Հանկարծ երեխան քնի մեջ բարձր ճչաց: <<Մամա~: Մամա~>>: Ասես օգնություն աղերսելիս լիներ երեխան: Նա լալիս էր, որովհետև մայրը նրան լքել էր ուզում: Ո'չ, ո'չ: Ինքը հավերժ նրա մոտ կմնա:
Ի վերջո նա վճիռ է կայացնում: Սեղանի դարակը փորփրելով` այնտեղից մի թուղթ է հանում ու նրա վրա գծում տանջալի, կաղացող տառերը: Նա նույնիսկ ճիգ է գործադրում, որպեսզի որքան հնարավոր է գեղեցիկ գրի: Հետո նամակը դիմացը պահելով` այն նորից աչքի է անցկացնում: Դա հնարաոր չէ: Միայն ոչ իմ երեխայի կորցնելու հաշվին: Բարբարան թուղթը դնում է ծրարի մեջ և կամացուք մտցնում այն նրա դռան ճեղքից: Վաղը նա կգտնի այն:
Բարբարան հետ է դառնում, մարում է լամպի լույսը, սակայն աչքերին քուն չի գալիս: Ողջ գիշեր թախծոտ նայում է պատուհանից:
Հաջորդ օրը Վենդելինը հեռացավ: Նա հոգնած և ջարդուխուրդ եղած մարդու տեսք ուներ, ասես այդ ծանր ճամպրուկները ինքը քարշ տված լիներ, իսկ աչքերի մեջ այլևս փայլ չէր մնացել: Բարբարան ամբողջ օրը սենյակից դուրս չեկավ: Սակայն մինջև Վենդելինը կհեռանար, անտառային ծաղկեփնջով հետ եկավ և անշշունջ դրեց Բարբարահի սեղանին: Բարբարայի ձայնի մեջ զսպված արտասուք կար, և երբ նա ձեռքը մեկնեց հրաժեշտ տալու, փոքր-ինչ դողում էր: Վենդելինը մի անգամ էլ շուրջ բոլորը նայեց` աչքերը կրկին փայլատակելով ու անխոս հեռացավ: Դիմացի այգում երգում էր կեռնեխը իսկ Բարբարան լուռ ունկնդրում էր նրան: Դրսում` տան դարպասին, գարնանային քամուց նորից ծածանվում էր բնակարանի հայտարարությամբ ցուցանակը:
Ամիսներն ու տնվորները գալիս էին ու գնում: Ֆիլիպը արդեն մեծ էր ու դպրոց էր գնում: Երբ առաջին անգամ փոխադրման վկայականը բերեց, այն անսահման ուրախություն պատճառեց մորը: Նա շատ հպարտ էր՝ երևակայելով, ո՛ր իր որդուց մի առանձնահատուկ բան դուրս կգա: Եվ ինքը ամեն ջանք կգործադրի, որպեսզի որդուն ուսման տա: Մի տարի հետո կվճովեր` նա արհեստավոր էր դառնալու, թե գիմնազիա էր գնալու: Նրա երազանքն էր որդուն բարձրունքներում տեսնել: Հո անտեղի չէի՞ն այդ բոլոր զոհաբերությունները:
Ժամանակ առ ժամանակ մտաբերում էր Վենդելինին: Նրա խունացած այցետոմսը, որը մոռացել էր` տան դռան արանքը խցկած թողնելով, և այն ծաղիկները, որ հրաժեշտին էր բերել, սրբորեն պահում էր իր աղոթագրքի մեջ: Թեպետ հազվադեպ էր աղոթում, սակայն կիրակի օրերը բաց էր անում գրքի այն տեղերը, որտեղ դրված էին իր համար այնքա~ն նվիրական այցետոմս ու ծաղիկները և ընկնում էր հուշերի գիրկը:
Գնալով վաստակն էլ չէր բավականացնում և նա սկսեց օգտագործել տնտեսված գումարը, որը մնացել էր արհեստանոցի վաճառքից: Ժամանակի ընթացքում նա ստիպված եղավ եկամուտի նոր աղբյուր փնտրել: Նա դաձավ լվացարարուհի: Առավոտը կանուխ դուրս էր գալիս տնից և կեսօրին լվացքի կապոցը քարշ տալով տունը վերադառնում: Օրվա կեսը լվացքատանն էր անցկացնում: Կեղտոտ լվացքի գոլոշուց ծալքեր էին առաջացել նրա դեմքի վրա մաշկը ավազաքարերի դժգույն երանգ էր ստացել: Աչքերի շուրջը դողում էր բարալիկ կնճիռների խիտ ցանցը: Աշխատանքն այլանդակել էր նրա մարմինը: Ձեռքերը ճաքճքվել էին և տաք ջրից մատների ծայրերի մաշկը ծալծլվել էր: Նույնիսկ եթե մեջքին կապոց չէր լինում, կքած էր քայլում: Աշխատանքը ուղակի ճկել էր նրա մեջքը: Բայց հենց որ տղային տեսնում էր բերանի անկյուների շուրջը անմիջապես մի տեսակ թույլ ու տխուր ժպիտ էր խաղում:
Նրան հաջողվեց որդուն բարեհաջող կերպով գիմնազիա քարշ տալ: Նա հեշտ չէր սովորում, բայց այն ամենը, ինչ մի անգամ լսում էր ուսուցիչներից` կարողանում էր մտապահել, և նրանք գոհ էին նրանից: Յուրաքանչյուր վկայական, որ տուն էր բերվում, տոն էր մոր համար, ու մայրն առիթը բաց չէր թողնում այն նշելու: Սակայն Ֆիլիպը պնդաճակատի մեկն էր և բոլոր այն զոհաբերությունները, որոնք արվում էին կյանքի գնով որդին չէր հասկանում: Տղան լալկան չէր, և աներեր գնում էր դեպի իր նպատակը: Բոլոր առաջադրանքները արվում էին մի տեսակ ֆիզիկական ուժի ներդրման միջոցով, ասես կաղնու տախտակ ռանդելիս լիներ: Նա իսկապես իր հոր տղան էր և բնավ չէր ըմբռնում մորը: Աշխատանքը, որ մայրն էր անում, համարում էր բնական և ամենեվին խղճի խայթ չէր զգում: Նա պարզապես չէր կարող հաղորդակցվել մոր հոգում գտնող տառապանքին և գնահատել այն զոհաբերությունները, որոնք արվում էին իր համար:
Այսպես տարիները գլորվում էին կեղտոտ գոլոշու մեջ: Աստիճանաբար Բարբարայի հոգում անտարբերություն և մի բութ հոգնության զգացում իջավ: Չնայած սրտի մի անկյունում դեռ պահպանվում էին այնքա~ն քիչ ուրախությունների լուռ փշրանքները ու Վենդելինի մասին հուշերը: Նրա առողջությունը խիստ վատթարացել էր, և նա ստիպված էր ժամանակավորապես աշխատանքը դադարեցնել: Մեջքը սաստիկ ցավում էր: Սակայն նրա դողդողացող շրթունքներին ոչ մի գանգատի, բողոքի հետք անգամ չկար: Եթե այն հայտնվեր էլ, իսկույն ջարդուփշուր կլիներ անհասկացող որդու դեմքի վրա` առանց որևէ ազդեցություն թողնելու:
Ֆիլիպը ձեռնամուխ եղավ մասնագիտություն ձեռք բերելու: Հետագա ուսման համար փող էր հարկավոր, իսկ կարգին տեղի համար` հովանավորություն: Նա որևէ առանձնահատուկ մասնագիտական նախասիրություն չուներ: Եվ ընդհանրապես, հոգու խորքում մի տեսակ դատարկություն էր: Ամենահարմարը նրա համար թերևս աստվածաբանությունն էր: Կարելի էր ընդունվեր մասնագիտական միջնակարգ դպրոց` հետագայում հարմարավետ ու անկախ կյանք ունենալու համար: Ասես սև սքեմի մեջ մտնելու դեպքում անհոգ կյանքի դռները կբացվեն նրա արջև: Նա հավաքեց իր ունեցած-չունեցածը մի փոքրիկ ճամպրուկի մեջ և տեղափոխվեց իր ապագայի նեղլիկ խուցը:
Ֆիլիպը հազվադեպ էր նամակներ գրում, նամակներ, որոնք ռանդայի տաշեղների պես չոր լինեին: Սակայն Բարբարան դրանք կարդում էր մեծ դժվարությամբ և միևնույն ժամանակ մեծ գորովանքով: Մայրն սկսել էր հաճախակի եկեղեցի գնալ` ոչ կրոնական պահանջներից ելնելով, այլ արդեն քահանա դարձած որդուն եկեղեցու բեմահարթակում պատկերացնելու համար: Նա դեռ շարունակում էր աշխատել, չնայած դրա կարիքը այդքան էլ չէր զգում: Նա պարզապես նման էր այնպիսի լարված ժամացույցի մեխանիզմի, որը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ անվակները պտտվում են:
Ժամանակ առ ժամանակ անկողին էր ընկնում` օրերով պառկած մնալով: Ուսերը սաստիկ ցավում էին, իսկ չոր հազը ցնցում էր նրա վտիտ մարմինը: Մինչև որ դրան մի օր էլ ջերմությունն ավելացավ և նա անօգնական մնաց:
Այսպես պառկած մնաց մեկ շաբաթ, երկու...
Հարևանուհիներից մեկը գալիս և օգնում էր նրան: Վերջապես վճռեց տղային նամակ գրել: Ինքն այլևս չէր կարողանում և ստիպված էր այն թելադրել: Մինջև նամակը փոստատարին կհանձներ, ծածուկ համբուրեց այն և նոր միայն տվեց նրան:
Ութ երկար ու ձիգ օրեր հետո Ֆիլիպը եկավ: Նա առողջ էր, առույգ, և հագին կապույտ սքեմ կար: Մի տեսակ ցիլինդր էր կրում գլխին: Այն հանեց, քնքշորեն դրեց մահճակալին, համբուրեց մոր ձեռքը` սարսափի նշույլ անգամ ցույց չտալով: Նա պատմում էր իր թեզի պաշտպանության մասին. դոկտորական դիպլոմն էր ցույց տալիս և այնպես ձիգ էր կանգնել, ասես թղթե գլանափաթեթ լիներ, իսկ սքեմը թղթե պարկուճի էր նման: Նա ոգևորված խոսում էր իր գործերից չնայած Բարբարան դրանցից ոչինչ չէր հասկանում: Երբեմն, նմանակելով ուսուցիչներին, թավ ձայնով ռնգախոսում էր: Ֆիլիպը կարողացել էր նրանից վերցնել այն ամենը, ինչ իրեն էր հարկավոր: Երբ եկեղեցու զանգերը ղողանջեցին, խաչակնքեց` հանելով աղոթագիրքը և դեմքին բարեպաշտ արտահայտություն տալով` սկսեց երկար մրմնջալ:
Մայրն ապշած էր մնացել: Նա ամեն բան բոլորովին այլ կերպ էր պատկերացնում: Հանկարծ սկսեց իր կարոտի մասին խոսել`այն բանի մասին, թե ինչպես մահից առաջ որդուն գեթ մի անգամ էլ տեսնել էր ուզում: Երբ տղան <<մահ>> բառը լսեց, սկսեց անմիջապես հանդերձյալ կյանքի մասին խոսել և այն վարձի մասին, որը հավատացյալները ի տրիտուր կստանան այն կյանքում: Նրա ձայնի մեջ ցավի նշույլ անգամ չէր զգացվում: Իր անձի հանդեպ ունեցած համակրանքն էր պատել նրան և ուրախությունը, որ մահամերձ մոր մահճի մոտ ցույց էր տալիս, թե ինչ է սովորել:
Հիվանդ կնոջ մոտ ցանկություն առաջացավ մի քիչ սեր արթնացնելու; Նա զգում էր, որ դա վորջին անգամն էր, երբ ինքը խոսել է կարողանում: Իսկ բառերն ինչ-որ մեկը ինքնաբերաբար թելադում էր նրան:
Դանդաղ ու վարանելով նա խոսում էր իր կյանքի միակ սիրո մասին, այն զոհաբերության մասին, որն արել էր որդու համար: Երբ ավարտեց, լռեց ուժասպառ, սակայն նրա լուռության մեջ դողացող սպասում կար: Որդին լռում էր`այդպես էլ մորը չհասկանալով: Հետո սկսեց թաքուն հորանջել և ասաց, որ կարճ ժամանակով դուրս է գալիս փոքր-ինչ ամրապնդվելու համար:
Հոգեվարքի մեջ գտնվող կինը ոչինչ չէր հասկանում: Կորստված կյանքի ցավն ու խորը թախիծը դողում էին նրա մեջ: Նա մտաբերում էր Վենդելինին` հոգնաբեկ ժպտալով նրան: Մոխրագույն աչքերի փայլը կարծես ջերմացնում էր մահվան մահճում գտնվող կնոջ սիրտը: Այնուհետև սաստիկ հազի նոպան ուժգին ցնցեց նրան: Երբ հազն անցավ, անգիտակից պարկած մնաց: Տղան հետ եկավ և մորն այդ վիճակում տեսնելով` սկսեց ջղաձգվելով աղոթել: Նա մարդ ուղարկեց բժշկի և քահանայի հետևից: Երկուսն էլ եկան: Հարևանուհիների լացուկոծը տարածվեց սենյակով մեկ:
Այդ ընթացքում Բարբարան անհաղորդ ու անկարեկից երերալով գնում էր դեպի հավիտենություն:
Գերմաներենից թարգմանեց`
Աննե Մարին
Էջանիշներ