Այնտեղ գնալու մտադրություն բնավ չունեի: Բայց ինտերնետում շրջող այն լուսանկարը տեսել եք, չէ՞: Մի սրճարան է, որը գտնվում է Նիդեռլանդների ու Բելգիայի սահմանին: Պարզել էի, թե որտեղ էր, մտածում էի` Մաստրիխտի ճամփորդության հետ համատեղել, էնտեղ էլ գնալ: Հետո մտածեցի` շատ կերկարի: Ու լավ էր, որ հրաժարվեցի էդ մտքից, որովհետև երեկվա գնացքային պայմաններում մենք ընդհանրապես Մաստրիխտ չէինք հասնի:
Իսկ Սանան կպել էր, թե ուզում է սահմանին լինել: Ու քանի որ Մաստրիխտն ինքը Բելգիայից հեռու չէ, մտածեցի` էդ կողմերում սահմանային որևէ հետաքրքիր բան գտնեմ: Սկսեցի Գուգլով քարտեզները փորփրել: Մաստրիխտի վերջանալուց հետո դատարկ տարածություն էր, հետո նոր Բելգիան, այսինքն` որևէ բնակավայր չկար, որ կարողանայինք գնալ: Բայց մի րոպե... փորփրելիս հանկարծ մի շատ հետաքրքիր բան տեսա. Նիդեռլանդների, Բելգիայի ու Գերմանիայի սահմանները միանում են իրար մի կետում: Չէ, սա հաստատ սովորական բան չէ: Մեծացնում եմ ու պարզում, որ գոյություն ունի Drielandenpunt կոչվածը (Երեք երկրների հանդիպման կետ): Մաստրիխտից էլ ընդամենը մի ժամվա հեռավորության վրա: Այ էնտեղ հաստատ պիտի գնանք:
Առավոտյան նստում ենք ավտոբուս, գնում Վալս կոչվող գյուղը, որտեղից մեկ այլ ավտոբուս պիտի մեզ տաներ երեք երկրների սահմանի մոտ: Դես եմ նայում, դեն եմ նայում, մեկ էլ տեսնում եմ կանառում մի երթուղային է կանգնած, վրան հասարակ թղթի վրա տպած "Lijn 149" (ասել կուզի` գիծ 149): Հենց էդ «ավտոբուսն» էլ մեզ պետք էր: Նստում ենք: Ներսում ռադիո է միացված: Նիդեռլանդներում ո՞վ է տեսել, որ հասարակական տրանսպորտում որևէ բան հնչի: Շարժվում ենք: Պարզվում է` ոլոր-մոլոր սար ենք բարձրանում: Լիքը անտառներ կան: Հայաստանն է հիշեցնում... չէ, մի րոպե, մեր սարերին անտառներ թողե՞լ ենք:
Հասանք: Շուրջն անտառներ են: Մի քիչ առաջ ենք գնում, ու նախ Նիդեռլանդների ամենաբարձր կետն է: 300 մետրանոց սարի գագաթին ենք, պատկերացնու՞մ եք: Իսկ մի քանի մետր հեռավորության վրա սկսվում է Բելգիան: Ձախի վրա էլ Գերմանիան է: Մեջտեղում մի քար է դրած: Եթե ամառ լիներ, երեք երկրների դրոշներն էլ կլինեին:
Հեռախոսս իրեն կորցրել է: Ռոումինգը մեկ միանում է, մեկ` անջատվում, մեկ ասում է` բարի գալուստ Գերմանիա, մեկ էլ Բելգիա:
Գերմանական մասն անտառներ են: Բելգիականում աշտարակ կա, որը բարձրանալով կարող ես երեք երկրների տարբեր քաղաքներ տեսնես: Էս էն Էյֆելյան աշտարակը չէ, որի հեռադիտակով փող աշխատելու համար անգամ Հայաստանի դրոշն են կպցրել: Էստեղ հարյուրավորների փոխարեն ընդամենը երեք դրոշ է, երեքն էլ իրական, երեքն էլ տեսանելի: Կարիք չկա հեռադիտակին վճարելու երեք երկրները տեսնելու համար:
Բելգիական մասում նաև սրճարաններ կան, որոնց մենյուները եռալեզու են: Հոլանդիան տարբերվում է
Ու նկարվում եմ` մի ոտքս Գերմանիայում, մյուսը` Բելգիայում, մարմինս` Նիդեռլանդներում: Էդ պահից հասկանում եմ, որ դա իմ ողջ հետագա կյանքն է, անընդհատ այդ երեք երկրներում, մեկից դեպի մյուսը, ըստ քմահաճույքի ու պարտավորությունների: Գիտեմ նաև, որ այդ երեք երկրների լեզուներով մի օր վարժ խոսելու եմ, որովհետև դրանք անընդհատ բախվում են ինձ, կանչում դեպի իրենց:
Գնալուց առաջ ուզեցի հետ դառնալ, երեք պետությունների սահմանին եռագույն գլխարկս դնել: Չստացվեց. մարդաշատ էր:
Իսկ հետո սկսեվ ճանապարհը դեպի Բելգիա: Նստել ենք մի հին գնացք: Կոնդուկտորը հատուկ համազգեստով է, որ մենակ ֆիլմերում եմ տեսել: Թվում է` 20-ական թվականներում ենք: Ամեն ինչ սև ու սպիտակ է դառնում: Շուրջս ֆրանսերեն են խոսում:
Լիեժում գնացքը փոխում ենք: Արդեն զգում ենք, որ Նիդեռլանդներում չենք. սևամորթները շատ են, գնացք նստելիս իրար հերթ չեն տալիս, գնացքն ուշանում է:
Անցնում ենք Բելգիայի ֆրանսիական ու ֆլամանդական մասերով: Հայտարարությունները մերթ ֆրանսերեն են, մերթ` հոլանդերեն: Անգամ ուղևորների լեզուն է անցում կատարում:
Եվ վերջապես ամբողջ մարմնով ու հոգով Բելգիայում եմ: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է առավոտը բացվելու, որ Բրյուգեն տեսնեմ:
Էջանիշներ