ԳՈՄԻԿԸ
Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:
Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:
Էջանիշներ