Արի խոստանանք,
Որ հաջորդ կյանքի
Ամռան մի տաք օր,
Արևամուտից հինգ րոպե առաջ,
Շատ պատահական
Իրար կգտնենք
Մալեկոնի տաք ավազների մոտ։
Արի խոստանանք,
Որ այդ երեկո
Հազար մարդու մեջ
Դու կճանաչես իմ տաք ժպիտը,
(Այն քո համար էի այս կյանքում պահել)։
Ես՝ քո աչքերը,
(Այս կյանքում դրանք իմ կողքով անցան)։
Արի՜ ես ու դու
Պայմանավորվենք,
Որ հաջորդ կյանքում
Հենց որ հանդիպենք
Մալեկոնի տաք ավազների մեջ,
Քեզ կկախարդի իմ կարմիր շորը․․․
(Այդ շորը այստեղ անհագնել մնաց)։
Ինձ քո՝ արևից խանձված ուսերը․․․
(Ոչ ոք ինձնից տաք դրանք չի գրկի)։
Արի խոստանանք,
Որ հաջորդ կյանքում,
Ինչ-որ մի տարվա
Հուլիսի հինգի արևամուտին
Հենց որ հանդիպենք
Մորրո ամրոցի աշտարակի մոտ,
Վելասկեսի տաք հնչյունների տակ
Ձեռք ձեռքի կտանք
Ու կմիանանք ննջող արևին։
Դու՝ լայն ժպիտով,
Ես՝ թաց աչքերով․․․
Արի հենց հիմա իրար խոստանանք ,
Որ հաջորդ կյանքում
Ես չեմ խճճվի, դու չես մոլորվի,
Որ չենք ուշանա․․․
Էջանիշներ