37.
05 սեպտեմբեր 2011
Չէի կարծում, թե երբևիցէ նորից անդրադառնալու եմ արդեն ավարտածս այս պատմությանը, բայց…
Հարութը ստիպեց: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել. համոզեց: Նա ասաց, որ եթե ես հարկ եմ համարել պատմել վերոհիշյալ բոլոր պատմությունները, ուրեմն հիմա արդեն ուղղակի իրավունք չունեմ նրանց, ովքեր ընթերցել են պատմածս, տեղյակ չպահել այն բանին, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ:
… Դեռևս հունիսի վերջերին, երբ Հարութը կարդաց “Նոր Դար, Նոր Էջը…”, նա ասաց, որ չկա այնպիսի տեղ, ուր ես տարել եմ Ուգոյին: Ասաց, որ ինքը շատ լավ ծանոթ է համար վաթսուն մայրուղուն, և որ նրա վրա այդպիսի տեղ չկա՝ “Դուբիդագ”:
Ես ասացի, ոչ թե “Դուբիդագ”, այլ՝ “Դուբիդուքս”: Մի խոսքով, սկսեցինք վիճել այդ, առաջին հայացքից, կարծես թե մանրուքի վրա: Քանի որ դեպքը, ինչպես հաճախ լինում է իմ ներկայիս շրջապատում, տեղի էր ունենում տաքսիների հերթում, ներկաներից մեկը, լսելով մեր վեճը, և ուղղակի որոշելով վերջ տալ դրան, հեռախոսով մտավ համացանց, գտավ այդ տեղը և ցույց տվեց մեզ:
Այնտեղ գրված էր. “Ռուբիդուքս”:
Վեճն անմիջապես դադարեց: Լռեցինք երկուսս էլ; Ես՝ ապշած նրանից, թե ինչո՞ւ եմ “Ռուբիդուքսը” գրել “Դուբիդուքս”: Հարութն էլ նրանից, թե ինչո՞ւ է “Դուբիդուքսը” կարդացել “Դուբիդագ”:
Հետո նա՝ կարծես թե արթնացավ: Ու սկսեց հորդորել, համոզել ինձ, որ ես նորից գնամ Ռուբիդուքս: Նույնիսկ առաջարկում էր գնալ միասին: Նա պնդում էր, որ Ռուբիդուքսն, իհարկե, գոյություն ունի, բայց… Չգիտես ինչու, նա համոզված էր, որ ես չեմ գտնի այն տեղը, որտեղ բաժանվել եմ Ուգոյից: Նա պնդում էր, որ ես Ուգոյին տարել եմ… մի ուրիշ… տարածք:
Ես, չգնացի իհարկե: Չգիտեմ, թե ինչու: Միգուցե այն էր պատճառը, որ ներքուստ հավատո՞ւմ էի Հարութին: Իսկ նա… Այս անցած ավելի քան երկու ամիսների ընթացքում հանգիստ չէր տալիս ինձ: Ամեն հանդիպելիս անհապաղ հարցնում էր. “Հը՞, գնացի՞ր… գնացի՞ր…” Առաջարկում էր գնալ միասին…
…Երեկ հաճախորդ տարա Ռիվերսայդ քաղաք: Այնտեղ է տանում մեր հիշարժան վաթսուներորդ մայրուղին: Արդեն քիչ էր մնացել հասնեմ, երբ մայրուղու ելքերը ցույց տվող ցուցանակի վրա աչքիս ընկավ. “Ռուբիդուքս”: Ինձ անհրաժեշտ ելքը՝ հաջորդն էր:
Հաճախորդիս իջեցրի ու վերադարձի ճանապարհին, մտա Ռուբիդուքս: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես տպվել էր հիշողությանս մեջ. այն գլխավոր փողոցը, ուր թեքվեցինք Ուգոյի հետ ու երկար գնում էինք: Այն ժամանակ ճանապարհը վերանորոգվում էր, իսկ այժմ՝ թարմ ասֆալտ էր ճանապարհին, իսկ երկու հանդիպակաց գծերի մեջտեղում հսկայական արմավենիներ էին տնկել: Տեսա ու անմիջապես այդ փողոցի անունն էլ հիշեցի:
Դեռ հեռվից, ձախի վրա նշմարեցի երկու բենզոկայանները՝ այն փողոցի երկու կողմերում, որտեղ ձախ էինք թեքվել Ուգոյի հետ; Որոշել էի չշտապել. թեքվեցի
ձախ, մտա աջիս բենզոկայանը, բենզին լցրեցի տաքսու մեջ; Ու քանի սպասում էի, պատառիկներ էի վերհիշում Ուգոյի հետ կայացած մեր խոսակցությունից, կարծես կրկին վերապրում էի անմոռանալի այն հանդիպումը:
Հետո անշտապ փողոց դուրս եկա բենզոկայանից և անմիջապես աջ թեքվեցի՝ այն փողոցը, որտեղ իջեցրել էի Ուգոյին;
Առջևումս, մոտ հիսուն մետր հեռավորության վրա… փակուղի էր, փողոցի վերջը: Մտածելով, որ հավանաբար շփոթել եմ մի բան, որոշեցի թեքվել հաջորդ փողոցը: Սա էլ, առաջինի պես, ավարտվեց փակուղով: Երրորդ փողոցը փակուղով չվերջացավ, բայց սա էլ բլուրը բարձրացավ: Ուգոյից բաժանվելուց հետո ես ոչ մի բլուր էլ չէի բարձրացել: Ես ուղիղ շարունակել էի ճանապարհս, որը շուտով միացել էր դլխավոր փողոցին, որն էլ ինձ արդեն մայրուղի էր հանել:
Չերկարացնեմ: Մոտ քսան-երեսուն րոպե աանիմաստ այսուայն կողմ էի անում այդ փոքրիկ փողոցներով, նախապես արդեն հասկանալով, որ չեմ գտնի այն տեղը:
Չգտա: Այն տեղը… չկար…
…Պատմածիցս Հարութի աչքերը փայլփլում էին հիվանդագին, և նա անընդհատ կրկնում էր. “Բա որ ասում էի, բա որ ասում էի…”: Հետո խոստովանեց, որ այս երկու ամսվա ընթացքում արդեն երեք անգամ գնացել է այն տեղն ու փորձել է իմ պատմածների հիման վրա գտնել իմ և Ուգոյի բաժանման վայրը…
Իսկ ես ոչինչ չեմ ասում: Որովհետև ասելու ոչինչ չունեմ: Ու նաև չգիտեմ, թե ինչ ասեմ: Ես ձեզ ուղղակի տեղյակ եմ պահում նրան, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ…
Այսքանը:
Էջանիշներ