Սկզբում գնում եմ փող փոխելու: Պրահայում Երևանի նման չէ, որ ուզածդ տեղը գնաս, ինչ-որ քանակով տարադրամ տաս ու դրան համարժեք տեղական փող ստանաս: Էստեղ խաբում են, մանր տառերով տոկոս-մոկոսներ գրում, պահումներ անում, քիչ փոխելու դեպքում՝ շատ ավելի ցածր փոխարժեքով փոխով, ու ստացվում է այնպես, որ ահագին տուժում ես: Բայց կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ նորմալ փոխելու տարբերակ ու եթե Պրահայի բնակիչները չիմանային դրա մասին:
«Փողերդ անպայման արաբների մոտ կփոխես»,- հազար անգամ զգուշացրեց մայրս, չնայած առանց նրա ասելու էլ շատ լավ գիտեի, որ չտուժելու միակ տարբերակն է:
Տեղը հիշումեմ՝ Վացլավսկային զուգահեռ, բայց թե կոնկրետ որ հատվածում, դժվարանում եմ մտաբերել: Փոքր եմ եղել, ինձ մոտ մենակ պատկերներ են տպավորվել. պիտի տեսնեմ, որ ասեմ՝ դա է, թե ոչ:
Հասնում եմ: Ինչ-որ ուրիշ ձև էի հիշում փոխանակման էդ կետը: Վերջին անգամ ութ տարի առաջ եմ եղել: Ոնց էլ լիներ, ինչ-որ արտաքին փոփոխություններ կանեին: Ուզում եմ համոզվել:
- Արաբները դու՞ք եք:
Ծիծաղում եմ հարցիս անհեթեթությունից ու փողս փոխում:
Հաջորդ գործս հյուրանոց գնալն է, որտեղ պետք է հավաքվեինք հոգեբուժարան գնալու համար:
Քարտեզ չունեմ: Գրված է հասցեն ու այնտեղ հասնող տրամվայների համարները: Ասենք՝ իջա կանգառում, հետո՞:
Տրամվայը բաց թողեցի: Հաջորդն արդեն ուշացրեց ինձ: Իջա այն ժամանակ, երբ արդեն շարժվելու ժամն էր: Եթե նույնիսկ բաց թողնեմ նրանց, գոնե կիմանամ հյուրանոցի տեղը:
Ու քայլում եմ չգիտեմ ինչ ուղղությամբ, չգիտեմ՝ ուր եմ գնում: Ձեռքիս տակ միայն ինձ ոչինչ չասող հասցեն է, փողոցի անուն, որը ծանոթ է թվում, ինչպես Պրահայում ամեն բան, բայց չեմ կարող ասել՝ որտեղ է տեղակայված, ինչպես Պրահայում ամեն բան:
park inn-i moterqe.jpg
Ծանոթ, սարսափելի ծանոթ թաղամաս: Հիշում եմ. Մարիան էստեղ էր ապրում: Շենքը ցույց տալ չեմ կարող, ոչ էլ փողոցը, բայց հաստատ էս մասերում էր. հիշում եմ ու վերջ:
Շան պես հոտոտելով փնտրում եմ հյուրանոցը: Եվ ահա այն՝ բացվեց իմ առաջ: Էնտեղ չեմ եղել, բայց հաստատ կողքով անցել եմ:
Հանդիպման ժամից տասնհինգ րոպե անցել է: Ոչ ոք չկա: Ուշացել եմ: Ռոումինգս չի աշխատում: Չեխական համարս դեռ չեմ վերալիցքավորել: Չեմ անհանգստանում: Քայլում եմ դեպի Վլտավա, նստում եմ ափին, նայում կարապներին: Արևն այրում է պարանոցս: Հոգնած եմ անքուն գիշերից հետո: Երջանիկ ժպտում եմ:
vltava1.jpg
«Կքայլեմ»,-մտածում եմ: Երկու կարևոր գործ ունեմ. չեխական համարս վերալիցքավորել և սնվել: Ուզում եմ թափառել, ստուգել, թե ինչ եմ հիշում:
Այգի, խոտեր: Ձգում է: Կփռվեի մեջը: Հոգնած եմ: Վախենում եմ՝ քնեմ ու չարթնանամ: Կթալանեն: Պայուսակիս վրա կողպեք կա: Կկոտրեն:
Շարունակում եմ: Ծուռտիկ շենքը, որի նկարն այլ հետաքրքիր շինությունների հետ եղբայրս դրել էր ինտերնետում, իսկ ես ամաչեցի, որ չէի հիշում, որ Պրահայում նման բան կա:
parogh shenq.jpg
Թափառում եմ, վայելում մանկությանս անկյունները: Նայում եմ հեռախոսիս էկրանին: Պրահայի աստրոնոմիկ ժամացույցն է, որ նկարել եմ երեք տարի առաջ: Ժպտում եմ. վերադարձել եմ:
Ռոումինգս վերջապես միանում է: Օլգայից սմս եմ ստանում. 13:30 հյուրանոցում, գնում ենք ափ:
Էջանիշներ