Քվեարկել եմ երեքին էլ կողմ: Բնականաբար ոչ թե կողմերից որևէ մեկին չնեղացնելու մղումով, այլ որ իրոք երեքին էլ կողմ եմ և գտնում եմ, որ երեքն էլ տարբեր առավելություններով օգտակար կլինեն «Կրոն» բաժնին: Առավելություններից առաջին հերթին կնշեմ այն, որ երեքն էլ ունեն տարբեր կրոնական հայացքներ, և դա զգալիորեն կնվազեցնի ավելորդ մտավախությունները, թե մոդերատորի կրոնական հայացքով պայմանավորված կլինի նրա գործունեությունը, որի արդյունքում կտուժեն այլ կամ հակառակ տեսակետն ունեցողի շահերը (ասում եմ ավելորդ մտավախություն, քանի որ, ըստ իս, մոդերատորի գործողությունները թելադրված պետք է լինեն բացառապես օբյեկտիվ չափանիշերով, իսկ երեք թեկնածուներն էլ, առանձին վերցված, ունեն բավարար չափով համապատասխան հատկանիշները):
Անդրադառնամ թեր և դեմ կողմերին. Սկեպտիկն ու Մունվոլքերն իրենց հատկանիշներով ընդհանուր մեծ նմանություններ ունեն. երկուսն էլ երբեմն ճնշում գործադրելու աստիճանի են հասցնում սեփական հայացքներն արտահայտելը, երբեմն ագրեսիվություն են հանդես բերում և օֆֆտոպում, բայց սա օրինաչափություն չէ, զգացել եմ նշված երևույթների նվազման միտում և, կարծում եմ, մոդերատորական պատասխանատվությունը տեղ չի թողնի դրանց կրկին արտահայտման: Մինչդեռ երկուսն էլ մեծ առավելություններ. ակտիվ են, աշխատասեր, կոմպետենտ, հետաքրքրված են կրոնով, ընդհանուր հարգանք ու համակրանք են վայելում (այդ թվում նաև «հակառակորդների» կողմից), և այլն, և այլն: Կրկնում եմ ավելի վաղ ասվածս, որ բաժնում ցանկալի է երկուսի համամոդերությունը, երկուսի ընտրվելն ավելի արդյունավետ կլինի:
Ժառի հիմնական «թերությունը» տվյալ պարագայում երբեմն ծայրահեղության հասնող մեղմությունն է: Բայց մենք էլ մեր կողմից չծայրահեղացնենք ու չչափազանցեցնենք այդ հատկանիշը: Քանի որ համաձայնություն է տվել թեկնածություն առաջադրելու, ուրեմն դա արդեն իսկ մեզ համար վստահություն զգալու գրավական է, որովհետև Ժառի պես հասուն ու լուրջ մարդը հազիվ թե մեզնից վատ ճանաչի սեփական կարողությունները: Նույնը կասեմ նաև իրեն խնայելու մղումից դրդված դեմ լինելու պարագայում: Բացի այդ, մոդերատորի գործը զուտ բոբո լինելն ու աջուձախ տուգանելը չէ, իսկ հասուն, հավասարակշռված, օբյեկտիվ և հարգանք վայելող Ժառը վստահաբար մեծ օգտակարություն կբերի բաժնին:
Ժողովուրդ ջան, խնդրում եմ ներեք փիլիսոփայելու համար: Ոչ մեկի գլխին հոգեվերլուծող դառնալու միտք չունեմ: Ուղղակի, տվյալ բաժնի մոդերատոր լինելու բերումով, թերևս ամենաշատ հետևածներից մեկն եմ երեք թեկնածուներին էլ, և հույս ունեմ, որ համեստ կարծիքս մի փոքր հետաքրքիր կլինի այս հարցում:
Հաջողություն եմ մաղթում երկար սպասված կոլեգաներիս![]()
Էջանիշներ