Մի անգամ մեկն ինձ նկատողություն արեց, թե ինչու եմ իմ ճամփորդական նոթերը ստեղծագործողի անկյունում դնում: Դրա համար որոշեցի էստեղ մի առանձին թեմա բացել, էղած-չեղածը լցնել:
Նկատի ունեցեք, որ սա անձնական թեմատիկ օրագիր է:
Մի անգամ մեկն ինձ նկատողություն արեց, թե ինչու եմ իմ ճամփորդական նոթերը ստեղծագործողի անկյունում դնում: Դրա համար որոշեցի էստեղ մի առանձին թեմա բացել, էղած-չեղածը լցնել:
Նկատի ունեցեք, որ սա անձնական թեմատիկ օրագիր է:
Բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ էին վերջին ճամփորդությանս մասին կցկտուր պատմություններից, որոշեցի ամեն դեպքում գրի առնել այն, ինչ դեռ մնացել է հիշողությանս մեջ. ինձ էլ հաստատ պետք կգա, քանի որ սա կյանքիս ամենայուրահատուկ ճամփորդությունն էր հենց թեկուզ նրանով, որ միանգամից երկու իրար հաջորդող ծրագրերի եմ մասնակցել:
Որոշում եմ ինտերնետով գրանցվել: Թիթիզություն: Հայաստանի նման երկրների համար դա ընդհանրապես իմաստ չունի, որովհետև ուղեբեռն ավտոմատ հանձնելու տեղեր չկան, հետևաբար հերթ կանգնելն անխուսափելի է: «Բա որ պատուհանի մոտի տեղերը զբաղեցվեն»,- արդարացնում եմ ինձ:
Ծրագիրն ինքն է տեղն ընտրում: Էլի թևի վրա՝ պատուհանի մոտ: Փոխե՞մ: Կանաչներն ազատ տեղերն են: Դատարկ: Տեսնես՝ ո՞վ կընտրի իմ կողքի տեղը: Ուշադիր լինեմ, որ գոնե մեկ անգամ հարևանիս հարցում բախտս բերի: Թողնում եմ այնպես, ինչպես ծրագիրն ընտրել էր:
Գլուխս հենում եմ պատուհանին, գիրքս սկսում կարդալ: Կողքիս երկու տեղերը դատարկ են: Մյուս կողմում էլ ծայրի երկու տեղերը դատարկ են, իսկ պատուհանի մոտ՝ մի տղամարդ, գլուխը հենած պատուհանին, կարդում է:
«Էս անգամ անհարևան մնացի»,- մտածում եմ: Ինքնաթիռը կիսադատարկ է: Տարվա այս հատվածում չեմ ճանփորդել, չգիտեի:
Տղամարդը ժպտում է, կանչում իր կողքը: Առաջարկում եմ, որ ինքը գա: Ու սկսվում է մոտ չորս ժամ տևած զրույցը: Հենց առաջին նախադասությունից նկատեցի. արևմտահայերեն: Ականջս շոյում է: Պիտի որ ես էլ էդ լեզվով խոսեի. գեներիս մեջ կա:
Անունը՝ Սարգիս: Գերմանիայում է ապրում, բայց իրաքահայ է: Զրույցը ծավալվում է. հայրենասիրություն, հայապահպանություն, Հայաստանի խնդիրները, քաղաքականություն, նկարչություն, տարբեր ազգեր: Ասում է, որ Գերմանիայում լավ հայ համայնք կա: Հեռախոսի համարն է թողնում, որ երբ էնտեղ լինեմ, զանգեմ: Մտածում եմ՝ Գերմանիայում համայնքի տեսքով հայեր ինձ պե՞տք են:
Հետո անցնում ենք անձնականին: «Ընկեր ունե՞ս հարցի» բացասական պատասխանի պատճառը փորձում է ինքը պարզել.
- Երևի տարված ես եղել սովորելով:
Ծիծաղում եմ:
- Չէ, ուղղակի հայ տղամարդիկ...
- Հայաստանցի,- ուղղում է:
Շուտով ինքնաթիռը վայրէջք է կատարում Ռուզինեում: Ես գնում եմ դեպի ելք, Սարգիսը՝ մյուս տերմինալ:
Ariadna (27.07.2011), armen9494 (01.09.2011), CactuSoul (30.08.2011), cold skin (23.07.2011), einnA (27.07.2011), Freeman (23.07.2011), John (24.07.2011), Katka (03.08.2011), Nare-M (02.08.2011), One_Way_Ticket (27.07.2011), Smokie (29.02.2012), Valentina (24.07.2011), Yevuk (25.07.2011), Արմինե (27.07.2011), Էլիզե (28.08.2011), Նաիրուհի (23.07.2011), ՆանՍ (25.07.2011)
Սկզբում գնում եմ փող փոխելու: Պրահայում Երևանի նման չէ, որ ուզածդ տեղը գնաս, ինչ-որ քանակով տարադրամ տաս ու դրան համարժեք տեղական փող ստանաս: Էստեղ խաբում են, մանր տառերով տոկոս-մոկոսներ գրում, պահումներ անում, քիչ փոխելու դեպքում՝ շատ ավելի ցածր փոխարժեքով փոխով, ու ստացվում է այնպես, որ ահագին տուժում ես: Բայց կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ նորմալ փոխելու տարբերակ ու եթե Պրահայի բնակիչները չիմանային դրա մասին:
«Փողերդ անպայման արաբների մոտ կփոխես»,- հազար անգամ զգուշացրեց մայրս, չնայած առանց նրա ասելու էլ շատ լավ գիտեի, որ չտուժելու միակ տարբերակն է:
Տեղը հիշումեմ՝ Վացլավսկային զուգահեռ, բայց թե կոնկրետ որ հատվածում, դժվարանում եմ մտաբերել: Փոքր եմ եղել, ինձ մոտ մենակ պատկերներ են տպավորվել. պիտի տեսնեմ, որ ասեմ՝ դա է, թե ոչ:
Հասնում եմ: Ինչ-որ ուրիշ ձև էի հիշում փոխանակման էդ կետը: Վերջին անգամ ութ տարի առաջ եմ եղել: Ոնց էլ լիներ, ինչ-որ արտաքին փոփոխություններ կանեին: Ուզում եմ համոզվել:
- Արաբները դու՞ք եք:
Ծիծաղում եմ հարցիս անհեթեթությունից ու փողս փոխում:
Հաջորդ գործս հյուրանոց գնալն է, որտեղ պետք է հավաքվեինք հոգեբուժարան գնալու համար:
Քարտեզ չունեմ: Գրված է հասցեն ու այնտեղ հասնող տրամվայների համարները: Ասենք՝ իջա կանգառում, հետո՞:
Տրամվայը բաց թողեցի: Հաջորդն արդեն ուշացրեց ինձ: Իջա այն ժամանակ, երբ արդեն շարժվելու ժամն էր: Եթե նույնիսկ բաց թողնեմ նրանց, գոնե կիմանամ հյուրանոցի տեղը:
Ու քայլում եմ չգիտեմ ինչ ուղղությամբ, չգիտեմ՝ ուր եմ գնում: Ձեռքիս տակ միայն ինձ ոչինչ չասող հասցեն է, փողոցի անուն, որը ծանոթ է թվում, ինչպես Պրահայում ամեն բան, բայց չեմ կարող ասել՝ որտեղ է տեղակայված, ինչպես Պրահայում ամեն բան:
park inn-i moterqe.jpg
Ծանոթ, սարսափելի ծանոթ թաղամաս: Հիշում եմ. Մարիան էստեղ էր ապրում: Շենքը ցույց տալ չեմ կարող, ոչ էլ փողոցը, բայց հաստատ էս մասերում էր. հիշում եմ ու վերջ:
Շան պես հոտոտելով փնտրում եմ հյուրանոցը: Եվ ահա այն՝ բացվեց իմ առաջ: Էնտեղ չեմ եղել, բայց հաստատ կողքով անցել եմ:
Հանդիպման ժամից տասնհինգ րոպե անցել է: Ոչ ոք չկա: Ուշացել եմ: Ռոումինգս չի աշխատում: Չեխական համարս դեռ չեմ վերալիցքավորել: Չեմ անհանգստանում: Քայլում եմ դեպի Վլտավա, նստում եմ ափին, նայում կարապներին: Արևն այրում է պարանոցս: Հոգնած եմ անքուն գիշերից հետո: Երջանիկ ժպտում եմ:
vltava1.jpg
«Կքայլեմ»,-մտածում եմ: Երկու կարևոր գործ ունեմ. չեխական համարս վերալիցքավորել և սնվել: Ուզում եմ թափառել, ստուգել, թե ինչ եմ հիշում:
Այգի, խոտեր: Ձգում է: Կփռվեի մեջը: Հոգնած եմ: Վախենում եմ՝ քնեմ ու չարթնանամ: Կթալանեն: Պայուսակիս վրա կողպեք կա: Կկոտրեն:
Շարունակում եմ: Ծուռտիկ շենքը, որի նկարն այլ հետաքրքիր շինությունների հետ եղբայրս դրել էր ինտերնետում, իսկ ես ամաչեցի, որ չէի հիշում, որ Պրահայում նման բան կա:
parogh shenq.jpg
Թափառում եմ, վայելում մանկությանս անկյունները: Նայում եմ հեռախոսիս էկրանին: Պրահայի աստրոնոմիկ ժամացույցն է, որ նկարել եմ երեք տարի առաջ: Ժպտում եմ. վերադարձել եմ:
Ռոումինգս վերջապես միանում է: Օլգայից սմս եմ ստանում. 13:30 հյուրանոցում, գնում ենք ափ:
Ariadna (27.07.2011), armen9494 (01.09.2011), CactuSoul (30.08.2011), cold skin (26.07.2011), einnA (27.07.2011), Freeman (24.07.2011), John (24.07.2011), Kita (31.07.2011), Nare-M (02.08.2011), Smokie (29.02.2012), Valentina (24.07.2011), Yevuk (25.07.2011), Արմինե (27.07.2011), Էլիզե (28.08.2011), Լուսաբեր (24.07.2011), ՆանՍ (25.07.2011)
Կամաց-կամաց հավաքվում են հոգեբույժները: Առաջինը հայի նման մի աղջիկ է, որը, մտածում եմ, ադրբեջանցի է, որովհետև միակ հայը ես էի: Հետո լսում եմ մյուսների հետ ծանոթանալիս, որ հոլանդացի է: Չեմ քաշվում շփվելուց: Զրուցում ենք մի քիչ: Պարզվում է՝ պարսիկ է, բայց վերջին քսանհինգ տարին Հոլանդիայում է ապրում: Թվում է՝ քեզ ձեռ են առնում, երբ մուգ մաշկով, սև մազերով մարդիկ այն հարցին, թե որտեղից են, պատասխանում են Նորվեգիա, Հոլանդիա կամ Միացյալ Թագավորություն: Բայց մյուս կողմից, ինչքան էլ պարսիկ, հնդիկ կամ այլ ծագում ունենան, ի՞նչ պիտի ասեն նման դեպքում, երբ աշխատում են տվյալ երկրի առողջապահական համակարգում: Ո՞վ է հարցնում, թե ծագումով որտեղից են:
Տրամվայով շարժվում ենք:
- Որտե՞ղ է Հայաստանը,- հարցնում է Գերմանիան ներկայացնող Նիկոլաուսը:
- Իրանի ու Թուրքիայի մոտ,- պատասխանում եմ՝ մտածելով, որ Վրաստանի ու Ադրբեջանի մասին նույնքան անտեղյակ է, որքան Հայաստանի:
- Նաև՝ Վրաստանի, իսկ չորրորդի մասին չենք խոսում,- հայտարարում է դանիացի Ռենեն,- Երևանի՞ց ես:
- Ահագին բան գիտես,- զարմանում եմ:
- Հա, ես հայ հոգեբույժի գիտեմ՝ Մարինա Հարությունյան:
Անունը ծանոթ է, բայց չեմ հիշում:
- Մյուս տարի Եվրատեսիլին մասնակցելու՞ եք,- շարունակում է Ռենեն:
- Չգիտեմ... լավ էլ տեղեկացված ես,- ծիծաղում եմ:
- Ձեր էս տարվա երգն անկապություն էր:
- Համաձայն եմ:
- Որ ինչ-որ մեկի աղջիկը չլիներ, չէիք ուղարկի:
Այ քեզ բան:
- Բայց այ Apricot Stone-ը լավն էր,- ու երգում է.- Apricot stone hidden in my hand: Ուզում եմ մյուս տարի Հայաստան գալ, հետո Բաքու գնալ՝ Եվրատեսիլի:
- Լավ հետաքրքրված ես Եվրատեսիլով:
- Խոստովանում եմ:
Ռենեի եվրատեսիլյան գիտելիքներով դեռ հետո պիտի զարմանայինք:
Գետի ափին էրեխեքը վոլեյբոլ են խաղում: Մի մասն էլ չաչանակում է: Արևը խփում է գլխիս. մոռացել եմ գլխարկ վերցնել: Անքուն գիշերվանից հետո աչքերս փակվում են: Շուտով հրաժեշտ եմ տալիս բոլորին, գնում քնելու:
***
Ֆորումի առաջին օրն է: Գրանցվում եմ, մտնում դահլիճ: Տեղ ընտրելը դժվար չէր. Հայաստանի դրոշն է, կողքն էլ գրված է Armenia: Տեղավորվում եմ ու էդ պահին հասկանում, որ ներկայացնում եմ մի ամբողջ պետություն և, ի տարբերություն շատերի ու նույնիսկ այբուբենի բերումով կողքս հայտնված չորս ադրբեջանցիների, մենակ եմ. ես եմ ու իմ դրոշը: Ոմանք էլ սկի Հայաստանի տեղը չգիտեն: Ու պիտի ներկայացնեմ այնպես, որ խայտառակ չլինենք, բայց պիտի չստեմ: Երկո ւքարի արանքում: Կանգնում եմ ու հայտարարում, որ Հայաստանում հոգեբուժության կլինիկական օրդինատուրան շատ խնդիրներ ունի, որ մենք քիչ ենք: Դրանով սահմանափակվում եմ: Մանրամասները մյուսների հետ քննարկում եմ մասնավոր զրույցների ժամանակ: Պիտի հետո զարմանային, թե ինչպես է կլինիկական օրդինատորն ամիսը 60 եվրո թոշակով ապրում (Նորվեգիայում օրինակ տարին մոտ 80 000 եվրո են ստանում հենց կլինօրդինատորները) կամ ինչ է սովորում երկու տարի միայն մի հիվանդանոցում լինելու արդյունքում:
Բոլոր պետությունները հերթով ներկայացնում են իրենց խնդիրները: Շվեդներն ամեն ինչից գոհ են: Ֆրանսիացիները բողոքում են, թե մի տեղ շեշտը դնում են հոգեթերապիայի վրա, մի ուրիշ տեղ` դեղաբուժության: Իռլանդիայում ճգնաժամ է: Ոտքի է կանգնում մի աղջիկ, որը ներկայացնում էր Մոնտենեգրոն ու հայտնում, որ ինքը մենակ է իր երկրից: Կպավ. ընկերանալու լավ առիթ:
Ընդմիջման ժամանակ մենք իրար մոտ ենք հայտնվում:
- Ողջույն, ես Հայաստանից եմ, ես էլ եմ մենակ:
- Ուրեմն կընկերանանք... Դուք կլինիկական օրդինատորների ասոցիացիա ունե՞ք:
- Չէ...
- Ուրեմն դրանով էլ ենք նման... Ես Դրագանան եմ, բայց ինձ ասում են Գագա:
- Լեդի Գագա,- կողքից միանում է մի հույն,- ախ դու Հայաստանի՞ց ես,- դառնում է ինձ,- մենք շատ բան ունենք իրար հետ կիսելու: Պապիկս Ցեղասպանության մասին գիրք է գրել:
Agni (03.08.2011), Ariadna (27.07.2011), armen9494 (01.09.2011), CactuSoul (30.08.2011), Chilly (25.07.2011), cold skin (26.07.2011), einnA (27.07.2011), Freeman (24.07.2011), Kita (31.07.2011), murmushka (25.07.2011), Smokie (06.03.2012), Yevuk (25.07.2011), Արմինե (27.07.2011), Գեա (25.07.2011), Դատարկություն (25.07.2011), Էլիզե (28.08.2011), Նաիրուհի (25.07.2011)
Պետք է միասին ընթրենք: Քանի որ այդ հյուրանոցում չեմ մնում, սպասելու կարիք չեմ տեսնում: Գիտեմ, թե որ ռեստորանում է լինելու ընթրիքը: Հասցեն էլ ունեմ: Ավելին` հստակ պատկերացում ունեմ, թե քաղաքի որ հատվածում է. մի ժամանակ հենց այդ կողմերում եմ դպրոց գնացել, իսկ ավելի ուշ` ապրել:
Մի խոսքով, որոշում եմ քայլել դեպի այնտեղ: Կիսածանոթ փողոցներ են, բայց ես շատ լավ գիտեմ` ուր եմ գնում, իսկ երբ երևում են Նամեստի միրուի եկեղեցու երկու պոզերը, հասկանում եմ, որ արդեն հասնում եմ:
Namesti miru.jpg
Շուտ է: Գնում եմ մեր փողոց, փորձում գտնել այն շենքը, որում ապրել ենք: Լուսանկարում եմ:
Rimska.jpg
Հետո էլի շուտ է: Փռվում եմ Նամեստի միրուի` Խաղաղության հրապարակի խոտերի մեջ: Իսկ երբ եկեղեցու զանգերն ազդարարում են ժամը յոթը, ես ռեստորանի մուտքի մոտ սպասում եմ մյուսներին:
Առաջինը երկու նորվեգացիներն են գալիս` տաքսիով:
- Ես այստեղ ինձ այնքան հարուստ եմ զգում, որ կարող եմ տաքսիով շրջել,- խոստովանում է Աննը:
Ընթրիքը ներսում է լինելու, իսկ մենք` Աննը և իր գործընկերը, բելգիացի Ֆրանսուան և արդեն ձեզ ծանոթ Ռենեն, որի հոլիվուդյան գեղեցկությունից, ի դեպ, հալվում էի, նստած ենք բացօթյա հատվածում և առայժմ խմում ենք:
- Ախր ո՞նց կարելի է էս եղանակին ներս գնալ,- նկատում է Աննը:
- Դե հա, դուք հյուսիսային բևեռից եք,- ծիծաղում է Ֆրանսուան, որի բերանից կատակներն անպակաս էին:
- Օսլոյում տասներկու աստիճան է, անձրև է գալիս,- ինտերնետով ստուգելուց հետո հայտարարում է մյուս նորվեգացին, որի անունը չսովորեցի:
Կիսվում ենք մեր երկրների զանազան փորձերով: Անցնում ենք ուրիշ թեմաների:
- Ձեզնից ո՞վ երեխա ունի:
- Ես նույնիսկ ամուսնացած չեմ,- ասում եմ ու ծիծաղում` հասկանալով ասածիս անհեթեթությունը: Ուղղակի երևի ֆորումի բոլոր մասնակիցներից ամենաերիտասարդը ես էի, ու ինձ համար երեխա ունենալը դեռ շատ հեռավոր բան էր թվում, մինչդեռ սեղանի մոտ հավաքվածները գոնե երեսունն անց էին:
Սեղանի մոտ շատերն են գալիս-գնում, խմելու բան պատվիրում: Վերջում գալիս է հաշիվը, ու Աննը ծիծաղում է.
- Նորվեգիայում էս գնի մեկուկես շիշ գարեջուր հազիվ խմեինք… Թողեք ես վճարեմ. ինձ դուր է գալիս հարուստ զգալ:
Ու ես այստեղ հասկանում եմ, որ Նորվեգիան մի երկիր է, որի մասին արժե երազել:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 27.07.2011, 18:46: Պատճառ: Վերնագրի ավելացում
Ճամփորդություն լինու՞մ է առանց առավոտյան քրուասանի: Չնայած նախաճաշելու սովորություն չունեմ, բայց անկարող եմ դիմանալ սրճարանից ինձ կանչող քրուասանի հոտին: Մինչև Կառլի համալսարան հասնելս կես ժամ ունեմ, ճանապարհը՝ ընդամենը տասը րոպե:
…Իջնում եմ Պրահայի կենտրոնական փողոցով իմ սիրելի սովորական քրուասանի հետ, որը Լոնդոնն է հիշեցնում: Կիսալուսինը: Հիշում եմ նրան ֆրանսերենի դասերից:
Փողոցը մարդաշատ է, չնայած առավոտյան այնպիսի ժամ է, երբ բոլորը պիտի որ արդեն աշխատանքի գնացած լինեին: Պայուսակս զգույշ. գրպանահատներ կան տարածքում:
Համալսարանի շենքը գտնում եմ: Կլոր դահլիճ: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր համալսարանի չորրորդ և հինգերորդ լսարաններն են: Ծանոթ դեմքեր: Ոչ երեկ տեսածները: Այ այն դոցենտին Զալցբուրգում եմ տեսել. Էլիզաբեթի հետ մի լավ կռիվ արեց: Եքա բոյ-բուսաթով է: Երևում է, որ կրիմինալ հոգեբուժությամբ է զբաղվում: Իսկ այս մի պրոֆեսորին Երևանում եմ տեսել: Թեմայից կռահեցի: Ստիգմայից ու դեպրեսիայից էր խոսում: Նույն թեման ներկայացրել է նաև ռեգիոնալ կոնգրեսում: Հիշում եմ՝ լավ հիացել էի կենդանի զեկույցը լսելիս, որովհետև նրանից առաջ մի ռուս պապիկ էր, որը չնայած հրաժարվեց անգլերեն ներկայացնելուց, բայց ռուսերեն տեքստն ամբողջությամբ կարդաց՝ այդպես էլ անհաղորդ մնալով լսարանին:
Աշխարհը փոքր է, նեղլիկ հատկապես մասնագիտություն ընտրելուց հետո: Էլ վախ չունես, որ նույն մարդկանց այլևս չես հանդիպի: Բայց չես էլ փնտրում նրանց: Հանդիպումներն ուղղակի ստացվում են:
Վերադարձա Պրահա՝ լսարան: Քունս տանում է: Հազիվ եմ լսում: Հոգեբուժության ապագան, հոգեթերապիայի ապագան, ֆարմակոթերապիայի ապագան… Վտանգներ: Դրանք բոլորն առանձին թեմա են: Ուղեղիս մեջ՝ Հայաստանում հոգեբուժության ապագան… Կանխատեսելի է: Դժվար ինչ-որ թռիչքներ կատարենք: Ուղղակի 10 տարի անց կլինենք այնտեղ, որտեղ Եվրոպան հիմա է: Կամ էլ դեռ չենք լինի:
Ճաշի ժամ: Ռեստորանում մեծ աղմուկ է. 100 հոգու չէին սպասում: Չեխ կազմակերպիչները խառնվել են իրար: Նախապես պատվիրել էին, բայց ռեստորանի ղեկավարությունն էշի ականջում քնած էր: Նստել եմ հենց չեխերի սեղանի մոտ:
- Ես Հայաստանում եղել եմ,- հայտարարում է Զուզանան, երբ իմանում է, որ հայ եմ:
- Իսկապե՞ս: Ծանոթնե՞ր ունես:
- Չէ, գնացինք տուրիստական գործակալություն, մեզ Հայաստան առաջարկեցին:
Զարմանում եմ:
- Ե՞վ: Դուրդ եկա՞վ:
- Հա… հատկապես ձեր մրգերը շատ համեղ էին:
- Իսկ ես Պրահայում ապրել եմ,- ժպտում եմ:
Ճաշից հետո զբոսանքն է: Դժվար է մոտ հարյուր հոգու կառավարել: Սկզբից էլ գիտենք, որ դանդաղ է լինելու:
- Արի ես քեզնից կպնեմ, պոկվենք խմբից,- ասում է Գագան: Իր հետ գալիս է նաև էստոնուհի Մարինան:
Մեկ էլ էս Գագաս մտնում է Պրահայի կենտրոնի սուվենիրների ամենաթանկաբազար խանութներից մեկն ու ժամերով գնումներ անում:
- Գագա, արի գնանք. ստեղ թանկ է:
Չի լսում: Ջղայնանում եմ. իբր խմբից առանձնացանք, որ արագ տեղաշարժվենք, իսկ հիմա ժամերով լռվում է խանութում:
Վերջապես պոկվում ենք: Կամրջով անցնում ենք Վլտավան: Կամրջի վրա քամի է: Եղանակը վատանում է: Էլ առաջին օրվա այրող շոգը չէ:
Կցորդ 52499
Էլի սուվենիրների խանութներ են հանդիպում: Գագան.
- Վա˜յ, բայց էստեղ ավելի էժան են:
Գագաս գժվում է: Համ էդքան մեզ հավայի սպասացրեց, համ էլ տակ տվեց:
Գագան ինտերնետ ակումբ է փնտրում: Էդ ժամանակ անիծում եմ իմ բախտը, որ կոմպս հետս չվերցրի, որ հանգիստ նստեինք մի սրճարանում, ինքն էլ օգտվեր: Մտնում ենք զանազան բակեր, հետաքրքիր սրճարաններ, բայց ոչ մի տեղ ինտերնետ չկա:
Վերջապես ճարում է:
- Քսան րոպե,- ասում է Գագան ու մեզ նստացնում սուրճ խմելու:
- Երեկ էլ քսան րոպե ասաց,- դժգոհում է Մարինան,- բայց մի ամբողջ ժամ սպասել եմ:
- Էս անգամ չի կարող: Եթե ուշացնի, չենք հասցնի աշխատանքային խմբերին:
Սառած ենք: Տաք կապուչինոն մատուցում են: Շուրթերս խրում եմ փրփուրի մեջ: Էլ չեմ մրսում:
- Եվրոպան սրա համար եմ սիրում,- ասում եմ,- որ կարող եմ լավ կապուչինո խմել:
Մարինային ճանապարհը ցույց տալուց հետո ես ու Գագան շնչակտուր մտնում ենք «Սլավիա» ռեստորան, որտեղ պետք է տեղի ունենար հենց մեր աշխատանքային խմբի հանդիպումը: Նորվեգուհի Աննը, իսպանուհի Ռոսան և մեր շվեյցարացի ընկերն արդեն այնտեղ են, բայց խմբի ղեկավար Օլգան դեռ չկա:
Մի թեթև զրուցում ենք: Ռոսան ջերմ է, ինչպես ցանկացած իսպանացի: Պարզվում է՝ մենք ու նրանք բախվում ենք գրեթե նույն խնդիրներին.
- Մեր ղեկավարները մեզ չեն հետևում… Դու ազատ ես՝ ինչ ուզես, կարող ես անել, բայց երբեք չես իմանում՝ ճիշտ ես, թե ոչ… Հոգեթերապիա ընդհանրապես չկա: Ծրագրում գրված է՝ թղթի վրա, բայց եթե իսկապես ուզում ես սովորել, պիտի վճարովի դասերի գնաս:
Օլգան չկա: Անցնում ենք այլ թեմաների: IFMSA-ից ենք խոսում:
- Ես երեք անգամ մասնակցել եմ նրանց փոխանակման ծրագրերին,- ասում եմ:
- Ես էլ,- ժպտում է Ռոսան:
- Մի անգամ էլ Իսպանիայում: Դրանից հետո որոշեցի իսպաներեն սովորել: Hablo un poquito.
- Իսկ ի՞նչ տպավորություններ ունես Իսպանիայից:
Ժպտում եմ: Կարո՞ղ եմ մի քանի նախադասությամբ արտահայտել, թե ինչ հիասքանչ օրեր ապրեցի այնտեղ, թե որքան կարևոր էր այդ ճամփորդությունն ինձ համար: Իսկ ես կարճ եմ կապում.
- Դա իմ ամենալավ փոխանակումն էր:
Ռոսան էլ Հոլանդիայում էր եղել: Չենք հանդիպել. ինձնից հինգ տարի առաջ էր: Աննը ճանաչում էր Նորվեգիայի IFMSA-ից մեկին, որին Ռոսան էլ գիտեր: Աշխարհը փոքր է, շա˜տ փոքր:
Օլգան շնչակտուր ներս է մտնում. հեռախոսով բացատրելուց հետո վերջապես գտել էր «Սլավիան»: Ու մենք անցնում ենք գործի:
Խմբին շուտ եմ լքում. ժամը 19:45 մի հետաքրքիր պայմանավորվածություն ունեմ: Ուղիղ այդ ժամին Պրահայի աստրոնոմիկ ժամացույցի տակ եմ: Կուշանա՞ արդյոք Քերինը: Այստեղ նա առաջին անգամ է լինում: Կգտնի՞ արդյոք: Չէ, գերմանացին մնում է գերմանացի: Կես րոպե էլ չեմ սպասում, երբ հայտնվում է Քերինն իր երկու ընկերուհիների հետ:
- Ի˜նչ անսովոր է քեզ ուրիշ միջավայրում տեսնելը,- ասում է Քերինը:
Մեր աշխատանքային խմբի հետ չէի հասցրել ընթրել: Քերինենք էլ են սոված: Չեխական ռեստորան ենք փնտրում:
- Ես գուլաշ պիտի ուտեմ,- ասում եմ,- մինչև հիմա չեմ կերել:
Տուրիստական գրքի մեջ մի ռեստորան են ցույց տալիս Քերինի ընկերուհիները: Գտնում ենք: Ավելի ճիշտ, կարիք չկար շատ փնտրելու, որովհետև դեռ մի քանի մետր հեռավորությունից մեզ բռնեց ռեստորանի աշխատողը (սա էլ նոր մոդա է Եվրոպայում, երբ մենյուները ձեռքներին փողոցներով շրջում են), սկսեց գերմաներեն-անգլերեն խոսել, գովազդել իրենց ռեստորանը, իսկ մենք խնդրեցինք շատ չերկարացնել. միևնույն է, հենց էդ մեկն էլ փնտրում էինք:
Քերինը Հայաստանից ու մեր ընդհանուր ծանոթներից է հարցնում: Հերթով արտասանում է իր հիշած հայերեն բառերը: Վերջում էլ.
- Ծամոն կուզե՞ս:
Կարծեմ Մուշն էր սովորեցրել, երբ վրաններով Դիլիջան էինք գնացել:
- Հալալ ա մեզ, հալալ ա մեզ…- երգում է Քերինը: Դա էլ Մուշի երգն էր Արայի լեռ բարձրանալիս:
Դուրս ենք գալիս: Պիտի ցրվենք: Ես ու Քերինը նկարվում ենք միասին:
- Ֆեյսբուքում կդնես: Ոչ ոք չի հավատա, որ նորից հանդիպել ենք:
Հ.Գ. էս անգամ չկարողացա նկարները տեքստի մեջ դնել, ներող:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 27.07.2011, 23:46:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ