User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բյուրի ճամփորդական օրագիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    3. Ալարում եմ վերնագրել: Մի խոսքով, երրորդ օրը

    Ճամփորդություն լինու՞մ է առանց առավոտյան քրուասանի: Չնայած նախաճաշելու սովորություն չունեմ, բայց անկարող եմ դիմանալ սրճարանից ինձ կանչող քրուասանի հոտին: Մինչև Կառլի համալսարան հասնելս կես ժամ ունեմ, ճանապարհը՝ ընդամենը տասը րոպե:

    …Իջնում եմ Պրահայի կենտրոնական փողոցով իմ սիրելի սովորական քրուասանի հետ, որը Լոնդոնն է հիշեցնում: Կիսալուսինը: Հիշում եմ նրան ֆրանսերենի դասերից:

    Փողոցը մարդաշատ է, չնայած առավոտյան այնպիսի ժամ է, երբ բոլորը պիտի որ արդեն աշխատանքի գնացած լինեին: Պայուսակս զգույշ. գրպանահատներ կան տարածքում:

    Համալսարանի շենքը գտնում եմ: Կլոր դահլիճ: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր համալսարանի չորրորդ և հինգերորդ լսարաններն են: Ծանոթ դեմքեր: Ոչ երեկ տեսածները: Այ այն դոցենտին Զալցբուրգում եմ տեսել. Էլիզաբեթի հետ մի լավ կռիվ արեց: Եքա բոյ-բուսաթով է: Երևում է, որ կրիմինալ հոգեբուժությամբ է զբաղվում: Իսկ այս մի պրոֆեսորին Երևանում եմ տեսել: Թեմայից կռահեցի: Ստիգմայից ու դեպրեսիայից էր խոսում: Նույն թեման ներկայացրել է նաև ռեգիոնալ կոնգրեսում: Հիշում եմ՝ լավ հիացել էի կենդանի զեկույցը լսելիս, որովհետև նրանից առաջ մի ռուս պապիկ էր, որը չնայած հրաժարվեց անգլերեն ներկայացնելուց, բայց ռուսերեն տեքստն ամբողջությամբ կարդաց՝ այդպես էլ անհաղորդ մնալով լսարանին:

    Աշխարհը փոքր է, նեղլիկ հատկապես մասնագիտություն ընտրելուց հետո: Էլ վախ չունես, որ նույն մարդկանց այլևս չես հանդիպի: Բայց չես էլ փնտրում նրանց: Հանդիպումներն ուղղակի ստացվում են:

    Վերադարձա Պրահա՝ լսարան: Քունս տանում է: Հազիվ եմ լսում: Հոգեբուժության ապագան, հոգեթերապիայի ապագան, ֆարմակոթերապիայի ապագան… Վտանգներ: Դրանք բոլորն առանձին թեմա են: Ուղեղիս մեջ՝ Հայաստանում հոգեբուժության ապագան… Կանխատեսելի է: Դժվար ինչ-որ թռիչքներ կատարենք: Ուղղակի 10 տարի անց կլինենք այնտեղ, որտեղ Եվրոպան հիմա է: Կամ էլ դեռ չենք լինի:

    Ճաշի ժամ: Ռեստորանում մեծ աղմուկ է. 100 հոգու չէին սպասում: Չեխ կազմակերպիչները խառնվել են իրար: Նախապես պատվիրել էին, բայց ռեստորանի ղեկավարությունն էշի ականջում քնած էր: Նստել եմ հենց չեխերի սեղանի մոտ:
    - Ես Հայաստանում եղել եմ,- հայտարարում է Զուզանան, երբ իմանում է, որ հայ եմ:
    - Իսկապե՞ս: Ծանոթնե՞ր ունես:
    - Չէ, գնացինք տուրիստական գործակալություն, մեզ Հայաստան առաջարկեցին:
    Զարմանում եմ:
    - Ե՞վ: Դուրդ եկա՞վ:
    - Հա… հատկապես ձեր մրգերը շատ համեղ էին:
    - Իսկ ես Պրահայում ապրել եմ,- ժպտում եմ:

    Ճաշից հետո զբոսանքն է: Դժվար է մոտ հարյուր հոգու կառավարել: Սկզբից էլ գիտենք, որ դանդաղ է լինելու:
    - Արի ես քեզնից կպնեմ, պոկվենք խմբից,- ասում է Գագան: Իր հետ գալիս է նաև էստոնուհի Մարինան:
    Մեկ էլ էս Գագաս մտնում է Պրահայի կենտրոնի սուվենիրների ամենաթանկաբազար խանութներից մեկն ու ժամերով գնումներ անում:
    - Գագա, արի գնանք. ստեղ թանկ է:
    Չի լսում: Ջղայնանում եմ. իբր խմբից առանձնացանք, որ արագ տեղաշարժվենք, իսկ հիմա ժամերով լռվում է խանութում:


    Վերջապես պոկվում ենք: Կամրջով անցնում ենք Վլտավան: Կամրջի վրա քամի է: Եղանակը վատանում է: Էլ առաջին օրվա այրող շոգը չէ:
    Կցորդ 52499

    Էլի սուվենիրների խանութներ են հանդիպում: Գագան.
    - Վա˜յ, բայց էստեղ ավելի էժան են:
    Գագաս գժվում է: Համ էդքան մեզ հավայի սպասացրեց, համ էլ տակ տվեց:

    Գագան ինտերնետ ակումբ է փնտրում: Էդ ժամանակ անիծում եմ իմ բախտը, որ կոմպս հետս չվերցրի, որ հանգիստ նստեինք մի սրճարանում, ինքն էլ օգտվեր: Մտնում ենք զանազան բակեր, հետաքրքիր սրճարաններ, բայց ոչ մի տեղ ինտերնետ չկա:


    Վերջապես ճարում է:
    - Քսան րոպե,- ասում է Գագան ու մեզ նստացնում սուրճ խմելու:
    - Երեկ էլ քսան րոպե ասաց,- դժգոհում է Մարինան,- բայց մի ամբողջ ժամ սպասել եմ:
    - Էս անգամ չի կարող: Եթե ուշացնի, չենք հասցնի աշխատանքային խմբերին:
    Սառած ենք: Տաք կապուչինոն մատուցում են: Շուրթերս խրում եմ փրփուրի մեջ: Էլ չեմ մրսում:
    - Եվրոպան սրա համար եմ սիրում,- ասում եմ,- որ կարող եմ լավ կապուչինո խմել:
    Մարինային ճանապարհը ցույց տալուց հետո ես ու Գագան շնչակտուր մտնում ենք «Սլավիա» ռեստորան, որտեղ պետք է տեղի ունենար հենց մեր աշխատանքային խմբի հանդիպումը: Նորվեգուհի Աննը, իսպանուհի Ռոսան և մեր շվեյցարացի ընկերն արդեն այնտեղ են, բայց խմբի ղեկավար Օլգան դեռ չկա:

    Մի թեթև զրուցում ենք: Ռոսան ջերմ է, ինչպես ցանկացած իսպանացի: Պարզվում է՝ մենք ու նրանք բախվում ենք գրեթե նույն խնդիրներին.
    - Մեր ղեկավարները մեզ չեն հետևում… Դու ազատ ես՝ ինչ ուզես, կարող ես անել, բայց երբեք չես իմանում՝ ճիշտ ես, թե ոչ… Հոգեթերապիա ընդհանրապես չկա: Ծրագրում գրված է՝ թղթի վրա, բայց եթե իսկապես ուզում ես սովորել, պիտի վճարովի դասերի գնաս:
    Օլգան չկա: Անցնում ենք այլ թեմաների: IFMSA-ից ենք խոսում:
    - Ես երեք անգամ մասնակցել եմ նրանց փոխանակման ծրագրերին,- ասում եմ:
    - Ես էլ,- ժպտում է Ռոսան:
    - Մի անգամ էլ Իսպանիայում: Դրանից հետո որոշեցի իսպաներեն սովորել: Hablo un poquito.
    - Իսկ ի՞նչ տպավորություններ ունես Իսպանիայից:
    Ժպտում եմ: Կարո՞ղ եմ մի քանի նախադասությամբ արտահայտել, թե ինչ հիասքանչ օրեր ապրեցի այնտեղ, թե որքան կարևոր էր այդ ճամփորդությունն ինձ համար: Իսկ ես կարճ եմ կապում.
    - Դա իմ ամենալավ փոխանակումն էր:
    Ռոսան էլ Հոլանդիայում էր եղել: Չենք հանդիպել. ինձնից հինգ տարի առաջ էր: Աննը ճանաչում էր Նորվեգիայի IFMSA-ից մեկին, որին Ռոսան էլ գիտեր: Աշխարհը փոքր է, շա˜տ փոքր:
    Օլգան շնչակտուր ներս է մտնում. հեռախոսով բացատրելուց հետո վերջապես գտել էր «Սլավիան»: Ու մենք անցնում ենք գործի:
    Խմբին շուտ եմ լքում. ժամը 19:45 մի հետաքրքիր պայմանավորվածություն ունեմ: Ուղիղ այդ ժամին Պրահայի աստրոնոմիկ ժամացույցի տակ եմ: Կուշանա՞ արդյոք Քերինը: Այստեղ նա առաջին անգամ է լինում: Կգտնի՞ արդյոք: Չէ, գերմանացին մնում է գերմանացի: Կես րոպե էլ չեմ սպասում, երբ հայտնվում է Քերինն իր երկու ընկերուհիների հետ:
    - Ի˜նչ անսովոր է քեզ ուրիշ միջավայրում տեսնելը,- ասում է Քերինը:

    Մեր աշխատանքային խմբի հետ չէի հասցրել ընթրել: Քերինենք էլ են սոված: Չեխական ռեստորան ենք փնտրում:
    - Ես գուլաշ պիտի ուտեմ,- ասում եմ,- մինչև հիմա չեմ կերել:
    Տուրիստական գրքի մեջ մի ռեստորան են ցույց տալիս Քերինի ընկերուհիները: Գտնում ենք: Ավելի ճիշտ, կարիք չկար շատ փնտրելու, որովհետև դեռ մի քանի մետր հեռավորությունից մեզ բռնեց ռեստորանի աշխատողը (սա էլ նոր մոդա է Եվրոպայում, երբ մենյուները ձեռքներին փողոցներով շրջում են), սկսեց գերմաներեն-անգլերեն խոսել, գովազդել իրենց ռեստորանը, իսկ մենք խնդրեցինք շատ չերկարացնել. միևնույն է, հենց էդ մեկն էլ փնտրում էինք:

    Քերինը Հայաստանից ու մեր ընդհանուր ծանոթներից է հարցնում: Հերթով արտասանում է իր հիշած հայերեն բառերը: Վերջում էլ.
    - Ծամոն կուզե՞ս:
    Կարծեմ Մուշն էր սովորեցրել, երբ վրաններով Դիլիջան էինք գնացել:
    - Հալալ ա մեզ, հալալ ա մեզ…- երգում է Քերինը: Դա էլ Մուշի երգն էր Արայի լեռ բարձրանալիս:

    Դուրս ենք գալիս: Պիտի ցրվենք: Ես ու Քերինը նկարվում ենք միասին:
    - Ֆեյսբուքում կդնես: Ոչ ոք չի հավատա, որ նորից հանդիպել ենք:

    Հ.Գ. էս անգամ չկարողացա նկարները տեքստի մեջ դնել, ներող:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 27.07.2011, 23:46:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (03.08.2011), Ariadna (03.08.2011), armen9494 (01.09.2011), CactuSoul (30.08.2011), cold skin (04.08.2011), einnA (27.07.2011), Freeman (28.07.2011), Kita (31.07.2011), Smokie (06.03.2012), Yevuk (01.08.2011), Էլիզե (28.08.2011), Նաիրուհի (28.07.2011), Նարե (28.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Ջոնի վիրտուալ օրագիրը
    Հեղինակ՝ John, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.02.2017, 05:24
  3. Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.07.2015, 19:33
  4. Աննա Ֆրանկի օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2012, 12:22
  5. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •