1.
Այսօր Զատկի Կիրակին է:
Եվ ես նորից այստեղ եմ:
Ես այստեղ եմ, քանզի
այդպես ասվել էր ինձ:
Ձեռքիս ունեմ մատիտըս,
և նոթատետրս էլ հետս է,
Հանգստացած և նորից
պատրաստ` անցնել գործի:
Ես չգիտեմ դեռ, թե ինչի մասին
կլինի այս երկրորդ գիրքը,
Չգիտեմ նույնիսկ, թե ինչ հարցեր
մենք այստեղ կշոշափենք:
Գրքի ծրագիր ես չունեմ,
քանզի ես չեմ որոշողը:
Եվ թե ինչ կմտնի այնտեղ,
Աստված Ինքն է որոշել:
Բայց գիտեմ, որ այսօր Աստծոն
կգտնենք մենք միասին:
Դա միշտ ամենալավ ձևն է`
միասին որոնելը:
Որովհետև Աստծո հետ
միասնանալու առաջին քայլը,
Ըմբռնումն է, որ արդեն իսկ
միասին ենք մենք, մարդիկ:
Մենք բաժան չենք Աստծոց:
Այդ միայն թվում է մեզ,
Որ մենք մեզ համար ենք,
իսկ Աստված` Իր համար:
Դա տիպիկ մոլորություն է,
ուղղակի, ես կարծում եմ,
Որ Աստծոն "գտնելուց" առաջ
պետք է գտնել իրար:
Մեկմեկու գտնելու համար պետք է
դադարել թաքնվել իրարից:
Իսկ առաջին հերթին պետք է դադարել
թաքնվել ինքներս մեզանից:
Դրա ամենաարագ միջոցն է`
ճշմարտությունն ասել բոլորին:
Սկսիր անել այդ հենց հիմա
և երբեք մի դադարիր:
Սկզբում ասա ճշմարտությունն
ինքդ քեզ` քո մասին:
Հետո քո մասին ճշմարտությունն
ասա մեկ ուրիշին:
Հետո ճշմարտությունն ուրիշին
ասա հենց իր մասին:
Վերջապես բոլորին ասա
ճշմարտությունն ամենի մասին:
Դրանք ճշմարտությունն ասելու
հինգ մակարդակներն են:
Հինգաստիճանային ճանապարհ է դա
դեպի ազատություն:
Սա գիրք է ճշմարտության մասին,
և ոչ թե իմ, այլ Աստծո:
Ճշմարտությունն է, որ իրոք
մեզ ազատ է դարձնում:
Աստծո հետ մեր առաջին
երկխոսության ժամանակ
Ես սովորաբար հարցնում էի,
Նա` տալիս էր պատասխան:
Կարծում եմ, որ այս զրույցն էլ
նույն ձևով կընթանա:
Թերևս, ես ընդհատվեմ
և հարցնեմ Նրան հենց հիմա:
Աստված, ասա, ամեն ինչ
տեղի կունենա հենց այդպե՞ս:
Այո:
Ես այդպես էլ կարծում էի:
Բացառությամբ, որ այս գրքում
Ես
Կբարձրացնեմ որոշ խնդիրներ
Ինքս,
Առանց քո հարցերի:
Ինչպես հիշում ես,
Առաջին գրքում
ոչ հաճախ է եղել այդպես:
Ճիշտ է: Իսկ ինչի՞դ է պետք
նման շրջադարձն այստեղ:
Որովհետև այս գիրքը
գրվում է Իմ խնդրանքով:
Եվ ինչպես դու արդեն
ասացիր այդ մասին,
Ես Ինքս եմ քեզ խնդրել,
որ լինես այստեղ:
Իսկ առաջին գիրքը ծրագիր էր,
որ ինքդ ստեղծեցիր:
Առաջին գրքի վերաբերյալ
դու պատրաստի հարցեր ունեիր:
Այժմ, բացի Իմ Կամքի կատարումը,
նախնական ծրագիր դու չունես:
Այո: Ճշմարիտ է:
Եվ դա շատ լավ է,
Որ դու եկել ես այստեղ
հանուն Իմ կամքի կատարման:
Հուսով եմ, թե դու,
և թե ուրիշները
Ձեր կյանքում այսուհետև
հաճախ կդիմեք դրան:
Բայց ես կարծում էի, թե Քեզ հետ`
մենք ընդհանուր Կամք ունենք:
Ուրեմն, եթե իմն ու Քոնը` նույնն է, -
ինչպե՞ս այն չը-կատարել:
Դժվար հարց է և ոչ վատ սկիզբ`
մեր զրույցը սկսելու համար:
Բայց Ես չեմ ասել, որ Իմ Կամքը` քոնն է:
Եկ քիչ հետ վերադառնանք:
Դե ո՜չ, Դու ասե՜լ ես: Առաջին գրքում
ասացիր շատ հստակ.
"Քո կամքը` Իմ Կամքն է":
Իրոք որ: Բայց նույն բանը չէ դա:
Մի՞թե: Դու ինձ ձեռ ես առնում...
Երբ Ես քեզ ասում եմ
"քո կամքը` Իմ Կամքն է", -
Դա նույն բանը չէ, ինչ ասել.
"Իմ Կամքը` քո կամքն է":
Հասկանում ես, եթե Իմ Կամքը
դու միշտ կատարեիր,
Քեզ պայծառացման հասնելու համար
էլ ոչինչ պետք չէր լինի:
Պրոցեսը կավարտվեր և դու
արդեն կլինեիր այնտեղ:
Կատարելով Իմ Կամքը
գոնե մեկ օրվա ընթացքում,
Դու արդեն կհասնեիր
կատարյալ պայծառացման:
Եթե կատարեիր Իմ Կամքը
քո ամբողջ կյանքում,
Այս գրքի անհրաժեշտությունն
այլևս չէիր ունենա:
Ակնհայտ է, որ մինչև օրս
դու Իմ Կամքը չես կատարել:
Փաստորեն ժամանակի մեծ մասը
դու այն չես էլ իմացել:
Չե՞մ իմացել:
Ոչ:
Ուրեմն Դու ինչու՞
այդ մասին ինձ չես ասել:
Ես ասել եմ: Բայց դու
երբեք չէիր լսում:
Իսկ եթե լսում էիր, ըստ էության,
ականջ չէիր դնում:
Իսկ եթե դնում էիր ականջ,
չէիր հավատում, որ լսել ես:
Իսկ եթե հավատում էիր անգամ,
ցուցմունքներին չէիր հետևում:
Այդ պատճառով, ասել,
որ Իմ Կամքը` նաև քոնն է,
Ճիշտ չէր լինի, հասկանու՞մ ես,
դա սխալ է ակնառու:
Մյուս կողմից, իհարկե,
քո կամքը` նաև Իմ Կամքն է:
Նախ, քանի որ Ես գիտեմ այն:
Երկրորդ, ընդունում եմ այն:
Երրորդ, հավանություն եմ
տալիս քո կամքին:
Չորրորդ, Ես սիրում եմ այն:
Հինգերորդ, որովհետև
Տիրում և անվանում եմ այն
Կամք Իմ Սեփական:
Դա նշանակում է, որ դու
ունես ազատ կամք
Եվ ցանկացած բան անում ես
քո հոժար կամքով,
Իսկ Ես քո կամքը
դարձնում եմ Իմը
Մեծ սիրով և շնորհիվ
անշահախնդիր սիրո:
Եվ որպեսզի Իմ Կամքը
լինի նաև քոնը,
Քեզ էլ պետք է, հասկանու՞մ ես,
ճիշտ նույն կերպ վարվել:
Առաջին, պետք է գիտենաս այն:
Երկրորդ, պետք է ընդունես:
Երրորդ, պետք է Ինձ պես
հավանություն տաս նրան:
Չորրոդ, պետք է սիրես:
Եվ վերջապես, հինգերորդը,
Պետք է տիրանաս նրան
և այն քոնը համարես:
Ձեր ռասայի ամբողջ
պատմության ընթացքում
Այդ ամենը հետևողականորեն
միայն անհատներ են արել:
Մի խումբ ուրիշներ վարվել են
այդպես համարյա միշտ:
Շատերը`այդպես
արել են հիմնականում:
Հիմնական մարդկությունն արել է դա
ժամանակ առ ժամանակ:
Եվ փաստորեն ամեն մարդ
այդպես է վարվել
Հազվադեպ դեպքերում միայն,
չնայած և ոմանք
Թվարկածից ոչ մի բան
երբեք չեն էլ արել:
Ո՞ր կատեգորիային եմ
ես պատկանում:
Իսկ մի՞թե դա ունի
ինչ-որ նշանակություն:
Մի՞թե ավելի կարևոր չէ,
թե սկսած այս պահից,
Որ կատեգորիայում ես
դու լինել ցանկանում:
Արդյո՞ք իրականում տեղին չէ
հենց այդ հարցն այստեղ:
Այո:
Եվ ո՞րն է քո պատասխանը:
Ես կուզենայի միշտ առաջին
կատեգորիայում լինել:
Կուզենայի միշտ Քո Կամքը
գիտենալ և կատարել:
Դա խրախուսելի է,
բայց կարծում եմ, անհնար է:
Ինչու՞:
Որովհետև նման բանի
հավակնելու համար
Քեզ անհրաժեշտ է աճել
դեռևս շատ ավելի:
Բայց դու կարող ես հայտարարել
այդ մասին, եթե ընտրում ես դա,
Կարող ես Աստվածայնության
հասնել հենց այդ պահին:
Քո աճը չի խլի քեզանից
շատ երկար ժամանակ:
Իսկ ինչու՞ առաջ այդքան շատ
ժամանակ էր ծախսվում:
Իրոք, ինչու՞: Ինչի՞ ես
դու այդքան սպասում:
Դու, հուսով եմ, չե՞ս կարծում,
որ այդ Ես եմ քեզ կաշկանդում:
Ոչ: Պարզ է, որ ես ինքս եմ
պատճառն ամեն ինչի:
Լավ է, Պարզությունը` դեպի վարպետություն
քայլն է առաջին:
Ես կուզենայի տիրապետել
այդ վարպետությանը:
Ինչպե՞ս սովորել դրան:
Ինչպե՞ս են դրան հասնում:
Ընդամենը շարունակիր
կարդալ այս գիրքը,
Նրանով Ես քեզ
հենց այնտեղ եմ տանում:
* * *
Էջանիշներ