30.
- 30 -
Ես ստեղծեցի ոլորտը
հարաբաերականության,
Որպեսզի Ինքս Ինձ
վերապրել կարողանամ:
Սակայն չի նշանակում,
որ հարաբերականությունը
Այդպիսով դարձավ
ձեր իրականությունը:
Դա շինծու իրականություն է,
որը Ես և դու ենք հորինել,
Որպեսզի կարողանանք
մեզ փորձով ճանաչել:
Բայց նրա նախասահմանումն է,
թվալ այնքան իրական,
Որպեսզի մենք ընդունենք այն
որպես իրոք գոյատևող մի բան:
Այդպես Աստված հնար գտավ,
իրենից բացի՝
Ստեղծել մի “ինչ-որ բան” էլ,
այն, ինչ “Ինքը չի”:
(Չնայած, անհնար է դա՝
խստորեն ասած.
Քանզի Ամեն Ինչն է,
“Ես Եմ”-ն է Աստված:)
Այդ կերպ ստեղծեցի Ես
քեզ համար միջավայր,
Որտեղ դու կարող ես
ընտրել լինել Աստված:
Ընտրել ինքդ քեզ համար,
այլ ոչ թե ուղղակի լսել,
Թե ինչպես են քեզ ասում,
որ դու Աստված ես:
Այդ միջավայրում
նույնիսկ ամենափոքրիկ Հոգին,
Նույնիսկ արևի վրայի
ամենափոքրիկ մոմն էլ
Կարող է ինքն իրեն
որպես լույս ճանաչել:
Դրա համար ընդամենը
հարկավոր է ընտրել:
Վախը՝ սիրո հակառակ կողմն է,
հարաբերականություն:
Դա այն է, ինչը կոչվում է
սկզբնական բևեռականություն:
Եվ այնտեղ, որտեղ ապրում եք դուք՝
ֆիզիկական մակարդակի վրա, -
Կա կյանքն ընկալելու
երկու տարածություն միայն.
Դրանք են. վախի
և սիրո տարածությունները:
Այսպիսով, վախից
սկիզբ առնող մտքերը
Ֆիզիկական մակարդակի վրա են
միշտ արտահայտվում:
Սիրոց սկիզբ առնող մտքերն էլ
մի ուրիշ ձև են ծնում:
Վարպետները, որ ապրել են
այս մոլորակի վրա,
Բացահայտեցին գաղտնիքը
հարաբերականության:
Եվ հրաժարվեցին ընդունել
նրա իրական լինելը:
Կարճ ասած, Վարպետները
նրանք են, ովքեր ընտրել են
Սերը: Յուրաքանչյուր դեպքում:
Յուրաքանչյուր ակնթարթին:
Ամեն մի պարագայում:
Յուրաքանչյուր հանգամանքին:
Նույնիսկ երբ սպանում էին նրանց,
նրանք սիրում էին իրենց սպանողներին:
Երբ հետապնդում էին նրանց, նրանք
սիրում էին հալածողներին:
Այդ հասկանալը
շատ դժվար է ձեզ,
Առավել դժվար է
այդպես վարվել:
Եվ սակայն դա հենց այն է,
ինչ միշտ արել է,
Ինչպես միշտ ապրել է
յուրաքանչյուր Վարպետ:
Ձեր բոլոր կյանքերի ընթացքում՝
ժամանակի ամեն մի ակնթարթին,
Տիեզերքն օգտագործել է
իր ամբողջ հնարավորությունը,
Որպեսզի ձեզ հասցնի
այդ բացարձակ ճշմարտությունը:
Երգերի և պարերի մեջ,
պոէզիայի և արձակի,
Խոսքերի և շարժումների մեջ,
ֆիլմերով, բեմահարթակից…
Այդ մասին գոչում էին
ամենաբարձր սարից:
Ամենախոր ծովի հատակում
լսվում էր այդ շշունջը:
Մարդկային փորձի
բոլոր միջանցքներում
Արձագանքը սփռել է
այդ ճշմարտությունը.
“Դու պատասխանը
կգտնես սիրո մեջ:”
Բայց դուք չեք լսել:
Բայց դուք չեք լսել:
Եվ ահա այսօր
դու հասել ես այս գրքին
Եվ հարցնում ես
Աստծոն այն մասին,
Ինչ Աստված ասել է
բազմաթիվ անգամներ:
Անվերջ միջոցներով,
շատերի միջոցով:
Ու նորից Ես կասեմ քեզ
այդ մասին՝ այստեղ,
Այս գրքի միջոցով:
Հիմա դու կլսե՞ս:
Ի՞նչն է, քո կարծիքով,
քեզ բերել այս տեքստին:
Ինչպե՞ս պատահեց,
որ բռնել ես այն ձեռքիդ:
Գուցե քեզ թվում է,
թե Ես չգիտե՞մ,
Թե ինչ եմ անում:
Թվո՞ւմ է քեզ արդյոք:
Տիեզերքում էլ երբեք
չեն լինում պատահական
Համընկնություններ, -
գիտե՞ս դու արդյոք:
Ես լսեցի քո սրտի լացը,
սիրտդ կանչում էր:
Ես տեսա քո Հոգու ճշմարտությունը.
Հոգիդ՝ տենչում էր:
Ես գիտեմ, թե ինչ խորն ես
ծարավել ճշմարտությանը:
Ցավի մեջ, ուրախության մեջ
դու կանչել ես ճշմարտությունը:
Դու անվերջ աղաչում էիր Ինձ,
որպեսզի Ինձ բացահայտեմ:
Դու անվերջ կանչում էիր Ինձ,
որ բացատրեմ Ինձ: Բացվեմ:
Եվ Ես անում եմ դա հիմա
և այստեղ՝ այնքան պարզ,
Որ դու արդեն չես կարող
Ինձ սխալ հասկանալ:
Այնքան հեշտ լեզվով,
որ դու չես կարող շփոթվել:
Այնքան հասկանալի բառերով,
որ էլ չես կարող նրանց մեջ կորչել:
Եվ այսպես, սկսիր:
Հարցրու Ինձ հարցերդ:
Ամեն ինչի մասին:
Ես կպատասխանեմ:
Ես կգտնեմ միջոց՝
հասցնել քեզ պատասխանը:
Ամբողջ Տիեզերքը
Ես կօգտագործեմ:
Այս գիրքը բոլորովին էլ
Իմ վերջին գործիքը չի:
Դու կարող ես տալ հարցերդ,
իսկ գիրքը մի կողմ դնել:
Բայց նայիր շուրջդ:
Միշտ եղիր ուշադիր:
Նկատիր ամեն ինչ:
Ընկալիր և լսիր:
Պատասխանը կարող է լինել
լսածդ առաջին երգի մեջ:
Կարդացածդ թերթի մեջ:
Դիտածդ կինոնկարի մեջ:
Քեզ հանդիպած առաջին իսկ
անցորդի խոսքերի մեջ:
Առվակի կարկաչի մեջ,
օվկիանոսի շշունջի մեջ:
Քո այտը շոյող,
համբուրող զեփյուռի մեջ:
Հորդառատ անձրևի մեջ:
Ամպրոպի մեջ, կայծակի մեջ:
Այդ բոլոր միջոցները՝
Իմ միջոցներն են:
Բոլոր հնարավորությունները
հասանելի են Ինձ:
Ես կխոսեմ քեզ հետ,
եթե դու Ինձ լսես:
Ես կգամ քեզ մոտ,
եթե Ինձ հրավիրես:
Եվ այն ժամանակ
Ես կհամոզեմ քեզ,
Որ միշտ եղել Եմ կողքիդ,
և ամենուր՝ քեզ հետ:
Էջանիշներ