Ավտոբուսի կանգառում հսկայական հերթ էր: Հարյուրավոր հոլանդացիներ և այլազգիներ մի գծի վրա ուղիղ շարվել, համբերատար սպասում էին իրենց հերթին: Երկաթուղում ինչ-որ վերանորոգման աշխատանքներ էին տարվում, և Խրոնինգենից դեպի հարավ գնացքներ չէին մեկնում: Նման բան հազարից մեկ է պատահում, ու մենք հենց այդ օրն էինք ընտրել ճամփորդելու համար:
- Մի տեսակ չե՞ս զգում Խրոնինգենից գնալիս:
Գլխով արեցի: Եթե մի բառ ասեի, աչքերս էլ հետն էին ասելու, իսկ ես չափից դուրս հուզվող երևալու մտադրություն հեչ չունեի:
Ավտոբուսը մեզ բերեց Ասեն, այնտեղից` գնացքով դեպի Ամերսֆորտ: Գնացքն ուշացավ: Հետո Զվոլեում կանգնեց ու հրամայեց իջնել. Ամերսֆորտ չեմ գնում: Նոր գնացք դեպի Ուտրեխտ: Պոլը մեռավ սպասելով:
Ուտրեխտում հանդիպում ենք Պոլին: Գնացք դեպի Սիդարտ: Էնտեղից էլ ավտոբուսով հասնում ենք Մաստրիխտ: Վերջապես: Նորմայում չորս ժամ տևող ճամփորդությունը մեզնից վեց ժամ խլեց: Վեց ժամ էր պետք երկրի ծայր հյուսիսից ծայր հարավ հասնելու համար:
Երբ մի հայացք նետեցի Մաստրիխտի վրա, ծանոթ թվաց: Կարծես մի ամբողջ կյանք այնտեղ ապրած լինեի: Չհասկացա, թե էդ դեժա վյուն որտեղից էր: Սակայն կամրջի վրայով ճամպրուկները գլգլացնելիս պարզ դարձավ, որ Մաստրիխտը Պրահան է հիշեցնում, Մասը` Վլտավան:
Մաստրիխտի հոսթելում հարմարվում ենք: Ավելի մաքուր է, քան մեր ուսանողական տները: Երանելիություն:
- Ուզում եմ ուղղակի բազմոցին փռվել, ոտքերս տնկել ու կարդալ:
Քայլում ենք քաղաքով: Պոլը, կարոտած հայացքով գնահատելով իր ծննդավայրի փոփոխությունները, պատմում է դրա մասին.
- Մաստրիխտը Նիդեռլանդների ամենահին բնակավայրն է: Քաղաքը չեմ ասում, Ամստերդամն ավելի շուտ է պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացել: Էստեղ 2000 տարի առաջվանից մարդիկ են ապրում: Մաստրիխտ նշանակում է անցնել Մաս գետը... Քաղաքը պարիսպով է շրջապատված եղել: Հիմա մնացորդները կան: Տեսեք, հետևում տներ են կառուցել: Քանի որ մշակութային հուշարձանի մաս են կազմում, դրանք քանդել չի կարելի: Ներկել` հա, բայց կառուցվածքը փոխել` երբեք... Այս եկեղեցին տասներկու դարի պատմություն ունի: Պատկերացնու՞մ եք` մինչև հիմա կանգուն է... տասներկու դար:
- Իսկ ինչու՞ է ներսում մութ,- հարցնում է մահմեդական Սանան:
- Որովհետև եկեղեցի է:
- Բայց ինչու՞ է մութ... մզկիթները երբեք մութ չեն լինում:
Անցյալ շաբաթ էստեղ կառնավալ է եղել: Բրազիլականի նման: Հետքերը դեռ մնացել են դրոշների ու գետնին թափված գունավոր թղթերի տեսքով:
- Ինչու՞:
- Որովհետև էնքան շատ է, որ բոլորը մաքրել հնարավոր չէ:
Պոլը վերջին անգամ Մաստրիխտում ութ տարի առաջ է եղել:
- Էս կամուրջն էն ժամանակ չկար, նոր է:
Մաստրիխտը խաղաղ է: Փողոցներում մարդիկ շատ են, բայց աղմուկ չկա: Հանդարտությունը քեզ էլ փոխանցվում:
- Մի հազար Էրասմուսի ուսանող ուղարկեք էստեղ, տեսեք` խաղաղությունից բան կմնա՞:
Խրոնինգենն էլ մեծ քաղաք չէ, բայց էնտեղ շաբաթ երեկոներին նման լռություն երբեք չես տեսնի:
Մտնում ենք այգի: Ձնծաղիկները: Ո՞նց: Հա էլի, արդեն գարուն է: Կյանքիս մեջ առաջին անգամ հողի մեջ աճող ձնծաղիկներ եմ տեսնում:
Գետի խշշոց, էստեղ-էնտեղ վազվզող բադեր, եղնիկներ, սիրամարգ: Ուղղակի ուզում ես նայել, լսել նրանց բադերի կչկչոցը, նստել արևի վերջին ճառագայթների տակ: Ու էդ ամենը հերիք է:
- Էսքան ամիս վազվզելուց հետո հազիվ հանգստանում ենք:
Ճամփին մի տեղ էլ դ'Արտանյանին տեսանք: Արևմտյան մշակույթից գրեթե անտեղյակ Սանան հարցնում է` ով է նա: Իսկ ես վազում եմ հետը նկարվելու:
Մաստրիխտը տափակ չէ: Էստեղ բլուրներ կան, վերև-ներքև կա:
- Էստեղից սկսվում են վերև-ներքևները: Բելգիայում ավելի բարձր է, իսկ Ֆրանսիայում արդեն լեռներ են դառնում... Մաստրիխտում ստրոուպվաֆելներ չկան,- շարունակում է Պոլը,- էստեղ կարկանդակներն ավելի մոդա են:
- Հըմ, Բելգիա:
- Հա, Նիդեռլանդների էս պոչը ժամանակին Բելգիայի մի մաս է եղել:
- Կամաց-կամաց ենք Բելգիա գնում:
Մաստրիխտում հանգիստ եմ. Նիդեռլանդներում ոնց որ տանը լինեմ:
Էջանիշներ