն մեկն իր համակարգչի մեջ խորասուզված: Տնօրենի աշխատասենյակի շքեղությունը սկսվում էր զարդանախշերով ծանր դռնից, շարունակվում էր ընդարձակ նախասրահով, որտեղ նստած երկու տղաներ ուշադիր նայում էին բազմաթիվ տեսասարքերից ստացվող տասից ավել էկրանների պատկերներին, իսկ հաջորդ ծանր ու նախշազարդ դռան ետևում տեսարանը կտրուկ փոխվում էր: Ներսում գտնվող բնական քարերից ու փայտից պատրաստված կահույքի անհասկանալի շքեղությունն ուղղակի աչք էր ծակում: Հարստության ու զեխության նման ցուցադրումը այնքան զզվելի էր, որ մեջս հեռանալու ցանկություն առաջացավ, բայց մինչ ես կփորձեի դա իրականացնել` ձեռքը դեպի ինձ պարզած մոտեցավ մի շատ գեր մարդ, որի շինծու ժպիտը չէր կարողանում թաքցնել խորամանկ ու գնահատող հայացքը:
- Բարով էկար ախպեր ջան, ես Դուրոն եմ:
- Բարև ձեզ:
- Նստի: ի՞նչ կխմես:
- Ջրից չեմ հրաժարվի:
Դուրոն սեղմեց իր սեղանի վրայի կոճակն ու ասաց.
- Սոֆա, շուտ ջուր, էրկու հատ կոֆե, կոնյակի բաժակներ ու քաղցր բեր:
Ժամանակակից աշխատասենյակների անբաժան մասը կազմող համակարգիչը այստեղ բացակայում էր, դրա փոխարեն սեղանին դրված էին տարատեսակ քարե արձանիկներ, իսկ սեղանի կողքին, մոտ երկու մետրանոց քարե գլոբուս էր պտտվում:
Շուտով գրասեղանը նմանվեց հարուստ ճաշացանկով ռեստորանի սեղանի`ծանրաբեռնված բազմատեսակ քաղցրավենիքներով ու խմիչքով:
Ես հրաժարվեցի կոնյակից ու կում-կում վայելելով սառը ջուրը սկսեցի անտարբեր շուրջս նայել:
- Շատ էլ, որ քո հետ նոր եմ ծանոթանում Մհեր ջան: Գոռի ախպերը իմ ախպերն էլ ա: Քեզ ազատ զգա: Դու օգտվի, մի բան կեր, ես էլ քեզ մեր խնդիրների մասին կասեմ, - իր խռպոտ ձայնով ասաց Դուրոն, որի իսկական անուն, ազգանունը Մանուկ Սիմոնյան էր, իսկ մականունը ստացել էր երիտասարդ տարիքում փայտամշակման գործիքով` դուրով, մարմնական վնասվածքներ հասցնելու համար ազատազրկում կրելիս:
- Շնորհակալ եմ: Լսում եմ Ձեզ, - պատասխանեցի ես:
Իմ սովորության համաձայն, երբ գործնական հանդիպումներին իմ հետ սկսում են խոսել ժարգոնով, անպայման պատասխանում եմ խիստ գրական հայերենով ու մի քանի րոպե անց զրուցակիցս նույնպես, թեկուզ տանջվելով, բայց փորձում է իմ հետ խոսել հնարավորինս գրական: Այս հնարքը ինչ-որ չափով ազդեց նաև Դուրոյի վրա:
- Ուրեմն Էսպես: Երևի գիտես, որ ես երշիկի արտադրամաս ունեմ, իսկ հիմա արտասահմանից սննդի տարբեր արտադրությունների հոսքագծեր եմ պատվիրել, որոնք արդեն մոնտաժվում են իմ գործարանում, բայց չունեմ մասնագետ, ով կկարողանա համապատասխան բաղադրություններ տրամադրի: Մի մասնագետ վարձեցի, լաբորատորիայի համար սարքեր առա, բայց երկու ամիս անիմաստ աշխատավարձ ստանալուց հետո, էտ անասունը փախավ մոտիցս առանց արդյունքներ ստանալու: Մոտ օրերս շինարարական աշխատանքները արդեն ավարտված կլինեն: Ես նույնիսկ հումքերն եմ պատվիրել ու պահեստավորել, բայց արտադրություն չեմ կարող սկսել: Հիմա շատ շտապ ինձ պետք ա կարագի, մայոնեզի, պաշտետի, կետչուպի արտադրական բաղադրություններ: Կարա՞ս էտ հարցում օգնես, - ու ինձ մեկնելով մի թուղթ` ավելացրեց, - էս էլ էն հումքերի ցուցակը, որոնք արդեն պահեստավորված են:
Ես ուշադիր զննեցի նյութերի ցուցակն ու հարցրեցի.
- Իսկ, ո՞վ է ձեզ խորհուրդ տվել, ներկրեք այս հումքերը:
- Դե~, հոսքագծերի հետ ինձ որոշ բաղադրատոմսեր էին տվել, բայց դրանք Հայաստանի համար չէին: Շատ էր թանկ ստացվում արտադրանքը: Ես էլ էն էշ տեխնոլոգիս հետ հումքերը փոխարինեցի դրանց էժան տարբերակներով:
- Գիտեք, այս ցուցակում կան նյութեր, որոնք արդեն արգելված են: Օրինակ` կարագի համար նախատեսված հումքերից մեկը արդեն չի թույլատրվում օգտագործել սննդի արդյունաբերության մեջ, լավագույն դեպքում հնարավոր է կիրառվել օճառի արտադրությունում:
- Մհեր ջան, արխային, ինձ ստեղ արգելող չկա, - ինքնահավանության նոպային ջղաձգումներով համեմելով խոսքերը` ասաց Դուրոն:
- Հարցը արգելողը չի, այլ այն, որ կոնկրետ այս նյութը վտանգավոր է առողջության համար ու հենց այդ պատճառով էլ արդեն հինգ տարի է ինչ ամբողջ աշխարհում արգելվել է օգտագործել սննդի արտադրությունում:
- Հա, հասկանում եմ Մհեր ջան, բայց մենք Հայաստանում ենք:
- Դա ի՞նչ նշանակություն ունի:
- Դա նշանակում ա, որ նախ մեր պետստանդարտի համապատասխանության վկայական տվողները դրանից տեղյակ չեն, հետո էլ, որ իմանան էլ, մեկա ինձ բան ասող չի լինի:
- Դուք ինձ նորից չհասկացաք: Լավ, մի էսպիսի հարց տամ Ձեզ: Այդ կարագ կոչվածը, որ այս հումքով արտադրեք, ո՞վ է ուտելու:
- Դե սաղ էլ ուտելու են, Մհեր ջան: Նախ Էժան կլինի, իսկ էսօր մեր խեղճ ազգի վիճակը գիտես` ուզած-չուզած էժանին են վազելու, հետո էլ նաև բանակին եմ մատակարարելու: Արդեն հինգ տարուց ավել ա, որ ես աշխատում եմ Պաշտպանության Նախարաության հետ ու սննդի մատակարարման մրցույթների մեծ մասը իմ հիմնարկն ա կրում:
Ես հայացքս հառել էի հումքերի ցուցակին, բայց ոչ թե կարդալու համար, այլ որ կարողանամ կենտրոնանամ ու էս հաստափորին հասանելի լեզվով բացատրեմ, որ այս նյութերով սնունդ արտադրելը հավասարազոր է ազգին ու բանակին դանդաղ ազդեցության թույն ներարկելուն:
- Ախր մի բան հասկացեք, խնդրում եմ: Այս սինթետիկ տրանսիզոմերային ճարպաթթուների ցանկի մեծ մասը հենց այնպես չի արգելվել: Ամբողջ աշխարհը մի հարյուր տարի դրանք օգտագործել է սննդի արտադրության մեջ, բայց հետազոտությունները պարզել են, որ դրանք քաղցկեղածին են ու օրգանիզմի կողմից լրիվ այլ ձևով են յուրացվում, ինչպես նաև բազմաթիվ խնդիրներ են առաջացնում լյարդի և երիկամների համար: Ուղղակի այդ առողջական խնդիրները առաջանում են ոչ միանգամից, այլ քսան կամ երեսուն տարի հետո, այդ պատճառով էլ դրանց բացասական ազդեցությունը դժվար է եղել բացահայտել:
- Լսի Մհեր, - արդեն լրիվ լուրջ դեմքով ու զայրացած տոնով շարունակեց Դուրոն, - ես պիտի ստեղ կարագ արտադրեմ, հենց էդ հումքերով պիտի արտադրեմ ու դու ինձ տերմինակոխ մի արա քո քիմիայով: Դու էլ եթե խելք ունես, ինձ կօգնես ու փող կաշխատես, թե չէ ուրիշին կդիմեմ:
- Հարցը փողը չի:
- Հարցը ստեղ հենց փողն ա:
- Իսկ դու քեզ, ո՞նց կզգաս, եթե մի քսան տարի հետո իմանաս, որ հարյուր հազար մարդ հիվանդացել է քաղցկեղով, քո էս պահին ընդունած որոշման արդյունքում:
- Էտ սաղ հեքիաթ ա: Բա էտ հումքերը ինչի՞ են շարունակում Թուրքիայի գործարանները արտադրել:
- Արդեն ասացի` դրանք օգտագործվում են օճառի ու այլ մաքրող-լվացող միջոցների արտադրության մեջ կամ էլ թույլ զարգացած երկներն են դեռ օգտագործում մարգարինների մեջ:
- Է... Հա: Հայաստանն էլ ա թույլ զարգացած:
- Փաստորեն այնքան էլ թույլ զարգացած չի: Ես թույլ չեմ տա, որ դու սրանցով արտադրես:
- Կարա՞ս որ, - ասաց Դուրոն ու սկսեց քահ-քահ ծիծաղել: Հետո լռեց ու իր աղվեսային հայացքով աչքերը գամեց վրաս:
- Դուրո, փորձիր հասկանալ: Միթե՞ դժվար է: Էլ ինչպե՞ս ասեմ, որ ինձ հավատաս: Դու էդպես մի ամբողջ ազգ ես թունավորելու: Ճիշտ է փող կաշխատես, բայց դա բարոյական չէ: Հասկանու՞մ ես, բարոյական չէ, որ հանուն քո գրպանի մի ամբողջ ազգ թունավորես, բանակ թուլացնես...
- Ինձ լսի, իմ ռոմանտիկ ախպեր: Ստեղ, ոչ թե փողեր են ֆռալու, այլ մեծ փողեր, որ սաղ կյանքումդ սկի չես տեսել: Ի՞նչ ես գլխիս լոլոներ կարդում: Ի՞նչ բարոյականություն:
Դուրոյի ասած վերջին արտահայտության հետ իմ ներսի գազանը ամբողջովին շղթայաթափ եղավ: Ամբողջ արյունը հավաքվել էր գլխումս: Ես դժվարանում էի զսպել զայրույթս:
Ինձնից անկախ սկսեցի մտածել, որ ես էս հաստափորից ոչ պակաս հեղինակավոր ընկերներ ունեմ: Այս համագործակցության համար միջնորդած Գոռը իմ մանկության ընկերն է և քրական աշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Նա միանշանակ իմ կողմից կլինի ու հարկ եղած դեպքում կօգնի, որ էս եզին բան հասկացնեմ:
Նայում էի Դուրոյի դեմքին, նրա վզի ճարպոտ ծալքերին ու ամբողջ սրտով ցանկանում հայհոյել նրան: Մտքիս մեջ տարբերակներ էին գալիս ու գնում, թե ինչ անեմ, ինչպես ինձ պահեմ. “Գուցե վեր կենամ ու գնամ, բայց էտ դեպքում սա մեկ ուրիշին կգտնի, որ այդ թույներով արտադրանք տա: Գուցե մնամ, սկսեմ համագործակցել հետը ու թեկուզ ստի միջոցով համոզեմ, որ այդ հումքերով անհնար է արտադրանք տալ: Չէ... Դա էլ ելք չի: Հենց հիմա ու այստեղ, ինչ-որ մի բան է պետք անել, որ սա միտքը փոխի: Երևի պետք սրան է այդ քայլի ստորության աստիճանը բացատրել իր համար ընկալելի լեզվով”:
- Հը, ինչ ես մտածում Մհեր, - լռությունը ընդհատեց Դուրոն:
- Մտածում եմ, որ դու ուղղակի լավ չես պատկերացնում, թե ինչ ես պատրաստվում անել: Արի էսպես ասեմ: Դու շատ լավ համոզել գիտես ու քանի որ քո համար փող աշխատելու հարցում չկան բարոյական չափանիշներ, իմ մոտ մի հարց է առաջ գալիս:
- Ի՞նչ հարց:
- Կարո՞ղ ես կնոջդ համոզել, որ դուրս գա փողոց ու մարմնամավաճառությամբ քո համար փող վաստակի:
Դուրոն էսպիսի հարվածի հաստատ չէր սպասում: Նա երկու անգամ բերանը բացեց, բայց ոչինչ չասաց: Դեմքը ամբողջությամբ կարմրեց, սկսեց շնչահեղձ լինել ու մի կերպ ատամների արանքից արտաբերեց.
- Գնա... Հենց հիմա գնա ստեղից Մհեր...
Ես ոտքի կանգնեցի ու քայլերս ուղղեցի դեպի նախշազարդ դուռը: Երբ արդեն դռների արանքում էի շրջվեցի ու հանգիստ ասացի.
- Ես տեղյակ կպահեմ, սննդի արտադրության ոլորտում փորձ ունեցող իմ բոլոր ընկերներին ու ծանոթներին, կզգուշացնեմ, որ չաշխատեն քո հետ: Երբ միտքդ փոխես ու որոշես նորմալ հումքերով աշխատել` զանգահարիր ինձ: Էն ժամանակ էլ կօգնեմ:
Ես դուրս եկա այդ հիմնարկից և միայն մեքենայի ղեկին նստելուց հետո նկատեցի, որ ձեռքերս դողում են: Մեծ դժվարությամբ ինձ հավաքելով` մեքենայի շարժիչը գործի գցեցի: Երբ բավական հեռացել էի, Ճանապարհի մի հարմար անկյունում մեքենան արգելակեցի ու սկսեցի զանգահարել իմ բոլոր այն ծանոթներին, ովքեր որևէ կապ ունեին սննդի արտադրության հետ: Մի ժամ հետո արդեն տասից ավել տարբեր մասնագետներ ինձ խոստացել էին չհամագործակցել Դուրոյի հետ: Մտածում էի, արդյո՞ք արժի հիմա ասել այս անախորժ հանդիպման մասին Գոռին, թե՞ ոչ: Ես գիտեի, որ Դուրոյի հետ իմ այս վեճը անհետևանք չէր անցնելու, բայց որոշեցի դեռ ոչինչ չձեռնարկել, բացի նրանից, որ թույլ չտամ այդ հումքերով որևէ մեկը բաղադրություններ ստեղծի նրա համար:
Էջանիշներ