9.
* * *
Այո, պատահականություններ չկան այս աշխարհում: Ամեն ինչ իր պատճառն ունի: Ուղղակի այն պատճառով, որ մեզ կամ ուրիշների հետ կատարվող ոչ բոլոր իրադարձությունները կարող ենք բացատրել, ինչպես նաև ոչ բոլոր բացատրություններն են, որ ցանկանում ենք ընդունել, - մենք հնարել ենք “պատահականություն” բառը:
Պատահականություններ չկան: Կա չհասկացում կամ՝ չհասկանալու ցանկություն:
Հիշու՞մ եք աշխարհի ամենաիմաստուն մտքերից մեկը. “Եթե աշակերտը պատրաստ է, ուրեմն ուսուցիչը կգտնվի:” Սա էլ՝ պատահականության մասին է:
Եվ ինչ խոսք, որ պատահականություն չէր իմ կյանքում՝ Արթուրի հայտնվելը:
Ա Շ Ո Տ
Հնարավոր չէ պատմել Արթուրի մասին, առանց սկզբից Աշոտի մասին խոսելու: Քանզի այդ նա էր, որ մեզ ծանոթացրեց:
Աշոտն ամենամոտ մարդն էր ինձ համար՝ տաքսու վարորդների մեջ: Յոթ տարիների ընթացքում մտերմացել էինք այնքան, որ նույնիսկ իմ՝ տաքսին թողնելուց հետո էլ, մեր կապը չխզվեց: Հանդիպում էինք երբեմն, իսկ ավելի հաճախ, զրուցում էինք հեռախոսով:
Թե բնավորությամբ, և թե մտածելակերպով, մենք շատ տարբեր ենք, բայց կա մի բան, ինչը մեզ կապում է իրար շատ պինդ հանգույցներով, և այդ հանգույցներից ազատվելը համարյա անհնար է: Այդ կապն է՝ թատրոնը: Քանզի անցյալում Աշոտի կրթությունը դերասանական է, իսկ իմը՝ ռեժիսորական:
Շատ արտիստիկ, ասել է՝ շատ զգայական, ասել է՝ ներվերը ոչ թե ներսում են այլ դրսում: Եվ ինչ խոսք, որ իր այդ “արտաքին” ներվերի շնորհիվ մեծ հնարավորություն է ձեռք բերել անընդհատ կառչել տարբեր փշերից: Առավել ևս, որ շատ է սիրում այս ու այն կողմ ընկնել՝ բոլորին օգնելու համար:
Թողնելով թատրոնը, կարծես նեղացել է թատրոնից այնքան, որ որոշել է, որ վերջ, մեռել է իր մեջ դերասանը: Եվ այնքան լավ է խաղում այդ մեռած դերասանի դերը, որ համարյա բոլորին համոզել է դրանում: Զարմանալի է, որ ժամանակ առ ժամանակ նույնիսկ ինքն է դրան հավատում… Մի խոսքով, հարյուր տոկոսանոց դերասան:
Շատ եմ սիրում այդ դերասանին:
Երբ սկսեցի կուլ տալ նյու-էյջական գրականությունը, նմանվել էի բերնեբերան լցված բաժակի: Ինձ պետք էր մեկը, ում հետ կկարողանայի կիսվել իմ նոր գիտելիքներով, հայտնություններով: Իսկ Աշոտը՝ լրիվ ռեալիստ, լսում էր միայն, երևի ինձ չնեղացնելու համար, իսկ երբեմն էլ փորձում էր “խելքի բերել”, վերադարձնել դեպի ռեալ կյանք: Եվ սակայն, այդ ապարդյուն փորձերի հետ միասին, “սպառնում” էր ծանոթացնել ինձ Արթուրի հետ: Ինչը և արեց, երեք տարի “սպառնալուց” հետո:
Ինչպես հետագայում պարզվեց, այդ երեք տարին նա Արթուրին էլ էր “սպառնացել” ծանոթացնել ինձ հետ:
Էջանիշներ